Վերլուծություն

Խաղաղությունը որպես ներդրում կամ․․․ հակառակը

Խաղաղությունը որպես ներդրում կամ․․․ հակառակը

Դեկտեմբերի 17-ին կայացած հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը կարելի է համարել ոչ միայն Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների տրամաբանական շարունակություն, այլև՝ դրանց գործնական փուլ մտնելու հստակ ազդանշան։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերի բացման խոսքերը, որոնցում հատուկ ընդգծվեց «ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը», փաստացի արձանագրեցին, որ կողմերը դուրս են գալիս քաղաքական հայտարարությունների մակարդակից և անցնում նախագծի կոնկրետ իրականացման փուլ։

Հայ-ամերիկյան քննարկումների առանցքում, փաստացի, երեք առանցքային ուղղություններ են․ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացում, բարձր տեխնոլոգիաների (արհեստական բանականություն և կիսահաղորդիչներ) ինստիտուցիոնալ զարգացում և էներգետիկ անվտանգություն։ Այս օրակարգը ինքնին ցույց է տալիս, որ խոսքը մեկ ծրագրի մասին չէ, այլ՝ փոխկապակցված ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և քաղաքական վերափոխումների փաթեթի։

TRIPP-ը՝ ճանապարհից ավելի լայն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախորդ շաբաթ Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում, Բեռլինի արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում առաջին անգամ առավել բաց ու ուղիղ ձևով ներկայացրեց TRIPP-ի իրականացման տրամաբանությունը։ Վարչապետի խոսքով՝ Վաշինգտոնում ձեռք բերված առանցքային առաջընթացներից մեկը հաղորդակցությունների բացման համաձայնագիրն է՝ «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ հարգանքի հիման վրա»։ Այդ ձևակերպումը սկզբունքային է․ այն, փաստացի, հակակշռում է տարածաշրջանում շրջանառվող պարտադրողական «միջանցքային» մոտեցումներին և Հայաստանը ներկայացնում որպես ինքնիշխան տարանցիկ հանգույց։

Հայ-ամերիկյան համատեղ խաղադրույք․

TRIPP նախագծի գործնական առանցքը հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության՝ «TRIPP Company»-ի ստեղծումն է, որը կգրանցվի Հայաստանում և իրավունք կստանա զարգացնել երկաթուղային, ավտոմոբիլային, նավթագազային և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքներ։ Փաշինյանի հայտարարությունը, որ «արդեն հաջորդ տարի կանցնեն փաստացի իրականացման և շինարարության փուլին, հստակ ցույց է տալիս՝ 2026 թվականի սկզբից նախագիծը կմտնի իրական, չափելի գործողությունների փուլ։ Սա արդեն ճանապարհային քարտեզի քաղաքական հաստատում է, ոչ թե՝ հեռանկարային տեսական մտադրություն։

ԱՄՆ հնարավոր կապիտալ ներդրումները TRIPP-ի շրջանակներում Հայաստանի համար ունեն ոչ միայն տնտեսական, այլև՝ ռազմավարական նշանակություն։ Նախ, դրանք երկարաժամկետ տնտեսական կայունության գործոն են՝ ապահովելով աշխատատեղեր, ենթակառուցվածքների արդիականացում և տարածաշրջանային տարանցիկ հոսքերի ներգրավում։ Բայց առավել կարևոր է քաղաքական բաղադրիչը․ Հայաստանը վերափոխվում է Հարավային Կովկասի «անցումային գոտուց», այսինքն, հիմնականում օբյեկտի կարգավիճակից, դեպի կապող հանգույցի, այսինքն գործոնի, որտեղ խաղաղությունն այլևս ոչ միայն դիվանագիտական կարգախոս է, այլ տնտեսական շահերի վրա հիմնված անհրաժեշտություն։

Ենթակառուցվածքները՝ որպես անվտանգության լեզու․

Այս տրամաբանությունն ամրապնդվում է նաև ԱՄՆ-ի՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտում ներգրավվածությամբ։ Ամերիկյան շոշափելի աջակցությամբ Հայաստանում իրականացվելիք ծրագրերը՝ արհեստական բանականության հետազոտական նախաձեռնություններից մինչև կիսահաղորդիչների մատակարարման շղթաների զարգացման շուրջ քննարկումներ, հստակ ազդակ են, որ Վաշինգտոնը Հայաստանը դիտարկում է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հարթակ։ Սա երկակի նշանակություն ունի․ ներսում՝ գիտակրթական համակարգի, ինժեներական կրթության և նորարարական էկոհամակարգի զարգացման խթան, ինչը այսօր դեռ մարտահրավեր է, իսկ դրսում՝ Հայաստանի իմիջի փոփոխություն՝ որպես ոչ թե միայն անվտանգության սպառող, այլ՝ տեխնոլոգիական արժեք ստեղծող երկիր։

Պատահական չէ, որ պաշտոնական հայտարարություններում Հայաստանը հետևողականորեն բնորոշվում է որպես ԱՄՆ-ի «ռազմավարական գործընկեր»։ Այս ձևակերպումը հասցեական ուղերձ է տարածաշրջանին և տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող դերակատարներին․ խոսքը նոր քաղաքական ստատուս քվոյի մասին է, որտեղ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ձեռք են բերում ոչ թե դրվագային, այլ՝ համակարգային և, որոշ դեպքերում, նույնիսկ թելադրող բնույթ։

Նոր բալանս, հին դիմադրություն

Սակայն այս գործընթացը զերծ չէ ռիսկերից։ Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանը ԱՄՆ-ի ընդլայնվող ներկայությունը Հարավային Կովկասում ընկալում են որպես ներխուժում իրենց ավանդական հետաքրքրության տարածք, որպես իրենց ձևավորած ազդեցության բալանսի խախտում։ Պատահական չէ, որ հենց այս օրերին երեք երկրներն էլ ակտիվորեն վերադարձնում են «3+3» ձևաչափի վերակենդանացման թեման՝ փաստացի փորձելով հակակշռել արևմտյան նախաձեռնություններին։ Թուրքիայի դիրքավորումն այստեղ ավելի նրբերանգային է․ Անկարան ԱՄՆ-ի ակտիվացումը, մեծ հաշվով, չի ընկալում որպես ուղղակի մարտահրավեր՝ շարունակելով իրեն տեսնել Վաշինգտոնի տարածաշրջանային հիմնական միջնորդի դերում։ Անկարան, միաժամանակ, այդ գործընթացները դիտարկում է որպես Ռուսաստանի և, մասամբ, Իրանի դերակատարության սահմանափակման միջոց։ 

Ամեն դեպքում, այս դիմադրությունը ճեղքելու միակ գործնական միջոցը TRIPP-ի փաստացի կառուցարկումն է՝ որքան հնարավոր է շուտ ու արագ, և ԱՄՆ-ի նյութական ներդրումների փաստացի ներգրավումը, որ հետագայում պետք է պաշտպանվի թե՛ Երևանի, թե՛, առաջնահերթորեն, Վաշինգտոնի երաշխիքներով։  

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական