Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրակարգ: Այն գալիս է լրացնելու և բովանդակային իմաստով վերաթարմացնելու Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն գործող CEPA համաձայնագիրը, ինչպես նաև խորհրդանշելու Երևան–Բրյուսել հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու իրողությունը։
Դրանից մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Գերմանիա, հանդիպումներ ունեցավ այդ երկրի նախագահի և դաշնային կանցլերի հետ։ Այցի արդյունքներով ստորագրվեց Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության հռչակագիր։
Դեկտեմբերի 11-ին Փաշինյանն արդեն Մոսկվայում էր և մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Եվրոպական «տուրնեի» ֆոնին ԵԱՏՄ նիստին մասնակցությունը, Բրյուսել-Բեռլին-Մոսկվա «երթուղին» արտացոլեց Երևանի արտաքին քաղաքականության՝ տարբեր մայրաքաղաքներում ընկալման դիսոնանս առաջացնող տրամաբանությունը։ Այն ուշագրավ է մի քանի առումով։
Երկմակարդակ ինտեգրման երանգները
Նախ, վերահռչակվում է, որ Եվրաինտեգրացիայի խորացումը Երևանի համար առաջնահերթություն է։ Հայաստանը փորձում է ԵՄ-ի հետ իր հարաբերությունները կառուցել երկմակարդակ։ Առաջինն ընդհանուր, կոնցեպտուալ մակարդակն է՝ ուղիղ Բրյուսելի հետ, որի շրջանակում ստորագրված ռազմավարական օրակարգը չափազանց համապարփակ փաստաթուղթ է։ Այն ընդգրկում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումից մինչև անվտանգության, տնտեսության դիվերսիֆիկացման, վիզաների ազատականացման և դիմակայունության բարձրացման ոլորտները, ինչպես նաև նախանշում է Հայաստանի 250 միլիոն եվրոյի աջակցության տրամադրման հեռանկարը, իհարկե, Երևանի ստանձնած պարտավորությունների կատարման շրջանակում։
Երկրորդ մակարդակը ԵՄ անդամ երկրների հետ անհատական հարաբերությունների խորացումն է։ Գերմանիայից առաջ Հայաստանը նմանատիպ բովանդակությամբ համագործակցության հռչակագիր է ստորագրել նաև Նիդեռլանդների հետ։ Ակնհայտ է, որ Երևանը փորձելու ընդլայնել այս երկրների շարքը։ Սա ինքնանպատակ չէ․ ԵՄ-ի ներսում բարդ, խճճված և երբեմն բյուրոկրատացված ու քաղաքական տարասևեռ շահերի բախման պատճառով ձգձգվող որոշումների կայացման մեխանիզմների պայմաններում անհատապես ռազմավարական հարաբերությունների կառուցման քաղաքականությունը նպատակ ունի ԵՄ-ում ստեղծել ամուր հենման կետեր՝ հատկապես ԵՄ-ի համար ամենաազդեցիկ մայրաքաղաքներում։
Գերմանիայի հետ ստորագրված հռչակագիրը կարևոր է իր ընդգրկած ուղղություններով՝ քաղաքական երկխոսություն, տնտեսություն, ենթակառուցվածքներ, նորարարություն, կրթություն, անվտանգություն և կիբեռսպառնալիքների դեմ պայքար։ Սակայն, ի տարբերություն ԵՄ-ի հետ ստորագրված ռազմավարական օրակարգի, այն ավելի դեկլարատիվ փաստաթուղթ է, իրավական պարտավորություններ չի ստեղծում և կախված է կողմերի ռեսուրսներից ու քաղաքական կամքից։ Կարելի է ասել՝ այն հռչակում է ԵՄ-Հայաստան ռազմավարական գործակցության օրակարգը Երևան-Բեռլին հարթությունում աջակցությունը։
ԵՄ չանդամակցություն՝ անդամակցության արժեքով
Ինչպես Բրյուսելի, այնպես էլ Բեռլինի հետ ստորագրված փաստաթղթերում ԵՄ-ին անդամակցության տեսանելի հեռանկարի հարց չկա․ այնտեղ խոսվում է հարաբերությունները սերտացնելու և ընդլայնելու մասին։ Սա երկկողմ գիտակցված մոտեցում է։ Ո՛չ Երևանը, և ո՛չ էլ Բրյուսելը պատրաստ չեն դրան։ ԵՄ-ը չի կարողանում դուրս գալ Ուկրաինական պատերազմի ստեղծած ծանր աշխարհաքաղաքական իրավիճակից, ունի ԱՄՆ-ի նման դաշնակցի օտարման, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի ճնշող տնտեսական ազդեցությանը դիմակայելու մեծագույն պրոբլեմներ։ Բրյուսելն այս պայմաններում չի կարող իր վրա վերցնել նոր բեռ, որը նոր պոտենցիալ կոնֆրոնտացիայի ճակատ է Ռուսաստանի հետ։ Հայաստանն իր հերթին դրան պատրաստ չէ՝ թե՛ ենթակառուցվածքային ու համակարգային առումով ԵՄ ստանդարտներին անհամապատասխանությունների պատճառով, թե՛ Ռուսաստանի ակնկալելի անհանդուրժողականության տնտեսական հետևանքներին պատրաստ չլինելու։ Այս իրավիճակը Հայաստանին թույլ է տալիս մանևրել ԵՄ–ԵԱՏՄ միջակայքում։ Բրյուսելում, ըստ էության, դեմ չեն դրան և ըմբռնումով են մոտենում Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությանը։ Երկընտրանքի քաղաքականության Ուկրաինական ձախողված փորձը սթափեցրել է Բրյուսելին։
Ի տարբերություն ԵՄ-ի՝ Ռուսաստանն ավելի կոշտ հռետորաբանություն է որդեգրում։ Ու որքան ուժեղանան նրա դիրքերը Ուկրաինայում, այդ հռետորաբանության ուժգնությունն ավելանալու է։ Մոսկվայում գտնվելու ընթացքում այդ մասին ակնարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով ուղիղ տեքստով կրկնեց, որ Հայաստանը ինչ-որ փուլում պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև։ Սակայն քանի դեռ Երևանի հարաբերությունները ԵՄ-ի հետ չեն հասել ինտեգրման անդառնալիության կետին, և ամեն ինչ չէ, որ պարզված է ուկրաինական ճգնաժամում, նաև Մոսկվան է խուսափում հարցը կտրուկ դնելուց՝ նաև արդեն չկարողանալով անտեսել TRIPP-ով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի շոշափելի ներկայությունը։
Վերակենդանացում «Արևելյան գործընկերության» փլատակներին
Երրորդ՝ ԵՄ-ն ակնհայտորեն վերանայում է իր քաղաքականությունը պոստսովետական տարածքում։ Արևելյան գործընկերության նախկին հավաքական մոտեցման մարտավարությունը փոխարինվում է ինդիվիդուալ, հասցեական քաղաքականությանը։ ԱլԳ ծրագրի անդամներից Բելառուսը փաստացի դուրս է դրվել այդ խաղից, Ադրբեջանը քաղաքականապես ինքնաօտարվում է՝ քաղաքակրթական առումով կողմնորոշվելով դեպի թյուրքական և միջինասիական միջավայր, Վրաստանի առաջ ԵՄ-ը փակում է դռները եվրոպական կուրսից շեղման պատճառով։ Այս պայմաններում միայն Մոլդովան և Հայաստանն են, որ եվրոպական ինտեգրացիան դիտարկում են ոչ միայն որպես արժեքային, այլև պետական անվտանգության ու ինքնիշխանության գործիք։ Խնդիրը ԵՄ-ի կողմից Հայաստանի անվտանգության ուղիղ պատասխանատվության ստանձնումը չէ, նման ռեսուրս այսօր ԵՄ-ն չունի․ դրա անդամ երկրներն իրենք ունեն իրենց անվտանգության համակարգը, առանց ԱՄՆ-ի հովանոցի, վերակառուցելու կարիք։ Բայց իր գործիքակազմով, ինչպես օրինակ Հայաստան-Ադրբեջան սահմանի մշտադիտարկման ԵՄ դիտորդական առաքելության շարունակմամբ, ՀՀ պաշտպանության ու անվտանգության համակարգին ոչ մահաբեր սպառազինության տրամադրմամբ, զինված ուժերի կարողությունների զարգացման ապահովմամբ ԵՄ-ն շոշափելիորեն ազդում է դրա վրա։ Այս իմաստով Գերմանիան իր տեխնոլոգիական զարգացածությամբ կարող է ներեվրոպական ստրատեգիական ուղղություն դառնալ Հայաստանի համար։
Պոստսովետիզմի վախճանին սպասելիս․․․
Եվ չորրորդ, Գերմանիայից անմիջապես Մոսկվա մեկնելով՝ Փաշինյանը փորձում է ցույց տալ իր որոշումների հարաբերական անկաշկանդությունը։ Նա նաև անուղղակի ընդգծում է, որ Հայաստանը չունի տնտեսաքաղաքական բլոկների միջև քաղաքական ընտրություն կատարելու խնդիր և նպատակ։ Երևանում հասկանում են, որ քանի դեռ արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը, պետական կառավարման համակարգը պատրաստ չեն եվրոպական շուկաներին և ստանդարտներին, ԵԱՏՄ-ից հրաժարումը կարող է լուրջ հարված հասցնել տնտեսությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սակայն, միաժամանակ, Երևանը բաց տեքստով արձանագրում է, որ իր քաղաքակրթական ընտրությունն արդեն կատարել է։ Դրա խորհրդանշական արտահայտությունը Գերմանիայում Փաշինյանի հայտարարությունն էր առ այն, որ խորհրդային քաղաքական ժառանգության, պոստսովետիզմի դարաշրջանն ավարտվել է։ Իրականում այն դեռ չի ավարտվել․ ելքը որոշվում է ուկրաինական ռազմաճակատներում։ Սակայն Երևանի ընտրած փոխլրացման քաղաքականությունն, ըստ էության, այդ դարաշրջանից անցումն ավելի անցավ դարձնելու միջոց է։ Եվ դրա վկայությունը պարզ տնտեսական-վիճակագրական հաշվարկներն են․ 2024-2025թթ․ ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառության կտրում նվազմանը զուգահեռ նկատելիորեն աճում է ԵՄ անդամ երկրների հետ շրջանառության ծավալը։
Գոռ Աբրահամյան