Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս շաբաթ այց կկատարի Ղազախստան և Թուրքմենստան։ Դա ընդգծում է այդ տարածաշրջանի՝ երկրաչափական պրոգրեսիայով աճող կոմունիկացիոն նշանակության հանդեպ Թեհրանի հետաքրքրությունը։ Իսկ մինչ այդ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ադրբեջանում, որտեղ հասցրել է հանդիպումներ ունենալ նախագահ Ալիևի, արտգործնախարար Բայրամովի հետ։ Հաջորդ շաբաթ պլանավորված է Արաղչիի այցը Մոսկվա և Մինսկ։ Այցերի այս քարտեզագրումը վկայում է, որ ներկա փուլում Իրանի առաջնահերթությունների շարքում են հետխորհրդային տարածքի երկրների, ինչպես նաև թյուրքական աշխարհի երկրների հետ հարաբերությունների բալանսավորումը, իսկ տնտեսական առումով՝ Ադրբեջան-Միջին Ասիա շղթայից իր ակնկալիքների որոշակիացումը։
Իրանի վախերը
Թեհրանն զգում է Միջին միջանցքի արագ զարգացող ճարտարապետությունում իր դերակատարումն ուժեղացնելու անհրաժեշտությունը։ Դա պայմանավորված է հատկապես TRIPP տրանսպորտային նախագծի, հայ-ադրբեջանական կարգավորման գործում «ազդեցիկ արբիտրի» դերակատարումն ստանձնելու միջոցով Միջին միջանցքն իր հսկողության տակ վերցնելու՝ Վաշինգտոնի անթաքույց հավակնություններով։ Այս իմաստով Ադրբեջանը և միջինասիական երկրները Թեհրանի համար ձեռք են բերում բացառիկ նշանակություն։
Արաղչիի այցը Բաքու նախևառաջ վկայում է, որ Թեհրանը Բաքվի մեջ տեսնում է Արևելք-Արևմուտք նոր միջանցքներում Իրանի տարածաշրջանային ֆունկցիոնալ սահմանափակումը չեզոքացնելու հնարավորություն՝ չնայած Բաքվի հետ ունեցած էական տարաձայնություններին։ Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է դիտվել որպես Հյուսիս–Հարավ միջանցքի առանցքային հանգույց։ TRIPP-ի միջոցով Միացյալ Նահանգների քաղաքական «ներխուժումը» Հարավային Կովկաս, որը խախտել է տարիներով ձևավորված ռուս–իրանա–թուրքական հեգեմոնիկ բալանսը, ավելի քան երբևէ Թեհրանին մղում է ձևավորել «հակակշռման առանցք»։ Դրանում Ադրբեջանը, որքան էլ պարադոքսալ հնչի, դառնում է նրա պոտենցիալ բնական դաշնակիցը։ Պատահական չէր Արաղչիի կողմից Իլհամ Ալիևին Թեհրան հրավիրելու հանգամանքը՝ մի իրավիճակում, երբ միայն 2025թ․ Իրանի նախագահն երկու անգամ պաշտոնական այցով եղել էր Ադրբեջանում։
«3+3»֊ի վերակենդանացման իրանական մոտիվները
Բացի այդ, Բաքվում բանակցությունների առանցքային թեմաներից մեկը եղել է «3+3» ձևաչափի վերակենդանացումը։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հիմնական երաշխիքը հենց այդ ձևաչափն է՝ կրկնելով խնդիրները տարածաշրջանային երկրների միջավայրում լուծելու Թեհրանի հայտնի թեզը։ Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, ըստ էության համաձայնելով դրան, հայտարարել է, թե իրենք պատրաստ են այդ ձևաչափի հաջորդ ֆորումն ընդունել Բաքվում և սպասում են Երևանի դրական արձագանքին, ինչին վերջինս, ավելի վաղ, ըստ Բայրամովի, դեմ է արտահայտվել։ Այլ կերպ ասած՝ Բաքվում Արաղչի-Բայրամով տանդեմը տվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված ռազմավարական փատաթղթերով փաստացի «լուծարված» «3+3» ձևաչափը վերակենդանացնելու ազդանշանը։ Եվ դա տարօրինակ չէ։
Թեև արտաքուստ Իրանը առարկություն չէր հայտնել ԱՄՆ-ի հովանավորությամբ հայ-ադրբեջանական կարգավորման և TRIPP տրանսպորտային հանգույցի ձևավորման, նույնն է թե՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի տնտեսա-քաղաքական ազդեցության կտրուկ աճին, սակայն ակնհայտ է, որ Թեհրանը ոգևորված չէ իր հյուսիսային սահմանագծի երկայնքով, Հայաստանի ու, մասամբ, նաև Ադրբեջանի միջոցով դեպի հյուսիս և դեպի Եվրոպա իր հաղորդուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ ԱՄՆ-ի նոր հավակնություններից։ Իրանն ԱՄՆ-ի այդ դերակատարումը զուտ խորհրդանշական դարձնելու, այսինքն, նյութականացման հեռանկարից զրկելու հրատապ խնդիր ունի, ինչի միակ գործնական հնարավորությունը թերևս դիտում է «3+3» ձևաչափի վերակենդանացումը, դրան քիչ թե շատ հասկանալի բովանդակություն հաղորդելը և, ամենակարևորը, Երևանին այնտեղ ներքաշելով՝ ԱՄՆ-ից և Արևմուտքից կտրելը։ Հետևաբար, բացառելի չէ, որ Արաղչին Մոսկվայում կարող է բանակցել նաև այս հարցի շուրջ, որը նույնքան զգայուն է նաև Ռուսաստանի շահերի տեսանկյունից։
«3+3»֊ի վերակենդանացման ադրբեջանական մոտիվները
Ադրբեջանի համար «3+3»-ի վերակենդանացումն ունի այլ, ոչ պակաս կարևոր նշանակություն, որը հակադրվում է վաշինգտոնյան հռչակագրերից ածանցվող խաղաղության տրամաբանությանը։ Բաքվում համարում են, որ Թրամփի ներգրավման միջոցով Վաշինգտոնից ստացել են ամենակարևորը՝ Նախիջևանի հետ երաշխավորված անխափան ճանապարհատրանսպորտային և երկաթուղային հաղորդակցություն, որից Հայաստանը ելք չունի։ Բայց Բաքվում բացարձակապես շահագրգռված չեն Հարավային Կովկասում ԱՄՆ-ի երկարաժամկետ և ազդեցիկ ներկայության հարցում, քանի որ այն իրենց զրկում է երեք գործոնից։ Առաջին, Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից և շարունակել պատերազմի սպառնալիքով զիջումներ կորզել։ Այն դեպքում, երբ ԱՄՆ֊ն այստեղ կգործարկի իր շահերը պաշտպանելու մեխանիզմներ, Վաշինգտոնը բացառելու ապակայունացման որևէ փորձ։ Երկրորդ՝ դիրքավորվել տարածաշրջանային լիդերի կարգավիճակում։ ԱՄՆ-ի ներկայության պայմաններում Ադրբեջանը դառնում է նույնպիսի մասշտաբի տարածաշրջանային խաղացող, ինչպիսիք են Վրաստանն ու Հայաստանը, սա բնավ չի տեղավորվում Ալիևի պլաններում։ Եվ երրորդ՝ Թուրքիայի տարածաշրջանային դերի սահմանափակումը։ Եթե մինչ այս ԱՄՆ-ն հենց Թուրքիայի միջոցով էր ապահովում իր ներկայությունը տարածաշրջանում, ապա հիմա այդ ներկայությունն անմիջական է, և Վաշինգտոնն ավելի քիչ կախվածություն կունենա Անկարայից։ Նման պայմաններում ինքնաբերաբար չափավորվելու է նաև Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու ախորժակը։ Իսկ Թուրքիայի ազդեցության չափավորումը ուղիղ համեմատական է Ադրբեջանի հավակնությունների չափավորման հետ։
«Ամերիկյան Մավրը» և հայկական ընտրությունը
Այս իմաստով Ադրբեջանի ամերիկյան քաղաքական ուղեգծի տրամաբանությունը հանգում է շեքսպիրյան հայտնի բանաձևին՝ «Մավրը կատարել է իր սև գործը, մավրը պետք է հեռանա»։ Դրա գործնական ճանապարհը․․․ «3+3»-ի վերակենդանացումն է, ընդ որում՝ արդեն նոր շնչով ու շոշափելի, Հայաստանի համար «աքցանային» գործիքակազմով։
Եթե նկատի ունենանք, որ բացի Հայաստանից և, մասամբ, Վրաստանից, փաստացի, տարածաշրջանային բոլոր մեծ ու փոքր խաղացողներին խանգարում է ԱՄՆ-ի աճող ներկայությունը, պետք է ենթադրել, որ Երևանի նկատմամբ առաջիկայում կարող է աճել ճնշումը «3+3»֊ի խեղդող ճահճի մեջ ներքաշելու նպատակով։ Եվ Երևանի գերխնդիրն է դառնում թույլ չտալ, որպեսզի ԱՄՆ-Հայաստան համագործակցությունը դառնա փոփոխական մեծություն։
Գոռ Աբրահամյան