Եւ այսպես, օրերս Ռոբերտ Քոչարյանն իր «աջարակիցների» հետ էր հանդիպել, նրանց հարցերին պատասխանել։
Հարցերից մեկն էլ, թե՝ ինչու, գալով իշխանության, չդատեց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նրա թիմակիցներն էլ այդ հատվածն իր պատասխանով առանձնացրել ու տարածում են համացանցում։
Համաձայնվեք՝ իսկապես լուրջ հարց է, համազգային, ոչ, ավելի ճիշտ՝ միջազգային, համամարդկային, համատիեզերական նշանակության հարց է։ Այսինքն, չնայած վերջին տարիների իրադարձություններին, Հայաստանի առաջ ծառացած անհամար խնդիրներին ու մարտահրավերներին, Քոչարյանի «աջարակիցներին» որևէ կերպ հանգիստ չի տալիս ՀՀ առաջին նախագահի գործոնը, և 27 տարի անց դեռ մտահոգված են՝ ինչու Տեր-Պետրոսյանին «չդատեցին»։
Բայց եթե նրա կողմնակիցները կարող են օգտվել հարց տալու՝ իրենց սահմանադրական իրավունքից, ապա Քոչարյանի պատասխանն իսկապես «փառահեղ» էր։
Այնպես չէ, որ Քոչարյանից այլ ակնկալիք ունեինք, նա միշտ նույն ոճով է, առավել ևս, երբ խոսքը գնում է հակառակորդների մասին։
Եւ ուրեմն, ի՞նչ է ասել Քոչարյանը. «Այն ժամանակ մոտեցումս հետևյալն էր՝ նայենք առաջ, պրոբլեմները բազմաթիվ են, չփորձենք նախկիններին դատելով, նախկինների հետևից ընկնելով ամբողջ օրակարգը ձևավորել դրա շուրջ։ Որովհետև հիշում եք՝ 1997-98թթ․ բյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, Երևանում 3 փողոց էր լուսավորված, բենզինն էլ կանիստրով էին ծախում...էդ էր։ Սաղ Երևան քաղաքում այն ժամանակ եղել է 2 հատ բենզազապրավկա....Հիմա ես էն ժամանակ, էդ սաղ դարդերը թողած, ընկնեմ, թե ինչ-որ մա՞րդ եմ դատում... Ես համոզված եմ, որ մենք կթունավորեինք այդ մթնոլորտը»։
Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք։ Թե բա՝ չեն փորձել «նախկիններին դատելով, նախկինների հետևից ընկնելով ամբողջ օրակարգը ձևավորել դրա շուրջ»։
Իսկ Վանո Սիրադեղյանի դեմ, կեղծ ցուցմունքների հիման վրա, հարուցված շինծու քրեական գործը նախկինների հետևից ընկնել չէ՞ր։ Ընդ որում, մի քանի տարի շարունակ այդ դատավարությունը սերիալ էին դարձրել՝ փորձելով դեմոնիզացնել ՆԳ նախկին նախարարին։
Ավելին, երբ ԱԺ-ն առաջին անգամ չէր բավարարել Վանո Սիրադեղյանին կալանավորելու՝ դատախազի միջնորդությունը, Քոչարյանը սպառնացել էր՝ հաջորդ անգամ մերժելու դեպքում, օգտվելով իր լիազորություններից, կցրի խորհրդարանը (այն ժամանակ սահմանադրությունը նման հնարավորություն էր տալիս)։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ուղիղ տեքստով սպառնացել էր օրենսդիր մարմնին, և Սիրադեղյանին առնչվող հարցով բաց քվեարկություն անցկացվեց։
Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարում գրեթե ամենօրյա ռեժիմով, հնարավոր մեդիառեսուրսներով, տեղեկատվական արշավ էր իրականացվում ՀՀՇ-ի դեմ, «նախկին թալանչի ռեժիմի», «մազութ լափելու» և այլ մեղադրանքների տարափ էր։ Նաև՝ ստերի տարափ, օրինակ, ատոմակայանն իբր ՀՀՇ-ի կողմից փակելու մասին։
Մազութի անհետացման թեմայով ԱԺ-ում հանձնաժողով էին կազմել, բայց հետո պարզվեց՝ ամենը սուտ էր։
Եվ ուրեմն, ի՞նչ էր սա, եթե ոչ «մթնելորտը» թունավորել։
Ու մի բան էլ. Ռոբերտ Քոչարյանը, որ այսօր խոսում է իբր ստացած վատ ժառանգության մասին, 1999թ․ իր ստորագրությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» օրենքը, որտեղ ՀՀՇ իշխանության օրոք Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակի մասին ասված է բառացիորեն հետևյալը. «Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարևոր ձեռքբերումներ՝
ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետևողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը և բաց արտաքին տնտեսական քաղաքականությունը.
բ) ոչ պետական հատվածի ձևավորումը՝ շնորհիվ զանգվածային մասնավորեցման, և դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման գործում.
գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.
դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.
ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.
զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.
է) 1994 թվականից մինչև այժմ շարունակվող, իհարկե, ոչ բավարար տնտեսական աճը.
ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում և 1994 թվականից պահպանվող զինադադարը.
թ) ժողովրդավարական պետության և շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը….»։
Շարունակե՞նք։ Ու ոչ մի խոսք ավերված երկրի կամ նախկին իշխանությունների օրոք դրսևորված որևէ արատավոր երևույթի մասին։
Հ.Գ. Իսկ ուշադրություն դարձրի՞ք, որ Քոչարյանը մինչև հիմա գրագետ հայերենով չի ձևակերպում իր մտքերը, թե բա՝ «կանիստր», «բենզազապրավկա»…։
Արման Գալոյան