Վերլուծություն

Եվրոպայի և Ուկրաինայի ճանապարհը դեպի ամերիկյան գիլիոտին՝ ռուսական գորգի վրայով

Եվրոպայի և Ուկրաինայի ճանապարհը դեպի ամերիկյան գիլիոտին՝ ռուսական գորգի վրայով

Ուկրաինական կարգավորման ամերիկյան պլանի արտահոսքից և այդ փաստաթղթի առկայության հաստատումից հետո նոյեմբերի 23–ին Ժնևում մեկնարկեց ԱՄՆ–Ուկրաինա խաղաղ բանակցությունների հերթական փուլը։ Դրան մասնակցեցին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը, ինչպես նաև երկու կողմերի տեխնիկական և ռազմաքաղաքական խորհրդատուները։

Եվրոպան՝ լուսանցքում

Թեև ուկրաինական պատվիրակությունը ժնևյան բանակցությունները մեկնարկել է առաջինը հենց եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, սակայն եվրոպական առաջնորդներն ու ԵՄ ներկայացուցիչները անմիջականորեն ներգրավված չեն պլանի շուրջ բուն բանակցություններում։ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի պատվիրակները Շվեյցարիայում ունեցել են զուգահեռ խորհրդակցություններ՝ ամերիկյան նախաձեռնության շուրջ իրենց դիրքորոշումները ճշտելու նպատակով, շրջանառելով պլանին այլընտրանքային առաջարկներ ներկայացնելու գաղափարներ, որով ուղղակի հուսահատ փորձեր են անում՝ դուրս չմնալու բանակցային լուսանցքից։

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն և Ուկրաինան ընդունեցին համատեղ հայտարարություն՝ նշելով, որ քննարկումները եղել են «կառուցողական, կենտրոնացված և արդյունավետ»․ կողմերը արձանագրեցին «էական առաջընթաց» և հայտարարեցին «թարմացված և կատարելագործված շրջանակային փաստաթղթի» մշակման մասին։ Հայտարարությունը ստորագրվել է միայն Վաշինգտոնի և Կիևի կողմից՝ առանց որևէ եվրոպական երկրի մասնակցության, ինչը երկու փաստ է արձանագրում․ նախ՝ փաստել ամերիկյան պահանջների կոնցեպտին Ուկրաինայի համաձայնումը, երկրորդ՝ փաստաթղթավորել բանակցային գործընթացից Եվրոպային (Վաշինգտոնի և Մոսկվայի կարծիքով ամենամեծ խանգարողին) դուրս մղելը։

Արդյունավետ բանակցություննե՞ր, թե՞ արդյունավետ ճզմում

Պետքարտուղար Ռուբիոն, Ժնևը լքելուց առաջ, ընդգծել է, որ բանակցությունները եղել են ամենաարդյունավետը և մեծ լավատեսություն է հայտնել՝ նշելով, որ կողմերը «շատ կարճ ժամանակում կարող են հասնել վերջնական նախագծին»։ Այս միտքը վերծանելու դեպքում Ռուբիոն ընդամենը գոհունակությամբ արձանագրում է, որ Ուկրաինան տեղի է տալիս։ Ամենայն հավանականությամբ՝ ԱՄՆ-ն ի սկզբանե այնպիսի մաքսիմալիստական նիշ է վերցրել, որ հետագա բանակցություններում Կիևից ստանա սպասելի օպտիմալ զիջումներ՝ դա մատուցելով որպես Կիևին ընդառաջելու «լավություն»։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Ուկրաինային պատերազմում մենակ թողնելու ամերիկյան «շանտաժն» սկսել է արդյունք տալ։ Իսկ որ խնդիրը հենց այդպես է դրված, փաստում է ոչ միայն անցած շաբաթավերջին նախագահ Միխեիլ Զելենսկու՝ ուկրաինացիներին ուղղված ուղերձը, որտեղ հստակ շվում է, որ իրենց կանգնեցնում են կամ արժանապատվությունը, կամ հիմնական դաշնակցին կորցնելու երկընտրանքի առջև, այլև մինչև նոյեմբերի 27-ը Կիևից համաձայնություն պոկելու՝ Թրամփի սահմանած վերջնաժամկետը։ Դրանք զրկում են Կիևին մանևրի, ժամանակ ձգելու, Եվրոպայի դիմադրությանն ապավինելու հնարավորություններից։

Կիևն, իհարկե, աշխատելու է այս կարճ ժամանակահատվածն օգտագործել՝ Վաշինգտոնից որոշ թույլ առավելություններ պոկելու համար։ Դրա մասին է խոսում այն փաստը, որ, չնայած ԱՄՆ պետքարտուղարի արտահայտած լավատեսությանը, փաստաթղթի ամենազգայուն կետերը՝ կապված ռուսական օկուպացիայի տակ գտնվող տարածքների ապագա կարգավիճակի, Ուկրաինայի անվտանգային շոշափելի և երկարաժամկետ երաշխիքների վերաբերյալ, դեռ փաստացի համաձայնեցված չեն։ Որքանո՞վ կստացվի․․ռուսական համաձայնություն․․․ չհամաձայնելու համար

Ռուսատանի նախագահը շաբաթ օրը հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում հավանություն է տվել ամերիկյան պլանին՝ որպես բանակցությունների մեկնարկի հիմք։ Չնայած՝ արտաքուստ այս հանգամանքը կարող է լավատեսական հնչել, սակայն ավելի մեծ է հավանականությունը, որ այս ռաունդը ևս կարող է տապալվել։ Եվ պատճառը ոչ թե ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև տարաձայնություններն են կամ Եվրոպայի մերժողականությունը, այլ՝ Ռուսաստանի վարքագիծը և պարզ քաղաքական տրամաբանությունը։

Նախ, կրեմլամերձ «փորձագիտական» ու մեդիաշրջանակներն արդեն ակտիվորեն զարգացնում են այն նարատիվը, որ ամերիկյան պլանը պետք է մերժել, քանի որ Ռուսաստանին ոչ թե խաղաղություն է պետք, այլ հաղթանակ։ Սա արվում է երկու նպատակով՝ նախ տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանն ի վիճակի է դեռ շատ երկար մնալ պատերազմի մեջ և պահպանել ներկայումս ունեցած ռազմական նախաձեռնությունը, երկրորդ՝ ցանկացած պահի մերժել ամերիկյան պլանը, այսպես կոչված, «ժողովուրդը դեմ է» տրամաբանությամբ։

Բացի այդ, ակնառու է, որ մինչև Կիևի կողմից պլանի առկայության հաստատումը, դրա գոյության մասին լռող Ռուսաստանը, ի դեմս նախագահ Պուտինի, հանկարծ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում և, չսպասելով ամերիկա-ուկրաինական բանակցությունների արդյունքներին, հայտարարում է այդ պլանին, որպես բանակցային պլատֆորմի, իր համաձայնությունը տալու մասին։ Այսինքն, Պուտինը հավանություն է տալիս մի նախագծի, որը դեռ քննարկման փուլում է և ակնհայտորեն ենթադրում է փոփոխություններ։ Ըստ ամենայնի, դա արվում է հենց այն պատճառով, որ հետագայում իր ռազմավարական նպատակներից դույզն ինչ շեղվող ցանկացած խմբագրման դեպքում կարողանա հայտարարել, թե պլանի նոր տարբերակը չի արտացոլում իր շահերը, այսինքն, վիժեցնել բանակցային պրոցեսը։ Այդպես Մոսկվան ժամանակ կշահի՝ տակտիկապես ավելի ուժեղ բանակցային դիրքեր ունենալու համար։ Իսկ դրա պատճառները Մոսկվան հիմա ունի։

Ամերիկյան ծառայությունները Կրեմլին

Նախ, Զելենսկու հեղինակությունը, նրա կաբինետում առաջացած կոռուպցիոն խոշորագույն սկանդալի պատճառով, էականորեն սասանվել է արտաքին գործընկերների մոտ։ Բացի այդ, ռազմաճակատում նախաձեռնողականությունը գրեթե լիովին ռուսների ձեռքում է։ Ուկրաինական պաշտպանության համար ռազմավարական ահռելի նշանակություն ունեցող Կուպյանսկ քաղաքի մոտալուտ հնարավոր անկումը փոխելու է ուժերի եղած բալանսը՝ զգալիորեն ավելի թուլացնելով Ուկրաինայի բանակցային դիրքերը և մեծացնելով կատաստրոֆայից խուսափելու համար Ռուսաստանի՝ ավելի ծանր պայմաններին համաձայնելու հեռանկարը։

Այս հարցում ռուսներին անգնահատելի աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ-ն։ Վերջինս ոչ միայն կրճատել է Կիևին տրամադրող ռազմական օժանդակությունը, որը Եվրոպան ուղղակիորեն ի վիճակի չէ լրացնելու, այլ նաև իր վրա է վերցրել Ուկրաինային կապիտուլյացիա պարտադրելու գործառույթը։ Դա պատահական չէ․ եվրոպական դիմադրությունն այս հարցում ջարդելու ունակ միակ ուժը ԱՄՆ-ն է։

Նման պայմաններում, երբ մի կողմից Կիևի համար ռազմաճակատում գործերը լավ չեն ընթանում, իսկ ԱՄՆ-ն պատերազմը կանգնեցնելու միակ տարբերակը դիտարկում է ագրեսիայի զոհին պարտության պարտադրումը և յուրաքանչյուր հերթական անգամ ավելի ծանր պայմաններով, բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը հիմա կանգ առնի։

Ռուսաստանն այս փուլում արդեն հասել է նրան, որ ամերիկյան պլանի արդյունքում, դրա ցանկացած մոդիֆիկացիայի դեպքում, խուսափելու է պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվությունից և հասնելու է իր նկատմամբ միջազգային սանկցիաների հանմանը, համաշխարհային տնտեսական համակարգին վերաինտեգրմանը։

Ընդ որում, չափազանց ուշագրավ է, որ ԱՄՆ-ն անգամ չի ուզում սպասել մոտ մեկ ամիս առաջ իր իսկ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված տնտեսական չափազանց ծանր նոր սանկցիաների գործողության արդյունքներին, որոնք, առանց չափազանցության, կարող էին ծնկի բերել ռուսական տնտեսությունը։ Այդ սանկցիաները նոր են միայն մտել ուժի մեջ։ Եվ ստացվում է, որ ԱՄՆ-ն հիմա ամեն ինչ անում է՝ Ռուսաստանին փրկելու իր իսկ կիրառած սանկցիաների հետևանքներից և պատերազմն ավարտին հասցնել Մոսկվայի համար ամենահարմար պահին։Հետևաբար, եթե կարելի է սպասել ու հասնել, օրինակ, ոչ միայն Դոնբասի, այլ նաև Լուգանսկի և Զապորոժիեի ամբողջական ձեռքբերմանը, ինչո՞ւ չանել դա։

Այսպիսի հեռանկարից խուսափելու միակ հնարավորությունը կախված է այն հարցից, թե իրականում ի՞նչ ռազմա-տնտեսական ռեսուրս ունի Ռուսաստանը շարունակելու պատերազմը։ Չի բացառվում, իհարկե, որ ներկայումս ամերիկյան պլանին իբր թե դժվարությամբ համաձայնելու տպավորություն ստեղծելով համաձայնելու իրական պատճառը հենց պատերազմը շարունակելու ռեսուրս չունենալու հաշվարկն է։ Նման դեպքում այսպիսի ելքով պատերազմից դուրս գալը ավելի քան հաղթանակ է։

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական