Վերլուծություն

Ուկրաինայի՝ ամերիկա-ռուսական 28 կետանոց կապիտուլյացիոն խաղը և հայկական դեժավյուն

Ուկրաինայի՝ ամերիկա-ռուսական 28 կետանոց կապիտուլյացիոն խաղը և հայկական դեժավյուն

Ուկրաինայում պատերազմական ճգնաժամի կարգավորման շուրջ օրերս հրապարակված՝ արժանահավատ թվացող արտահոսքը, որը վերագրվում է ԱՄՆ-ի կողմից պատրաստված 28 կետանոց մանրամասն պլանին, միջազգային նոր ցնցում է հարուցել։ Թեև Վաշինգտոնը պաշտոնապես չի հաստատում փաստաթղթի իսկությունը, հրապարակված դրույթները դժվար է դիտարկել որպես շարքային «սցենար»․ դրանց տրամաբանությունն ու կառուցվածքը ակնհայտորեն կրում են փակ դիվանագիտական գործընթացի կնիքը։

Պլանի էությունը հետևյալն է. Ուկրաինային առաջարկվում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից, ճանաչել Ռուսաստանի վերահսկողությունը ամբողջական Դոնբասի և այս պահին արդեն իսկ օկուպացված տարածքների նկատմամբ, էականորեն սահմանափակել բանակի թվաքանակը, հրաժարվել հեռահար հրթիռներից, կրճատել զինատեսակները և ձևական անվտանգության որոշ երաշխիքներ ստանալ Արևմուտքից՝ փոխարենը սպասելով ռուսական կողմից կրակի դադարեցման և սահմանային կայունացման։ Մոսկվան ստանում է ստանում սանկցիաների էական մեղմացում, միջազգային ձևաչափերում վերաինտեգրում։

Կիևի «ձևական պատրաստակամությունը» և մտավախությունները

Ուկրաինական կողմի հրապարակային արձագանքը չափազանց զգուշավոր է․ Կիևում չկա ո՛չ բացահայտ մերժում, ո՛չ լիարժեք ընդունում, ինչը փորձում է թաքցնել պարզ ու հասկանալի իրողությունը. փաստաթուղթն անընդունելի է, որովհետև այն Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիա է։

Նման պայմաններում Կիևի երկխոսության չբացառումը բխում է այն գիտակցումից, որ ցանկացած հրապարակային կտրուկ մերժում կարող է դառնալ Վաշինգտոնի հետ հարաբերությունների նոր խորքային ճգնաժամի պատճառ, հատկապես այն պայմաններում, երբ վերջին ամիսներին ԱՄՆ-ն արդեն դադարեցրել է ռազմական օժանդակության զգալի մասը։ Այդ դադարեցումն իր հերթին համընկել է ռուսական բանակի լայնածավալ հարձակումների ու շոշափելի տարածքային առաջխաղացումների հետ՝ առաջացնելով ամենածանր վիճակն Ուկրաինայի համար։ Նման պայմաններում նոր սրացումը կատաստրոֆիկ կարող է լինել Կիևի համար, որտեղ հասկանում են՝ պլանի պարտադրման ռիսկը միայն կաճի, եթե Վաշինգտոնում ձևավորվի «կարգավորման արագ լուծման» քաղաքական պահանջարկ։ Եվ հենց այստեղ է, որ արտահոսքի ժամանակագրությունը դառնում է նշանակալի։

Եվրոպական երկրների դրսևորած դժգոհությունը

Եվրոպական երկրների արձագանքը գրեթե միանշանակ է՝ անընդունելի է, ոչ լիարժեք և վտանգավոր։ Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և բալթյան երկրները աներկբա նշում են. ցանկացած կարգավորում, որը ենթադրում է Ուկրաինայի տարածքային կորուստների լեգիտիմացում ու ՆԱՏՕ-ի դռների փակում, չի կարող դիտվել որպես կայուն խաղաղություն։ Ավելին, ԵՄ-ում պնդում են, որ Վաշինգտոնը չպետք է նախաձեռնի կարգավորման որևէ պլան՝ առանց եվրոպական երկրների ներգրավման, քանզի պատերազմը Եվրոպայի սրտում է, և Ուկրաինայի ապագան անմիջապես ընկալվում է որպես եվրոպական անվտանգության ապագա։

Հունգարական չկայացած բանակցությունները և Վաշինգտոնի սկզբունքայնության «ֆեյքային վերադարձը»

Ուշագրավ է այն փաստը, որ պլանի հրապարակումը հաջորդեց նախորդ ամսվա վերջին ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտիևի՝ Վաշինգտոն այցին, որը հաջորդեց Հունգարիայում պլանավորված ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների տապալմանը՝ հենց Վաշինգտոնի նախաձեռնությամբ։ Թվում է՝ Թրամփի վարչակազմը փորձում էր ցույց տալ սկզբունքայնության վերադարձ, խուսափելով այն տպավորությունից, թե ԱՄՆ-ն պատրաստվում է գնալ տարածքային զիջումների հաշվին ձեռք բերված պայմանավորվածությունների։

Մեր նախորդ մեկնաբանությունում ենթադրել էինք, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Դիմիտիևին գործուղելով Վաշինգտոն՝ քաղաքականությունը որպես շահավետ գործարքների շարան պատկերացնող Թրամփին ներկայացրել է առավել գրավիչ, գուցե նույնիսկ՝ ռազմավարական փոխզիջման առաջարկ։ Եվ հենց դա կարող է ընկած լինել ԱՄՆ քաղաքական շրջադարձի և Ուկրաինային փաստացի կապիտուլյացիա պարտադրելու մոտեցման հիմքում։

Արտահոսքի առեղծվածը․ ում էր ձեռնտու հրապարակումը

Եթե նման պլան իսկապես գոյություն ուներ, ապա գլխավոր հարցն այն է, թե ինչու այն դարձավ հանրային հենց այդ պահին՝ նախքան պաշտոնական շրջանառության մեջ մտնելը։ Ակնհայտ է, որ արտահոսքը ինքնին քաղաքական գործողություն է, որը միտված էր կանխել ամերիկա-ռուսական հնարավոր գաղտնի համաձայնության լեգիտիմացումը և միջազգային տարածքում ձևավորել դիմադրողականություն ցանկացած «գաղտնի սակարկության» դեմ։

Արտահոսքը կարող էր նախաձեռնվել, իհարկե, Կիևի ցանկությամբ

Ուկրաինան, հասկանալով, որ պլանը իր համար պարունակում է ոչ միայն տարածքային կորուստներ, այլև պետականության երկարաժամկետ ապակայունացման, նույնիսկ, կարելի է ասել, փլուզման լուրջ ռիսկեր, կարող էր փորձել ամերիկյան խողովակներով շտապ հանրայնացնել փաստաթուղթը՝ հրահրելու նախևառաջ Եվրոպայի զայրույթը։ Հենց այդ հաշվարկով էլ կարելի է բացատրել Կիևի պաշտոնական «լռակյաց սպասողականությունը»․ ժամանակ ձգել, մինչև եվրոպական գործընկերներն արձագանքեն և ձևավորեն բացասական ֆոն, որը կսպառնա պլանի կյանքի կոչմանը։ Այս մեխանիզմը նախկինում ևս կիրառվել է՝ դաշնակցային ճնշման կանխարգելման նպատակով։

Սակայն արտահոսքը կարող էր նախաձեռնվել նաև հենց ԱՄՆ ներսից

Թրամփի վարչակազմի ներսում, ըստ երևույթին, չկա միանշանակ համաձայնություն Ուկրաինային նման մասշտաբային զիջումներ պարտադրելու վերաբերյալ։ Փաստաթուղթը հրապարակելով՝ որոշ շրջանակներ, կարող են փորձել արգելափակել դրա պաշտոնականացումը։ Հանրապետականների համար «Ռուսաստանի հետ գործարք կնքելու» հեռանկարը կարող է դառնալ լուրջ քաղաքական ռիսկ։ Արտահոսքը, միաժամանակ, վերացնում է այդ հնարավորությունը՝ շանս տալով փաստաթուղթը չներկայացնել որպես նախապես պատրաստված, դավադրական, երկարաժամկետ ռազմավարական մոտեցում։ 

Ուկրաինային «կապիտուլյացիա պարտադրելու» հետևանքները և ռուսական տրիումֆի համատեքստը

Եթե արտահոսած 28 կետանոց փաստաթուղթը նույնիսկ մոտավոր արտացոլում է Վաշինգտոնի քաղաքական տրամադրությունները, ապա այն դառնում է ոչ միայն Ուկրաինային, այլև ողջ անվտանգության համակարգին ուղղված խիստ վտանգավոր ազդանշան։ Անգամ ոչ ուղղակի դաշնակից պետությանը «կարգավորում» պարտադրելն անխուսափելիորեն խաթարում է ԱՄՆ-ի, որպես վստահելի գործընկերոջ, միջազգային ընկալումը։

Խնդիրը, սակայն, ավելի խորքային է. փաստաթղթում շարադրված դրույթները բառացիորեն համընկնում են Մոսկվայի առավելագույն պահանջներին․ գրաված տարածքների ճանաչում, այսինքն, ագրեսիայի օրինականացում, Ուկրաինային անվտանգության երաշխիքների նվազագույն մակարդակ և փաստացի զինաթափում, որը այդ երկիրը շարունակում է պահել ռուսական նոր էքսպանսիաների դեմ անպաշտպան, և, իհարկե, սանկցիաների փուլային վերացում, որը Ռուսաստանի համար կլինի ոչ միայն դիվանագիտական հաղթանակ, այլև ռազմավարական տրիումֆ։

Եվ Մոսկվայի կողմից հանրայնացված փաստաթղթի նկատմամբ պահպանվող համառ լռությունն ուժեղացնում այն հարցադրումը, թե արդյոք պլանը վաղ փուլում չի մշակվել ռուսական պահանջների հիման վրա՝ ընդամենը փաթեթավորումը կատարելով ԱՄՆ-ում․․․

Եթե Պլանը արտացոլում է ամերիկյան վարչակազմի իրական քաղաքական և վերջնական կողմնորոշումը, ապա ստեղծված իրավիճակը անախորժ դեժավյու է առաջացնում՝ հիշեցնելով 2021–23թթ․ Ռուսաստանի դիրքավորումը Հայաստանի նկատմամբ՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի պայմաններում։ Երկու դեպքերում էլ գերտերություն-դաշնակից հարաբերության մեջ մերկանում է այն հաստատուն օրինաչափությունը, որ առաջնահերթությունների սանդղակում դաշնակցի անվտանգության շահերը միշտ զոհաբերվում են գերտերության գլոբալ հաշվարկներին, իսկ բարոյական սկզբունքները ոչ թե գործնական առաջնորդող արժեքներ են, այլ՝ հռետորական ճոխություն․․․

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական