Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել է նաև 1998թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին ու որոշ մանրամասներ պատմել այդ օրերի իրադարձություններից։
«Բանակցային գործընթացում եղավ առաջարկություն, որը մեզ համար անընդունելի էր․ ես նկատի ունեմ՝ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և ինձ։ Իմ պարագայում երկու անգամ խնդրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ազատել ինձ աշխատանքից, որովհետև ես չեմ կարող այդ ճանապարհով գնալ, և մի անգամ էլ ասել եմ՝ մեզ բոլորիս ազատիր»,- ասել է նա, ապա մի փոքր «լիրիկական» զեղում արել, թե՝ «մեր երեքից վերջին օրերին առաջին նախագահը շփվում էր իր հետ․ «Իր հրաժարականից մի օր առաջ եկավ մեր տուն, լարված չէր, ասաց՝ վաղը հրաժարական եմ տալու, բայց արի՝ շախմատ խաղանք։ 3 պարտիա շախմատ խաղացինք ու բաժանվեցինք»։
Որ հրաժարականին նախորդած օրերին Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի ուժերից» միայն Սերժ Սարգսյանի հետ էր շփվել, իր գրքում պատմել է նաև Ռոբերտ Քոչարյանը. «Տեր-Պետրոսյանի հետ մեր կողմից միայն Սերժ Սարգսյանն էր խոսում, նրա միջոցով նախագահին էինք փոխանցում մեր հարցերն ու առաջարկները»։
Սա, իմիջիայլոց։
Վերադառնանք Սերժ Սարգսյանի հարցազրույցին ու անդրադառնանք այդ դրվագում մի էական հանգամանքի։
Մասնավորապես, նախագահի հրաժարականի պատճառի մասին խոսելիս Սերժ Սարգսյանը շեշտել էր՝ բանակցային գործընթացում ներկայացված առաջարկն իրենց համար անընդունելի էր։
Բայց Սերժ Սարգսյանը չէր մանրամասնել՝ բանակցային տարբերակի կոնկրետ ո՞ր դրվագն է իրենց համար անընդունելի եղել, ինչո՞ւ իրենք մերժեցին այդ տարբերակը։
Ընդհանրապես, 1998թ. պետական հեղաշրջման մասին Սերժ Սարգսյանը հարցազրույցում գերադասեց կարճ խոսել, անգամ ակնարկով փակեց թեման, թե՝ «էլ չշարունակեմ, հա՞»։
Նա չշարունակեց թեման, թեև շարունակելու ու, հատկապես, մեկնաբանելու շատ բան կար։
Մասնավորապես, մերժելով ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը և ՀՀ առաջին նախագահին հրաժարականի պահանջ ներկայացնելով, արդյոք երկրորդ ու երրորդ նախագահները հետագայում կարողացան հասնել հակամարտության կարգավորման ավելի լավ առաջարկի ու, վերջապես, լուծել հիմնախնդիրը։
Ի վերջո, եթե մերժում ես այս պահին սեղանին դրված փաստաթուղթը՝ համարելով այն անընդունելի, պետք է փորձես հասնել շատ ավելի լավ տարբերակի ու ստանալ ավելի լավ արդյունք։
Եւ ուրեմն, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունն արդյո՞ք կարողացավ ավելի լավ տարբերակ բերել ու լուծել հիմնախնդիրը։
Պատասխանը միանշանակ է՝ ՈՉ։
1998թ. ի վեր բանակցային գործընթացում քննարկված բոլոր տարբերակները, մեծ հաշվով, եղել են նույն փուլային տարբերակի կրկնությունը։ Այսինքն, հիմնական սկզբունքներն այս տարիներին մնացել են նույնը, բանակցել են նույն այն սկզբունքների շուրջ, ինչ 97-98-ին էր առաջարկվում, և այդ բոլոր տարբերակներում որպես առաջին քայլ նշված է եղել տարածքների վերադարձը։ Փոփոխվել են որոշ դետալներ, որոշ մանրամասներ։ Բայց և այդ ընթացքում փոխվել է ամենակարևորը՝ հակամարտող կողմերի միջև եղած ռազմաքաղաքական բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի, ի հակառակ Հայաստանի։
Ի դեպ (և այս խոսակցությունն ակտիվացավ 2016-ի քառօրյա պատերազմից հետո), Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունները որպես հայկական կողմի ձեռքբերում պնդում էին, թե հակամարտության կարգավորման՝ սեղանին դրված տարբերակներում ամրագրված է ԼՂ կարգավիճակի մասին հետագայում անցկացվելիք հանրաքվեի (պլեբեսցիտի) գաղափարը։ Սա հայկական կողմը ներկայացնում էր որպես մեծ ձեռքբերում՝ հակադրության մեջ դնելով 1997-ի փուլային տարբերակի հետ, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը թողնվել էր անորոշ ապագային։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բերած փաստաթղթերում, այո, ամրագրվել է նման դրույթ։ Բայց այդ դրույթն ամրագրվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ համատեղ:
Այնինչ, 1997թ փուլային տարբերակում, թեև ԼՂ կարգավիճակի հետ կապված որևէ նշում չկար, փաստաթղթում տառ անգամ գրված չէր Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ այդ սկզբունքը չկար հակամարտության կարգավորման փաստաթղթում։
Ու ամենակարևորը՝ թեև հայկական կողմին հաջողվել էր փաստաթղթում այդ դրույթը ներառելու հարցում ստանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համաձայնությունը, բայց դրան համաձայն չէր Ադրբեջանը։
Մինչդեռ, 1997թ. ադրբեջանական կողմը համաձայն էր հակամարտության կարգավորման լուծման փուլային տարբերակին։ Սա, ի դեպ, ամենագլխավոր նյուանսն է, քանի որ առանց կողմերից մեկի, այս դեպքում՝ առանց Ադրբեջանի համաձայնության, ցանկացած փաստաթուղթ անարդյունավետ է։
Ի վերջո, այդ գործընթացի նպատակը հակամարտության լուծումը պետք է լինի, ոչ թե ուղղակի բանակցելն ու լավ փաստաթուղթ ստանալը։ Քանի՞ գրոշի արժեք ունի փաստաթուղթը, եթե այն չի իմպլեմենտացվելու, չի ապահովելու հարցի լուծում (այլ բան, որ և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի իշխանության համար ԼՂ խնդրի լուծման հասնելը նպատակ չի եղել, այլ նրանք հետևողականորեն շարունակել են ստատուս-քվոյի պահպանումը)։
Ադրբեջանը 1998թ. հետո մշտապես հրաժարվել է գնալ խնդրի լուծման, իսկ եթե ինչ-որ պահի համաձայնություն տվել է, ապա վերջին պահին, այնուամենայնիվ, հրաժարվել է փաստաթղթի ստորագրումից, ինչպես եղավ, օրինակ, 2011թ.՝ Կազանում։ Ի դեպ, այդ մասին հայտարարել է նաև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք։
Պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997թ. իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում գրում էր. «Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել՝ ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է։
Փոխզիջման մերժումը և մաքսիմալիզմը (առավելագույնը և ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման և Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։
...Փոխզիջման էությունից բացի, կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են, քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»։
Ակնհայտ էր, որ 1998թ. հետո ռազմաքաղաքական բալանսը կտրուկ փոխվեց հօգուտ Ադրբեջանի, ընդ որում՝ երկրաչափական պրոգրեսիայով, ակնհայտ է, որ Ադրբեջանը նավթային պայմանագրերի շնորհիվ կարողացավ արդյունքների հասնել, և ի տարբերություն Հայաստանի, որը շարունակում էր մեկուսացված մնալ։ ՈՒ պարզ էր, որ այս դեպքում Ադրբեջանը չէր գնա ԼՂ խնդրի լուծման։
Այնպես որ, որքան էլ Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությանը հաջողվեց բանակցային փաստաթղթերում ինչ-որ հայանպաստ դրույթ պոկել (դրան զուգահեռ ամրագրվեցին նաև ադրբեջանանպաստ դրույթներ), այդ ամենը չապահովեցին ԼՂ հիմնախնդրի լուծումը։ Այսինքն, չհանգեցրին վերջնանպատակի իրագործման։
«Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»,- հրաժարականի իր ելույթում հայտարարել էր Տեր-Պետրոսյանը։
Ի դեպ, ավելի ուշ՝ 23 տարի անց, նա նաև պարզաբանել էր, որ եթե չգնար այդ քայլին, ապա «իշխանության հայտնի մարմինները» քաղաքացիական պատերազմի կտանեին։
Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում չի հերքել այդ փաստը, թեև՝ չի էլ անդրադարձել այդ ամենին։ Մինչդեռ, սա ևս առանցքային դրվագ է, որին լավ կլիներ՝ այն ժամանակ ՆԳ և ԱԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Սարգսյանը, անդրադառնար։
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ