Ռուսական և ղազախական ծագման ցորենը Հայաստան է հասնում Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով։ Դրա «կանաչ լույսը» վառել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ հոկտեմբերի 21-ին Ղազախստանում հայտարարեց, որ հանում է դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումները։
Ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ մոտ 15 վագոն կամ ավելի քան հազար տոննա ցորեն, արդեն մտել է Հայաստան։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրեց, որ մինչև 2026թ․ հունվարի վերջը նախատեսվում է Հայաստան ուղարկել ևս 132 վագոն ցորեն՝ նույն երկաթուղային ճանապարհով։
Պաշտոնական Երևանը Ալիևի հայտարարությունը գնահատեց որպես վաշինգտոնյան ստորագրված հռչակագրերից բխող՝ խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակմանը միտված քայլ։
Հնարավորությունները
Հայաստանի համար այս գործընթացը կարող է բացել մի քանի կարևոր տնտեսական հնարավորություն։ Առաջին՝ այն ամրապնդում է Հայաստանի տրանզիտային դիրքերը․ Հայաստանը կարող է վերածվել տարանցիկ օղակի, եթե կարողանա ճիշտ ինտեգրվել հաղորդակցական նոր ցանցերին։ Երկրորդ՝ այն ստիպում է զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները․ նոր ուղիները ենթադրում են երկաթուղային և լոգիստիկ համակարգերի արդիականացում, ինչը կարող է խթանել նաև շինարարության և ծառայությունների ոլորտները։ Երրորդ՝ հաղորդուղիները հնարավորություն են ստեղծում համագործակցել ոչ միայն Ռուսաստանի և Ադրբեջանի, այլև՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ինչի պոտենցիալի մասին ակնարկել է նաև վարչապետ Փաշինյանը։ Եվ չորրորդ, որ, գուցե, քաղաքական առումով ամենակարևորն է․ Հայաստանը ստանում է իր առևտրատնտեսական հաղորդուղիները բազմազանեցնելու, Վերին Լարսից իր կախվածությունը որոշակիորեն թոթափելու հնարավորություն, իսկ բեռնափոխադրման երկկողմանի դառնալու դեպքում՝ արտահանումն ավելացնելու պոտենցիալ։
Ռիսկերը
Սակայն ամեն ինչ, իհարկե, այսքան միանշանակ չէ։ Նախ, պետք է հասկանալ և բանաձևել, որ տեղի ունեցողը ամենևին էլ ապաշրջափակում չէ բառի իրական իմաստով։ Թեև Ադրբեջանը թույլատրել է բեռների տարանցում իր տարածքով, այնուամենայնիվ, սա դեռ չի նշանակում հայ-ադրբեջանական սահմանների բացում։ Այդ սահմանները մինչ օրս անգամ սահմանագծված և սահմանազատված չեն, իսկ բեռները Հայաստան են գալիս երրորդ երկրի՝ Վրաստանի միջով, ավելի շատ ուժեղացնելով հենց Թբիլիսիի կոմունիկատիվ առանցքի դիրքերը։ Չնայած դրական ազդակներին, քաղաքական մակարդակում տարածաշրջանը դեռևս գտնվում է տուրբուլենտության և փոխանվստահության փուլում։
Ուշագրավ է, որ մինչ Հայաստանը ամբիոնից ամբիոն, հարթակից հարթակ խոսում է «Խաղաղության խաչմերուկ»-ի իր պրոյեկտի մասին, Բաքուն առաջինն է հայտարարում դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար իր տարածքը տրամադրելու մասին։ Բաքուն փորձում է ցույց տալ, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործման հիմնական բանալիները հենց իր ձեռքում են, ոչ թե՝ Հայաստանի։ Բաքուն ձգտում է միջազգային հանրությանը ներկայանալ ոչ միայն խաղաղարարի, այլև՝ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման նախաձեռնողի իմիջով, ընդգծելով, թե իբր հենց ինքն է ամենաշահագրգիռը խաղաղության և տարածաշրջանային համագործակցության գործում։ Սակայն իրական խաղաղության շահառու լինելը ենթադրում է, առաջին հերթին, երկկողմ բեռնափոխադրումներ և անցակետերի բացում՝ առանց երրորդ երկրների։ Երևանն այս առումով բազմիցս է հայտարարել իր պատրաստակամությունը։ Կառավարության վերջին նիստին Ադրբեջանով և Վրաստանով ռուսական ցորենի առաջին խմբաքանակի ստացման առթիվ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ ընդգծեց․ «Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ հենց այսօրվանից ապահովել բեռների տեղափոխումն Ադրբեջանից Թուրքիա և Թուրքիայից Ադրբեջան, Մարգարայից դեպի Կոռնիձոր երթուղով։ Կես ժամից էլ բեռնատար մոտենա անցակետին՝ թե՛ Կոռնիձորի, թե՛ Մարգարայի կողմից, մենք պատրաստ ենք անցումը սպասարկել»։
Մինչդեռ Բաքուն այս հայտարարություններին «տարօրինակ» կերպով չի արձագանքում, ինչի ֆոնին իր տարածքը Հայաստան բեռնափոխադրումների համար բացելու քայլը թվում է որպես արտաքին լսարանին ուղղված PR հնարք՝ ավելի հեռուն գնացող այլ նպատակներով։
Օրինակ, Բաքուն այս քայլը կարող է դարձնել Սյունիքով դեպի Նախիջևան ավտոտրանսպորտային անխոչընդոտ և անվերահսկելի կապի պահանջը լեգիտիմացնելու միջոց՝ իբր փոխադարձության սկզբունքով։ Հայաստանն, իհարկե, կհակադարձի, որ դրանք անհամատեղելի են, սակայն որքանո՞վ հնարավոր կլինի համոզել դետալների մեջ խորանալու սովորություն չունեցող միջազգային հանրությանը։
Չի կարելի անտեսել նաև ռուսական գործոնը։ Աննկատ չմնաց, թե ինչ խանդավառությամբ Մոսկվան արձագանքեց այս գործընթացին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ցորենի մատակարարումները նույն երթուղով։ Ընդ որում, չնայած՝ նախապես խոսվում էր այդ ճանապարհով ղազախական ցորենի ներմուծման մասին, բայց ռուսական ցորենն ավելի շուտ տեղ հասավ։ Սա վկայում է, որ Ռուսաստանը շահագրգռված կողմ է ոչ միայն որպես մատակարար, այլև, գուցե, ավելի շատ որպես հիմնական բեռնափոխադրող՝ օգտվելով այստեղ իր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության առկայության գործոնից։ Այդ դեպքում Ռուսաստանը կարող է հավակնել լրջագույն վերահսկողություն սահմանել տարածաշրջանային բեռնափոխադրումների, ավելի լայն ընդգրկման տրանզիտային հաղորդակցությունների նկատմամբ։
Հայաստանի մարտահրավերները
Այս իմաստով ռուսական ցորենը Ադրբեջանով Հայաստան տեղափոխումը ոչ միայն Երևանի համար տնտեսական նոր հնարավորությունների մասին է, այլ նաև՝ որոշակի մարտահրավերների։ Նախ, Երևանը խնդիր է ունենալու, տուրք տալով ավելորդ ոգևորությանը, չդառնալ Ադրբեջանի քարոզչական թելը մանողը և, որպես հետևանք, չկորցնել «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի ճարտարապետի՝ իր նվաճած կարգավիճակը։ Երկրորդ, Երևանը խնդիր ունի խուսափել ռուս-ադրբեջանական կոմունիկացիոն թակարդից՝ թույլ չտալու, որ ապագա հաղորդուղիների կառավարման հարցում ձևավորվի ռուս-ադրբեջանա-թուրքական աքցան՝ ընդդեմ ամերիկյան գործոնի։ Այսինքն, Հայաստանն ինքը պետք է կարողանա վերահսկել իր տարածքով անցնող հաղորդուղիների դիզայնը, կառավարման սկզբունքները և, իհարկե, տնտեսական արդյունքները։
Գոռ Աբրահամյան