Վերլուծություն

Թրամփի միջուկային «հաթաթան» և դոմինոյի էֆեկտը

Թրամփի միջուկային «հաթաթան» և դոմինոյի էֆեկտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանկարծակի հայտարարությամբ նոր տագնապ է առաջացրել միջազգային քաղաքականության միջանցքներում։ 

Truth Social հարթակում կատարած գրառմամբ նա հայտնել է, որ ԱՄՆ պատերազմի նախարարությանը հանձնարարել է սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ հավասար հիմունքներով այն երկրների հետ, որոնք նույնպես ունեն միջուկային ծրագրեր։ Արդյո՞ք Թրամփը նկատի ունի հենց միջուկային զենքի դաշտային փորձարկումները, թե՞ հնարավոր սիմուլյացիաները միջուկային մարտագլխիկ կրելու պոտենցիալ ունեցող հրթիռների փորձարկումներով, պարզ չէ։ Խնդիրն այն է, որ նման փորձարկումներ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ միջուկային այլ տերություններ անում են պարբերաբար, և դժվար է պատկերացնել, որ Թրամփը կարող էր դա նկատի ունենալ։ 

Թրամփն այս մասին հայտնեց փաստացի մի քանի օր անց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, զինվորական համազգեստով, տոնական բարձր տրամադրությամբ, հաղորդեց «Բուրեվեստնիկ» միջմայրցամաքային միջուկային մարտագլխիկ կրելու պոտենցիալով հրթիռի հաջող փորձարկման մասին՝ որպես աշխարհում հավասարը չունեցող նորագույն զենքի։ Ըստ այդ հրթիռի մասին հայտարարված պարամետրերի` վերջինս ունակ է անցնել առնվազն 14 հազար կիլոմետր և, փաստացի, կարող է թիրախավորել աշխարհում ցանկացած կետ։ 

Պուտինի այս հայտարարությանը հաջորդեց ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ն հաջողությամբ փորձարկել է ևս մեկ նորարարական զենք՝ «Պոսեյդոն» ստորջրյա հեռակառավարվող սարքը, նշելով, թե դրա նոր փորձարկումը կհանգեցնի Բելգիայի անհետացմանը։ Վերջինս որպես թիրախ մատնանշելը պատասխանն էր Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե ՆԱՏՕ-ն հողին կհավասարեցնի Մոսկվան, եթե Ռուսաստանը հրթիռային հարձակում իրականացնի Բրյուսելի վրա։

Ի դեպ, սա Մեդվեդևի առաջին միջուկային սպառնալիքը չէ․ դեռ ամռանը նա սպառնացել էր ԱՄՆ-ին միջուկային պատերազմով, ինչին արձագանքել էր անձամբ Դոնալդ Թրամփը՝ զգուշացնելով Մեդվեդևին հետևել իր խոսքերին, և զգուշացրել, որ երկու միջուկային սուզանավ է ուղարկել ՌԴ ափամերձ շրջաններ՝ որպես պաշտպանական միջոց։

Ակնհայտ է, որ Վաշինգտոնին նյարդայնացնում է Մոսկվայի «մկանների ցուցադրությունը»։ Բայց, միաժամանակ, Թրամփը միջուկային զենքի փորձարկումների հանձնարարության մասին հայտարարությունն արել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Պուսանում անցած հինգշաբթի տեղի ունեցած հանդիպումից անմիջապես առաջ, ընդ որում, առանց որևէ տեղեկատվական առիթի, ինչը վկայում է, որ Թրամփը գիտակցաբար փորձում է այդ թեման դարձնել ամերիկա-չինական բանակցությունների օրակարգի մի մաս։

ԱՄՆ-ի նոր անվտանգության հայեցակարգով Վաշինգտոնն իր գլխավոր մարտահրավերը ոչ թե Ռուսաստանն է համարում, այլ՝ Չինաստանը։ Ըստ փորձագիտական եզրակացությունների՝ Չինաստանի միջուկային պոտենցիալն արդեն հինգ տարվա ընթացքում կհավասարվի ամերիկյանին ու ռուսականին։ Թրամփի հայտարարությունը, հետևաբար, ոչ միայն հակառուսական, այլև հակաչինական հստակ ուղերձ է, որի նպատակն, ավելի շատ, իր երկու հիմնական հակառակորդ երկրներին զսպելն է, նրանց միջուկային զենքի փորձարկումների սահմանափակումների «խաղի կանոնների» տիրույթում պահելը։ 

Սակայն սա տիպիկ այն դեպքն է, երբ մեդալը նաև երկրորդ կողմն ունի։ Միջուկային փորձարկումների վերսկսումը (եթե Թրամփը հենց դա նկատի ուներ) դե ֆակտո կարող է առհասարակ փլուզել 1996թ․ միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին դաշինքի վրա հիմնված «լռության տաբուն»։ Դա դոմինոյի էֆեկտ կունենա. Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, անշուշտ, նաև Իսրայելը, կարող են վերսկսել իրենց փորձարկումները՝ արդիականացնելով զինանոցները։ Մոսկվան, ի դեպ, արդեն նախազգուշացրել է նման հետևանքների մասին․ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե որևէ մեկը հրաժարվի միջուկային զենքի փորձարկումների սառեցումից, Ռուսաստանը կգործի համապատասխանաբար։ Նա նշել է, որ եթե Թրամփը նկատի ունի «Բուրեվեստնիկի» ի հայտ գալը, ապա այն միջուկային զենք չէ։ 

Նույնիսկ այն երկրները, որոնք, չնայած՝ ֆինանսական և տեխնոլոգիական առումով մոտ են միջուկային զենք ունենալուն և շարունակում են իրենց անվտանգությունը կապել միջազգային իրավունքի և ուժային բալանսի հավասարակշռության պահպանման հետ, կսկսեն միջոցներ ձեռնարկել միջուկային զենք ունենալու ուղղությամբ։ Ընդ որում, ԱՄՆ-ի կողմից Պանդորայի արկղը բացելուց հետո այլևս որևէ բարոյական և քաղաքական լծակ չի մնալու այդ երկրներին նման մտքից ետ պահելու համար։  

Այս զարգացումները կարող են նոր «սառը պատերազմի» սկիզբ դառնալ, ընդ որում, առանց զսպիչ մեխանիզմների։ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը և Չինաստանը կմտնեն սպառազինության մրցավազքի փուլ, որը, բացի զուտ անվտանգային հիմնահարց լինելուց, կծանրաբեռնի տնտեսությունները և վերջնականապես կթաղի միջազգային վերահսկման իրավաքաղաքական ինստիտուտները։ Միջուկային զենքը կդառնա ոչ թե զսպման, այլ՝ քաղաքական ճնշման գործիք, ինչպես դրա առաջին գործադրման ժամանակ էր։

Արդյունքում, Թրամփն իր այս հայտարարությամբ ավելի շատ մարդկությանն է կանգնեցնում նոր գլոբալ մարտահրավերի առաջ, քան ստիպում Մոսկվային ու Պեկինին՝ քաղաքականապես մնալ 1996 թվականին ստորագրված Միջուկային փորձարկումների ամբողջական արգելքի մասին պայմանագրի տրամաբանության և շրջագրի մեջ։ Մնում է հուսալ, որ Թրամփը փափուկ ուժի մեթոդն է ուղղակի կիրառում։ 

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական