Վերլուծություն

Դոփել տեղում կամ ինչպես է Սերժ Սարգսյանն առաջ տանում իմպիչմենտի գործընթացը

Դոփել տեղում կամ ինչպես է Սերժ Սարգսյանն առաջ տանում իմպիչմենտի գործընթացը

Խոսելով իրենց առաջիկա պլանների մասին՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Դավիթ Համբարձումյանը շարունակելու է մնալ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն։ Եվ, բացի այդ, շարունակելու են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

«Մենք այլ պլան չունենք, քան՝ իմպիչմենտի գործընթացն առաջ տանելը։ Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաճույքով կլսենք»,- դատարանի բակում ասել է նա։

Եթե ընդդիմությունը որոշել է իշխանափոխության գնալ, ապա կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ևս տարբերակ է։ Այդ տարբերակը նախատեսված է սահմանադրությամբ։ Ավելին, այդ տարբերակով գնալու համար և՛ սահմանադրության մեջ, և՛ ԱԺ կանոնակարգում կա հստակ, մանրամասն նկարագրված ընթացակարգ՝ քանի ստորագրություն է անհրաժեշտ գործընթացը սկսելու, ԱԺ նիստերի օրակարգ բերելու համար, քանի պատգամավորի «կողմ» ձայն է անհրաժեշտ այդ որոշումն ընդունելու համար, և այսպես շարունակ։

Բայց, արի ու տես, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը տեղից չի շարժվում։ Իմպիչմենտի գործընթացի մեկնարկի մասին ազդարարվեց այս տարվա ամռան սկզբին։  

Բայց մինչև հիմա չի հավաքվել բավարար թվով ստորագրություն՝ նախաձեռնությունն ԱԺ օրակարգ մտցնելու համար, ուր մնաց՝ արդեն ԱԺ դահլիճում կողմ քվեարկություններ ապահովելը։ Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ նախաձեռնությունը քննարկման առարկա դարձնելու համար պետք է 36 ստորագրություն, բայց ընդդիմությունն ունի 34-ը։ Իսկ ԱԺ դահլիճում քվեարկության մասին չենք խոսում. 54 քվե որևէ ձևով չեն ապահովի։ 

Ու չնայած դրան, Սերժ Սարգսյանը խոսում է «իմպիչմենտի գործընթացն առաջ տանելու» մասին։ Թե ինչպե՞ս է առաջ տանում, պարզ չէ։ Որովհետև իշխանական թևից որևէ մեկը չի պատրաստվում կողմ քվեարկել։ Տեսականորեն, այդ նպատակին հասնելու, այսինքն՝ իշխանությունից կողմ քվեներ ստանալու համար անհրաժեշտ է փողոցային ճնշում, քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխություն։ Փողոցային ճնշման մասին անգամ Սերժ Սարգսյանն է խոսել։ Բայց ոչ միայն դրա նախադրյալները չկան, այլև՝ այս ուղղությամբ էլ քայլեր չեն արվում։ Համենայն դեպս, խորհրդարանական ընդդիմությունը դադարել է, իր խոսքերով ասած, «քաղաքացիական անհնազանդության» ակցիաներն ու հանրահավաքները։

Եւ ուրեմն, այդ դեպքում ո՞րն է իմաստը նման հայտարարություններ անելու։ Տպավորություն է, թե «իմպիչմենտի» գործընթացը նախաձեռնել են ընդամենը քաղաքական դաշտում տեսարաններ ապահովելու և մարդկանց զբաղեցնելու համար, ուրիշ ոչինչ։ Ու որպեսզի խաղը ձգվի, պարբերաբար հայտարարվում է «գործընթացն առաջ տանելու մասին», որ չստացվի, թե մոռացվել է, կամ ընդդիմությունն ուղղակի անգործության է մատնված։

Միգուցե ժամանակն է՝ ընդդիմությունը խոստովանի, որ ոչ միայն ձախողել է իր բոլոր նախընտրական խոստումները, այլև՝ կորցրել հասարակության վստահությունը։ Թե՞, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտում տեղ զբաղեցնելու պայքար է մղվում, ժամանակ ձգելու և խորհրդարանական ընտրություններում նորից առաջադրվելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական