Վերլուծություն

Ռուս-ամերիկյան նոր շախմատային պարտիա ուկրաինական խաղատախտակին․ պատժամիջոցների մեխանիկան

Ռուս-ամերիկյան նոր շախմատային պարտիա ուկրաինական խաղատախտակին․ պատժամիջոցների մեխանիկան

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը ժամանել է Միացյալ Նահանգներ՝ իր ձևակերպմամբ՝ «նախապես պլանավորված այցով և ամերիկյան կողմի հրավերով»։ Սակայն այցը տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից հայտարարված, սակայն դեռևս չգործող տնտեսական պատժամիջոցների պայմաններում։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել էր, թե Պուտինը չի եղել անկեղծ բանակցությունների ընթացքում, ինչի պատճառով իրենք ստիպված են եղել արձագանքել՝ ցույց տալու, որ «տոլերանտությունն ավարտվել է»։

Դմիտրիևը հայտարարել է, որ Վաշինգտոն է մեկնել «ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցը քննարկելու և երկխոսությունը շարունակելու» նպատակով։ Նա փորձել է տպավորություն ստեղծել, թե պատճառը սանկցիաները չեն, Ռուսաստանը չի վախենում դրանցից։ Եվ զարգացնելով ռուսական նարատիվները՝ Պուտինի ներկայացուցիչը նախ փորձել է խաղալ Թրամփի արժանապատվության լարերի վրա՝ հորդորելով չվերածվել Բայդենի, ապա ուկրաինական կարգավորման ճգնաժամի մեղքը բարդել է եվրոպացիների վրա, որոնք, իբրև թե, ստիպում են Ուկրաինային շարունակել պատերազմը։

Այս այցին նախորդել էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, որը դարձավ առաջինը նրա երկրորդ պաշտոնավարման ընթացքում։ Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերություններին՝ «Ռոսնեֆտին»  և «Լուկոիլին», ինչպես նաև դրանց 34 դուստր ձեռնարկություններին։

Սանկցիաների նախազգուշացնող նախախաղ

Այս պատժամիջոցները, սակայն, ավելի շատ նախազգուշացնող և խորհրդանշական են համարվում, քանի որ նախ դրանք դեռ չեն մտել ուժի մեջ և այնպիսին չեն, որ ծնկի բերեն Մոսկվային։ Դրանք ավելի շատ ազդարարում են Վաշինգտոնի կողմից խոսքային, բանակցային համոզման մեթոդաբանությունից անցումը կոնկրետ գործողությունների դիմելու կոնցեպցիային։ Թրամփն ինքն ընդգծել է, որ եթե Պուտինը սթափվի, սահմանափակումները հեշտությամբ կարող են հանվել։ Այս հայտարարությունը հուշում է, որ Վաշինգտոնը դեռևս փակված չի համարում բանակցային ճանապարհը, սակայն հստակ ուղերձ է փոխանցում, որ այդ «հումանիտար միջանցքից» Կրեմլի չօգտվելու դեպքում կարող է ավելի հեռուն գնալ։ Դրա համար Վաշինգտոնը լայն գործիքակազմ ունի։ Հաջորդ քայլն, օրինակ, կարող է լինել օրերս ուժի մեջ մտած՝ ՌԴ-ի դեմ եվրոպական նոր՝ 19 կետանոց չափազանց կոշտ պատժամիջոցներին միանալը, որոնցից խիստ զգայուն են հատկապես ռուսական նավթի առավելագույն գնի նվազեցման և «ստվերային նավթափոխադրման» տանկերային համակարգի դեմ պայքարը։ Եթե դա տեղի ունենա, Ռուսաստանը կարող է կանգնել տնտեսական համակարգային ճգնաժամի շեմին։ Ամերիկյան սանկցիաներից անմիջապես հետո Վաշինգտոն բանակցող գործուղելու Կրեմլի շտապողականությունը ակնհայտ մատնում է այդ հեռանկարից Մոսկվայի անթաքույց անհանգստությունը, և այն փաստը, որ ԱՄՆ-ի սանկցիոն մտրակի հարվածների ուժգնացման հեռանկարը Մոսկվայում արդեն իրատեսական են համարում։

Պատժամիջոցի կիրառման ամերիկյան «շանտաժը» սկսեց կիրառվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ նախորդ շաբաթ կայացած հեռախոսազրույցից հետո։ Այդ հեռախոսազրույցին անմիջապես հաջորդել էր Թրամփի կողմից իր և Պուտինի՝ Բուդապեշտում նախատեսված հանդիպման չեղարկումը։ «Մենք չեղարկեցինք հանդիպումը, որովհետև դա հիմա ճիշտ չէր թվում։ Մեզ թվում է՝ չենք հասնի այնտեղ, որտեղ պետք է հասնեինք»,- ասել էր Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ։ Այս կտրուկ շրջադարձը ակնառու դարձրեց մեկ բան՝ Սպիտակ տանը վերջապես հասկացել են, որ Մոսկվան պարզապես շարունակում է իրենց «քթից բռնած քարշ տալու» քաղաքականությունը և Բուդապեշտի գագաթաժողովն էլ ցանկանում է վերածել դրա հերթական արարի։

Բալանս ճնշման և երկխոսության միջև

Պուտինի հետ հերթական հեռախոսազրույցից հետո Ուկրաինային «Տոմահավկ» թևավոր հրթիռներ փոխանցելուց հրաժարվելու և դրա պատճառով հեղինակության էական կորուստ ունենալու ֆոնին Թրամփի կողմից Բուդապեշտը բանակցային բուտաֆորիայի վերածելու Ռուսաստանի հերթական բացահայտ փորձին համակերպվելը չափից ավելի կլիներ։ Նա ընտրել է ոսկե միջինը․ մի կողմից չի վերադառնում «Տոմահավկերի» գործարքին՝ չսրելու համար ռազմական էսկալացիան, բայց մյուս կողմից մեկ քայլ առաջ է կատարում տնտեսական պատժամիջոցների գործիքակազմը գործի դնելու հարցում։ Սա վկայում է, որ ամեն դեպքում «Տոմահավկերի» գործարքից հրաժարվելն ուկրաինական պատերազմը կանգնեցնելու հարցում ոչ թե ռազմավարական հետքայլ էր, այլ մարտավարական, և դա չաշխատեց։ Մոսկվան այդպիսի ժեստերն ավելի շատ ընկալում է որպես թուլության նշան և ժամանակ շահելու և իր քաղաքական պահանջներն ավելի արմատական դարձնելու հնարավորություն։

Չնայած Թրամփը փորձում է հասկացնել, որ իր այս քաղաքականությամբ Մոսկվան արդեն մոտեցել է կարմիր գծերին, սակայն ըստ ամենայնի, Կրեմլում դեռ հավատում են, որ կարելի է Թրամփի հետ այս անգամ էլ լեզու գտնել ու թույլ չտալ իր նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ամբողջականացման հարցում արևմտյան ընդհանուր ճակատի ձևավորումը։ Դրա մասին է վկայում հենց Դմիտրիևին Վաշինգտոն գործուղելու հանգամանքը։ ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի նախագահի դիտարկումն այն մասին, որ Վաշինգտոն է եկել՝ քննարկելու ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցը, թույլ է տալիս կարծելու, որ Մոսկվան հույս ունի դեռ տնտեսական նոր գործարքներով գայթակղել Թրամփին։ Հնարավոր է, որ ռուսական կողմը փորձի ամերիկյան ներդրումների կամ նավթային շուկաների վերահսկման վերաբերյալ նոր փոխշահավետ առաջարկներ անել ամերիկյան կողմին։ Եվ բաց է մնում այն հարցը, թե  կգայթակղվի՞ արդյոք Թրամփը, որն իրական հողի վրա այս ընթացքում ոչինչ չի ստացել Պուտինից։

Այսպիսով՝ ուկրաինական խաղատախտակի վրա սկսվել է ռուս-ամերիկյան նոր շախմատային պարտիա։ Թրամփը փորձում է սանկցիաների միջոցով նախաձեռնողականության թելերը բաց չթողնել՝ պահելով բարդագույն հավասարակշռությունը քաղաքական ճնշման և երկխոսության «պատուհանի» միջև։ Կստացվի՞ արդյոք․․․

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական