Վաշինգտոնում կայացած Թրամփ-Զելենսկի հանդիպումը, որը տևել է ավելի քան երկու ժամ, ըստ մեդիայի տեղեկությունների, անցել է լարված ու հուզական մթնոլորտում։ Թրամփը կրկին կոշտ բառապաշար է օգտագործել գուցե Զելենսկուն կրկին հունից հանելու և հերթական շոուի ստվերում Կրեմլի առջև իր նոր ռևերանսները քողարկելու համար։ Զելենսկին, սակայն, ակնհայտորեն նախորդ սադրանքից դասեր է քաղել։
Ամեն դեպքում՝ Թրամփը նրա հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններին ընդգծել է, որ ԱՄՆ-ն նույնպես ունի այդ հրթիռների կարիքը և որ «դիվանագիտությունն այժմ առաջնահերթություն է», և ինքը հույս ունի, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի հասնել խաղաղության հաստատմանը։ Դա այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ «Տոմահավկերը» միջնորդավորված Ուկրաինային փոխանցելը Թրամփը որակում էր որպես գրեթե կայացված որոշում, և դրանց կարիքն ունենալու մասին չէր հիշում։
Հանդիպման նախօրերին, երբ Զելենսկին արդեն Վաշինգտոնում էր, Թրամփը շուրջ երկու ժամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որը նախաձեռնվել էր Մոսկվայի կողմից։ Կրեմլը դեռ այդ հեռախոսազրույցից առաջ էր անհանգստություն հայտնել «Տոմահավկների» հնարավոր մատակարարումների կապակցությամբ․ Պուտինն զգուշացրել էր, որ նման քայլը կարող է «անվերականգնելի վնաս հասցնել» ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Իսկ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սոցցանցային իր գրառմամբ սպառնացել էր, թե այդ քայլը հենց Թրամփին է վնաս հասցնելու։
Տակտիկակա՞ն, թե՞ ռազմավարական նահանջ
Այլևս ակնհայտ է, որ Թրամփը նահանջ է կատարել հենց այդ հեռախոսազրույցի արդյունքում։ Հարցն այն է՝ դա տակտիկակա՞ն, թե՞ ռազմավարական նահանջ է։ Տակտիկական նահանջը կարող է պայմանավորված լինել առաջիկայում Բուդապեշտում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպմանը դիվանագիտական ճանապարհով ՌԴ նախագահին կառուցողական բանակցությունների սպասելիքով։ Այսինքն՝ Թրամփը կարող է վերջին փորձը կատարել «Տոմահավկ» հեռահար թևավոր հրթիռներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը գործածելու որպես Կրեմլի նկատմամբ յուրօրինակ շանտաժի միջոց՝ հաշվի առնելով այն ակնհայտ նյարդայնությունը, որը դրսևորում է Մոսկվան այդպիսի հեռանկարի նկատմամբ։ Սպիտակ Տանը Թրամփի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, թե Թրամփը հրթիռների փոխանցմանը «այո» չի ասել, սակայն նաև «ոչ» չի ասել։ Նման դիրքավորումը հուշում է, որ Թրամփը բաց է պահում հրթիռները Կիևին փոխանցելու «պատուհանը» և դա կարող է խաղարկել Հունգարիայի մայրաքաղաքում Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
Մյուս կողմից, սակայն, Թրամփի կիրառած հրապարակային խոսույթն ավելի շատ հուշում է ընդհանրապես հրթիռներն Ուկրաինային փոխանցելու մտքից հրաժարվելու մասին։ Թրամփի ուղերձներն ավելի շատ հանգստացնում են Մոսկվային, քան տրամադրում Բուդապեշտում լրջագույն բանակցությունների։ Եթե այդպես է, ապա հերթական անգամ Կրեմլին հաջողվել է Թրամփին հարմարեցնել իր դոկտինալ շահերին, չեզոքացնել Ուկրաինայում իր պլանների իրականացման հերթական նշանակալի խոչընդոտը և խուսափել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններից։
Ի՞նչը կարող էր նման շրջադարձային կերպով ազդել «Տոմահավկերն» Ուկրաինային փոխանցելու Թրամփի գրեթե կայացված որոշման վրա այն դեպքում, երբ վերջինս սկսել էր Ռուսաստանին անուղղակի սպառնալ պատերազմում Ուկրաինային լիարեք աջակցության ցուցաբերմամբ և վատ արտահայտվել ՌԴ առաջնորդի վերաբերյալ։ Գուցե Պուտինը սպառնացել է գործի՞ դնել միջուկային զինանոցը նման մատակարարումների դեպքում, ինչպես անում է բոլոր վճռորոշ պահերին։ Թե՞ կարողացել է Թրամփին այնպիսի հերթական տնտեսական գրավիչ առաջարկ անել, որն ԱՄՆ նախագահն անտեսել չի ցանկացել, և վերջինս հիմա ուզում է հանուն դրա Ուկրաինայի շահերի զոհաբերման հերթական արարը խաղարկել։ Այս առումով ուշագրավ էր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո նրա արած այն հայտարարությունը, թե իրենք քննարկել են ուկրաինական պատերազմից հետո երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը։
Բուդապեշտը՝ անվերադարձելիության կետ
Ըստ էության՝ Բուդապեշտը դառնում է հանգուցային, գուցե նաև անվերադարձելիության կետ ոչ այնքան ուկրաինական ճգնաժամի և «Տոմահավկերի» ճակատագրի համար, որքան արդեն անձամբ Թրամփի։ Բուդապեշտում է պարզվելու՝ Թրամփը զիջել է զուտ դիվանագիտական ճնշմամբ խաղաղություն պարտադրելո՞ւ համար, թե՞ ՌԴ հնարավոր սպառնալիքներից վախենալով, սեպարատ գործարքների գնալով ու այդ կերպ պատերազմի շարունակման սուլիչը հնչեցնելով։ Խաղասեղանին նրա՝ որպես աշխարհի ամենակարող նախագահի հեղինակության հարցն է։ Եթե Ռուսաստանը դրանից հետո, ԱՄՆ-ի բացարձակ անգործության ֆոնին, կրկին տարատեսակ մանևրումներով խուսափելու է պատերազմը դադարեցնելուց և բանակցություններ սկսելուց, ապա պարզվելու է, որ դիվիդենտների բուրգը, որը Թրամփը կառուցել է այս ընթացքում աշխարհում մի քանի կոնֆլիկտ հանգուցալուծելու միջոցով, պարզապես շինված է սորուն ավազի վրա։
Գոռ Աբրահամյան