Վերլուծություն

Ռուս-ադրբեջանական ապահարզանը կրկին «չեղյալ է համարվում»․ նոր մեղրամիս Դուշանբեում

Ռուս-ադրբեջանական ապահարզանը կրկին «չեղյալ է համարվում»․ նոր մեղրամիս Դուշանբեում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տևական դադարից հետո, վերջապես հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլը հանդիպման նախօրեին հույս էր հայտնել, որ այն կարևոր քայլ կլինի խաթարված հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։

Զեկուցում է Պուտինը․․․

Հանդիպումը, առանց պրոտոկոլային ռևերանսների և նախաբանների, Պուտինն անմիջապես սկսեց 2024թ․ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությանը պատկանող  ինքնաթիռի վթարի մասին Ալիևին մանրամասն «հաշվետվություն» ներկայացնելով։ Ընդ որում, Պուտինն առաջին անգամ էր նման դետալային կերպով ներկայացնում ինքնաթիռի կործանման և դրան ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի առնչության հանգամանքները։ Այս իրողությունը վերահաստատեց Մոսկվայի անթաքույց և անկեղծ շահագրգռությունը՝ ժամ առաջ վերականգնելու քաղաքական հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Այսպիսով, Ռուսաստանն, ըստ էության, գրեթե ամբողջությամբ բավարարեց այդ միջադեպի հետ կապված Ալիևի հրապարակային բոլոր պահանջները։  Վլադիմիր Պուտինը ոչ միայն անձամբ զեկուցեց վթարի հանգամանքները, այլև փաստացի պաշտոնապես առաջին անգամ ընդունեց, որ ինքնաթիռը խոցվել է հենց ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, և խոստացավ լուծել վնասների փոխհատուցման հարցը։ Այս դիվանագիտական դիմակայությունում Ալիևը տարավ տակտիկական հաղթանակ։ Դրա արժեքը Բաքվի համար կրկնակի է այն առումով, որ Ռուսաստանի նախագահը դիրքերը զիջեց ինքնանվաստացման գնով։ Որպես ինքնաթիռի վթարման պարզված հանգամանք, Պուտինը նշեց, թե այն սխալմամբ խոցելու հիմնական պատճառներից մեկը եղել է իրենց ՀՕՊ համակարգում առաջացած խաթարումները։ Այսպիսով, Պուտինն անուղղակիորեն խոստովանեց, որ կամ իրենց հակաօդային պաշտպանության համակարգի մասնագետներն են անորակ, կամ՝ տեխնիկան։ Այսինքն, հանուն Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնման, Պուտինը գնաց անգամ սեփական բանակը վարկաբեկելու ճանապարհով։

Երբ մոռանալը երկուստեք շահավետ է․․․

Ուշագրավ է այն հանգամանքը, որ հանդիպման ընթացքում կողմերն այդպես էլ չշոշափեցին երկկողմ հարաբերություններին մեծ հարված հասցրած երկու այլ, ոչ պակաս կարևոր դետալ․ նախ, այս տարվա սկզբում Ադրբեջանում Ռուսաստանի համագործակցության ֆեդերալ գործակալության (Россотрудничество) գործունեության արգելքը, ապա նաև՝ հունիսին Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ իրականացված լայնամասշտաբ հետապնդումները, երկու ադրբեջանցիների սպանությունը ՌԴ իրավապահների գործողությունների արդյունքում, ձերբակալությունները, որոնք Բաքուն գնահատում էր որպես էթնիկ խտրականության դրսևորում։ Դրանց, ի դեպ, հայելային հաջորդել էին Ադրբեջանում գտնվող ռուսների ձերբակալությունները, իսկ այդ ողջ ընթացքում երկու երկրների արտգործնախարարությունները, իրար հերթ չտալով, միմյանց դեսպաններին էին կանչում «գորգի վրա»՝ նոտաներ հանձնելու համար։

Այնպիսի տպավորություն էր, թե նման կնճիռ առհասարակ երկու երկրների հարաբերություններում չի եղել, և խնդիրը միայն ինքնաթիռի կործանումն էր։ Մինչդեռ իրականում հենց այս իրադարձություններն էին առիթ տվել Ադրբեջանին՝ վերարթնացնելու կարծես մարած վթարի թեման, հատկապես՝ այն դեպքում, երբ Պուտինն անձամբ էր, դեպքից շատ չանցած, Ալիևից ներողություն խնդրել։

Դեռ հունիսին ծավալված գործընթացների ժամանակ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Ալիևը հրապարակային որևէ հայտարարություն չէին արել՝ միմյանց վրա հարձակումները կոորդինացնելով իրենց մեդիայի քարոզչական ու ապաքարոզչական մեքենաների միջոցով։ Բայց ինքնին «չխառնվելու» փաստը հուշում էր, որ երկուսն էլ իրենց համար նահանջի տեղ են թողնում։ Եվ դրա առաջին քայլը կատարեց Պուտինը։

Շագանակներ՝ կրակներից

Արդյո՞ք Դուշանբեում Ալիևին հաշվետվություն տալու այս ներկայացումը լուծում է երկկողմ խնդիրները։ Ալիևն, իհարկե, կանաչ լույս վառեց՝ հենց Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, թե երկկողմ հարաբերությունները վերականգնման նոր փուլ են տեղափոխվում։ Չնայած երկկողմ նախընթաց «դիվանագիտական փոթորիկների» շրջանում Ադրբեջանի նախագահի և նրա քարոզչամիջոցների կողմից կիրառած կոշտ հռետորաբանությանը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ստրատեգիական մակարդակում երբեք էլ այն աստիճան խաթարված չեն եղել, որ վերականգնելու համար առանձնակի ջանքեր պահանջվեին։ Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ նախագահներն իրենք էին գոհունակությամբ նշում, որ, չնայած քաղաքական հարաբերությունների լարվածությանը, առևտրատնտեսական կապերը էական առաջընթաց են արձանագրել։ Պուտինն անգամ թվեր էր վկայակոչում, ըստ որոնց՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը 6%-ից դարձել է 16%: Բացի այդ, Պուտինը հենց Դուշանբեում շատ պատկերավոր է բնութագրել իրենց հարաբերությունները, ըստ որոնց՝ իրենք ոչ թե միջպետական ճգնաժամ են ունեցել, այլ՝ էմոցիոնալ։

Այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում Մոսկվայի ու Բաքվի միջև, ընդամենը տակտիկական մանևրումներ էին, որտեղ յուրաքանչյուրը լուծում էր իր կարճաժամկետ խնդիրը։ Պուտինն, օրինակ, ստացավ Ռուսաստանում ադրբեջանական կապիտալը և ազդեցության գոտիները որոշ չափով վերաբաշխելու հնարավորություն։ Նաև հասկանալի դարձրեց, որ այնքան էլ ոգևորված չէ Թուրքիայի  օժանդակությամբ տարածաշրջանում իր ազդեցությունը նվազեցնելու՝ Բաքվի քայլերից։

Ալիևը հնարավորություն ստացավ Եվրոպայի առջև հակառուսականություն խաղալ։ Ի վերջո, այդ ամենը սահուն հանգեց Վաշինգտոնում Հայաստանի հետ հաշտության հաստատման հռչակագրերի ընդունմանը և TRIPP-ի նախագծի շուրջ համաձայնությունների ձեռքբերմանը։ Ալիևը կարողացավ հենց Մոսկվայի հետ խաթարված հարաբերությունների հանգամանքն օգտագործել՝ հիմնավորելու, թե ինչու է գործել Ռուսաստանի թիկունքում և համաձայնել գնալ տարածաշրջանային ենթակառուցվածքային, կոմունիկացիոն նոր նախագծերից Մոսկվային փաստացի մեկուսացնելու քայլին։ Եվ, այս իմաստով, Ալիևն ավելի շոշափելի արդյունք է արձանագրել ռուս-ադրբեջանական թվացյալ ապահարզանի արդյունքում, քան՝ Պուտինը։  Ալիևը վերջինիս կանգնեցրել է անկյուն․ Բաքվի հետ հարաբերությունների հետագա խաթարումը հենց Մոսկվային է այս տարածաշրջանում դնում վատ դրության մեջ։

Եվ հիմա, երբ արևմտյան ճակատից Ադրբեջանը ստացել է բավարար անհրաժեշտը, ոչինչ չի խանգարում վերադառնալ նախկին ռելսերին։ Եթե դա առերևույթ տեղի է ունենում նաև հաղթողի կարգավիճակով, և խնդրողի դերում ոչ թե ինքն է, այլ՝ Պուտինը, կարելի է նաև ազատ արձակել Ադրբեջանում «Սպուտնիկ» գործակալության կալանավորված տնօրենին։ Այլ կերպ չէր կարող լինել․ ինչպես Դուշանբեում անկեղծորեն նշեց ՌԴ նախագահը, երկու երկրների հարաբերությունները ոչ միայն պետք է վերականգնվեն, այլև՝ զարգանան «դաշինքային ոգով»։  

Այնպես որ, որևէ տարօրինակ կամ արտառոց բան իրականում տեղի չի ունենում․ պարզապես ադրբեջանական մանևրային արտաքին քաղաքականության անիվը վերադառնում է իր ելման դիրքերին։ Եվ ամեն ինչ սկսվում է նորից․․․

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական