Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները «դեժավյու» են հիշեցնում։ Այս տարիների ընթացքում նա այդպես էլ չի փոխվել. ինչպես նախագահության օրոք էր՝ իշխանության ղեկին, նույնն է նաև հիմա՝ ընդդիմադիրի դերում. նույն արտահայտություններն են, նույն ոճը։
Օրինակ, այս տարվա փետրվարին՝ մի քանի ժամ տևած ասուլիսում
Քոչարյանը կրկին հիշել էր «մեջքից ներքև փափուկ մասերի» մասին հայտնի արտահայտությունը, որ գործածել էր նաև նախագահության օրոք ու քննադատության տարափի էր արժանացել։
Այդ նույն ասուլիսում հիշել էր հայտնի «կլիզմայի» մասին հայտնի անեկդոտը, որը ևս նախագահության օրոք էր պատմել ու կրկին հասարակության բացասական վերաբերմունքին էր արժանացել։
Նախագահության օրոք ընդդիմությանն էր մի առիթով «իքի բիր» ասել, երեկ էլ կրկնեց այդ արտահայտությունը՝ մի փոքր այլ կոնտեքստով, հիշելով «Մեր բակը» ֆիլմը։
Կարճ ասած՝ ինչպես կարմիր կովը կաշին չի փոխում, Քոչարյանն էլ չի հրաժարվում իր հատուկ բառապաշարից։ Գուցե, երբեմն-երբեմն, հաջողվում է զուսպ լինել, բայց դա էլ երկար չի տևում։
Օրինակ, երեկ Radar Armenia-ի հետաքրքրվել էր՝ նրա նախագահության օրոք ինչպե՞ս հեռացավ Վանո Սիրադեղյանը. գնահատականներ կան, որ նա քավության նոխազ էր։
Եվ Ռոբերտ Քոչարյանն այդ հարցին պատասխանեց իրեն հատուկ ոճով. «Վանո Սիրադեղյանի նկատմամբ հարուցված էր քրեական գործ, Սիրադեղյանն ուղղակի փախել էր Հայաստանից… Ինձ դժվար դրության մեջ եք դնում։ Ես չեմ ուզում ասել մահացած մարդու մասին այն ամենը, ինչ գիտեմ …Հենց ես ասեմ այն, ինչ գիտեմ, ավելի վատ անկյան տակ եմ դիտվելու։ Ասելու են՝ մահացած մարդու մասին է խոսում։ Չեմ պատասխանելու այդ հարցին»։
Նկատեցի՞ք՝ որքան էլ փորձեց խուսափել քսանհինգամյա վաղեմության դեպքերի մասին խոսելուց, միևնույն է, չկարողացավ թաքցնել Վանոյի հանդեպ ատելությունը։ Ուղղակի չկարողացավ։
Մի կարևոր փաստ էլ արձանագրենք. Քոչարյանը չհերքեց, որ Վանո Սիրադեղյանն իր իշխանության օրոք քավության նոխազ դարձավ, այսինքն, քաղաքական հետապնդման ենթարկվեց։
Բայց վերադառնանք Քոչարյանի ասուլիսների «դեժավյուին». այս հայտարարությունը հիշեցրեց 24-ամյա վաղեմության մեկ այլ դեպք։ 2001թ. սեպտեմբերի 24-ին Քոչարյանի թիկնապահներն «Առագաստ» սրճարանում «անզգույշ քաշքշոցի» արդյունքում սպանել էին ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանին։ Այդ սպանությունից հետո Քոչարյանն արձագանքել էր. «Եթե այդ մարդը մահացած չլիներ, ես նաև այդ առումով շատ բան կունենայի ասելու: Ուղղակի հիմա չեմ կարող ասեմ»։
Նկատեցիք՝ նույն ոճը, նույն քինախնդիր պահվածքը, նույն թունոտ արձագանքը։ Քոչարյանը պարզապես չի կարող իրեն զսպել, ու իր քաղաքականության զոհերի մասին, անգամ՝ նրանց մահվանից հետո, խոսում է «հիշեցումներով»։ Իսկ Վանոն նրա «զոհերից» մեկն էր, ընդ որում, առաջինը, ու դրանում որևէ մեկը չի կասկածում։
Այս փոքր դրվագը, թերևս, խոսում է Ռոբերտ Քոչարյան անձի հոգեկերտվածքի մասին, որը մնացել է նույնը մինչև հիմա։
Վանոն իր պատմվածքներից մեկում գրել է. «Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև՝ համրությամբ, ամեն օր ու ամեն ժամ։ Բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե՝ առանձնությունը: Իրենք նախիրով, իրենք ոհմակով՝ էլի անապահով են։ Դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես...»
Ի դեպ, երեկ իր ասուլիսում նա պնդում էր, թե «Առագաստ» սրճարանում թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանության մասին իմացել է հաջորդ օրը միայն. «Ես մեր տանն եմ եղել, երբ կատարվել է դեպքը: Դեպքը կատարվել է սրճարանը լքելուց մոտ 40 րոպե հետո… Ես այնտեղ չէի, առավոտյան են ինձ զեկուցել: «Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել...»:
Բայց ինչպես մեր օրերի դասականը կասեր՝ իյա, իրո՞ք։
Արման Գալոյան