Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծես համակերպվել է «շարքային ընդդիմադիր գործչի» դերի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ոչ միայն համակերպվել է, այլև այդ ճանապարհով շարունակում է իր «փառահեղ ընթացքը»։
Վերադառնալով ակտիվ քաղաքականություն և 2021 թ․ ընտրություններում գլխավորելով «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը, նա խոստանում էր «մինչև քոքը մաշեցնել», «կըռել» այս իշխանություններին։
Մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, սակայն ոչ միայն չհաջողվեց հեռացնել գործող իշխանությանը, այլև Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն է «մինչև քոքը մաշվել»։ Հիշում եք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշ ժամանակ անց դուրս եկավ դաշինքից՝ դադարեցնելով համագործակցությունը։
Դեռ ավելին, Քոչարյանի ղեկավարած ուժը երկարատև սեթևեթանքներից ու խուսանավումներից հետո միայն հայտարարեց, որ միանում է խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին, անգամ իրենց 28 պատգամավորի ստորագրությունները փոխանցեցին (այլ հարց, որ այդ գործընթացն ի սկզբանե մեռելածին է)։ Մինչ այդ նրանք ամեն կերպ խուսափում էին այդ թեմայից, ընդհակառակը՝ գերադասելով իշխանությունների հետ տարբեր վոյաժների մեկնել։
Ու հիմա քաղաքացիներից «մինչև քոքը մաշեցնելու» համար ձայն խնդրած, բայց ընտրողների ակնկալիքները չարդարացած Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է հաջորդ՝ 2026 թ․ կայանալիք ընտրություններին ևս մասնակցելու մասին։
Ասուլիսի ժամանակ Քոչարյանը ոչ միայն «լսել չէր ուզում» իր՝ քաղաքականությունից հեռանալու խորհուրդները, այլև ասաց՝ իր թիմը մասնակցելու է ընտրություններին, անգամ թափանցիկ ակնարկեց, որ հենց ինքն էլ գլխավորելու է ցուցակը. «Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որ, ըստ սոցիոլոգիայի, ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ»։
Կասկած չկա, որ Քոչարյանի թիմում այդպիսի մեկը չի հայտնվի, ու «հակառակ» իր ցանկության, այդ ծանր բեռը կմնա ուսերին։ Հակառակ իր ցանկության, որովհետև Քոչարյանն ինքը խոստովանեց, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն այնքան էլ հաճելի չէր. «Եթե մտածում եք՝ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ Հայաստանի Հանրապետությունով պտտվել, իհարկե՝ չէ»։
Բայց այս ողջ պատմության մեջ բաց է մնում մի հարց. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը, ումո՞վ է մասնակցելու առաջիկա ընտրություններին։
Եթե նկատի ունի «Հայաստան» դաշինքը, ապա այն այլևս չկա. «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դաշինքից դուրս է եկել, մնացել է ՀՅԴ-ն ու ԱԺ-ում Քոչարյանի մերձավոր շրջապատը։ Քոչարյանն ինքը որևէ կուսակցության անդամ չէ, կարծես կուսակցություն էլ չի ուզում հիմնել։ Նոր դաշինքային գործընկեր էլ չի նշմարվում։
Եվ ուրեմն՝ ո՞րն է Քոչարյանի քաղաքական հենարանը։ Այս հարցի պատասխանը չկա։ Իհարկե, վերջին պահին կգտնեն հարցի լուծման ձևը։ Բայց հետաքրքիր է՝ ո՞ր ուժը կհամաձայնվի իր ապագան կապել մեկ անգամ «կըռել» խոստացած, բայց այդ խոստումն այդպես էլ չիրականացված գործչի հետ։
Արդյո՞ք ՀՅԴ-ն իրեն տեսնում է այս դերքում, որովհետև այդ կուսակցությունից դեռ համապատասխան ազդակներ չկան։ Ու հետո այս տարվա փետրվարին Իշխան Սաղաթելյանը Քոչարյանի հետ կրկին համագործակցելու մասին հարցին ի պատասխան ասել էր, թե դա կուսակցության բարձրագույն ժողովն է որոշում։ Թե այնուամենայնիվ, ՀՅԴ-ն է Քոչարյանի միակ հենարանը․ միակն ու անփոխարինելին։
Իսկ մինչ այդ, ինչպես մի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանն էր բնութագրել. «Ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որեւէ հնարավորություն չունի։ Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, և այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել»։
Հիմա՝ այս վիճակն է խորհրդարանական ընտրություններից առաջ։
Հ.Գ. Ի դեպ, Քոչարյանն իր այս ասուլիսում ևս քննադատության սլաքներ ուղղեց Սերժ Սարգսյանի դեմ, երբ նրան մեղադրեց «մասկիրովկա» անելու մեջ. «Ւ՞նչն է ավելի լավ՝ դու չերևա՞ս անձամբ քո դեմքով, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե՞ հենց քո դեմքով երևաս ու ասես՝ այս մասկիրովկան չեմ անում։ Մնալ կուսակցության ղեկավար ու ասել՝ ես չե՞մ մասնակցում. բա ո՞վ է մասնակցում։ Կուսակցությունը մասնակցում է, ուրեմն՝ ինքն էլ է մասնակցում»։
Ս.Սարգսյանի ուղղությամբ քարեր նետելը Քոչարյանի՝ վերջին շրջանի հրապարակային ելույթների մշտական ռեպերտուարի մաս են։ Լրագրողի հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց, որ իշխանությունից բացի, խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ից բացի անցողիկ շեմը հաղթահարելու շանս ունեն իր ու ռուսաստանահայ կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժերը։ (ի դեպ, ուշադրություն դարձրեք՝ հայտնի չէ՝ որն է Քոչարյանի քաղաքական ուժը, որովհետև որպես այդպիսին ուժ չկա, այլ՝ կա անհատ, իսկ Սամվել Կարապետյանի կողմնակիցները դեռ կուսակցություն չեն ձևավորել, այլ՝ «Մեր ձևով» անվամբ շարժում են սկսել։ Ասել է, թե երկու դեպքում էլ ապրիորի ինչ-որ «ուժի» մասին է խոսվում)։ Եւ նա այդպես էլ չտվեց Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի անունը՝ նրան դուրս մղելով այդ ցանկից։
Թերևս դրա համար էլ ասուլիսից մի քանի ժամ անց, դատարանի բակում Սերժ Սարգսյանը չանդրադարձավ Քոչարյանի հայտարարություններին՝ ասելով. «ժամանակ չեմ ունեցել դիտել մամլո ասուլիսը», ասել է, թե՝ չի կարևորել Քոչարյանին։
Արման Գալոյան