Շարմ էլ-Շեյխում սկսված Իսրայել-ՀԱՄԱՍ անուղղակի բանակցությունները նոր պատուհան են բացել Գազայում գրեթե երկու տարի ընթացող արյունալի պատերազմը և հումանիտար ճգնաժամը կանգնեցնելու համար։ Բանակցություններն ընթանում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրեր առաջ ներկայացրած 20 կետանոց պլանի շուրջ։ Նախատեսվում է, որ կողմերը նախնական փուլում աշխատելու են հրադադարի ամրապնդման, պատանդների-բանտարկյալների փոխանակման և Գազայում անցումային կառավարման ստեղծման ուղություններով։ Բանակցությունների մեկնարկը, ըստ միջազգային մամուլի, համարվել է խոստումնալից՝ հատկապես պլանի իրականացման ճանապարհային քարտեզի ուրվագծման իմաստով։ Դա արդեն քիչ չէ՝ հաշվի առնելով, որ ՀԱՄԱՍ-ը բանակցություններին համաձայնել է ԱՄՆ նախագահի կողմից կոշտ վերջնագիր ներկայացնելու պայմաններում։
Թրամփի պլանը զգալիորեն մանրամասնված է, սակայն ընդհանուր էությունը հետևյալն է՝ անհապաղ հրադադար, բոլոր պատանդների և բանտարկյալների երկկողմանի վերադարձ 72 ժամում, դեպի Գազա հումանիտար միջանցքի ստեղծում, իսրայելական ուժերի փուլային դուրսբերում Գազայի բուն բնակավայրերից և միջազգային կայունացնող ուժերի տեղակայում, ՀԱՄԱՍ-ի զինաթափում, միջազգային հովանու ներքո տեխնոկրատ/անցումային կառավարման հաստատում՝ հետագա վերակառուցման ու պետականության վերականգնման ուղղությամբ ինքնորոշման աղոտ հորիզոնով։
Ինչ են շահում Գազայի բնակիչները
Նման պլանի առաջադրումն առաջին հերթին էքզիստենցիալ անհրաժեշտություն է պաղեստինցիների համար։ Գազայում զոհերի թիվը հասել է տասնյակ հազարների, մարդասիրական ճգնաժամը շարունակվում է անգամ բանակցությունների ֆոնին։ Թրամփի առաջարկը նախատեսում է լայնամասշտաբ օգնության անհապաղ մուտք Գազա, ենթակառուցվածքների վերականգնում ՄԱԿ-ի ու «Կարմիր մահիկի» միջոցով՝ առանց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջամտության։ Տեղի տառապող բնակչությունը կստանա հնարավորություն՝ վերականգնել իր տունը միջազգային կառույցների և երկրների աջակցությամբ, և կդադարի մանկասպանության՝ անվերջանալի թվացող ընթացքը։
Ինչ է շահում Դոնալդ Թրամփը
Սակայն, եթե պլանի և դրա կենսագործման ճանապարհային քարտեզի շուրջ կողմերը սկսված բանակցություններով գան ընդհանուր հայտարարի, դա կլինի անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական խոշոր հաղթանակը և ևս մեկ քայլ կամ ցատկ դեպի բաղձալի Խաղաղության նոբելյան մրցանակը։ Ընդ որում, ԱՄՆ նախագահն այս անգամ դրսևորել է զարմանալի լայնախոհություն՝ իր նախկին անլուրջ, մակերեսային մոտեցումների ֆոնին։ Նախ, այդ պլանի կենսունակության պոտենցիալը նա բարձրացրել է տարածաշրջանային կոնսենսուսի ձևավորմամբ՝ պրոցեսում ներգրավելով նաև Եգիպտոսին, Կատարին, Սաուդյան Արաբիային, մասամբ՝ Թուրքիային։ Երկրորդ, այս պլանի կոնցեպտը հիմնված է Պաղեստինի ժողովրդի՝ սեփական հողի վրա ապրելու իրավունքների վրա, ի տարբերություն 2025թ․ հունվարին Թրամփի առաջ քաշած՝ պաղեստինցիներից հարևան երկրներում բնակեցնելու՝ մարազմի հասնող հասնող գաղափարի։ Ակնհայտ է, որ Թրամփն սկսել է ավելի լուրջ մոտենալ կոնֆլիկտներին՝ հասկանալով, որ միայն իր՝ ԱՄՆ նախագահ լինելու հանգամանքը բավարար չէ աշխատող կոմպրոմիսներ գտնելու և պարտադրելու համար։
Ինչ են կորցնում ու շահում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը
Այս պլանի գործարկումը կարելի է համարել Իսրայելի, գոնե ժամանակավոր, քաղաքական պարտությունն՝ այն իմաստով, որ վերջինս իր ամենակարևոր խնդիրն էր համարում ՀԱՄԱՍ-ի, որպես կառույցի, վերջնական ոչնչացումը և այդ նպատակի ծխածածկույթի ներքո Գազայի լիակատար օկուպացիան։ Ակնհայտ է, որ Իսրայելն այս փուլում չի հասնելու այդ նպատակներին։ Ավելին, ետ է քաշելու զորքերն այն պայմաններում, երբ ստիպված է հիմա բանակցել հենց ՀԱՄԱՍ-ի հետ, որը ետբանակցային շրջանում, ըստ պլանի, ոչ թե պետք է ինքնալուծարվի, այլ միայն ապառազմականացվի, զինաթափվի և հրաժարվի իշխանությունից կամ իշխանության մաս լինելուց։
Փոխարենը, Իսրայելը ստրատեգիական որոշակի դիվիդենտ է քաղում Պաղեստինի կարգավիճակի հարցում։ Փաստացի Թրամփի պլանով Պաղեստինի պետության ճանաչումը դուրս է գալիս ներկայիս օրակարգից, քաղաքական խոսույթում շարունակում է մնալ Պաղեստինի ինքնավարությունը, և միայն ճանաչվում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որն աշխարհը ճանաչել էր շատ վաղուց։
Ակնհայտ է, որ համաձայնելով ՀԱՄԱՍ-ի հետ այս բանակցություններին՝ Իսրայելը լուծում է Պաղեստինի պետության ճանաչման՝ լայն թափ առած միջազգային գործընթացը սառեցնելու կամ կասեցնելու հարցը։ Պրոցես, որը թե՛ Երուսաղեմին, թե՛ Վաշինգտոնին տանում էր այդ հարցում գրեթե լիակատար մեկուսացման։ Այս իմաստով, կարելի է ասել, որպես Իսրայելին փոխզիջումների պարտադրելու միջոց, Պաղեստինի ճանաչման գործընթացը տվեց իր արդյունքները։ Հանուն խաղաղության՝ միջազգային հանրությունը կընդառաջի Իսրայելին, համաձայնելով Պաղեստինի ինքնավարության կարգավիճակին։ Պլանն, ըստ էության, շեշտը դնում է տեխնոկրատ կառավարման և անվտանգության ճարտարապետության վրա՝ Պաղեստինի պետականության հարցը թողնելով հետագա փուլերին։ Բայց թե ինչ է նշանակում բանակցությունների հետագա փուլերին թողնել կարգավիճակի հարցը, ամենալավը վկայում է ղարաբաղյան կոնֆլիկտի պատմությունը։ Ըստ էության, միակ ստրատեգիական բանը, որ ստանում է Համասը Թրամփի պլանով, իր գոյությունը պահպանելու հնարավորությունն է։
Ռիսկեր՝ խաղաղության կարճաժամկետ էֆեկտի հեռանկարով
Իսրայելը կարող է շահել նաև այն իմաստով, որ Գազայի հատվածում միջազգային վերահսկողությամբ ապաքաղաքականացված, մասնագիտական կառավարման մոդելի, միջազգային կայունացման ուժի տեղակայման միջոցով էապես կնվազեցնի տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ի՝ կրկին իշխանություն ձեռք բերելու հեռանկարը։ Բայց սա մշուշոտ է թվում երկու ռիսկի պատճառով։ Առաջին, ՀԱՄԱՍ-ը, ինչպես նշվեց, որպես կառույց չի դադարելու գոյություն ունենալ և սկզբնական շրջանում տարրալուծվելու է բնակչության շրջանում։ Չի բացառվում, որ, ինչպես նախկինում էլի է եղել, այս ժամանակահատվածը կառույցը կարող է օգտագործել շունչ քաշելու, ուժերը մոբիլիզացնելու և ռևանշի համար միջազգային պատեհ իրավիճակին սպասելու համար։ Առավել ևս, որ վերջինիս անուղղակի դաշնակիցը՝ Իրանը առանձնապես չի շտապում ողջունել Թրամփի խաղաղության պլանը։ Թեհրանից հնչում է միայն «զգուշավոր աջակցություն», այն էլ՝ ընդգծված վերապահումներով՝ կապված զինաթափման և որոշ պարտավորությունների կատարման հետ։ Իրանի՝ նման լողացող դիրքավորումը ՀԱՄԱՍ-ը կարող է ընկալել որպես ժամանակավոր տակտիկական նահանջին և իր ընտրած սպասման մարտավարությանն աջակցություն։ Եթե դրան էլ ավելացնենք այն փաստը, որ Իսրայելը, փաստացի, համաձայնում է խաղաղության իր հիմնական խնդիրը՝ ՀԱՄԱՍ-ի վերացումը չապահովելու պայմաններում, պարզ է դառնում, որ հետագայում կողմերը կարող են ցանկացած առիթ օգտագործել ռազմական կոնֆլիկտը կրկին վերակենդանացնելու համար, ինչն իրատեսական է լինելու հատկապես այն դեպքում, եթե Թրամփի պլանով նախատեսվող միջազգային վերահսկողության մեխանիզմները թուլանան։
Այս իմաստով, Թրամփի պլանը նոր հակամարտության բռնկման ռիսկերն ամբողջությամբ չի վերացնելու, եթե անգամ այն ընդունվի որպես կարգավորման մեխանիզմ։ Այլ հարց է, որ կողմերն այս փուլում կարող են «արանքից հանել» պատանդների և բանտարկյալների վերադարձման խնդիրը։
Գոռ Աբրահամյան