Վերլուծություն

TRIPP և «Զանգեզուրի միջանցք»․ հոմանիշնե՞ր, թե՞ հականիշներ

TRIPP և «Զանգեզուրի միջանցք»․ հոմանիշնե՞ր, թե՞ հականիշներ

2025թ․ հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հանդիպումն ունեցան՝ քննարկելով խաղաղության գործընթացի օրակարգը։ Կողմերը վերահաստատեցին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի պայմանավորվածությունների կարևորությունը և ընդգծեցին տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հնարավոր օգուտները։ Հատուկ շեշտադրվեց «TRIPP» նախագծի զարգացումը, որն ԱՄՆ միջնորդությամբ առաջարկվող ենթակառուցվածքային նախաձեռնություն է։

Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում հայկական ու ադրբեջանական կողմերի ձևակերպումները գրեթե նույնական էին։ Ուշագրավ է, որ Բաքուն այս անգամ խուսափեց պաշտոնական տեքստում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը կիրառելուց՝ ընտրելով ավելի նեյտրալ, Հայաստանի համար ընդունելի և միջազգայնորեն ճանաչված բառապաշար։ Սակայն արդյո՞ք հարցն այստեղ միայն եզրույթների ընտրությունն ու կիրառումն է։

Հռետորաբանության մարտադաշտը

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին, որտեղ փորձել է ցույց տալ Վաշինգտոնի փաստաթղթերի ավելի լայն տարածաշրջանային կոնտեքստը։ Միրզոյանը շեշտել է, որ խոսքը վերաբերում է հաղորդակցությունների համապարփակ ապաշրջափակմանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացմանը, տարանցիկ կապերի վերագործարկմանը։ Իսկ դրա հիմքում ընկած սկզբունքներն են տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանության հարգումը և ազգային իրավազորության պահպանումը։

Սակայն լրագրողի հարցը՝ արդյո՞ք դա հենց TRIPP-ն է, ինքնին վկայեց վտանգավոր միտման մասին․ Թրամփի՝ լայն ընդգրկում ունեցող նախաձեռնությունը նեղացվում  և տեղադրվում է միայն դրա մի բաղադրիչը կազմող մեկ նախագծի՝ TRIPP-ի փաթեթում։ Սա գրեթե նույն տրամաբանությունն ունի, որին ձգտում է Բաքուն՝ վաշինգտոնյան գործընթացը, հետևաբար նաև՝ TRIPP-ը, մատուցել որպես «Զանգեզուրի միջանցք»-ի միջազգային ծածկագիր կամ ծխածածկույթ։

Սադրիչ հարց Փաշինյանին․ արդյոք Երևանը պիտի մնա միայն արձագանքող

Այս ֆոնին պատահական չի դառնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Մեծ Բրիտանիայի պատվիրակ, պահպանողական պատգամավոր Էդվարդ Լիի՝ ՀՀ վարչապետին ուղղված սադրիչ հարցը «Զանգեզուրի միջանցք» արտահայտության կիրառմամբ և Փաշինյանին դրա շուրջ դիսկուրսի մեջ ներքաշելու թաքնված նպատակադրմամբ։ Փաշինյանի արձագանքն ադեկվատ կոշտ էր․ նա ընդգծեց, որ որևէ մեկը Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ անուններ որոշելու իրավունք չունի, և դատապարտեց «ապալեգիտիմ բառապաշարի» կիրառումը։

Այս կոշտությունը կարևոր էր ոչ միայն որպես հակադարձում, այլև որպես նախազգուշացում, որ Երևանը չի հանդուրժելու «Զանգեզուրի միջանցք» եզրույթի տարածումը միջազգային հարաբերություններում։ Սա միանշանակ ազդակ էր, որ նման խոսույթը, ում կողմից էլ այն կիրառվի, Երևանը կդիտարկի որպես ոտնձգություն իր ինքնիշխանության դեմ։ 

Սակայն պարզ է, որ միայն սաստելն ու արձագանքելն այլևս բավարար չեն։ Եթե Բաքուն շարունակաբար օգտագործի այդ տերմինաբանությունը միջազգային հարթակներում՝ անգամ վաշինգտոնյան գործընթացից հետո, ապա այն կարող է աստիճանաբար ներթափանցել միջազգային բառապաշար, ձևավորել ենթագիտակցական ընկալում և ծառայել Ադրբեջանի տարածքային հավակնությունների նկատմամբ միջազգային լոյալությանը։

Հայաստանի համար կենսական հարց է, որ TRIPP-ը չնույնացվի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը և չվերածվի վերջինիս պարզունակ հոմանիշի։ Եթե Ադրբեջանը ձգտում է այդպիսի նույնականացման, ապա Երևանը պետք է ձգտի բացարձակ հակառակին՝ ընդլայնել TRIPP-ի իմաստային ընդգրկումն, այն ներկայացնելով որպես ամբողջական տարածաշրջանային ապաշրջափակման և հատկապես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հոմանիշ, որն ընդգրկում է տարածաշրջանի բոլոր կապերի և հնարավորությունների բացումը, ընդ որում, Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հանգույցին հավասարաչափ Նախիջևանով Հայաստանի հյուսիսն ու հարավը թե ավտոտրանսպորտային, թե երկաթուղային հաղորդուղիներով կապելու, թե Հայաստան-Ռուսաստան այլընտրանքային անվտանգ ու անխոչընդոտ ճանապարհի ապահովման առումով։ Չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի շահերից բխող այս բաղադրիչը, որն իսկապես կազմում է վաշինգտոնյան գործընթացի քաղաքական հավասարակշռող առանցքը, կորցնի իր արդիականությունը և առաջին պլանում շարունակի մնալ միայն Ադրբեջան-Նախիջևան կապի ապահովման Հայաստանի պարտավորությունը։  

Այս իմաստով, արտգործնախարար Միրզոյանի հանգամանալից բացատրությունը լեհական հեռուստաալիքին կարելի է համարել առաջին քայլը։ Հաջորդ քայլերը պետք է լինեն բազմաբևեռ՝ տեղեկատվական ու դիվանագիտական։

Այդպիսի մոտեցումը նաև Հայաստանին է հնարավորություն տալիս ճնշման լծակ ունենալ Ադրբեջանի նկատմամբ․ եթե Բաքուն փորձի խոչընդոտել իր տարածքում Հայաստանի տարանցիկ հնարավորությունները, Երևանը լիովին օրինաչափ ու հասկանալի կերպով կարող է սահմանափակումներ կիրառել իր տարածքում ադրբեջանական ենթակառուցվածքների նկատմամբ։

Դիվանագիտության մեջ բառերը երբեմն դառնում են սահմաններ ու կամուրջներ։ Եթե Երևանը թույլ տա, որ տարածվեն օտարի կառուցած բառերը, ապա դրանք կարող են օտար քարտեզներ գծագրել։ Եթե ինքն է ձևավորում բառապաշարը, հենց այդ բառերով էլ կարողանալու է գծագրել իրական խաղաղության ուղիները։

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական