Վերլուծություն

Իմպիչմենտի նախաձեռնություն կամ ընդդիմությունն ընդդեմ ընդդիմության

Իմպիչմենտի նախաձեռնություն կամ ընդդիմությունն ընդդեմ ընդդիմության

«Պատիվ ունեմ» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումները, կարծես, ուղղված էին ոչ այնքան իշխանությունների, որքան՝ ԱԺ ընդդիմադիր գործընկեր խմբակցության դեմ, փորձելով նրանց դնել անհարմար դրության մեջ։

Իհարկե, լսումները վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնության վերաբրյալ էին։ Հնչած ելույթներն էլ ուղղված էին իշխանությունների դեմ։ Բոլոր խոսացողներն անխնա քննադատեցին գործող իշխանությանն ու անձամբ վարչապետ Փաշինյանին։

Եվ, բնականաբար, կհարցնեք՝ այդ դեպքում ի՞նչ կապ ունի այս ամենը «Հայաստան» խմբակցության հետ, ինչո՞ւ է գործընթացը հենց նրանց դեմ ուղղված, եթե քննադատության թիրախում իշխանություններն են, որոնց ղեկավարին ցանկանում են պաշտոնանկ անել։

Փորձենք բացատրել։ 

Ամիսներ առաջ «Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում հանդես էր եկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ. ԱԺ քարտուղարությունից համապատասխան ձևաթուղթ էին վերցրել, նախագիծ կազմել, վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին ու խմբակցության բոլոր վեց պատգամավորով ստորագրել։ 

Սակայն ընդդիմադիր մյուս խմաբկցության գործընկերները չէին միացել նրանց նախաձեռնությանը և չէին ստորագրել այդ ձևաթղթի տակ, անգամ ամեն գնով խուսափում էին այս թեմային անդրադառնալուց։ Փոխարենը, երբ թեման սկսեց ավելի ակտիվ քննարկվել, ու քննադատության սլաքներն ուղղվեցին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած խորհրդարանական ուժի դեմ, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորները որոշ ժամանակ անց մեկ այլ՝ առանձին ձևաթղթի տակ ստորագրեցին, ասելով, որ ահա՝ ստորագրությունները պատրաստ ու իրենց գրասենյակում դրված են։ 28 ստորագրությամբ այդ թուղթն էլ հրապարակեցին՝ նաև հիշեցնելով, որ գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն։

Ու կարելի է ասել՝ խորհրդարանական այս լսումները հենց «Հայաստան» խմբակցությանը «պատին դեմ տալու», նրանցից իմպիչմենտի թեմայով հստակ դիրքորոշում, նաև՝ ստորագրություններ «կորզելու» համար էին։ Ընդ որում, բոլորի աչքի առաջ՝ մի տեսակ «հանդիսավոր» կերպով՝ ազդարարելով, որ իրենք սկսել են «պրոցեսը»։

Բայց «Հայաստան» խմբակցությունն էլ «տակ չմնաց»։

Լսումներին այդ խմբակցությունից ելույթ ունեցավ միայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ընդ որում, նրա ելույթից հետո «Հայաստան»-ի պատգամավորները լքեցին դահլիճը։

Սաղաթելյանը «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանին փոխանցեց իրենց ստորագրած ձևաթուղթը, ասելով՝ ինչպես երեք ամիս առաջ, այնպես էլ՝ հիմա, այդ ստորագրությունները կան. «Եթե դա չբավարարի, ու ֆիքսվի, որ տեխնիկական խնդիր է, այս ստորագրությունները կտեղափոխվեն այն ձևաթղթի տակ, որ ներկայացնում է «Պատիվ ունեմ» խմբակցությունը»։ 

Բայց Իշխան Սաղաթելյանն այսքանով չսահմանափակվեց ու նշեց՝ ակնկալում են «ողջամիտ ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները և այս դահլիճում իմպիչմենտի գործընթացի իրական մեկնարկը տալ»։ Նույնիսկ շեշտեց՝ ակնկալում են գործնական քայլեր՝  «անելիքներ՝ ինչ, երբ, ինչպես, նաև՝ ճանապարհային քարտեզ»։

Այլ կերպ ասած՝ Իշխան Սաղաթելյանը «գնդակը գցեց» «Պատիվ ունեմ»-ի դաշտը, փորձելով այսկերպ իրենից մաքրել «իմպիչմենտին չմիացողի, « գործընթացը տապալողի» պիտակը։ Ավելին, այդ քայլով նա հետագա զարգացումների, այդ թվում՝ անհաջող ելքի ողջ պատասխանատվությունը դրեց գործընկերների վրա։

Այս առումով, պատահական չէր Մամիջանյանի արձագանքը, երբ արձանագրեց, որ «Հայաստան» խմբակցությունը միացել է իմպիչմենտի գործընթացին. «Փաստաթղթերը հանձնելու ենք բացառապես 54 ստորագրություն ունենալուց հետո»։

Միայն թե, նկատենք՝ 54 ստորագրությունն անհրաժեշտ է ոչ թե փաստաթղթերն ԱԺ քարտուղարություն հանձնելու (այստեղ հերիք է 36 ստորագրությունը), այլ՝ արդեն վարչապետին անվստահություն հայտնելու համար։ Այսինքն, հարկավոր է, որ 54 պատգամավոր ԱԺ նիստում կողմ քվեարկի իմպիչմենտ հայտարարելուն, և կարելի է ասել՝ կառավարության ղեկավարը պաշտոնանկ կարվի։ Ամենևին սխալված չենք լինի, եթե ասենք, որ այս ընդդիմությանը ոչ մի դեպքում չի հաջողվի իր կողմը գրավել իշխանական պատգամավորներին ու 18 ձայն ապահովել։ Անգամ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հազիվ թե միանան։ Առավել ևս, որ, դրան զուգահեռ, փողոցային պայքար էլ չկա, որ գոնե հույս ունենային այդկերպ ազդել իշխանության վրա։ Երեկ ԱԺ-ի մոտ շատ քիչ թվով մարդ էր հավաքվել. ոստիկաններն ավելի շատ էին, քան՝ ցուցարարները։

Եւ ուրեմն, ինչո՞ւ է այս ամենն արվում։

Հազիվ թե խորհրդարանական ընդդիմադիրները չգիտակցեն, որ իրենց նախաձեռնած պրոցեսն ի սկզբանե տապալված է։ Ի սկզբանե բացառում ենք տարբերակը, որ նրանք այս հաշվարկներին ու տրամադրություններին չեն տիրապետում։

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այս ամենը. նախընտրական քարոզարշա՞վ են սկսել՝ փորձելով մրցել, թե իրենցից ով է ավելի ընդդիմադիր, իրենցից ով ավելի «արմատական» դիրքերից հանդես կգա (ելույթների տեսքով, իհարկե), թե՞ այս քայլերով աջակցում են իշխանություններին, ավելի ամրապնդում նրանց դիրքերը՝ ցույց տալով, որ ոչ փողոց դուրս եկող ժողովուրդ կա, ոչ էլ՝ ԱԺ-ում իմպիչմենտի պատրաստ անհրաժեշտ թվով պատգամավոր։

Ամեն դեպքում, ինչ էլ որ արվում է, արվում է սոսկ տպավորություն ստեղծելու համար, ոչինչ ավելին։

Արման Գալոյան

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական