Անցնող սեպտեմբեր ամսվա ընթացքում մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Ավստրալիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Անդորրան, Մոնակոն, Պորտուգալիան, հայտարարեցին Պաղեստին պետության ճանաչման մասին։ Դա Գազայի հատվածում Իսրայելի զինուժի դաժան գործողությունների ուղիղ արձագանքն էր, որոնք, շատերի որակմամբ, տեղավորվում են էթնիկ զտումների և ցեղասպանության սահմաններում։
Առաջին հայացքից, ճանաչումների այս շքերթը հնչում է որպես մեծ, կարևոր նորություն։ Բայց իրականում որևէ արտառոց բան տեղի չի ունենում։ Նախ, մինչ այդ աշխարհի ավելի քան 120 երկիր ճանաչել է8 Պաղեստինի անկախությունը, սակայն այդ փաստն ինքնին ոչինչ չի փոխել պաղեստինցիների առօրյայում, հակառակը՝ նրանց տառապանքներն ավելացել են աննախադեպ մասշտաբներով։ Գազան շարունակվում է ռմբակոծություններից հավասարեցվել հողին, սովից ու ռումբերից շարունակում են զոհվել անմեղ մարդիկ ու երեխաներ, իսկ Արևմտյան ափում տեղահանությունները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) տվյալների՝ 2025թ. մայիսի դրությամբ Գազայում ավելի քան 52.535 մարդ է զոհվել, որոնց 70%-ը՝ կանայք և երեխաներ։ Փաստացի, օգտվելով պայքարի ահաբեկչության մեթոդից չհրաժարվելու՝ ՀԱՄԱՍ-ի աղետալի քաղաքականությունից, Իսրայելը փորձում է վերջնականացնել տարածքը արաբներից ամբողջապես թոթափելու իր ուղեգիծը։
Ոչինչ չի փոխվում նաև այն պատճառով, որ Իսրայելը բաց տեքստով հասկացնում է, թե թքած ունի այդ ճանաչումների վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձով հայտարարեց, թե Պաղեստինյան պետություն չի ստեղծվի Հորդանանից արևմուտք, իսկ իսրայելական իշխանությունը շարունակում է սպառնալ անեքսիայի ենթարկել Արևմտյան ափի տարածքը և փաստացի կործանել Պաղեստինի ինքնավարությունը:
ԼՂ-ից մինչև Գազա. անպատժելիության շքահանդես
Իսրայելի այս հանդգնությունը սնման աղբյուր ունի։ Իսրայելի՝ նույնիսկ ամենադաժան գործողությունների անպատժելիության գլխավոր երաշխավորը մնում է Միացյալ Նահանգները։ Վաշինգտոնը հետևողականորեն հրաժարվում է ճանաչել Պաղեստինը և դրանով ուղերձ է հղում, որ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները վեր են միջազգային իրավունքի սկզբունքներից։ Իսրայելա-ամերիկյան այս դաշինքը չի նահանջում՝ անգամ Պաղեստինի հարցում ակնհայտ քաղաքական մեկուսացման միտումների պայմաններում։ Արդյունքում, Իսրայելը վստահ է, որ ԱՄՆ֊ի անուղղակի աջակցության պայմաններում քանի երկիր էլ ճանաչի Պաղեստինը, իրեն ոչինչ չի սպառնում, իսկ ճանաչող երկրները դրանից ավելին չեն անելու։ Իսրայելը պարզապես լավ է կարդում միջազգային real politic-ի կանոնները, որոնք նույնպիսի արդյունավետությամբ են գործում, օրինակ, Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած օկուպացիոն քաղաքականության պարագայում։
Ռուսաստանի դեմ կիրառվող, անգամ՝ հատվածական, պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա ցույց է տալիս, թե որքան ազդեցիկ կարող է լինել միջազգային ճնշումը։ ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ հետևողականորեն խստացնում են սանկցիաները՝ փորձելով Կրեմլին ստիպել՝ գալ կառուցողականության դաշտ։ Շատ կոշտ սանկցիաների վերջին փաթեթը եվրոպական հանձնաժողովը հաստատեց 2025թ․ սեպտեմբերի 19-ին։
Բայց ԱՄՆ-ն շարունակում է սահմանափակվել կիսաքայլերով՝ նախընտրելով, ի դեմս նախագահ Թրամփի, «սիմպատիաներ» արտահայտելու զեղումների արանքներում, մերթընդմերթ տնտեսական պատժամիջոցներով սպառնալ Մոսկվային։ Քանի դեռ ԱՄՆ֊ն չի անցնում այդ սպառնալիքներից գործնական քայլերի, Ռուսաստանը այդ հոխորտանքներն ընկալում է որպես թեթև կսմիթներ, անվճռականություն և շարունակում արյունալի պատերազմը Ուկրաինայում։ Ու առանցքում կրկին անպատիժ մնալու ներքին համոզմունքն է։
Մերօրյա իրականությունում այս ամենի հիմքերը դրվեցին Լեռնային Ղարաբաղում։ 2020 թվականի պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային օրակարգ բերեց «անջատում՝ հանուն փրկության» գաղափարը՝ փաստարկելով, որ արցախահայության գոյությունը վտանգված է, և նրանց սուբյեկտայնության կամ անկախության ճանաչումը կյանքի ու մահվան հարց է։ Բայց միջազգային հանրությունն այդ կոչին չարձագանքեց։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չկարողացավ կամ չցանկացավ գոնե դատապարտող բանաձև ընդունել՝ անգամ այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում 2023թ․ սեպտեմբերի վերջին իրականացվեց մաքրամաքուր էթնիկ զտում։ Եվ այդ անտարբերությունը դարձավ այլ ագրեսորներին ուղղված յուրօրինակ ուղերձ, որ կարելի է ապավինել ուժի քաղաքականությանը, քանի որ դրանք մնում են անհետևանք։
Գնահատականն առանց պատժի՝ հավասար է բռնության լեգիտիմացման
Իհարկե, միամիտ լինելու դեպքում կարելի է հարց տալ, թե ինչու է Պաղեստինի դեպքում «ճանաչում՝ հանուն փրկության» բանաձևը Իսրայելի զսպման համար ակտուալ աշխատող գործիք համարվում ու կիրառվում, իսկ 2020թ․ Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ չաշխատող և չկիրառվող։ Սակայն Պաղեստինում կատարվողը ավելորդ անգամ հիմնավորում է, որ եթե դատապարտման հայտարարություններին, բնակչությունից զրկված երկրամասի անկախության ճանաչմանը չի հետևում ագրեսորի, միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն ոտնահարող սուբյեկտի նկատմամբ պատժիչ մեխանիզմի գործարկումը, այդ ամենը դառնում են դատարկ խոսքեր։
Այս իմաստով, Պաղեստին պետության չկայացման մասին Նեթանյահուի համոզմունքը լիարժեք հիմքեր ունի։ Այդտեղ է թաքնված միջազգային ամենալուրջ մարտահրավերը․ ցանկացած քաղաքական գնահատական առանց պատժի՝ միջւազգային հարաբերությունների նոր պարիտետում հավասար է բռնության լեգիտիմացման։
Գոռ Աբրահամյան