Օրեր առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ մոտ ապագայում Աստանա կհրավիրվեն Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարները:
Ղազախստանի նախագահը նաև ողջունել էր Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հռչակագրի ստորագրումը։ Ղազախական «դառնահամ» ընկերությունը Հարավկովկասյան զգայուն տարածաշրջանի նկատմամբ Ղազախստանի ուշադրությունը նոր չէ։ Ադրբեջանի հետ Ղազախստանի հարաբերությունները շատ սերտ են․ 2010-ականներին այդ երկրի ղեկավարն անգամ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դարձել էր Ադրբեջանի շահերի պաշտպանը։
Ղազախստանը նաև Ադրբեջանի հետ Թուրքիայի նախաձեռնած թյուրքական աշխարհի տնտեսաքաղաքական ու ռազմաքաղաքական կոնսոլիդացիոն խոշոր նախագծերի ակտիվ մասնակից է, իսկ արցախյան հակամարտության կարգավորման պատմության մեջ 90-ականների կեսերին ակտիվ միջնորդական դեր էր ստանձնել։ Սակայն հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ է այս անգամ հետապնդում Աստանան և որքանո՞վ այն կարող է կապ ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, ինչում միջամտելու փորձ պաշտոնական Աստանան բազմիցս է արել։ Սա կարևոր է այն իմաստով, որ հայ-ադրբեջանական կարգավորման վաշինգտոնյան գործընթացից հետո այդ օրակարգով որևէ այլ, առավել ևս հետխորհրդային ձևաչափ չի կարող հասկանալի լինել, և նման ցանկացած փորձ օրինաչափորեն կարող է դիտարկվել որպես վաշինգտոնյան գործընթացի խափանման կամ դրան այլընտրանք ստեղծելու դիտավորություն, ինչը չի կարող բխել Երևանի շահերից։ Այս իմաստով, եթե Երևանը պաշտոնապես տեղեկացվել է Տոկաևի նախաձեռնության մասին կամ արդեն հրավեր ստացել է, թերևս, հրավերի նկատմամբ իր դիրքորոշումը պայմանավորել է որևէ պարագայում հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման չշոշափելու նախապայմանով։
Սակայն երկու հանգամանք հուշում է, որ Աստանան այլ նպատակներ է հետապնդում, և դրանք կապված են նախևառաջ իր շուրջ տեղի ունեցող գլոբալ տնտեսական ու կոմունիկացիոն խորքային փոփոխություններին արձագանքելու հրամայականով։ Նախ՝ փաստացի հրավերը հաջորդեց Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի կողմից «Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրմանն ու ԱՄՆ-ի ներգրավմամբ Սյունիքով անցնող TRIPP կոմունիկացիոն հանգույցի ստեղծման նախագծի հայտարարությանը, երկրորդ՝ ընդամենը օրեր առաջ Չինաստանում ավարտված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը փաստացի կարելի է որակել որպես Չինաստան-Հնդկաստան առանցքի շուրջ նոր տնտեսաքաղաքական աշխարհակարգի հաստատման հիմնարկեք։ Այդ գագաթաժողովի շրջանակներում, ի դեպ, Չինաստանը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ կնքեց հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին հայտարարություն՝ շատ առարկայական ուղերձ հղելով, որ Հարավային Կովկասն իր կոմունիկացիոն տարանցիկ պոտենցիալով ստրատեգիական արժեք ունի Պեկինի համար։
Նոր հայացք Հարավային Կովկասին և Հայաստանին
Այս գործընթացների նկատմամբ Աստանան անտարբեր չէր կարող լինել՝ նախ՝ Չինաստանից Հարավային Կովկասով անցնող կոմունիկացիաների վրա գտնվելու և ապա՝ Միջին Ասիայի տարածքով ամենախոշոր պետությունը լինելու, հետևաբար նաև անցնող կոմունիկացիաների խոշոր շահառու դառնալու պոտենցիալի առումով։ Պատահական չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողքին, որպես հրավիրվող կողմ, Տոկաևը նշել է նաև իր հարավային հարևանի՝ Թուրքմենստանի ղեկավարի մասին՝ հատուկ ընդգծելով, որ իրենց նախաձեռնած հանդիպումների շարքը կարևոր է «տարածաշրջանային համագործակցության ամրապնդման» տեսանկյունից։ Այսինքն՝ այդ նախաձեռնությունն ավելի շատ տնտեսական առաջնահերթություններից է բխում՝ քայլ անվտանգային կամ քաղաքական։ Ուստի պակաս կարևոր չէ, թե այդ համատեքստում ինչ է առաջարկելու Աստանան։ Հարց, որի պատասխանը կստացվի ավելի ուշ։ Իսկ մինչ այդ Ղազախստանի նախագահի նախաձեռնության մեջ բոլորովին այլ հանգամանք է առավել ուշագրավ։
Հայաստանի սուբյեկտայնության աճը
Խնդիրն այն է, որ մինչև վաշինգտոնյան գործընթացը, մինչև փաստացի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավումն ու Սյունիքը տրանզիտային հանգույցի վերածելու առարկայական նախադրյալների ստեղծումը, անգամ այն դեպքում, երբ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը շրջանառության մեջ է արդեն շուրջ երկու տարի, Հայաստանը փաստացի որևէ հետաքրքրություն չէր ներկայացնում արևտրատնտեսական կոմունիկատիվ նախագծերի քննարկման որևէ շրջանակի համար՝ դուրս մնալով բոլոր տեսակի քննարկումներից։ Հարավային Կովկասը, որպես Արևելք-Արևմուտք կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային, էներգետիկ անցուղիների միջանցք, հետաքրքրություն էր ներկայացնում միայն Ադրբեջան-Վրաստան շղթայով։ Այսինքն՝ Տոկաևի նախաձեռնությունը փաստում է, որ վաշինգտոնյան գործընթացը բերել է Հայաստանի վերաբրենդավորման, Հայաստանի տարածաշրջանային վերադիրքավորման՝ փոխելով պոտենցիալ գործընկերների, ներդրողների վերաբերմունքը առհասարակ Հարավային Կովկասի քաղաքա-տնտեսական քարտեզի նկատմամբ։ Տարածաշրջանը հիմա հետաքրքրություն է ներկայացնում իր բոլոր երեք խաղացողների դերակատարությամբ, իսկ իրականում, հաշվի առնելով հենց Հայաստանով անցնող հաղորդուղիների կարճությունը, Հայաստան-Ադրբեջան շղթայով։ Տոկաևի նախաձեռնությունը ևս մեկ կարևոր ներքին ուղերձ է պարունակում։ Այն հուշում է, որ եթե Ղազախստանը TRIPP-ի ճանապարհը դիտարկում է որպես արևմտյան շուկաներ դուրս գալու պոտենցիալ նոր հնարավորություն, ապա դրա շահառուն և հասցեատերը բացառապես, Հայաստանի տարածքի կտրվածքով, միայն Երևանն է և պետք է Հայաստանի հետ լեզու գտնել՝ որպես այդ ճանապարհի նկատմամբ իրավազոր սուբյեկտ։
Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ առաջարկ է պատրաստել Աստանան Փաշինյանին և Ալիևին ներկայացնելու համար, ենթադրվում է, որ հայկական կողմը Աստանայում մի կարևոր բան ունի ճշտելու․ ի՞նչ գործնական ներգրավվածություն կարող է Ղազախստանն ունենալ «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի միջոցով Միջին միջանցքի կառուցման մեջ և ի՞նչպես կարելի է Երևանի այդ հայեցակարգը ինտեգրել ներքազախական և Ղազախստանով անցնող տրանսպորտային հանգույցներին։
Գոռ Աբրահամյան