Վերլուծություն

Ինչպես քայլել ածելիի վրայով, կամ մանևրներ ԱՄՆ-ի, Բրյուսելի և Պեկինի ճանապարհների խաչմերուկում

Ինչպես քայլել ածելիի վրայով, կամ մանևրներ ԱՄՆ-ի, Բրյուսելի և Պեկինի ճանապարհների խաչմերուկում

Վաշինգտոնում նախագահ Թրամփի մասնակցությամբ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման համաձայնագրի նախաստորագրումից և Հարավային Կովկասում ամերիկյան ներդրումներով տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերի համաձայնեցումից ընդամենը օրեր անց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Չինաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ Հարթակ, որը փաստացի հետապնդում է ԱՄՆ համաշխարհային գերիշխանության սահմանափակման ու բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման նպատակ։

Պեկինում վարչապետը մասնակցում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական և խոշորամասշտաբ զորահանդեսին, ապա մեկնում է նույն Ճապոնիա՝ բարձր մակարդակով հանդիպումների ու արարողությունների մասնակցելու։

Անկախության դեմոնստրացիա

Արտաքին դիվանագիտական այս շարժընթացն, առաջին հայացքից, չի տեղավորվում ընդհանուր «տրամաբանական» շղթայի մեջ։ Սակայն ուշագրավն այն է, որ այդ հակասականությունը Վաշինգտոնում, կարծես թե, հարցեր չառաջացրեց․ համենայնդեպս, հրապարակայնորեն և, համենայնդեպս, այս պահի դրությամբ։ Տպավորություն է, որ Երևանի այս քայլերն առնվազն հասկանալի են Վաշինգտոնի համար։ Սա ուշագրավ է՝ հաշվի առնելով, օրինակ, նույն ՇՀԿ-ի շրջանակներում ՌԴ նախագահ Պուտինի, Հս․ Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի ջերմ ձեռքսեղմումներին Թրամփի սուր արձագանքը և դա ԱՄՆ-ի դեմ դավադրության դեմոնստրացիա որակելու փաստը։ Վաշինգտոնում չէին կարող նաև անտարբերության մատնել ՌԴ, Չինաստանի և Հնդկաստանի լիդերների ջերմ շփումները, որոնք ոչ պատահականորեն մատուցվեցին որպես ամերիկյան արծվի դեմ արջի, վիշապի և փղի միավորման նշան։ Իսկ Տոկիոյում, հիմք ընդունելով վարչապետին ցուցաբերված ընդունելության՝ ընդգծված բարձր, արժանապատիվ մակարդակը, կարծես թե, հարցեր չառաջացրեց Փաշինյանի մասնակցությունը պեկինյան զորահանդեսին, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ, ԱՄՆ-ից բացի, նաև Ճապոնիայի առջև «չինական մկանների ցուցադրություն»։

Պաշտոնական Երևանը, փաստացի, փորձում է ցույց տալ աշխարհաքաղաքական կենտրոններից իր կախվածության բացակայությունն ու գործողությունների լիակատար ինքնուրույնությունը։ Հայաստանն, այսպիսով, փորձում է ցույց տալ, որ թեև քաղաքակրթական իր ընտրությունը Եվրոպան է, սակայն ավելի ցածր՝ քաղաքական մակարդակում ունի մանևրի հնարավորություն։

Հասկացվածությունը՝ վստահելիության երաշխիք

Աշխարհակարգային տեկտոնիկ տեղաշարժերի ներկայիս ժամանակահատվածում այսպիսի դիվանագիտական մոտեցումը թույլ է տալիս խուսափել երկիրն այս կամ այն ճամբարի մաս կազմելու բրենդավորումից, ինչը կարող է որոշ մարտահրավերներ չեզոքացնել։ Սակայն, մյուս կողմից, սա ածելիի ծայրով քայլելու մարտավարություն է, որի դեպքում ցանկացած սայթաքում կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։

Այս պարագայում հենման կետ է դառնում բավարար անկեղծությունը հավասարապես բոլոր գործընկերների հետ, նախ, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ ինչ ակնկալել Հայաստանից, երկրորդ՝ որքանով վստահել վերջինիս։ Հակառակ դեպքում, օրինակ, չի կարող հասկացվել, թե ինչպես կարող է Հայաստանը մեկ տարվա ընթացքում՝ մի քանի ամսվա տարբերությամբ, ռազմավարական գործընկերության կանոնադրություն ստորագրել ԱՄՆ-ի հետ, ապա նույնպիսի մակարդակի համագործակցության հաստատման հայտարարություն ստորագրել Չինաստանի հետ՝ այն պարագայում, երբ մաքսային ու տեխնոլոգիական իր ողջ քաղաքականությունն ԱՄՆ նոր վարչակազմը հիմա ուղղել է Չինաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական զարգացումը կասեցնելուն։

Նույն կերպ, բավարար անկեղծության բացակայության դեպքում, չի կարող եվրոպացիների համար ընկալելի լինել, թե ինչպես կարող է երկիրը ԵՄ-ին անդամակցության ցանկությունն ամրագրել օրենքով, ապա՝ այլ տնտեսական համակարգ ունեցող ՇՀԿ-ին անդամակցության հայտ ներկայացնել։ Վերջինիս դեպքում, իհարկե, տպավորություն է, թե Երևանն այդ քայլին դիմել է հենց մերժման սպասելիքով՝ զուտ Չինաստանի հետ իր հարաբերություններն ամրապնդելու ցանկությունն ընդգծելու համար։ Սակայն, անկախ դրանից, այսպիսի քաղաքականությունը վերին աստիճանի զգուշավորություն, հեռատեսություն և հաշվարկվածություն է պահանջում Հայաստանից։

Ինչպես չմեկուսանալ ակնկալվող բաց սահմաններով․․․

Չնայած դրան, Հայաստանը չի կարող անմասն մնալ արևելքում Չինաստանի շուրջ տեղի ունեցող տնտեսաքաղաքական գործընթացներից, մանավանդ այն դեպքում, երբ իրատեսական է համարում առաջիկայում իր ապաշրջափակման, կոմունիկացիաների բացման և իր «Խաղաղության խաչմերուկ»-ի կոնցեպտի կենսագործման հեռանկարը։ Արևելյան ուղղության անտեսումը ուղիղ նշանակելու է շարունակել անմասն մնալ Չինաստանի կողմից համառորեն առաջ մղվող և, մասամբ, հարավկովկասյան տարածաշրջանի հետ կապվող առևտրատնտեսական ու կոմունիկացիոն խոշորամասշտաբ նախագծերից և դրանց տարածաշրջանային հասցեատիրոջ դերը թողնել միայն Ադրբեջանին։ Այսինքն, նոր բազմաբևեռ իրականության մեջ լայն բացված բազմաբևեռ դիվանագիտությունը Հայաստանի  համար այլընտրանք չունի։ Մնում է չսխալվել քայլերը գցելու հաշվարկներում։

Գոռ Աբրահամյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական