Չինաստանում ընթացող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել այդ կազմակերպության անդամ և գործընկեր երկրների լիդերների հետ։ Բացառություն չէին նաև կարճ հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Թուրքիայի հարավկովկասյան խոշորացույցը
Թուրքիայի նախագահն իր հերթին հանդիպումներ է ունեցել գագաթաժողովին մասնակից տարածաշրջանային գրեթե բոլոր երկրների ղեկավարների հետ՝ ոչ երկրորդական տեղ հատկացնելով հարավկովկասյան օրակարգին։ Օրինակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն երկարատև խաղաղության, և Կովկասում երկարատև կայունությունը կբխի Թուրքիայի և Ռուսաստանի փոխադարձ շահերից։ Դրան ի պատասխան՝ Պուտինը նշել է, որ Մոսկվան Թուրքիային դիտարկում է որպես հուսալի, ժամանակի փորձություն անցած գործընկեր:
Նման շեշտադրումները փաստում են, որ երկու երկրների համար էլ շարունակում է հիմք հանդիսանալ այն քաղաքական ստատուս քվոն, որ հաստատվել է Հարավային Կովկասում՝ 2020թ․ պատերազմից և Արցախի հայաթափումից հետո իրար միջև ազդեցության վերաբաշխման արդյունքում։
Վաշինգտոնում Թրամփի հովանավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նպատակով «Թրամփի ուղու» գործարկման և Սյունիքում ամերիկյան ներդրումներին ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերումը փաստացի ճեղքում են այդ պարիտետը։
Վաշինգտոնյան ճեղքման հանդեպ Անկարայի թվացյալ լռությունը․
Այս իմաստով ուշագրավ էր, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին պաշտոնական տեղեկություններն իրենց տոնայնությամբ զգալիորեն սառն էին՝ տարածաշրջանային խաղաղության սպասելիքներին անհամարժեք։ Դրանք ուղղակի կամ անուղղակի որևէ ակնարկ չէին պարունակում հայ-ադրբեջանական կարգավորման վաշինգտոնյան գործընթացի ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բացվող հեռանկարների մասին։ Ըստ պաշտոնական տեղեկատվության, կողմերն ընդամենը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։
Սա կարող է հուշել, որ Անկարան կամ չի «վավերացնում» վաշինգտոնյան գործընթացը, կամ, որ շատ ավելի հավանական է, անգամ այս պայմաններում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների ստեղծումն ու սահմանների բացումը շարունակում է կապել խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման՝ ադրբեջանական ակնկալիքների բավարարման հետ։
Դժվար է հավատալ, որ Բաքուն, ԱՄՆ-ին տարածաշրջան բերելու և դրանով Թուրքիայի հեգեմոնությանը հարվածելուն, «3+3» ձևաչափը խաթարելուն ուղղված վաշինգտոնյան գործընթացի մեջ ներգրավվել է առանց Անկարայի հետ խորհրդակցելու։ Շատ ավելի հավանական է, որ Թուրքիայի սառնությունը կամ թվացյալ անտարբերությունը պայմանավորված է նրանով, որ Անկարան Բաքվի համար փորձում է ստեղծել ավելի անկաշկանդ մթնոլորտ՝ որպեսզի վերջինս վաշինգտոնյան գործընթացից, ըստ իր հաշվարկների, քամի առավելագույնը՝ չնվազեցնելով ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այսինքն, հաշվարկը կարող է լինել այն, որ, բավարարվելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ տրանսպորտային երթուղի ստանալով, Բաքուն աստիճանաբար օտարվի Հայաստանի ապաշրջափակման և փոխադարձության սկզբունքով կոմունիկացիաների բացման՝ վաշինգտոնյան գործընթացից բխող իր պարտավորություններից՝ «խաղի թելերը» կրկին Անկարային և Ռուսաստանին վերադարձնելու նկատառումով։
«Մոսկվայի «Զանգեզուրի տրամաբանությունը» և թուրք-ռուսական համընկնող շահերը
Հատկանշական պետք է համարել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ օրերս արած այն հայտարարությունը, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող համագործակցությունը շատ կարևոր է երկու երկրների համար, և իրենք աշխատում են այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ։ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարության ֆոնին, թե, անկախ վաշինգտոնյան համաձայնություններից, Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների գործարկման հարցը շարունակում է մնալ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այսինքն, «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության ներքո, Օվերչուկի այս հայտարարությունն այլ երանգավորում է ստանում։ Ընդ որում, Բաքուն ոչ մի անգամ դեռ պաշտոնապես դիրքորոշում չի արտահայտել ՌԴ այս դիրքորոշման առթիվ։ Արդյո՞ք սա կարող է նշանակել, որ Վաշինգտոնում TRIPP հաղորդուղու շուրջ քաղաքական համաձայնության ձեռքբերումը Բաքուն ընկալում է որպես Հայաստանի կողմից «զանգեզուրյան միջանցքի» ստեղծման պարտավորության ստանձնում և հիմա փորձում է գործընթացները կրկին տեղափոխել «Նոյեմբեր 9»-ի տրամաբանության մեջ, այսինքն, հասնել նրան, որ ոչ միայն ամերիկյան ներդրումներ չկատարվեն այդ պրոյեկտում, այլև երթուղու վերահսկողության հարցը տեղափոխի ռուս-թուրքական տանդեմի պատասխանատվության տիրույթ և Երևանին այս իմաստով կանգնեցնի փաստի առաջ։
Այս առումով, Թուրքիայի դիրքավորումը հասկանալը չափազանց կարևոր է։ Եթե Անկարան չի շտապում օգտվել վաշինգտոնյան համաձայնություններից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Բաքվի ճնշումից ձերբազատվելու համար, ապա ամենևին բացառելի չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կփորձի հասնել նրան, որ ԱՄՆ-ն կամ աստիճանաբար դուրս մղվի տարածաշրջանից, կամ հարավկովկասյան իր դերակատարումը իրացնի ոչ թե անմիջականորեն, այլ՝ Թուրքիայի միջոցով։
Ադրբեջանի զսպման ամերիկյան բանալին
Այն փաստը, որ Երևանը փորձում է ուժեղացող ասիական տնտեսաքաղաքական կենտրոնի՝ Շանհայյան համագործակցության կազմակերպության հետ բալանսավորել կապերը, խոսում է Երևանի սուբյեկտայնության կտրուկ աճի մասին։ Դրա վկայությունն է մանավանդ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները ռազմավարական գործակցության մակարդակի տեղափոխելու՝ երկկողմ հայտարարության ստորագրումը։
Սակայն, դրան զուգահեռ, ստրատեգիական նշանակություն ունի օր առաջ ամերիկյան ընկերությունների և կապիտալի ներգրավումը Սյունիքում, այսինքն, տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական ներգրավվածության կապիտալիզացմանը հասնելը, այլ կերպ ասած՝ զուտ քաղաքական կապիտալը նաև տնտեսական շահերի կապիտալով փոխարկելը։
Դա Վաշինգտոնին կմղի իր ներդրումների երկարաժամկետ պաշտպանության գործնական դերակատարման՝ անկախ նրանից, թե ինչպիսի վարչակարգ կլինի Միացյալ Նահանգներում։ Դա էականորեն կերաշխավորի, որ Ադրբեջանը չկարողանա հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից, Թուրքիան ավելի կառուցողական մասնակցություն կունենա, իսկ, ընդհանրապես, Հարավային Կովկասում չի հաստատվի ռուս-թուրքական փոխշահավետ գերիշխանություն, և Հայաստանն այդ առանցքում կունենա սուբյեկտայնության և ինքնիշխանության ավելի բարձր մակարդակ։
Գոռ Աբրահամյան