Responsible Statecraft կայքում հրապարակվել է Բրյուսելում բնակվող վերլուծաբան Էլդար Մամեդովի «Թրամփի Հայաստան-Ադրբեջան խաղաղության ծրագիրը՝ ևս մեկ ճանապարհ դեպի ոչ մի տեղ» հոդվածը։
Radar Armenia-ն այն ներկայացնում է որոշակի կրճատումներով։ Նշենք, որ հոդվածը հրապարակվել է մինչև Սպիտակ տանը օգոստոսի 8-ին եռակողմ հռչակագրի ստորագրումը։
«Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի երկու հակամարտող երկրների միջև խաղաղության համաձայնագիր է սպասվում։
Նա այդ ձեռքբերումը վերագրեց իր վարչակազմի դիվանագիտական ջանքերին. «Հայաստան և Ադրբեջան։ Մենք այնտեղ կախարդանք գործեցինք, և դա շատ մոտ է, եթե արդեն ավարտված չէ»,– ասել է նա հանրապետական սենատորների հետ ընթրիքի ժամանակ։
Նրա խոսքերը վերաբերում էին ԱՄՆ առաջարկին՝ Հայաստանի հարավային Սյունիքի մարզով անցնող 43 կիլոմետրանոց ճանապարհը 100 տարով վարձակալության հանձնել ամերիկյան մասնավոր ընկերության։ Այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը։ Ծրագիրը ներկայացվում է որպես ստեղծագործ լուծում Բաքվի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջի շուրջ ձևավորված փակուղու համար։ Այդ միջանցքը, Հայաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհը, պետք է կապի Ադրբեջանի Նախիջևանի անկլավը Թուրքիայի հետ։ Ըստ ծրագրի՝ ԱՄՆ կառավարման ներքո ճանապարհը կարող են օգտագործել բոլոր կողմերը՝ հաղթահարելու համար հակամարտությունը սնող «ցեղային տեսակետները»։
Այնուամենայնիվ, Հայաստանում և Ադրբեջանում արձագանքները մինչ այժմ զուսպ են եղել։ Չնայած երկու երկրներն էլ փորձում են նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ինչը տեսականորեն պետք է նրանց ավելի ընկալունակ դարձներ ԱՄՆ ներգրավվածության նկատմամբ։
Գլխավոր խոչընդոտը մնում է ինքնիշխանության հարցը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է պահպանի վերահսկողությունը ճանապարհի նկատմամբ։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Խանքենդիում/Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաք, որի բնիկ հայ բնակչությունը 2023 թվականին բռնի կերպով վտարվել է տարածաշրջանից) ելույթ ունենալիս, պնդել է Նախիջևանի և Թուրքիայի հետ միակողմանի հասանելիության անհրաժեշտությունը՝ մերժելով որևէ օտարերկրյա ներկայություն։ «Մեր տարածքում օպերատորներ, վարձակալություններ կամ ռենտաներ չեն լինելու»,– ընդգծել է նա՝ անուղղակիորեն հակադարձելով Վաշինգտոնին։
Հաշվի առնելով Ալիևի նախկին պնդումները, թե Սյունիքը «Ադրբեջանի հնագույն հող» է, ինչպես նաև նրա սպառնալիքները՝ այն ուժով գրավելու մասին, Հայաստանը նրա պահանջները հիմնավորված կերպով դիտարկում է որպես բռնակցման նախապայման։
Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ առաջարկվող ճանապարհը անցնելու է Իրանի հետ սահմանակից Հայաստանի տարածքով։ Թեհրանը կտրուկ դեմ է արտատարածաշրջանային ցանկացած կարգավորման՝ մտավախություն ունենալով, որ դա կխզի իր կապը Հայաստանի հետ, կուժեղացնի թուրք-ադրբեջանական ազդեցությունը իր հաշվին և իր առևտրային ուղիները Ռուսաստանի ու Եվրոպայի հետ կդարձնի խոցելի Բաքվի քմահաճույքների նկատմամբ։ Իրանը նույնիսկ 2022 թվականին ռազմական զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանին՝ որպես զգուշացում։
Թեհրանի մտահոգությունները սաստկանում են նաև Ադրբեջանի և Իսրայելի ռազմական համագործակցության պատճառով, ինչպես նաև այն կասկածների, որ վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում իսրայելական անօդաչու թռչող սարքերն Իրան են մուտք գործել Ադրբեջանի օդային տարածքից։ Բաքուն այդ պնդումները կտրականապես հերքում է։ Բացի այդ, Իրանը կասկածում է, որ Բաքուն և Թել Ավիվը խրախուսում են իր ադրբեջանական բնակչության շրջանում անջատողական տրամադրությունները։ …
Ռուսաստանը, Իրանի նման, ԱՄՆ առաջարկը դիտարկում է որպես իրեն Հարավային Կովկասից դուրս մղելու փորձ։ Երևանը, կարծես թե, խրախուսում է այդ գործընթացը։ Այնուամենայնիվ, Մոսկվան դեռևս զգալի լծակներ ունի․ պահպանում է Հայաստանի սահմանը Իրանի հետ, Հայաստանում ունի ռազմաբազա և գերիշխում է նրա տնտեսության ու ենթակառուցվածքների լայն հատվածներում։ Երևանի արևմտամետ շրջադարձը, առայժմ, ավելի շատ հռետորաբանություն է, քան գործնական քայլ։ Ինչպե՞ս են ռուսական սահմանապահները գործելու ԱՄՆ-ի կողմից կառավարվող միջանցքի պայմաններում։ Արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստ է զորքեր տեղակայել այն պաշտպանելու համար՝ վտանգելով ռուսական ուժերի հետ բախումը։ Եվ ընդհանրապես՝ ԱՄՆ-ն ունի՞ բավարար կայունություն և քաղաքական կամք՝ նման ծրագիր իրականացնելու մի տարածաշրջանում, որն իր շահերի համար միայն փոքր ռազմավարական նշանակություն ունի։
Թեև ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը սկզբունքորեն ողջունելի է, ներկայիս առաջարկը անտեսում է տարածաշրջանի բազմաթիվ բարդությունները։ Լավագույն դեպքում, սա կոպիտ նախագիծ է, որը պահանջում է ինտենսիվ բանակցություններ բոլոր դերակատարների՝ ներառյալ Իրանի և Ռուսաստանի հետ։ Վատագույն դեպքում, սա Թրամփի՝ Խաղաղության Նոբելյան մրցանակին ձգտելու հերթական փորձն է»։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը