Ալյասկայում օգոստոսի 15-ին կայացած Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը, որը տևեց գրեթե երեք ժամ, ավելի խորքային նշանակություն ունի, քան երկու առաջնորդների անորոշ հայտարարություններն էին։
Հանդիպման վայրի ընտրությունն ինքնին խոսուն էր․ Ալյասկան, որը հիշեցնում է ԱՄՆ-Ռուսաստան պատմական կապերի մասին, միաժամանակ խորհրդանշում է Ռուսաստանի ամենամեծ պատմական նվաստացումներից մեկը՝ 19-րդ դարում ԱՄՆ-ին տարածք վաճառելու փաստը։ Գագաթնաժողովի համար հեռավոր Ալյասկայի ընտրությունը Թրամփի կողմից կարող էր դիտվել նաև որպես հոգեբանական ճնշման միջոց, փորձ՝ ցույց տալու ամերիկյան գերակայությունը ոչ միայն տնտեսության և քաղաքականության, այլև պատմական հիշողության հարթությունում։
Միևնույն ժամանակ, գագաթնաժողովի ընթացքում Թրամփը փորձեց խաղարկել երկու երկրների ռազմական հզորությունների տարբերությունները։ Թրամփի նացիսիզմը շարունակում է սնվել սեփական անսխալականության բարդույթից, որի հերթական դրսևորումն էր Պուտինի հաճոյախոսության վկայակոչումն առ այն, թե հատկապես Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ն վերածվել է համաշխարհային, «թնդանոթի պես թեժ» տնտեսությամբ ու տեխնոլոգիական ներուժով գերտերության։ Այլ կերպ ասած, Վաշինգտոնը փաստացի փորձեց ուժի ցուցադրմամբ հոգեբանական գրոհի ենթարկել Պուտինին։ Սակայն եթե դիտարկենք հանդիպման «արդյունքները», ապա ավելի շատ հաղթող է երևում Կրեմլը:
Ռուսաստանի տակտիկական հաղթանակը
Թրամփի հետ Ալյասկայում բանակցելը, նույնիսկ որոշակիորեն նվաստացուցիչ միջավայրում, Ռուսաստանի համար դարձավ միջազգային օրակարգ վերադառնալու հնարավորություն։ Առանց կոնկրետ արդյունքի բանակցությունների ֆոնին գագաթնաժողովն ընկալվեց ոչ թե որպես պատերազմից հյուծված երկրի և գերհզոր տերության երկխոսություն, այլ իբրեւ աշխարհում ամենամեծ միջուկային զինանոց ունեցող երկու պետությունների ղեկավարների հանդիպում, որոնց լայն աշխարհաքաղաքական օրակարգում Ուկրաինան միայն հերթական թեման է։
Այսպիսով, Թրամփն ակամա լեգիտիմացրեց Պուտինի վարած ագրեսիվ, նվաճողական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ Ռուսաստանը շարունակում է համարվել հավասարազոր գործընկեր` այս վերաբերմունքը վավերացնելով Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ անհարկի հաճոյախոսություններով։
Իսկ Կրեմլի համար հիմնական արդյունքն այն էր, որ Պուտինին կրկին հաջողվեց խուսափել այն պատժամիջոցներից, որոնցով սպառնում էր Թրամփը դեռևս բանակցություններից առաջ։ Վաշինգտոնը հայտարարել էր, որ եթե Ալյասկայում գործարք չլինի, ապա կներդրվեն նոր սահմանափակումներ՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ վերջինիս նավթային գործընկերների նկատմամբ։ Սակայն առանց գործարքի ելքի՝ գագաթնաժողովից հետո Թրամփը հայտարարեց, որ առայժմ այդ մասին մտածելու կարիք չկա, քանի որ հանդիպումը լավատեսություն է ներշնչել։ Արդյունքում Մոսկվան ստացավ ժամանակի շահելու, արևմտյան ճնշումը թուլացնելու և արևմտյան ճամբարում նոր երկփեղկման հասնելու քարտ բլանշ։
«Ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ և բոլորի հետ համաձայնեցված չէ»
Գագաթնաժողովը չի ավարտվել որևէ կոնկրետ համաձայնությամբ։ Կողմերը փաստացի առաջնորդվում են դիվանագիտության դասական սկզբունքով՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ Տվյալ դեպքում կարելի է ավելացնել նաև` «քանի դեռ բոլորի հետ համաձայնեցված չէ»։ Թրամփը, սակայն, բանակցություններից հետո ամերիկյան մեդիայի տված ճեպազրույցում հայտարարել է, որ որոշակի առաջընթաց է եղել՝ որպես այդպիսին հնչեցնելով «տարածքների փոխանակման» գաղափարը։ Թե ինչի մասին է խոսքը, պաշտոնապես չի հստակեցվել։ Բայց համատեքստը հուշում է, որ քննարկվել են Ուկրաինայի արևելյան մարզերի ճակատագրին առնչվող տարբերակներ։
Մինչ հանդիպումը շրջանառվում էր այն տեղեկատվությունը, որ քննարկվել է Դոնեցկի մարզը ամբողջությամբ Ռուսաստանին զիջելու, իսկ պատերազմական մյուս գոտիներում՝ շփման ներկայիս գծի վրա կանգ առնելու հնարավորությունը։ Սա որոշ եռաքայլ է Ռուսաստանի դիրքորոշումում, որը մինչ այս պահանջում էր ուկրաինական բոլոր չորս արևելյան մարզերի հանձնումը։
Հնարավոր քննարկված կոմպրոմիսը կարող է ներառել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու հեռանկարի բացառումը` Կիևի համար այլ անվտանգության երաշխիքների համակարգի գործարկմամբ։
Սակայն Կիևը դեռևս գագաթաժողովից առաջ հայտարարել էր, որ նման սցենարն անընդունելի է․ նախ` իր տարածքները չեն կարող դառնալ սակարկման առարկա, բացի այդ, Դոնեցկի ամբողջական հանձնումը Մոսկվային միայն նոր պլացդարմ կդառնա Ռուսաստանի հետագա առաջխաղացման համար։ Իսկ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառումը ինքնին նշանակում է, որ Կիևը չի ստանալու նոր ագրեսիայից պաշտպանվելու անվտանգության գործում երաշխիքներ։
Ուկրաինան` հնարավոր նոր քավության նոխազ
Հանդիպումից անմիջապես հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և մի շարք եվրոպացի առաջնորդների հետ։ Թե ինչ է նա փոխանցել և ինչպես է մեկնաբանել Ալյասկայի բանակցությունները, հայտնի չէ։ Սակայն կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը փորձել է ներկայացնել ռուսական առաջարկները որպես բանակցային գործընթացի հիմք՝ փաստացի Կիևին մղելով դեպի «անցանկալի» կամ «չարյաց փոքրագույն» զիջումների։
Եթե Ուկրաինան և ԵՄ-ը մերժեն այդ տարբերակը, ապա կա վտանգ, որ Վաշինգտոնը դա կներկայացնի որպես Կիևի անզիջողականության և իր խաղաղարարական ջանքերը ձախողելու դեմարշ և «մեղավորի» դերը կրկին կդնի ուկրաինական կողմի վրա։ Այդպիսի սցենարը կբացառի ամերիկյան պատասխանատվությունը և հնարավորություն կտա Թրամփի վարչակազմին աստիճանաբար «լվանալ ձեռքերը» ուկրաինական պատերազմից՝ կենտրոնանալով Ռուսաստանի հետ սեպարատ տնտեսական հարաբերությունների վրա։ Դեռ Ալյասկայի հանդիպումից առաջ էր Թրամփը սպառնում, թե կարող է առհասարակ դուրս գալ ուկրաինական հակամարտության կարգավորումից։
Այլ կերպ ասած` Պուտինին հաջողվեց կրկին գնդակը սահուն տեղափոխել ԱՄՆ-Ուկրաինա, ԱՄՆ-Եվրոպա հարթություն` միաժամանակ ստանալով այդ ընթացքում դաժան պատերազմը շարունակելու «լեգիտիմ» իրավունք։
Այսպիսով՝ Ալյասկայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ Մոսկվան շարունակում է օգտագործել ցանկացած հնարավորություն՝ միջազգային մեկուսացումը հաղթահարելու համար, իսկ Վաշինգտոնը պատրաստ է անգամ տպավորիչ ձևով ներկայացնել բանակցային ձախողումը որպես սեփական հաջողություն։ Այս պայմաններում ամենախոշոր ռիսկի կրողը մնում է Ուկրաինան, որին Թրամփը կփորձի համոզել, որ նրա համար ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենալավ և Նոբելյան մրցանակին արժանանալուն հարիր տարբերակն էր գտել։ Հիմա թող նրա ճակատագրով զբաղվի Եվրոպան։
Գոռ Աբրահամյան