Վերլուծություն

Վաշինգտոնյան ճեղքում կամ խաղաղության մոդելավորում՝ նոր անհայտներով

2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը և մի շարք հռչակագրային փաստաթղթերի ստորագումը Հարավային Կովկասում բացարձակ նոր իրականություն ստեղծեցին։  

Վաշինգտոնյան խաղաթղթեր Հայաստանին

1․ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր ռազմաքաղաքական և տնտեսաքաղաքական իրավիճակ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը ԱՄՆ-ին դարձնում են ուժեղ խաղացող։ Հայաստանի՝ նման ցանկությունը ամրագրվել էր դեռ այս տարեսկզբին, երբ Վաշինգտոնում ստորագրվեց հայ-ամերիկյան ստրատեգիական գործընկերության փաստաթուղթը։ Նորությունն այստեղ Բաքվի դիրքավորումն էր։

2․ Հայաստանը վաշինգտոնյան գործընթացներով ճեղքում է 3+3 ռուս-թուրքական` Հայաստանին պարտադրվող տարածաշրջանային ձևաչափը և այն դարձնում անիմաստ, անգործունակ մի բան։ Ամերիկյան գործոնն այստեղ անտեսել այլևս անհնար է, և Բաքուն, որ 3+3 ձևաչափի նախաձեռնողն էր, Ռուսաստանի հետ դիվանագիտական պատերազմի պատճառով ինքն էլ դարձավ դրա գերեզմանափորը։

3․ Հայաստանը փորձում է գործարկել կոնֆլիկտի կարգավորման այնպիսի մոդել, որն ընկած էր Եվրոպական Միության ստեղծման հիմքում՝ «կարգավորում՝ տնտեսական գործակցության միջոցով»: Տարբերությունն այն է միայն, որ այստեղ հիմքում ոչ թե կողմերի համագործակցության փոխադարձ ցանկությունն է, այլ  ԱՄՆ-ի ներգրավումը՝ որպես անմիջական ներդրող և այդ ներդրումների անվտանգության պոտենցիալ գարանտ։ Հատկապես, եթե իրականացվեն Հայաստանով էներգակիրների տրանզիտային ենթակառուցվածքների ստեղծման խոստումները, Հայաստանը դրանք կկիրառի որպես ռուսական էներգակիրների բացարձակ կախվածությունը մեղմելու և էներգետիկ իրական դիվերսիֆիկացման գործիք։

4․ ԱՄՆ-ն քաղաքական ահռելի ներուժ է հաղորդում Երևանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին` դրանում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնելով։ Սա կարող է ստեղծել Հայաստանը կոմունիկացիոն հաբի վերածելու նախադրյալներ։ Հայաստանը կարող է մասնակիորեն խլել այն կարգավիճակը, որը տասնամյակներ շարունակ իր համար ստեղծում էր Վրաստանը` այդ դիվիդենտները քաղելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հաշվին։

Հայաստանում, սակայն, հանրային մակարդակում, ամենաէական հարցը մնում է այն, թե որքանով է այդ պրոցեսը իրական դարձնում երկարաժամկետ խաղաղությունը` բացառելով ստրատեգիական նոր կորուստները։  

Խաղաղության հեռանկարը

Վաշինգտոնյան գործընթացները տարածաշրջանային լարվածության թուլացման նոր՝ ավելի կոնֆորտ միջավայրի ձևավորման նախադրյալ են ստեղծում։

Իհարկե, համաձայնագրի նախաստորագրումը դեռ ստորագրում չէ։ Անգամ ստորագրումը չի կարող խաղաղության երաշխիք լինել, քանի որ չկա վստահություն Ադրբեջանի հանդեպ։ Բաքվի պարագայում զսպօղակը միշտ եղել է իր ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ արտաքին գործուն, ուժեղ քաղաքական վերահսկողությունը։ Հենց դրա բացակայությունն է առայսօր սանձարձակ դարձրել Բաքվին։

ԱՄՆ-ն, ի դեմս նախագահ Թրամփի, փաստացի ուղերձ է հղում, որ Հայաստանի սուվերեն տարածքով Ադրբեջան-Նախիջևան երթուղու գործարկման դիմաց Վաշինգտոնը ստանձնում է Ադրբեջանի նկատմամբ այդ «ժանդարմի» դերը։  Սա, իհարկե, Հայաստանի համար լավ օրից չէ։ Որովհետև ժանդարմին էլ պետք է վճարել իր աշխատանքի համար։ Բայց իր տարածքի կոմունիկացիոն ենթակառուցվածքների նկատմամբ սեփական յուրիսդիկցիայի պահպանմամբ, որը վաշինգտոնյան այս գործընթացներում հիմնաքարային արժեք ունի, թույլ է տալիս Հայաստանին էականորեն ուժեղացնել իր սուբյեկտայնությունը։ Մի բան, որ բացակայում էր մինչ այս եղած երթուղային կամ խաղաղության մոդելավորումներում։

Նոր հնարավորություններ, նոր խնդիրներ

 Իհարկե, այս պատմական գործընթացները նաև դիվանագիտական աշխատանքի նոր ֆրոնտ են բացում Հայաստանի համար․ ինչպես ասում են՝ սատանան հենց դետալների մեջ է։

Ա. Սպիտակ տանը հանդիսավորությամբ ստորագրված եռակողմ հռչակագրում նշվում է, որ Ադրբեջան-Նախիջևան անվտանգ երթուղու ապահովման դիմաց Հայաստանն ստանալու է «փոխադարձ առավելություններ»։ Պարզաբանված չէ, արդյո՞ք դրանք անխոչընդոտության համարժեք առավելություններ են, թե՞ ոչ։ Եթե օրինակ, Ադրբեջանը միակողմանիորեն, որևէ արհեստական պատճառով, խոչընդոտ ստեղծի իր տարածքով դեպի Սյունիք կամ Իրան կամ Ռուսաստան հայաստանյան տրանսպորտային միջոցների երթևեկության համար, ապա կարողանալո՞ւ Է Հայաստանը նույնպիսի հակաքայլերի դիմել նաև իր տարածքով իրականացվելիք ադրբեջանական հաղորդակցությունների դեպքում։ Սա կախված է նրանից, թե իրական հողի վրա որքանո՞վ են Հայաստանի պետական մարմինները բավարար չափով ինքնուրույն լինելու այն հաղորդուղիների վերահսկման վրա, որոնցով իրականացվելու է ադրբեջանցիների կոմունիկացիան։ Այսինքն, սա արդեն ոչ այնքան հայ-ադրբեջանական, որքան հայ-ամերիկյան տիրույթի խնդիր է։

Բ. Ինչպիսին է լինելու ԱՄՆ-ի առջև Հարավային Կովկասի դռները բացելու հայ-ադրբեջանական այս քայլերին Իրանի և Ռուսաստանի ռեակցիան, և որքանով է Երևանը պատրաստ դրանց։

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես արդեն հրավիրել են Իրանի նախագահին այց կատարել Հայաստան։ Դա լուրջ հնարավորություն է բարձր մակարդակով հանգամանալից խոսելու այս քայլերի իրական նպատակների և դրանց ոչ հակաիրանական լինելու մասին։ Իրականում «Խաղաղության խաչմերուկ» պրոյեկտի նման գործնականացումը նաեւ Իրանի համար դեպի հյուսիս և արևմուտք նոր երկաթուղային եւ ավտոճանապարհային երթուղիներ  է ստեղծում` նվազեցնելով այս առումով կախվածությունը Բաքվից։ Բայց Երևանի խնդիրն է լինելու հիմնավորել, որ տարածաշրջանում ամերիկյան գործոնի ուժեղացմամբ անվտանգության լրացուցիչ երաշխիքների ստեղծումը ոչ թե սպառնալիք է Թեհրանի համար, այլ հնարավորություն կոնկրետ տնտեսական շահաբաժիններով։ Եւ բացառելի չէ, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում իրանական կողմի ներդրումային ներգրավման կոնկրետ առաջարկներ ներկայացվեն Երևանից։

Ավելի բարդ է թվում Ռուսաստանի պարագան, որը հայտնվում է «խաղից դուրս» վիճակում և կորցնում է տարածաշրջանի վրա ազդեցության իր ամենալուրջ քաղաքական լծակներից մեկը։ Ռուսաստանի հետ դժվար է խոսել տնտեսական օգուտների մասին, երբ նրանք ստրատեգիական կորուստի փաստին են առերեսվում։ Սա լուրջ մարտահրավեր է Երևանի համար։

Գ. Վաշինգտոնյան եռակողմ հռչակագրի 4-րդ կետը ամրագրում է, որ «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանի հետագա պարզաբանումներից տպավորություն ստեղծվեց, որ այստեղ երրորդ կողմերի մասին հիշատակումը վերաբերում է միայն պոտենցիալ ներդրողներին։ Բայց որքանով է բացառելի, որ  այդ երրորդ կողմի դերում կարող են ձգտել հանդես գալ ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական ընկերությունները։ Խնդիրն առհասարակ թուրք-ադրբեջանական կապիտալի արգելման մասին չէ, այլ դրանց այնպիսի ծավալների բացառման, որոնք կարող են Հայաստանի տնտեսական սուվերենության սպառնալիք ստեղծել։ Այս իմաստով ևս սեփական շահերի պաշտպանության նոր տնային աշխատանք է բացվում Երևանի համար։

Այդուհանդերձ, կարևոր է նկատել, որ հռչակագրի այդ կետում խոսքը «փոխադարձաբար համաձայնեցված» երրորդ կողմերի ներգրավման մասին է։ Սա թերևս ձևակերպում է, որով Երևանը փորձել է նվազագույնի հասցնել ԱՄՆ-ի կողմից իր տարածաշրջանային ակտիվները Թուրքիային սեպարատ պատվիրակելու ռիսկերը։ Նման ցանկացած նախաձեռնություն ի սկզբանե լինելու Է ոչ լեգիտիմ։

Դ. Պակաս կարևոր չէ նաև, թե ինչ է տեղի ունենալու Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական խմբի հետ, որի միայն ներկայությունը Հայաստանում տեղական ժամանակ է` դարձել էր սահմանային հարաբերական կայունության կարևոր բաղադրիչ, և որպես այդպիսին՝ Բաքվի կոկորդում մնացած փուշ:

 ԼՂ-ն հայաթափելուց հետո Բաքուն հայտարարեց, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, կոնֆլիկտը լուծված է և հասավ նրան, որ Վաշինգտոնում Երևանի հետ համատեղ դիմում հասցեագրվեց Մինսկի խմբի երկրներին այն լուծարելու վերաբերյալ։ Մեծ է հավանականությունը, որ հղում անելով վաշինգտոնյան հռչակագրերին՝ վաղը Բաքուն կարող է  նաև Հայաստանում Եվրոպական մոնիթորինգային առաքելությունը դադարեցնելու պահանջ դնել։

Ե. Հարց է մնում նաև, թե ինչ տրամաբանությամբ է տեղի ունենալու հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, ինչ դեր է վերապահվելու այդ պրոցեսում ոչ միայն Ռուսաստանին, այլև արդեն ԱՄՆ-ին։ Ընդ որում, այս խնդիրը ակտուալանում է նաեւ այն առումով, որ կոմունիկացիաները բացելուց առաջ նախ պետք է հստակեցված սահմաններ լինեն։

Այլ կերպ ասած, Վաշինգտոնն ահռելի ծավալի նոր անելիքներ է հանում ջրի երես․ պետք է վերացնել դետալներում նստած սատանային։

Գոռ Աբրահամյան