Վերլուծություն

Հայաստանը պետք է ձգտի տնտեսական կապեր կառուցել՝ անգամ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների

Radar Armenia-ն հրապարակում է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հոդվածը՝ «Հայաստանը պետք է ձգտի տնտեսական կապեր կառուցել՝ անգամ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների», որտեղ հեղինակը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի ու Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ, խորը և պատմականորեն ծանրաբեռնված հարաբերությունների օրակարգը՝ հատուկ ընդգծելով, որ, դրանով հանդերձ, այդ հարաբերությունները չպետք է պատանդ լինեն քաղաքական հակասություններին։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է լինի նախաձեռնող, այդ հարաբերություններում էականորեն ավելացնի տնտեսական համագործակցության տարրերն ու օգտագործի հնարավորությունները՝ ընդլայնելով համագործակցության շրջանակը և ներգրավելով նաև միջազգային վստահելի գործընկերներին։

Տնտեսական պրագմատիզմը եղել է մի շարք պատմական հակամարտությունների մեղմացման ուղի և գործիք՝ հասարակությունների միջև շփման, վստահության կառուցման և, հետագայում, քաղաքական կարգավորման համար հիմք ստեղծելու գործում։ 

Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, որքան էլ բարդ, խորը և պատմականորեն ծանրաբեռնված իրողություն է, չի կարող և չպետք է դառնա տնտեսական համագործակցության բացառման հիմք։ Ավելին, աշխարհաքաղաքական այս շրջադարձային փուլում, երբ տարածաշրջանում կայունությունը, գնալով, դառնում է խոցելի և փոփոխական, իսկ աշխարհում ուժային կենտրոնները վերադասավորվում են, Հայաստանի շահերից է բխում հանդես գալ նախաձեռնող, ոչ թե ռեակտիվ դիրքավորմամբ։ 

Հիմք ընդունելով միջազգային նախադեպերը՝ Հայաստանը կարող է կառուցել տնտեսական գործակցություն առանց դիվանագիտական հարաբերությունների, որը միաժամանակ կսպասարկի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմավարական և անվտանգության շահերը։ 

Չինաստանի և Թայվանի օրինակը հստակ ցույց է տալիս, որ նույնիսկ այն պետությունները, որոնց միջև առկա են գոյաբանական հակասություններ, կարող են կառուցել խոր տնտեսական կապեր։ Չինաստանը երբեք չի ճանաչել Թայվանի անկախությունը, սակայն, ըստ պաշտոնական տվյալների, 2022 թվականին երկու կողմերի միջև առևտուրը գերազանցել է 300 միլիարդ դոլարը։ Այս փոխգործակցությունը իրականացվել է մասնավոր հատվածի, խաչաձև ներդրումների և երրորդ երկրների՝ Հոնկոնգի և Սինգապուրի միջնորդությամբ։ Տնտեսական շահը վեր է դասվել դիվանագիտական խզման իրողությունից։ 

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների օրինակն ավելի մոտ է հայկական իրականությանը։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքով երկու պետությունները խզեցին դիվանագիտական կապերը, սակայն տնտեսական կապերը երբեք լիարժեք չդադարեցին։ Վրաստանը շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից, մինչդեռ ռուսական բեռները տարանցվում են Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2023 թվականին Վրաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 1.8 միլիարդ դոլար։ Ավելին, Վրաստանը ծառայում է որպես Ռուսաստան-Հայաստան տնտեսական հաղորդակետ։ Այստեղ ևս դիվանագիտական խզումը չի վերացրել տնտեսական փոխկապակցվածության անհրաժեշտությունը։ 

Հնդկաստանի և Պակիստանի փոխհարաբերությունների պատմությունը ևս ընդգծում է, որ առևտրի շարունակականությունը կարող է պահպանվել նույնիսկ ռազմական բախումների և քաղաքական բոյկոտի պայմաններում։ Չնայած դեսպանատների աշխատանքների պարբերաբար կասեցմանը, 2010-ականներին երկկողմ առևտուրը մի քանի անգամ գերազանցել է մեկ միլիարդ դոլարը՝ հիմնականում երրորդ երկրների, հատկապես, Դուբայի միջոցով։ Փոխանակվել են ցեմենտ, դեղագործական ապրանքներ, գյուղմթերք, նույնիսկ՝ տեղեկատվական ծառայություններ։ Տնտեսական փոխշահավետության դինամիկան շարունակվել է՝ անկախ քաղաքական տհաճ մթնոլորտից։ 

Այս և այլ նախադեպերը փաստում են, որ տնտեսական փոխգործակցությունը հաճախ լինում է դիվանագիտական կարգավորումից անկախ, իսկ որոշ դեպքերում՝ դրան նախորդող։ Հայաստանի պարագայում, երբ դիվանագիտական հարթակները հաճախ փակ են կամ սպառված, տնտեսական դաշտը կարող է դառնալ նոր բանակցային ճանապարհ՝ դռնբաց ռազմավարական հաղորդակցության համար։ Հայաստանը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, կարող է դառնալ տարածաշրջանային փոխկապող օղակ, հատկապես, տարանցիկ ենթակառուցվածքների և էներգետիկ համակարգերի տրամաբանության մեջ։ Ադրբեջանի գազի տարանցումը կամ վերամշակումը Հայաստանի տարածքով, էլեկտրաէներգիայի վերածումը և արտահանումը դեպի Թուրքիա՝ արդեն իսկ իրականացվող ձևաչափերի օրինակով, որոնք կիրառվում են Վրաստանի միջոցով, կարող են դառնալ ապագա հնարավոր մոդել։ 

Սա պահանջում է ոչ թե քաղաքական ճանաչում, այլ մասնավոր հատվածի, միջնորդ պետությունների և միջազգային կազմակերպությունների գործնական ներգրավում։ Հնարավոր է ստեղծել համաձայնեցված մաքսային, տեխնիկական և ֆինանսական մեխանիզմներ, որոնք կգործեն չեզոք կամ երրորդ կողմերի վերահսկողությամբ՝ ապահովելով վստահություն և կանխատեսելիություն բոլոր կողմերի համար։ 

Նման մոդելների հաջող իրականացման համար վճռորոշ է ԱՄՆ-ի և ԵՄ-ի քաղաքական և ֆինանսական աջակցությունը։ Եվրոպական միությունը, լինելով տարածաշրջանային կայունության շահագրգիռ կողմ, կարող է առաջարկել ենթակառուցվածքային ներդրումային փաթեթներ, մաքսային ռեժիմի պարզեցման ծրագրեր և չեզոք օպերատորների ներգրավում։ ԱՄՆ-ն, իր հերթին, կարող է խրախուսել մասնավոր ներդրումները, ստեղծել վստահության միջավայր և քաջալերել թուրքական և ադրբեջանական կողմերի մասնակցությունը՝ առանց պարտադրելու դիվանագիտական պայմանավորվածություններ։ Հնարավոր է սկսել նաև փոքրածավալ, փորձնական առևտրային նախագծերով՝ օգտագործելով Վրաստանի և Իրանի տարածքը որպես երրորդ կողմեր։ Վրաստանի միջոցով հայկական գյուղարտադրանքի արտահանումը Թուրքիա կամ արաբական երկրներ, վերամշակված մթերքի փոխանակումը, ՏՏ ծառայությունների տրամադրումը միջնորդ հարթակներով՝ կարող են գործնական հիմք հանդիսանալ այդպիսի մոդելի փորձարկման համար։ 

Տնտեսական համակեցությունը չի փոխարինում քաղաքական կարգավորմանը, սակայն կարող է դրան նախորդել՝ հիմք ստեղծելով ապագա համաձայնությունների համար։ Սրան զուգահեռ, կարևոր է ընդգծել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների նոր հեռանկարները։ Չնայած՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը խիստ պայմանավորված է Ադրբեջանի հետ սոլիդարությամբ, հնարավոր է ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցությամբ մշակել ձևաչափ, որի համաձայն՝ Թուրքիան, առանց ուղիղ առևտրային կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, կարող է թույլ տալ հայկական բեռների տարանցում իր տարածքով դեպի ԵՄ, Բալկաններ, Հունաստան, Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա։ Սա պահանջում է քաղաքական հմուտ մոտեցում, տեխնիկական ճշգրտվածություն և միջազգային վստահություն։ 

Հայաստանը պետք է հանդես գա ոչ թե որպես խնդրող, այլ՝ որպես նախաձեռնող, առաջարկող, վստահելի գործընկեր՝ ներկայացնելով իր աշխարհագրական դիրքը, մասնագիտական ներուժը, էներգետիկ և ենթակառուցվածքային ռեսուրսները որպես արժեք։ Տնտեսական հարաբերությունների հաստատումն՝ առանց դիվանագիտական կապերի, ոչ միայն քաղաքական զիջում չէ, այլև ինքնիշխանության նոր դրսևորում է՝ ապաքաղաքական, շահերի վրա հիմնված, պրագմատիկ և ապագային ուղղված։ Այս մոտեցումը կարող է դառնալ ոչ միայն նոր քաղաքական մշակույթի սկիզբ, այլ նաև խաղաղության այնպիսի հիմք, որն ուժեղ է ոչ թե կնիքներով ու հայտարարություններով, այլ՝ տնտեսապես խաչված շահերով։ Նման մոտեցումը կարող է երկարաժամկետ հեռանկարում վերափոխել նաև հասարակությունների աշխարհընկալումը և փոխել տարածաշրջանի ուժային դինամիկան՝ հօգուտ խաղաղության, համագործակցության և վստահության։ 

Արման Բաբաջանյան