Վերլուծություն

Պուտինի հերթական ստամբուլյան թակարդը Թրամփի համար․ ինչու է Մոսկվան «արագ դանդաղում»

2025 թ. հուլիսի 23-ին Ստամբուլը կրկին դարձավ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անմիջական բանակցությունների հարթակ։ Այնուամենայնիվ, չնայած ավանդական ներկայացուցչական մակարդակին, այս փուլը տեղի ունեցավ, ըստ էության, հապճեպ, առանց օրակարգի նախնական խորքային համաձայնեցման։ Դրանից ընդամենը երկու օր առաջ Անկարայից պաշտոնապես հայտարարում էին, որ տեղյակ չեն նոր բանակցությունների ժամկետների մասին։

Այդուհանդերձ, հուլիսի 23-ի երեկոյան բանակցությունների երրորդ փուլը տեղի ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի անմիջական մասնակցությամբ։ Երկու պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին և Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նախ հանդիպեցին տետ-ա-տետ ձևաչափով, ապա պատվիրակությունների մասնակցությամբ հիմնական բանակցությունները շարունակվեցին փակ դռների հետևում։

«Արջամկան» հերթական ստամբուլյան բանակցային օրը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, բացելով հանդիպումը, հայտարարեց, որ նպատակը չի փոխվել՝ հասնել հրադադարի, և հատուկ շեշտեց նախագահներ Թրամփի, Պուտինի, Զելենսկու դերը բանակցությունների կազմակերպման գործում։ Հատկանշական է, որ բանակցությունների մեկնարկից առաջ Էրդողանն առանձին հանդիպում էր ունեցել ուկրաինական պատվիրակության հետ, և այդ ֆոնին նման քառակողմ հանդիպման գաղափարի առաջքաշումը, թվում է՝ հատկապես Անկարայի նախաձեռնությունն էր՝ աշխարհին անհանգստացնող ամենալուրջ հակամարտության կարգավորման գործընթացում ամրապնդվելու և ԱՄՆ-ի հետ նույն միջնորդական հարթության վրա հայտնվելու, իհարկե, նաև իր հետ քաղաքական առևտրի դաշտ բացելու համար։

Սակայն ընդամենը շուրջ 40 րոպե տևած բանակցություններից հետո կողմերից հնչած հայտարարությունները փաստեցին, որ խաղաղության կամ հրադադարի հաստատման առումով լավատեսության հիմքեր դեռևս չկան։

Բանակցություններից հետո Ուկրաինայի պատվիրակության կողմից հնչած հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ Կիևը համառորեն ձգտում է հասնել Զելենսկի-Պուտին երկկողմ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բազմակողմ հանդիպման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մասնակցությամբ։
Սակայն ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին բանակցություններից հետո նշեց, որ առաջին դեմքերի հանդիպման համար անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստություն՝ պարզորոշ հասկացնելով, որ Պուտինը Զելենսկու հետ որևէ բանակցային շփման մեջ կմտնի միայն եզրափակիչ փուլում, այսինքն՝ վերջնական համաձայնությունները փաստացի վավերացնելու ժամանակ։

Կողմերը նաև որոշակիացրին, որ միակ հարցը, որտեղ համաձայնություններ են ձեռք բերվել, գերիների լայնածավալ նոր փոխանակում իրականացնելն է։ Իսկ խաղաղության հասնելու ճանապարհին ամենասկզբունքային կետերում կողմերի տեսակետները հեռու են իրարից, և դա առավելապես ռուսական կողմի շնորհիվ, որը շարունակում է մաքսիմալիստական պահանջներ ներկայացնել՝ Ուկրաինայի ապառազմականացում, Կրեմլի վերահսկողության ներքո անցած, անեքսիայի ենթարկված տարածքների ճանաչում։ Այսինքն՝ գործնականում ստամբուլյան երրորդ բանակցությունները կարգավորման գործընթացի պատին որևէ հենակետային աղյուս չեն ավելացրել։

Մանևրներ քաղաքական ճնշման տակ

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունեց ստամբուլյան բանակցությունների հերթական փուլի անցկացման փաստը՝ շեշտելով ուղիղ երկխոսության կարևորությունը և այն հանգամանքը, որ կողմերն իրենք պետք է հասնեն կայուն համաձայնությունների։

Սակայն բանակցային այս ռաունդի կազմակերպման հարցում Կրեմլի դրսևորած ակնառու ջանասիրությունն ավելի շատ մարտավարական մանևր էր՝ պայմանավորված ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Մոսկվայի վրա գործադրվող ուժեղ ճնշմամբ։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ եթե մինչև 50 օրում հրադադար չհաստատվի, ապա կդիմի Կրեմլի համար ամենազգայուն՝ ռուսական նավթի արտահանման սահմանափակմանն ուղղված աննախադեպ սանկցիաների։

Որքան էլ Մոսկվան փորձում է անվրդով երևալ Թրամփի սպառնալիքների նկատմամբ, սակայն դիվանագիտական գործընթացը հանկարծակի վերակենդանացնելու հարցում Կրեմլի պատրաստակամության ֆոնային արտահայտության հիմքում հենց դրանք են ընկած։ Ռուսաստանը դիմում է հին, փորձված հնարքի՝ ստեղծել բանակցությունների պատրաստակամության պատրանք՝ Թրամփին համոզելու համար չկիրառել տնտեսական կոշտ միջոցներ, ավելի ճիշտ՝ տալու համար ԱՄՆ նախագահին հերթական խաղաթուղթը՝ այդ ֆիկցիան օգտագործելու որպես սանկցիաներ չկիրառելու հերթական հիմնավորում։

ԱՄՆ-ի արձագանքը և հակամարտության խորացվող բնույթը

Այս իմաստով ներկա փուլում թե՛ ստամբուլյան բանակցային հերթական ֆիկցիային, թե՛ առհասարակ Ռուսաստանի վարած ժամանակ ձգելու դիվանագիտական մանևրային քաղաքականությանն ԱՄՆ-ի արձագանքը դառնում է առանցքային՝ այն իմաստով, թե բանակցությունները կմտնե՞ն կառուցողականության դաշտ, թե՞ ոչ։

Թեև պաշտոնական Վաշինգտոնը հայտարարում է, որ ողջունում է ուղիղ երկխոսությունը կարգավորման հասնելու տեսանկյունից, սակայն գործնականում այն, ինչ տեղի է ունենում ռազմական հարթությունում, վկայում է հակառակ միտումների մասին։ Մինչ Ստամբուլում ընթանում էին բանակցությունները, Ռուսաստանի օդուժը հարվածեց Խարկովի կենտրոնին, ինչի հետևանքով առնվազն 39 խաղաղ բնակիչ է վիրավորվել, իսկ ուկրաինական ԱԹՍ-ները հարված հասցրին Սոչիի և Ադլերի նավթային պահեստներին։ Այս փոխադարձ հարվածներն ընդգծում են, որ ոչ միայն ռեալ հողի վրա ոչ մի փոփոխություն չկա, այլև որ ֆիկտիվ բանակցություններն ինքնին նպաստում են փոխադարձ ավելի մեծ ու ցավալի կորուստներ պատճառելու մարտավարությանը։ Վերջինս փորձ է արվում ծառայեցնել որպես հակառակ կողմին զիջման հակելու միջոց։

Եթե Թրամփը նորից սիրահոժար իրեն նետի Պուտինի լարած և մինչ այս անվրեպ աշխատած դիվանագիտական թակարդը և ԱՄՆ-ը շարունակի հանդուրժողական դիրքորոշում ցուցաբերել Ռուսաստանի մանևրների նկատմամբ՝ առանց հստակ քաղաքական պահանջների, ապա սա կարող է վերածվել խրոնիկական հիվանդության՝ դրանից բխող բոլոր բարդություններով։ Միջազգային հանրության աչքում դա կմեկնաբանվի որպես համաձայնություն դիվանագիտական ձևականությունների վրա՝ առանց խաղաղության բովանդակային երաշխիքների՝ հարցականի տակ դնելով ինքնին դիվանագիտական գործընթացի լրջությունն ու արդյունավետությունը և աշխարհն իրական խաղաղության տանելու Դոնալդ Թրամփի ունակությունը։

Գոռ Աբրահամյան