Վերլուծություն

Հայկական «աջաբսանդալ»՝ շանհայյան սոուսով ու եվրոպական համեմունքով

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի Բրյուսելյան եռակողմ հանդիպումն ամփոփվեց ջերմ ձեռքսեղմումներով, ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման հայտարարություններով։ Եվ հենց այս շրջանում, երբ թվում էր, թե Հայաստանը վերջնականապես հաստատել է իր եվրոպական կողմնորոշումը, վարչապետն ասուլիսում հայտարարում է, որ Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիիրավ անդամակցության համար։

ԵՄ-ից ՇՀԿ՝ տրանզիտով

ԵՄ-ի հետ հարաբերությունները վերջին շրջանում թևակոխել են որակապես նոր փուլ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երևանյան այցը, Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը հայտարարող օրենքի ընդունումը, վիզաների ազատականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, Եվրամիության խոստումը՝ 2.5 միլիարդ եվրոյի ներդրում կատարել «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի անվտանգային համակարգում ԵՄ ստանձնած պատասխանատու դերակատարումն ստեղծում էին եվրոպամետ ավելի հաստատուն դինամիկա։ Իսկ հուլիսի 16-ի ասուլիսում վարչապետի խոսքերը, թե «Հայաստանն ուզում է դառնալ ԵՄ անդամ» և 20 տարի անց Հայաստանը կարող է լինել ԵՄ կազմում, այս դինամիկային հաղորդեցին ռազմավարական հեռանկար։

Մինչդեռ Շանհայի համագործակցությունն ի սկզբանե ձևավորվել է ի հակակշիռ արևմտյան տնտեսակարգի։ ՇՀԿ-ն նախաձեռնվել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից՝ որպես այլընտրանքային արևելյան տնտեսական հարթակ, որի շուրջ համախմբվել են Ասիայի մի շարք երկրներ։ Վարչապետի՝ այս կազմակերպությանն անդամակցության հայտ ներկայացնելու մասին հայտարարությունը փաթեթավորվում է բոլոր ռազմավարական ուղղությունների «բալանսավորման» հիմնավորմամբ։ Այսինքն՝ գործեց նույն տրամաբանությունը, ինչ ԵԱՏՄ անդամ լինելով՝ ԵՄ-ին անդամակցության ցանկության մասին օրենքի ընդունման դեպքում։ Եվ նման պայմաններում հարց է առաջանում, արդյոք հնարավո՞ր է այդքան նուրբ բալանս պահել՝ քայլելով աշխարհաքաղաքական բևեռների հակասությունների ածելիների վրայով։  

Ոմանք կարող են այս ամենն անվանել դիվանագիտական ճկունություն, ոմանք՝ քաղաքական լարախաղացություն։ Բայց իրականությունը կարծես ավելի բարդ է։

Վարչապետի՝ «20 տարի հետո ԵՄ անդամ դառնալու» հայտարարությունը, որքան էլ վեկտորային, իրականում հուշում է, որ Երևանը հստակ գիտակցում է՝ առաջիկա տարիներին ԵՄ անդամակցությունը հնարավոր չէ։ Հետևաբար, չի առաջնորդվում ռոմանտիկ պատրանքներով, այլ դանդաղ գործընկերային հարաբերություն է կառուցում ԵՄ-ի հետ՝ ավելի շատ ընդգծելով, որ դա իր համար ոչ թե այսօրեական քաղաքական կողմնորոշում է, այլ ավելի շատ քաղաքակրթական նախընտրություն։

Եվրոպան էլ, իր հերթին, չի փորձում արհեստականորեն արագացնել կամ խորացնել Հայաստանի ինտեգրումը՝ ավելորդ հույսեր չներշնչելով, ինչպես Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում։ Դրա փոխարեն կողմերը չափավոր նպատակադրումներով գործակցում են ժողովրդավարության պաշտպանության, ինստիտուցիոնալ կայունության և անվտանգության հարցերում։ Այս իմաստով՝ նրանք իրար հետ կարծես բավականաչափ ազնիվ ու բաց են խաղում։

Այն փաստը, որ Փաշինյանը ՇՀԿ-ին անդամակցելու Երևանի ցանկության մասին հայտարարում է Բրյուսել կատարած այցից բառացիորեն երկու օր անց և նման թվացյալ քաղաքական շրջադարձ ենթադրող քայլին, գոնե  այս պահի դրությամբ, եվրոպական կենտրոններից որևէ հրապարակային արձագանք չի հաջորդում, վկայում է, որ Բրյուսելում ոչ միայն տեղյակ են այդ քայլից, այլև առնվազն դեմ չեն։ Սա կարող է հուշել, որ Բրյուսելում գիտեն կամ հասկանում են, որ ՇՀԿ-ին անդամակցության նախաձեռնումն իրականում ոչ թե շրջադարձ է, այլ  տակտիկական մանևր։ Հակառակ դեպքում՝ դժվար է հավատալ, որ ԵՄ-ն կարող էր Երևանին 2․5 մլրդ դոլար տրամադրելու պլաններ քննարկել։   

Երևանի ռուսական ու չինական թիրախները և ամերիկյան արբիտրը

Որ հայտարարությունը նոր ռազմավարական ընտրություն չէ, փաստում է ևս մեկ հանգամանք։ Հայաստանը ՇՀԿ-ում անգամ դիտորդի կարգավիճակ չունի։ Նման կարգավիճակ ստանալու դիմումը մոտ 10 տարի է ՇՀԿ անդամ երկրների կողմից մնացել է անպատասխան։ Ասել է թե՝ մի կողմից ՇՀԿ-ին ու հատկապես դրա երկու հիմնական դերակատարներին՝ Ռուսաստանին ու Չինաստանին առանձնապես չի հետաքրքրել Հայաստանի ներգրավվումը, Հայաստանին էլ առանձնապես պետք չի եղել անդամակցությունը, որովհետև այս տարիների ընթացքում չի պնդել, խնդրել կամ համառել իր անդամակցության հարցը քննարկման առարկա դարձնել։ Այդ պայմաններում միանգամից անդամակցության հարց առաջ քաշելը նմանվում է սեփական ծնկներց վերև ցատկելուն։

Սակայն ի՞նչ մանևրի մասին է խոսքը։ Առաջին տարբերակն այն է, որ Երևանը փորձել է Ռուսաստանին զրկել այն հիմնավորումից, թե Հայաստանը միակողմանիորեն հեռանում է ռուսական առանցքից։ Եթե Ռուսաստանը ոչինչ չի անում ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում օժանդակելու համար, չի էլ կարող պահանջել ԵՄ-ի հետ չմերձենալ։ ՇՀԿ-ին անդամակցության հայտը կարող է Մոսկվային ուղարկված դիվանագիտական ակնարկ լինել, որ Հայաստանը պատրաստ է գործընկերության նաև Արևելքում։ Ուստի գնդակը հիմա Ռուսաստանի դաշտում է։ Մոսկվան Հայաստանի շանհայյան ռևերանսին դեռ չի արձագանքել։ Կամ լուրջ չի վերաբերվում, կամ ոգևորված չէ Հայաստանի շանհայյան հեռանկարով։ Երկու դեպքում էլ խնդիրը Մոսկվայինն է հետայսու, այլ ոչ թե Երևանինը։

Երկրորդ հնարավոր տարբերակը Չինաստանի գործոնի հետ է կապված։ ՇՀԿ-ն Չինաստանի ազդեցության գործիքներից մեկն է, և Հայաստանն այս քայլով, կարծես, քաղաքական հրավեր է ուղղում Պեկինին՝ ակտիվանալու Հարավային Կովկասում և կոնկրետ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում։ Երևանը Չինաստանին դիտարկում է ոչ միայն որպես ասիական և համաշխարհային տնտեսաքաղաքական շարժիչ, այլև որպես տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերում ու հենց «Խաղաղության խաչմերուկում» պոտենցիալ ներդրող։ Այսինքն՝ ինչ-որ իմաստով Երևանն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկը» ինտեգրել գլոբալ ասիական ավելի գլոբալ կոնցեպտներին՝ փորձելով բարձրացնել իր այդ նախագծի տնտեսաքաղաքական արժեքը։ Չինաստանի մուտքը տարածաշրջան կարող է Հայաստանի համար նոր տնտեսական ու լոկացիոն հնարավորություններ ստեղծել, իսկ ՇՀԿ հարթակը, անգամ դրան Հայաստանի ուղղակի չանդամակցելու պարագայում, այդ համագործակցությանը կարող է տալ ինստիտուցիոնալ կայունություն։ Ակնհայտ է, որ բացի տնտեսական շահից, այստեղ կա նաև անվտանգային շահ։ Տարածաշրջանում Չինաստանի ներգրավվածությամբ գերտերությունների շահերի բալանսավորումը, հատկապես կոմունիկացիոն-տնտեսական կոմպոնենտի հիմքով, մի քանի անգամ բարձրացնելու է տարածաշրջանային անվտանգության և կայունության երաշխիքները։

Սակայն այստեղ մեկ ռիսկ կա․ ԱՄՆ-ի գործոնը։ ԵՄ-ն ինքն է ձգտում Չինաստանի հետ նոր որակի տնտեսական կապեր ամրացնել։ Բայց Վաշինգտոնի համար Չինաստանն ամենալուրջ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական հակառակորդն է։ Եթե Վաշինգտոնը, որը Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ է ստորագրել, ՇՀԿ-ին անդամակցելու Երևանի հայտն ընկալի ոչ թե որպես տակտիկական քայլ, այլ որպես ռազմավարական կողմնորոշում դեպի Չինաստան, ապա կարող է լրջորեն վերանայել իր մոտեցումները Հայաստանի հանդեպ։ ԱՄՆ նախագահ Թրամփն ընդամենը վերջերս էր սպառնում ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցող երկրների նկատմամբ մոտ 15%-ով ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել։ Իսկ ՇՀԿ-ն, որոշ իմաստով, հենց ԲՐԻԿՍ-ի միկրոտեսակն է։ Բայց եթե «խաղաղարարության» ջահակրի դափնիներին հավակնող ԱՄՆ նոր վարչակազմը դրան մոտենա որպես տնտեսական շահերի համադրման միջոցով տարածաշրջանում խաղաղության հասնելու միջոցի՝ գուցե նաև քաջալերի այս քայլը։ Այսինքն՝ ողջ հարցն այն է, թե ինչպես կգնահատվի Վաշինգտոնում Երևանի կատարած ձիու քայլը։

Իրար հակասող վեկտորների միջև ակտիվ մանևրելու Հայաստանի այս արտաքին քաղաքականությունը կարծես նոր հունցվող խմոր է, որը դեռ շատ ջրեր կտանի։ Մնում է հուսալ, որ դրա արդյունքում կարող է մի յուրահատուկ՝ ո՛չ արևելյան, ոչ արևմտյան թխվածք ստացվել՝ ազգային-պետական սուվերենության ու սուբյեկտայնության համով։

Մնում է, ամենակարևորը, չսայթաքել ածելիների ծայրերով քայլելիս․․․

Գոռ Աբրահամյան