Responsible statecraft կայքում ներկայացված է Բրանդայսի համալսարանի Թագի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Հադի Քահալզադեի հոդվածը։ Նա վերլուծում է Իրանի, Իսրայելի և ԱՄՆ միջև սրվող հակամարտության հնարավոր աղետալի տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները: Այն շեշտում է, որ այս կոնֆլիկտը կարող է լուրջ վնասներ հասցնել բոլոր ներգրավված կողմերին և համաշխարհային համակարգին:
Միացյալ Նահանգներն արդեն պաշտոնապես մտել է Իսրայելի ու Իրանի սրվող պատերազմի մեջ՝ նպատակային հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին՝ վերացնելու Թեհրանի միջուկային սպառնալիքը, նպատակ, որը ժամանակին արդյունավետ կերպով իրականացվել էր 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի միջոցով։
Նախագահ Թրամփն Իրանին նախազգուշացրել է, որ կլինի խաղաղություն կամ ողբերգություն՝ շատ ավելի մեծ, քան այն, ինչ Իրանը վերապրել է վերջին օրերին՝ ակնարկելով, որ կան նաև այլ թիրախներ, եթե Թեհրանը որոշի սրացնել իրավիճակը։
Սակայն նույնիսկ այս միակողմանի հարվածը չի կարող լիովին չեզոքացնել Իրանի ներքին միջուկային կարողությունները։ Այն չի դադարեցրել Իրանի հարձակումներն Իսրայելի դեմ, ավելին՝ մեծացրել է ԱՄՆ զորքերի ու ակտիվների խոցելիությունը տարածաշրջանում։ Իրանի հետագա քայլերը բազմազան ու անկանխատեսելի են, բայց մեկ բան հստակ է՝ տնտեսական գինը բարձրանում է ու կարող է կործանարար դառնալ բոլոր ներգրավված կողմերի ու ամբողջ աշխարհի համար։
Իսրայելի տնտեսական ծանր գինը
Իսրայելը արդեն իսկ կրում է հսկայական տնտեսական ծախսեր։ Ըստ գնահատականների՝ մեկամսյա պատերազմը կարող է Իսրայելի վրա նստել շուրջ 12 միլիարդ դոլար, իսկ օրական ռազմական ծախսերը հասնում են 725 միլիոնի։ Եթե Իրանը հարվածի ավելի շատ քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ ծախսերը կտրուկ կաճեն։
Ավելի քան 5 հազար իսրայելցի արդեն տարհանվել է իրենց տներից՝ հրթիռային հարվածների պատճառով։ Աշխատուժի դեֆիցիտն էլ խորանում է, քանի որ տասնյակ հազարավոր պահեստազորայիններ՝ այդ թվում բարձր տեխնոլոգիական ու արդյունաբերական ոլորտներից, զորակոչվել են։ 2024 թվականի վերջին Գազայի պատերազմն արդեն իսկ Իսրայելի վրա նստել էր ավելի քան 67,5 միլիարդ դոլար՝ չհաշված քաղաքացիական ու ենթակառուցվածքային վնասները, ինչպես նաև ավելի լայնածավալ տնտեսական կորուստները։
Արագ ռազմական հաղթանակն ինչ-որ չափով կթեթևացներ տնտեսական հարվածները, սակայն երկարատև պատերազմը կարող է լրջորեն խափանել Իսրայելի տնտեսական աճը, լարել բյուջետային կայունությունը ու վտանգի տակ դնել երկրի վարկային վարկանիշը։
Իրանի խոցված տնտեսությունն ու հումանիտար աղետը
Նույնիսկ մինչ Իսրայելի հարվածները, Իրանը կանգնած էր ահռելի ենթակառուցվածքային ճգնաժամի առաջ՝ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով առաջացած խիստ տնտեսական բացերը լրացնելու համար անհրաժեշտ էր ավելի քան 500 միլիարդ դոլարի ներդրում։ Իսրայելի հարվածներն էլ ավելի խորացրին այդ ճգնաժամը՝ ոչնչացնելով կարևոր քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքներ։ Միայն վերականգնման ուղղակի ծախսերը կարող են հասնել տասնյակ միլիարդավոր դոլարների՝ ավելացնելով բեռը Իրանի արդեն իսկ խարխլված տնտեսության ու սուղ ֆինանսական ռեսուրսների վրա։
Համաձայն 2023 թվականի Իրանի տնային տնտեսությունների ծախսերի ուսումնասիրության՝ իրանցիների ավելի քան 80 տոկոսն օրական չի հասնում 2 100 կալորիա ընդունման շեմին ու տառապում է պարենային անապահովությունից։ Երկարատև պատերազմն այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի կխորացնի՝ երկիրը տանելով համազգային աղետի շեմին։
Կիբերհարվածներ ու էներգետիկ քաոսի սպառնալիք
Իրանը կարող է պատասխանել կիբերհարձակումներով՝ թիրախավորելով ԱՄՆ-ի կարևոր ենթակառուցվածքներ՝ էլեկտրացանցեր, ջրային համակարգեր, խողովակաշարեր, ֆինանսական ցանցեր ու այլ կարևոր ծառայություններ։ Նման հարվածի տնտեսական հետևանքները կարող են տատանվել հարյուրավոր միլիարդներից մինչև մեկ տրիլիոն դոլար։
Բացի այդ, եթե Իրանը հարվածի Պարսից ծոցի նավթային ու գազային ենթակառուցվածքներին կամ արգելափակի Հորմուզի նեղուցը, դա կարող է խափանել համաշխարհային նավթի ու LNG-ի մատակարարման ավելի քան 20 տոկոսը, ինչի արդյունքում նավթի գինը կարող է հասնել մինչև 150 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Ըստ Bloomberg-ի վերլուծության՝ այս գնային մակարդակի պահպանումն արդեն իսկ տարեկան շուրջ 1 տրիլիոն դոլար կհանի համաշխարհային ՀՆԱ-ից՝ խթանելով համաշխարհային ստագֆլյացիան ու լրջորեն վնասելով ԱՄՆ-ի՝ գնաճի ու տնտեսական կայունության ապահովման ջանքերը։
Նեթանյահուի նկրտումներն ու ամերիկյան միջամտության ռիսկերը
Նեթանյահուի՝ Իրանի ռեժիմի տապալման նկրտումները դժվար թե իրականացվեն առանց ԱՄՆ անմիջական մասնակցության՝ ներառյալ հարյուր հազարավոր ցամաքային զորքերի տեղակայումը։ Եթե Վաշինգտոնը գնա այդ քայլին, կներքաշվի ևս մեկ բաց ավարտի պատերազմ, որի արժեքը կկազմի 2–3 տրիլիոն դոլար ու կխլի հազարավոր կյանքեր։
Նույնիսկ եթե Իսրայելին հաջողվի հասնել կարճաժամկետ ռազմական նպատակներին՝ գլխատելով Իրանի ղեկավարությունը, չեզոքացնելով նրա ռազմական կարողությունները ու անգամ քայքայելով երկիրը՝ առանց Թեհրանի ցավոտ պատասխան հարվածի, այդ հաղթանակն ամենայն հավանականությամբ կլինի խաբուսիկ։ Արդյունքում կծնվեն ապստամբության ալիքներ, փախստականների ճգնաժամ ու տարածաշրջանային անկայունություն՝ գերազանցելով անգամ 2003 թվականի ԱՄՆ ներխուժման հետևանքով Իրաքի քաոսի ծավալները։
Կիսված Իրանի վտանգն ու շղթայական անկայունությունը
Նկատի ունենալով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ապակենտրոն բնույթը՝ անգամ տրոհված Իրանը կարող է մնալ մշտական սպառնալիք։ ԻՀՊԿ մնացորդներն ու նրանց վստահված ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել արևմտյան ու արաբական տնտեսական օբյեկտներին՝ ավելացնելով ռիսկերը ու վնասներ պատճառելով ԱՄՆ դաշնակիցներին։
Տարածաշրջանի տնտեսական հետևանքներն էքզիստենցիալ բնույթ կունենան Ծոցի դաշնակից երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի ու Բահրեյնի համար։ ԱՄՀ-ն արդեն իսկ 2025 թվականի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է 4%-ից մինչև 2,6%՝ հաշվի առնելով աճող լարվածությունը։ Երկու-երեք տարի տևող տնտեսական անկումն ու օտարերկրյա ներդրումների կտրուկ կրճատումը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Vision 2030 ռազմավարության առանցքային նախագծերի ձգձգումը, կարող են այդ տնտեսություններին հասցնել 730 միլիարդից մինչև 1 տրիլիոն դոլարի վնաս։
Ինչպես նշել է Ծոցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, երկարատև հակամարտությունը կարող է ոչնչացնել տարիների տնտեսական առաջընթացն ու խարխլել ներդրողների վստահությունը։ Նույնիսկ եթե առաջին հայացքից կիսված Իրանը կարող է շահավետ թվալ, շղթայական հետևանքներն ի վերջո բեռ կդառնան ԱՄՆ հարկատուների ու բիզնեսի վրա՝ ներքաշելով Ամերիկան երկարատև տարածաշրջանային ճահճի մեջ։
Նպատակին չհասած պատերազմն ու միջուկային շղթայական արձագանքի վտանգը
Եթե Իսրայելի ռազմական արշավը ձախողվի, Թեհրանը կհայտնվի ավելի ուժեղ ու համախմբված դիրքերում։ Արդեն իսկ նկատվում է, որ իսրայելական հարվածներն ամրապնդել են իրանական հանրային աջակցությունը միջուկային զինվածությանը, ինչը կարող է Իրանը տանել միջուկային զենք ստեղծելու ուղի։
Չնայած ծանր գնին՝ Իրանը պահպանում է միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) 10-րդ հոդվածով նախատեսված իրավունք՝ դուրս գալ պայմանագրից ու վերսկսել միջուկային ծրագիրը՝ առանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության։ Սա շղթայական միջուկային մրցավազք կհրահրի՝ Բեռլինից ու Վարշավայից մինչև Անկարա, Էր-Ռիադ, Սեուլ ու Տոկիո՝ փլուզելով տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված միջուկային զենքի չտարածման համաշխարհային համակարգը։
Պատկերացրեք միջուկային զենքերով հագեցած Մերձավոր Արևելք, որտեղ Եվրոպայի ու Արևելյան Ասիայի երկրներն էլ կշտապեն ստեղծել իրենց զսպող միջոցները։ Այն, ինչ սկսվեց որպես Իսրայելի նպատակային հարված, կարող է վերածվել համաշխարհային անվտանգության մղձավանջի՝ կտրուկ բարձրացնելով էներգակիրների գներն ու ապահովագրական դրույքաչափերը, մեծացնելով ներդրողների անորոշությունը ու մղելով համատարած ռազմական ծախսերի աճի՝ խարխլելով ԱՄՆ ռազմավարական ու տնտեսական դիրքերը։
Նոր սառը պատերազմի ու համաշխարհային անկայունության ուրվականը
Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս ձգվող սպառազինությունների նոր մրցավազքը կարող է ապակայունացնել համաշխարհային տնտեսությունն ու կտրուկ թուլացնել ԱՄՆ ռազմավարական դիրքերը։ Ոչ մի ամերիկացի նախագահ, անգամ Սառը պատերազմի ժամանակ, չի կանգնել գլոբալ միջուկային կարգի միաժամանակյա փլուզման մարտահրավերների առաջ։ Նախագահ Թրամփը կարող է դառնալ առաջինը։
Դեռ անհայտ է՝ արդյոք Թրամփի վարչակազմին կհաջողվի վերսկսել բանակցությունները այս շաբաթավերջի հարվածներից հետո։ Սակայն միլիարդներ կորցնելու փոխարեն Վաշինգտոնը կարող է առաջարկել պատժամիջոցների մեղմացում ու տարածաշրջանային տնտեսական համագործակցություն՝ Իրանի՝ 2015 թվականի համաձայնագրի մակարդակից էլ ցածր հարստացման դիմաց կամ անգամ լիակատար ապամիջուկայնացման դիմաց։ Նման համաձայնագիրը կարող է ընդլայնվել՝ դառնալով դե ֆակտո չհարձակման պայմանագիր Իրանի ու Իսրայելի միջև, ինչը նախկինում անհնար էր թվում։
Վերջին ուսումնասիրություններս վկայում են, որ ԱՄՆ-ը կարող է հասնել ավելի ամուր ու համապարփակ գործարքի՝ տարեկան մինչև 25 միլիարդ դոլարի երկկողմ առևտրի լիցենզավորման ու ամերիկյան ընկերություններին Իրանի՝ մինչև 2040 թվականը 4 տրիլիոն դոլար գնահատվող չօգտագործված ներդրումային շուկա մուտք գործելու հնարավորության դիմաց։ Նման համաձայնագիրը տարածաշրջանը կկայունացներ փոխադարձ տնտեսական շփումների, այլ ոչ թե ռազմական սրացումների միջոցով։
Այլընտրանքը՝ անասելի աղետ է՝ տրիլիոն դոլարի վնասներ, քանդված միջուկային համաձայնագիր, միջուկային զենքերով հագեցած Իրան ու ԱՄՆ գերակայությունը Մերձավոր Արևելքում ապահովող դաշինքների փլուզում։
Պատրաստեց Արման Գալոյանը