Վերլուծություն

Պատերա՞զմ, թե՞ զիջումներ․ Իրանին պարտադրվող իսրայելա-ամերիկյան գոյաբանական ընտրությունը

Իսրայելի զինված ուժերը հունիսի 12-ի, լույս 13-ի գիշերը միաժամանակյա հարվածներ են հասցրել Իրանի Թեհրանի, Ղոմի, Էսֆահանի, Արաքի և Բուշեհրի տարածաշրջաններում գտնվող ռազմա-միջուկային օբյեկտներին։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ թիրախավորվել են «Նաթանզ» և «Ֆորդո» միջուկային օբյեկտները, հարակից գիտահետազոտական կենտրոնները, ինչպես նաև Հեղափոխական պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորականների կեցավայրերը։

Նաթանզի ստվերը. արդյո՞ք պատերազմն արդեն սկսվել է

Իրանը հաստատել է տասնյակ զոհերի առկայությունը, այդ թվում՝ ռազմական գիտնականների և Իրանի զինված ուժերի բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչների։ Այս հանգամանքը վկայում է Իսրայելի թիրախային հարվածների բարձր արդյունավետության, միաժամանակ, իրանական ստրատեգիական օբյեկտների և հակաօդային պաշտպանության համակարգերի խոցելիության մասին։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է մեծ հաշվեհարդար, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր երկրի բնակչությանը կոչ է արել պատրաստվել երկարատև ռազմական դիմակայության։

Իսրայելի և Իրանի միջև ռազմական նոր էսկալացիան մեծ մերձավորարևելյան տարածաշրջանը տեղափոխում է որակապես նոր, աննախադեպ բարձր լարվածության հարթություն, որը կարող է կարդինալ կերպով փոխել ուժերի հարաբերակցությունն ու ռազմաքաղաքական լանդշաֆտը։ Դա մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Իրանն իրեն հասցված ծանր հարվածները կդիտարկի որպես իրական պատերազմի մարտահրավեր և կոնֆլիկտը իրապես կտեղափոխի պատերազմական ֆազա։ Նման հեռավորության վրա Իսրայելի նկատմամբ մարտական գործողությունները լինելու են բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով, ինչը, երկարաձգվելու դեպքում, նախ, Իրանին կստիպի պարպել իր ստրատեգիական արսենալի զգալի մասը, երկրորդ՝ նկատելիորեն թույլ ՀՕՊ համակարգերի պայմաններում դյուրացնի իսրայելական ավելի ինտենսիվ հարվածները հենց իր՝ Իրանի միջուկային օբյեկտներին։ Նման պատերազմը Իրանից ահռելի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ է խլելու, և Թեհրանում միայն գիտեն՝ որքանով է ունակ գրեթե ճգնաժամի մեջ գտնվող իրանական տնտեսությունը սպասարկել նման հյուծող պատերազմը, և ինչ գին է արժենալու այն իրենց համար։

Երկսայր խաղը․ կսրի՞ Իրանը իրավիճակը, թե՞ կփորձի փրկել դեմքը

Հատկապես մարդկային (առաջին հերթին՝ որակական իմաստով) կորուստներն, իհարկե, Թեհրանին չեն թողնում այլընտրանք՝ հնարավորինս կոշտ արձագանքելու հասցված հարվածներին։ Սակայն ամենևին բացառելի չէ, որ, ինչպես նախկինում, դրանք ավելի շատ կարող են լինել դեմքը փրկելուն ուղղված ջանքեր՝ մանավանդ երկրի ներսում ֆունդամենտալ թեոկրատական կենտրոնաձիգ իշխանության ներքին հեղինակությունը կասկածի տակ չդնելու նպատակով։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Իսրայելն այս հարվածները հասցրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական՝ 2025թ. հունիսի 15-ին Մասկատում (Օման) պլանավորված վեցերորդ շրջափուլի բանակցությունների նախօրեին։ Պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածից հետո արդեն հայտարարել է այդ բանակցությունների չեղարկման մասին՝ միաժամանակ պնդելով, որ Իսրայելը չէր կարողանա նման օպերացիա իրականացնել՝ առանց ԱՄՆ-ի համաձայնության և թույլտվության։

Իսրայելական հարվածներից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես եկավ հայտարարությամբ՝ Իրանի դեմ Իսրայելի գործողությունները բնորոշելով որպես միակողմանի և շեշտելով, թե իրենք չեն մասնակցում Իրանի դեմ հարվածներին։

Չնայած այս պնդումներին՝ Վաշինգտոնի նախընթաց վարքագիծը բոլոր հուշումները տալիս էր Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողության մասին։ ԱՄՆ-ն սկսել էր Իրանին հարակից ռազմաբազաներից էվակուացնել իր ոչ ռազմական կոնտինգենտը, իսկ նախագահ Թրամփը հայտարարում էր, թե այլևս մեծ սպասելիքներ չունի Իրանից՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների հասնելու առումով, և չէր ցանկանա, որ կարգավորումը բռնության միջոցով տեղի ունենար։

Այս ֆոնին ԱՄՆ-ն, մինչև իսրայելական հարձակումը, երկու հիմնական լեյտմոտիվ էր զարգացնում․ նախ, որ Իսրայելը կարող է ու պատրաստվում է ինքնուրույն գործողությունների դիմել Իրանի դեմ, երկրորդ՝ իրենք դրա հետ կապ չունեն, ավելին, Երուսաղեմը գործելու է ի հեճուկս իրենց։ Եվ, այնուամենայնիվ, Իսրայելի կողմից, ԱՄՆ-ի կամքը անտեսելով, նման ծանր հարվածներ հասցնելուց հետո Սպիտակ տունը շտապեց հայտարարել, թե իրենք կպաշտպանեն Իսրայելին Իրանի պատասխան հարվածների դեպքում։ Այս առաջին հայացքից հակասության վրա լույս է սփռում պետքարտուղար Ռուբիոյի հայտարարությունն այն մասին, որ իրենց գլխավոր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է, և Իրանը չպետք է թիրախավորի ԱՄՆ շահերը կամ անձնակազմը։ Ռուբիոյի ակնարկն առավել քան թափանցիկ է՝ Թեհրանի կողմից մերձավորարևելյան տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների ու բազաների թիրախավորումը լեգիտիմ հիմքեր կտա Վաշինգտոնին՝ դիվանագիտական լեզվի փոխարեն Թեհրանի հետ խոսելու ուժի լեզվով, ինչը նշանակելու է պատերազմի վերափոխում իրանա-իսրայելականից դեպի իրանա-ամերիկյան, որի պատասխանատուն, ըստ էության, այդ դեպքում կլինի հենց Իրանը։

«Մտրակ և բլիթ» կամ վերջին նախազգուշացում

Վաշինգտոնի մարտավարությունը նման է «մտրակի և բլիթի» հայտնի քաղաքականությանը, որտեղ բլիթ տվողի դերում դիրքավորվել է ինքը՝ Վաշինգտոնը։ Թերևս պատահական չէր, որ իսրայելական հարվածներից գրեթե անմիջապես հետո իր միկրոբլոգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարկ համարեց գրել, որ իրենք շարունակում են հանձնառու մնալ Իրանի միջուկային հարցի դիվանագիտական ​​լուծմանը, և իր ամբողջ վարչակազմին հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ։ «Նրանք կարող են լինել հիանալի երկիր, բայց նախ պետք է լիովին հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հույսերից»,-եզրափակել էր Թրամփը «Truth Social»-ի իր էջում։

Իսկ ահա մտրակողի և, նաև, հարվածի ծանրության բեռն իր վրա վերցնողի դերում հանդես է գալիս Իսրայելը։ Վերջինս մեծ էնտուզիազմով է կատարում այդ դերը,  քանի որ ստացել է հնարավորություն՝ կետային ճշգրիտ հարվածներով քայքայելու իր ստրատեգիական հակառակորդի ռազմական ու միջուկային ենթակառուցվածքները․ մարտավարություն, որ հաջողությամբ Իսրայելը կիրառեց ետասադական Սիրիայի դեմ։

Նման մարտավարության նպատակն ամենևին պատերազմի խորացումը չէ, այլ Իրանին միջուկային ծրագրից հրաժարվելուն հակելը։ Վաշինգտոնում գնահատում են, որ Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ մաքոքային բանակցությունները, առանց էական որևէ արդյունքի, ծառայեցնում է ընդամենը մինչև ատոմային զենքի ստեղծման համար անհրաժեշտ մակարդակի միջուկի հարստացման համար։ Ուստի փորձում են Իրանի հոգևոր առաջնորդին, ով ամենառադիկալն է տրամադրված միջուկային ծրագրից չհրաժարվելու հարցում, նման չափազանց ծանր ու ռեսուրսազրկող հարվածներով ցույց տալ, թե ինչ է տեղի ունենալու այդ «բաց պատուհանից» հրաժարվելու դեպքում։

Այս իմաստով, ԱՄՆ-ն, Իսրայելի օգնությամբ, Իրանի հարցում փափուկ դիվանագիտությունը փոխարինում է կոշտ կամ «բալիստիկ հրթիռներով ուղեկցվող» դիվանագիտությամբ։ Կվերաճի այն պատերազմի, թե ոչ, կախված է Իրանից, որը ունի նաև իրեն շրջապատող ամերիկյան ռազմաբազաները թիրախավորելու հնարավորություն։ Կլինեն այդ հարվածները, թե ոչ, կախված է նաև այն հարցից, թե ինչպիսին կլինի, հատկապես, Ռուսաստանի և Չինաստանի դիրքավորումն այս հարցում։ Մոսկվայի և Պեկինի՝ գոնե առաջին ռեակցիան կարծես շպրոիրանական է, կարելի է ասել՝ չափավոր պրոիրանական։ Պակաս դեր չի ունենա նաև Թուրքիայի դիրքորոշումը, որն, անկասկած, փորձելու է իրանական կրակից սեփական շագանակները հանել, ինչն ուղիղ վերաբերելու է նաև Հայաստանի շահերին։ Երևանի կենսական շահը պահանջում է «իրանական կրակի» շատ արագ մարում, քանի դեռ այն չի վերածվել մեգատարածաշրջանային հրդեհի, որը կարող է ուղղակի այրել նաև Հայաստանի «վերջույթները»։ Հենց այդ մասին էր ՀՀ արտգործնախարարության հայտարարությունը Իրանի շուրջ սրված իրավիճակի վերաբերյալ։

Սակայն սա արդեն առանձին թեմա է։

Գոռ Աբրահամյան