ՀՀԿ-ն ուրբաթ ուշ երեկոյան հայտարարություն տարածեց՝ հայտնելով, որ դիմում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար։ Իսկ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին։
ՀՀԿ այս հայտարարությունը, ավելի ճիշտ՝ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելը, եթե անկեղծ, ոչ միայն անսպասելի էր, այլև՝ խիստ տարակուսելի։ Թեկուզ՝ այն պարզ պատճառով, որ Դավիթ Համբարձումյանն այն կերպարը չէ, որին նախկին իշխող կուսակցությունը կարող էր ներկայացնել որպես վարչապետի թեկնածու։ ՀՀԿ-ում, այնուամենայնիվ, բավական վառ կերպարներ կան, որ կարող են հավակնել այդ դերին՝ քաղաքական պրոցես գեներացնելու և առաջ շարժվելու համար։ Մինչդեռ, նրանց փոխարեն Մասիսի քաղաքապետին առաջադրելը հուշում է, որ ինչ-որ բան այն չէ։
Նախ, Դավիթ Համբարձումյանը քաղաքական այն դեմքը չէ, որին Հայաստանի ամենամեծ կուսակցություններից մեկը կարող է առաջադրել վարչապետի պաշտոնում։ Նա քաղաքական գործիչ չէ, երբևէ աչքի չի ընկել քաղաքական հայտարարություններով, կարևորագույն հարցերի վերաբերյալ տեսակետ չի ներկայացրել, ուր մնաց՝ ծրագիր։
Բացի այդ, Համբարձումյանն աչքի է ընկել ամենատարբեր աղմկահարույց պատմություններով։
Մարդիկ հազիվ թե մոռացած լինեն Համբարձումյանի «հերոսական անցյալը»՝ հատկապես 2018թ. թավշյա հեղափոխության օրերին, երբ Երևանի տարբեր վայրերում անձամբ էր մասնակցում ցուցարարների ծեծուջարդին։ Այլ հարց, որ թեև նա ձերբակալվեց, սակայն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց իր արարքների համար։ Նույնը՝ նաև նրա եղբայրը։
Բայց վերադառնանք նրա քաղաքական կերպարին. ինչպես արդեն ասացինք, այս ողջ ընթացքում Դավիթ Համբարձումյանն աչքի չի ընկել քաղաքական գործունեությամբ։ Նրան կարելի է հանդիպել միայն Սերժ Սարգսյանի դատավարություններին կամ հանրահավաքներին։ Վերջ։
Եւ ուրեմն, ինչո՞ւ էր ՀՀԿ-ն որոշել, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելով, նման անհաջող թեկնածու առաջադրել։
Ընդհանրապես, տպավորություն է, որ նախկին իշխող կուսակցությունը որոշել է անլրջացնել քաղաքական պրոցեսներն ու վարկաբեկել իմպիչմենտի գաղափարը։ Այլկերպ, թերևս, դժվար է որակել ՀՀԿ պահվածքը, երբ, ունենալով ներկայանալի դեմքեր, նման թեկնածու են առաջադրում։
Միաժամանակ, այս նախաձեռնությունը կարծես ուղղված է ոչ այնքան իշխանությունների, որքան Ռոբերտ Քոչարյանի ու նրա ճամբարի դեմ։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ինքը իմպիչմենտի գործընթաց չի սկսվում, բայց խոստացել է նման նախաձեռնության միանալ՝ համապատասխան թեկնածուի առկայության դեպքում։ Եւ հիմա Քոչարյանի ղեկավարած ուժը պետք է դիրքորոշում հայտնի. «ոխերիմ գործընկեր» խմբակցությունը կոնկրետ թեկնածու է առաջադրում։
Այսօր «Հայաստան» խմբակցությունից հայտարարության եղավ, թե պատրաստ են «ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»: Ի՞նչ քննարկումների մասին է ակնարկում ընդդիմադիր խմբակցությունը։ Իսկ միգուցե այս հայտարարությունն արվել է՝ քաջ գիտակցելով, որ, միևնույն է, հարցն ԱԺ օրակարգ անգամ չի հասնի. դրա համար բացակայում է 2 ստորագրություն, և անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն արդեն հրաժարվել են միանալ նախաձեռնությանը։ Ասել է, թե իմպիչմենտի գործընթացն ի սկբանե մեռելածին է։
Մինչ այդ, տեղին է հիշել դասականի՝ տասը տարի առաջ ասված հայտնի խոսքերը՝ «Մենք կրկեսի վերածելուհայրենիք չունենք»։ Փաստորեն, երբ հարկավոր է, կարելի է հայրենիքը, քաղաքական դաշտը նաև կրկեսի վերածել, երբ հարկավոր է, կարելի է խոսել դրա անթույլատրելիության մասին։
Արման Գալոյան