Responsible Statecraft կայքը ներկայացրել է Քուինսիի պատասխանատու կառավարման ինստիտուտի «Եվրասիա» ծրագրի տնօրեն Անատոլ Լիվենի վերլուծությունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։
Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից Ստամբուլում երկուշաբթի օրը ներկայացված հուշագրերը միանշանակ ցույց են տալիս, որ առանց ԱՄՆ վճռական միջամտության և ամերիկյան մանրամասն խաղաղ ծրագրի՝ Ուկրաինայում խաղաղ լուծում հնարավոր չէ։
Խնդիրը միայն այն չէ, որ կողմերի որոշ դիրքորոշումներ իրար հակասող են և բացարձակ անհամատեղելի։ Հուշագրերը ցույց են տալիս, որ կողմերից ոչ մեկը ներկայումս իրականում շահագրգռված չէ շուտափույթ խաղաղության հաստատմամբ։
Ուկրաինական դիրքորոշումը
Ուկրաինայի կողմից ներկայացված հուշագրում ասվում է․ «Ցամաքում, օդում և ծովում՝ ռազմական գործողությունների լիակատար և անառարկելի դադարեցումը հանդիսանում է խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ նախադրյալ և պայման»։ Ռուսաստանը արդեն իսկ մերժել է այս պահանջը և հավանաբար կշարունակի մերժել, քանի որ դա կնշանակեր հրաժարում իր հիմնական լծակներից՝ առանց որևէ փոխհատուցման։ Բացի այդ, անկայուն և փխրուն հրադադարը չի բխում նաև Ուկրաինայի կամ Արևմուտքի շահերից։ Եթե Ուկրաինան ցանկանում է սկսել բարդ տնտեսական վերակառուցում և ժողովրդավարական բարեփոխումներ, ապա դրա համար անհրաժեշտ է կայուն և տևական խաղաղություն։
Ուկրաինական հուշագրում նշվում է նաև, որ «չպետք է սահմանափակումներ կիրառվեն Ուկրաինայի Զինված ուժերի թվաքանակի, տեղակայման կամ այլ պարամետրերի վրա, ինչպես նաև՝ բարեկամական օտարերկրյա ուժերի Ուկրաինայի տարածքում ներկայության հարցում»։ Ռուսաստանը նախապես հայտարարել է, որ երբեք չի ընդունի արևմտյան զորքերի ներկայություն Ուկրաինայում, քանի որ այն դիտարկում է դա որպես ՆԱՏՕ-ի անդամակցություն՝ առանց պաշտոնական անվանման։ Եվրոպական առաջնորդներն էլ իրենց հերթին նշել են, որ եվրոպական ուժերը կարող են տեղակայվել միայն ԱՄՆ աջակցությունը երաշխավորելու պարագայում, սակայն Թրամփի վարչակազմը մերժել է այդ պայմանը։
Մեկ այլ դրույթում Ուկրաինան ընդունում է, որ «Ռուսաստանի նկատմամբ կիրառված որոշ պատժամիջոցներ կարող են աստիճանաբար հանվել՝ պայմանով, որ կգործի մեխանիզմ պատժամիջոցների վերականգնման հնարավորության դեպքում։ Սառեցված ռուսական պետական ակտիվները կուղղվեն վերակառուցման աշխատանքներին կամ կմնան սառեցված մինչև փոխհատուցումների վճարումը»։ Հասկանալի է, որ Մոսկվան չի համաձայնի խաղաղ պայմանագրի ստորագրմանը՝ առանց պատժամիջոցների վերացման կամ դրա վերաբերյալ հստակ երաշխիքների։
Եվրոպական ինտեգրում․ միակ ճկուն կետը
Միակ կետը, որտեղ ուկրաինական կողմը տեղ է թողնում հնարավոր փոխզիջման համար, հետևյալն է․ «Ուկրաինան պարտավոր չէ պահպանել չեզոք կարգավիճակ։ Այն կարող է ձգտել անդամակցել եվրոատլանտյան հանրությանը և շարժվել ԵՄ անդամակցության ուղղությամբ։ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կախված է Ալյանսի ներսում կոնսենսուսից»։ Ռուսաստանը արդեն իսկ հրապարակայնորեն հայտարարել է, որ Ուկրաինան ինքնիշխան իրավունք ունի ձգտելու ԵՄ անդամակցության։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա հուշագիրը ճիշտ է նշում, որ դա կախված է ոչ թե Ուկրաինայից, այլ Ալյանսի բոլոր անդամների միաձայն համաձայնությունից։
Սա նշանակում է, որ թե՛ Թրամփի վարչակազմը, թե՛ որևէ եվրոպական կառավարություն կարող է արգելափակել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ առանց Կիևին որևէ բան բացատրելու։ Սակայն Մոսկվայի համար հիմնական խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի արևելյան անդամները՝ մասնավորապես Լեհաստանը և մյուսները, շարունակում են հանդես գալ որպես Ուկրաինայի անդամակցության կողմնակիցներ։ Իսկ եթե 2028 թ․ ԱՄՆ-ում հաղթեն դեմոկրատները, նրանք կարող են չեղարկել Թրամփի վետոն։ Դրա համար էլ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի Ուկրաինան Սահմանադրությամբ ամրագրի չեզոք կարգավիճակ, կամ՝ ձեռք բերվի համապատասխան ամերիկա-ռուսական պայմանագիր, ինչը Կիևը մերժում է։
Ռուսական հուշագիրը՝ ոչ իրատեսական պահանջներով
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստամբուլում ներկայացված ռուսական հուշագրում առկա են հրադադարի այնպիսի պայմաններ, որոնք Մոսկվային պետք է հայտնի լինեն որպես լիովին անընդունելի ուկրաինացիների համար։ Դա, սակայն, չի բացառում այն հնարավորությունը, որ Ռուսաստանը որոշ հարցերում պատրաստ կլինի փոխզիջման, եթե հասնի իր նպատակներին այլ ոլորտներում, մասնավորապես՝ Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերություններում։
Ռուսական հուշագրի մեջ ներառված են հետևյալ պահանջները․
Ուկրաինական Զինված ուժերի ամբողջական դուրսբերում Դոնբասից, Խերսոնից և Զապորոժիեի մարզերից,
այլընտրանքային հրադադարի տարբերակ՝ ուկրաինական բանակի խոշոր տեղաշարժերի արգելք, մոբիլիզացիայի և ռազմական դրության չեղարկում, օտարերկրյա զենքի մատակարարումների դադարեցում։
Սակայն այս պայմանները հնարավոր կդառնան միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը հաղթանակ տանի ռազմաճակատում։ Ուկրաինան երբեք չի համաձայնի հանձնել այն տարածքները, որոնք դեռ վերահսկում է, իսկ եվրոպական երկրները չեն համաձայնի դադարեցնել ռազմական օգնությունը։
Պահանջներ և միջազգային արձագանք
Ռուսական հուշագրի համաձայն՝ հրադադարի դիմաց Մոսկվան պահանջում է «միջազգային ճանաչում Դոնբասի, Զապորոժիեի, Խերսոնի և Ղրիմի՝ որպես Ռուսաստանի մաս»։ Այս պահանջը որևէ իմաստ չունի։ Բանն այն չէ միայն, որ Ուկրաինան և Արևմուտքը երբեք չեն ճանաչի այդ անեքսիաները։ Նույնը վերաբերում է նաև Չինաստանին, Հնդկաստանին և Հարավային Աֆրիկային, որոնք նույնպես հրաժարվել են դրանք ճանաչել և կշարունակեն նույն դիրքորոշումը։ Ամենաշատը, ինչին կարող է հույս կապել Ռուսաստանը (ինչպես այն նախատեսվում էր Ստամբուլում 2022թ․ մարտի բանակցությունների ժամանակ), դա այդ տարածքների իրավական կարգավիճակի հարցի հետաձգումն է՝ հետագա բանակցությունների համար։
Ռուսաստանը նաև պահանջում է՝
Կիևը հայտարարի նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրը, որոնք պետք է կայանան ռազմական դրության չեղարկումից ոչ ուշ, քան 100 օրվա ընթացքում,
սահմանափակում ուկրաինական բանակի թվաքանակի վրա,
նեոնացիստական և ազգայնական քարոզչության, ինչպես նաև ազգայնական կուսակցությունների և կազմակերպությունների արգելք,
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու իրավունքների վերականգնում,
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ պայմանագրի հաստատում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավաբանական ուժ ունեցող բանաձևով,
ռուսախոս բնակչության իրավունքների լիարժեք իրականացում,
փոխադարձ պահանջների մերժում պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար։
ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից խաղաղ պայմանագրի իրավական հաստատումը տրամաբանական և իմաստալից պահանջ է։ Սակայն ռուսական մյուս պահանջների կատարումը Կիևի համար կլինի ծայրահեղ դժվար՝ Ռուսաստանի ճնշման ներքո, քանի որ դրանցից շատերը ենթադրում են Ուկրաինայի խորհրդարանի հաստատում, ինչը քիչ հավանական է։
ԱՄՆ դերակատարության կարևորությունը
Միայն Վաշինգտոնն է ունակ Ռուսաստանին առաջարկել փոխզիջումներ այլ ոլորտներում՝ օրինակ՝ ԱՄՆ ուժերի տեղակայման հարցում Եվրոպայում, որոնք կարող են Մոսկվային ստիպել մեղմել իր պահանջները։ Միայն ԱՄՆ կարող է ճնշում գործադրել Կիևի և եվրոպական մայրաքաղաքների վրա՝ ընդունելու այդ պայմանները։ Ռուսական որոշ պահանջներ (օրինակ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանումը) ոչ միայն օրինական են, այլև անհրաժեշտ՝ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։ Սակայն անհրաժեշտ է գտնել ձևաչափ, որի համաձայն Ուկրաինան դրանք ընդունի որպես ԵՄ-ին անդամակցելու գործընթացի ելակետ, այլ ոչ թե՝ որպես Մոսկվային կապիտուլյացիա։
Թրամփի վարչակազմի դժգոհությունը խաղաղ գործընթացի վերաբերյալ կարելի է հասկանալ, սակայն ԱՄՆ-ի համար դա սխալ քայլ կլինի՝ նույնիսկ սեփական շահերի տեսանկյունից։ Շուտ թե ուշ Վաշինգտոնը ստիպված կլինի նորից ներգրավվել։ Երեք վերջին զարգացումները վկայում են, որ պատերազմի երկարաձգումը լուրջ ռիսկեր է պարունակում ԱՄՆ-ի համար։
1. Ռազմավարական կայունության խախտում - Ուկրաինայի՝ ՌԴ ռազմաօդային ուժերի միջուկային զենք կրող ռմբակոծիչների վրա իրականացրած հարձակումը խաթարում է ռազմավարական կայունությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։
2. Տնտեսական ազդեցություններ - ԱՄՆ Սենատում քննարկվող երկկուսակցական օրինագիծը նախատեսում է 500% մաքսատուրք այն երկրների ապրանքների համար, որոնք գնում են ռուսական նավթ և գազ։ Թեև ակնարկը վերաբերում է Չինաստանին, դա ուղղակիորեն խարանում է նաև Հնդկաստանին՝ ԱՄՆ-ի առանցքային գործընկերներից մեկին, որը չի պատրաստվում ենթարկվել էներգակիրների թանկացմանն ուղղված այս քայլին։
3. ԵՄ պատժամիջոցները - ԵՄ-ը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ, որը ներառում է «ստվերային նավատորմի» դեմ միջոցներ։ Սա ևս անհարգալից վերաբերմունք է այն երկրների հանդեպ, ինչպիսիք են Հնդկաստանը, որոնք շարունակում են գնել ռուսական էներգիա՝ դա դիտարկելով որպես միջազգային իրավունքի շրջանակում։
Վերջերս Էստոնական ռազմածովային նավը փորձել է գրավել նավթատար, իսկ ի պատասխան՝ Ռուսաստանը օդանավ է ուղարկել։ Ռուսաստանն անգամ կարճաժամկետ կալանքի է ենթարկել Հունաստանին պատկանող նավ։ Ռուս պատգամավորները սպառնացել են պատժիչ գործողություններով՝ հայտարարելով․ «Մեր նավթատարների դեմ ցանկացած հարձակում կարող է դիտարկվել որպես մեր տարածքի վրա հարձակում»։
Եզրակացություն
Եթե կողմերը շարունակեն պահպանել իրենց անշեղ դիրքորոշումները, ծովային բախումները ոչ միայն հնարավոր են, այլև անխուսափելի։ Այս առումով ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չէին համարձակվի նման վտանգավոր գործողությունների, եթե չհավատային, որ ԱՄՆ-ը կաջակցի նրանց։ Թրամփի վարչակազմը պարտավոր է սանձել այս գործողությունները։ Սակայն միաժամանակ, այն պետք է շարունակի իր դերը Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցում։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է, ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև տեղային բախումների վտանգը կմնա իրական, և ԱՄՆ-ը չի կարող չեզոք մնալ։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը