Վերլուծություն

Ալիևի «թռիչքը» Լաչինից, կամ ինչու է Ադրբեջանը նոր «պանդորայի արկղ» բացում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ բացեց Լաչինի միջազգային օդանավակայանը։ 44-օրյա պատերազմից հետո դա Արցախի և նրան հարակից նվաճված տարածքներում կառուցված երրորդ օդանավակայանն էր՝ Ֆիզուլիից և Զանգելանից հետո, և բոլորի բացման արարողություններին էլ Էրդողանը ներկա է եղել։ 

Դատարկ օդանավակայանների թաքնված ուղերձները

Այն պայմաններում, երբ այդ տարածքներում չկա միջազգային օդանավակայանների կառուցմանը համահունչ ծավալի բնակչություն, այսինքն, չկա օդային ուղևորափոխադրումների նման պահանջարկ, նման օբյեկտների կառուցումը այլ նպատակներ է հետապնդում։ 

Նախ, պատճառներից մեկը, թերևս, գրավված տարածքներում ենթակառուցվածքների առկայության էֆեկտ ստեղծելն է՝ այդ տարածքների վերականգնման համար արտաքին ներդրողներ գրավելու համար։ Երկրորդ, օդանավակայանները, 44-օրյայից հետո կառուցված թունելների, դեպի Շուշի և այլ ճանապարհների հետ միասին, նոր ռազմական հաղորդակցությունների համակարգի ստեղծման պլանի մաս են՝ ըստ անհրաժեշտության դրանք Հայաստանի, ինչու ոչ՝ նաև Իրանի հետ հնարավոր ռազմական կոնֆլիկտում օգտագործելու համար։ Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ դրանք նաև պատերազմական իրավիճակներում մատչելի ռազմավարական թիրախներ են։ Երրորդ, փորձել ստեղծել տարածաշրջանային օդային վերահսկողության էֆեկտ՝ Բաքվի աճող հեգեմոնիկ քաղաքական դիրքն ընդգծելու տրամաբանությամբ։ Եվ չորրորդ, հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ՝ ոչ միայն Արցախի անվերադարձելիության, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանագծին իր լոգիստիկ ռեսուրսների ծավալման, այսինքն, ռազմաքաղաքական գերակայության հաստատման ցուցադրականության իմաստով։ Ադրբեջանում չէին կարող հաշվի չառնել, որ մայիսի 28-ը նաև Հայաստանի անկախության օրն է, և նման շոուներն այդ օրն անելը սիմվոլիզմի սիրահար այդ երկրի համար հոգեբանական ենթաշերտ ունի։  

Տարածաշրջանային ճեղքման փորձ կամ թռիչք մոմե թևերով 

Ղարաբաղյան հաղթանակն Ալիևի համար վաղուց դուրս է եկել զուտ որպես իր հաղթականության իմիջի սպասարկման գործոն լինելու սահմաններից։ Նա ակնհայտորեն ձգտում է այդ գործոնը դարձնել Ադրբեջանի, իբրև տարածաշրջանային լիդերի, հանդեպ միջազգային պահանջարկը բարձրացնելու տրաֆարետ։ Դժվար է ասել՝ որքանով է, օրինակ, Ալիևը անկեղծ իրեն որպես էրդողանական համաթուրանականության իդեալների կրող դիրքավորելու հարցում։ Բայց, ակնհայտորեն, ամեն ինչ անում է ոչ թե այդ պրոյեկտում օբյեկտի, այլ՝ շահառու-սուբյեկտի կարգավիճակ ձեռք բերելու և հիմնական խաղացողի՝ Թուրքիայի կողքին հավասարի դիրքերից հանդես գալու համար։ Գրավված տարածքներում նման լոգիստիկ նախագծերի վերջնարդյունքների վավերացմանն Էրդողանի ներկայությունն այս համատեքստում է պետք Ալիևին։ Եվ զուգահեռ, գրեթե ամեն անգամ նման միջոցառումները նա առիթ դարձնում շեշտելու, որ իրենք 44-օրյա պատերազմում հաղթել են ոչ թե Թուրքիայի անմիջական ներգրավմամբ և ռազմատեխնիկական անվերապահ աջակցությամբ, այլ՝ սեփական ռեսուրսներով, որին Անկարան, իբր, ընդամենը բարոյական օժանդակություն է ցուցաբերել։  

Թուրքիա–Պակիստան–Ադրբեջան առանցքը և Ալիևի հավակնությունները

Լաչինի օդանավակայանի բացմանը Պակիստանի վարչապետի ներկայությունը, սակայն, առանձնահատուկ շուք հաղորդեց ալիևյան ամբիցիաներին՝ թույլ տալով նրան հանդես գալ ռազմաքաղաքական նոր՝ Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան առանցքի ճարտարապետի դերում։ Այս երեք երկրների միջև քաղաքական համագործակցությունը նորություն չէ։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Լաչինում, հենց աշխարհաքաղաքական առանցքի ստեղծման փաթեթավորում էր, որտեղ Ալիևն ամեն ինչ արեց Ադրբեջանին ոչ թե կցորդի, այլ լիարժեք կողմի կարգավիճակով ներկայացնելու համար։ 

Ադրբեջանին, կարծես, չի անհանգստացնում, թե ինչպիսին կարող է լինել պաշտոնական Դելիի արձագանքը, հատկապես, Պակիստանի հետ օրերս ընդհատված ռազմական բախումների, դրանց ընթացքում Իսլամաբադին Թուրքիայի ցուցաբերած ռազմական աջակցության պատճառով Դելիի և Անկարայի հարաբերությունների վատացման ֆոնին։ Ավելին, կարելի է ասել, որ հենց Պակիստանի և Թուրքիայի թիկունքի ետևից Հնդկաստանի նման միջուկային գերտերությանը թիրախավորելու միջոցով է Ադրբեջանը որոշել դուրս գալ զուտ տարածաշրջանային երկրի կաղապարներից և խաղալ ավելի մեծ, աշխարհաքաղաքական խաղատախտակին։ Եվ Ալիևի արած հայտարարությունը, թե հույս ունի, որ Լաչինից  աշխարհին ուղղված իրենց համատեղ ուղերձը կհասնի հասցեատերերին, առաջին հերթին հենց Դելիին էր ուղղված։ Ըստ ամենայնի, դրան նպաստել է նաև Հայաստան-Հնդկաստան ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ծավալվող համագործակցությունն իր համար ստրատեգիական մարտահրավեր ընդունելը, որի վրա Բաքուն որևէ գործնական ազդեցություն ունենալ չի կարողանում։ 

Հայաստան–Հնդկաստան–Իրան եռանկյունու ձևավորման հեռանկարները

Այսպիսով, Ադրբեջանը կատարում է երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով ուղեգծային կարևոր ընտրություն, որն էականորեն բարձրացնում է  խաղադրույքները։ Նման նախաձեռնողականությամբ փորձելով խախտել քաղաքական բալանսը տարածաշրջանում՝ Բաքուն անխուսափելիորեն դրդում է նոր հակակշիռների ձևավորմանը՝ ամրապնդելով Իրան-Հնդկաստան-Հայաստան առայժմ ամորֆ առանցքը։  

Իրանի և Պակիստանի հարաբերությունները միանշանակ չեն։ Նախորդ տարի նրանք միմյանց տարածքներին հրթիռային հարվածներ հասցրեցին, սակայն, դրան զուգահեռ, ձգտում են տնտեսական համագործակցության, ինչը Իրանի համար տնտեսական շրջափակումը մասամբ ճեղքելու միջոց է։ Իրանում, սակայն, չեն կարող չզգուշանալ Իսլամաբադի վրա Թուրքիայի ազդեցության մեծացումից և Պակիստանը թյուրքական աշխարհի միավորման ամբիցիաներին ծառայեցնելու՝ Էրդողանի անթաքույց ձգտումներից։ Հնդկաստանի հետ կայուն, վստահելի տնտեսա-քաղաքական հարաբերությունների փորձը բավարար հիմքեր է ստեղծում Թեհրանի համար՝ թուրքական այդ պլաններին դիմակայելու հարցում Հնդկաստանին ավելի շատ ապավինելու համար։ Այս առանցքում Հայաստանի տարածաշրջանային արժեքը ևս բարձրանում է՝ հատկապես լոգիստիկ հանգույց լինելու իր պոտենցիալով։ Այսինքն, կամա, թե ակամա, Ադրբեջանն իր ներկայիս քայլերով նաև Հայաստանն է վերածում կարևոր քաղաքական գործոնի։ Բաքուն գրգռում է Հնդկաստանին՝ ավելի ամրապնդելու կապերը Հայաստանի հետ, վերջինիս դիտարկելու որպես Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան առանցքի հակակշռման առանցքային օղակ։ Սա լայն հնավարություններ է բացում Երևանի համար՝ ավելի հեշտ հասնելու ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համաձայնությունների, ընդհուպ, հետամուտ լինելու, օրինակ, հնդկական կապիտալով Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացմանը։ 

Նոր լոգիստիկ հորիզոն Երևանից Մումբայ․ հնարավոր պատասխան Բաքվին

Բացի այդ, նման տենդենցները կարող են նոր լիցք հաղորդել իրանական Չաբահար նավահանգստի միջոցով հնդկա-իրանա-հայկական առևտրատնտեսական ու լոգիստիկ նոր միջանցքի գործարկման արագացմանը։ Հնդկաստանն ու Իրանը այդ նավահանգստի թողունակության ծավալների մեծացումը դիտարկում են որպես այլընտրանքային առևտրային ուղի ոչ միայն դեպի Աֆղանստան կամ Կենտրոնական Ասիա, այլ նաև դեպի Եվրոպա՝ շրջանցելով Պակիստանը։ 2024թ. Հնդկաստանը և Իրանը ստորագրել են 10-ամյա պայմանագիր՝ Չաբահարի Շահիդ Բեհեշթի տերմինալի շահագործման վերաբերյալ, որի շրջանակներում Հնդկաստանը պարտավորվել է շուրջ 120 միլիոն դոլարի ներդրում նավահանգստի ենթակառուցվածքների զարգացման համար։ Իր հերթին, պաշտոնական Երևանը դեռ անցած տարի սեպտեմբերին է հայտարարել Չաբահարում ներկայացուցչություն ստեղծելու նպատակի մասին, ինչի թիրախը միանշանակ Իրանի և Հնդկաստանի այդ նոր առևտրա-հաղորդակցային նախագծին ինտեգրվելն է՝ հատկապես «Խաղաղության խաչմերուկ»-ի իր հայեցակարգով։ Թե՛ Դելին, թե՛ Թեհրանը խրախուսում են Երևանի այս հետաքրքրությունը։ 

Այսպիսով, Բաքուն իր դերը տարածաշրջանայինից գլոբալի վերածելու ձգտումներով միացնում է նոր զարգացումների շարժիչ։ Որքանո՞վ են հաշվարկել Բաքվում դրա ռազմաքաղաքական, տնտեսաքաղաքական հետևանքները, դժվար է ասել։ Սակայն փաստ է, որ դրանով Ալիևը գործելու նոր «ֆրոնտ» է բացում Երևանի համար։ 

Առաջիկայում պլանավորվում է Իրանի նախագահի այցը Երևան։ Սա հիանալի առիթ կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռքբերման և նախագծումների համար։ Իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնությունների հասնելու զգուշավոր լավատեսության պահպանումը դրական ֆոն է ստեղծում դրա համար։ 

Գոռ Աբրահամյան