Որ Ռոբերտ Քոչարյանն անպատասխան չէր թողնելու ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը, ավելի ճիշտ, ելույթի՝ իրեն վերաբերվող հատվածը, պարզ էր։ Միայն թե, արձագանքը սպասվածից ուշացավ. նա խոսեց գրեթե մեկ ամիս անց։ Թեև Քոչարյանի գործելաոճին քիչ թե շատ ծանոթ անձինք կարող են վստահեցնել, որ նախկինում նա շատ ավելի «օպերատիվ էր» նման իրավիճակներում արձագանքելու հարցում, հատկապես՝ քինախնդրության ելևէջներով։
Մի քանի լրատվամիջոցների հետ Քոչարյանի վերջին հարցազրույցը պայմանականորեն կարելի է երկու խոշոր մասի բաժանել՝ իշխանությունների հասցեին քննադատություն՝ միաժամանակ պնդելով, որ որևէ լուրջ գործիչ չի մտնի վարչապետին անվստահություն հայտնելու՝ ԱԺ-ում նախաձեռնված գործընթացի մեջ (մեր մեջ ասած, այս հարցում Քոչարյանի տեսակետը բավական հիմնավոր էր), և երկրորդ մասն, արդեն, Սերժ Սարգսյանին ու նրա թիմին ուղղված պատասխանն էր։
Ընդդեմ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի
Քոչարյանն, ըստ էության, Սերժ Սարգսյանին մեղադրել է 2018-ին իրավիճակին չտիրապետելու մեջ։ Նա հիշեցրել է, որ 2018-ին, երբ ընդդիմությունը սկսել էր ցույցերը, զանգահարել է Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս վստահեցրել է՝ «ամեն ինչ կոնտրոլի տակ է»․
«Ինձ զարմացրեց, հարցրի՝ վստա՞հ ես․ երևի մի 2 անգամ նույն հարցը տվեցի։ Շատ հանգիստ ասում է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է, մի քանի օր հետո հրաժարական է տալիս»։
Հետո նա արձագանքել է ՀՀԿ-ականների՝ իր հասցեին հիշյալ մեղադրանքներին, թե Քոչարյանի նախագահության օրոք հենց ՀՀԿ-ն է եղել նրա հենարանը. «ՀՀԿ-ն եղել է փոքր կուսակցություն...Եվ ասել, որ իրենք ինձ թիկունք են կանգնել... այո, եղել են խորհրդարանական մեծամասնություն, բայց տվյալ դեպքում մեծ հարց է՝ ով ում ավելի շատ աջակցություն ցուցաբերեց»։
Սերժ Սարգսյանին նա մեղադրել է նաև անվճռականության մեջ, երբ հիշեցրել է, որ 2021թ., նա չէր ցանկանում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց հետո մտափոխվեց։ Նույնիսկ Սերժ Սարգսյանին մեղադրեց 2021-ին իշխանափոխություն իրականացնելուն խանգարելու մեջ. «ՀՀԿ-ի մասնակցությունն ինձ խանգարեց»։
Բայց ամենաուշագրավը Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ականներին Քոչարյանի սպառնալիքն էր. «Ավելին չեմ ասելու, բայց եթե խոսեցնեն, ավելի բաներ էլ կասեմ»։
Պայքար արևի տակ ապրելու համար
Եվ ուրեմն, ինչո՞ւ է Հայաստանի երկու նախկին նախագահների թիմերի, հիմա նաև՝ նախագահների միջև տևական ժամանակ նման գզվռտոց սկսվել։ Ինչո՞ւ են ՔՊ-ին իշխանության բերելու, ապա՝ իշխանափոխություն չիրականացնելու և, վերջապես, սատարելու մեջ միմյանց մեղադրում։ Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն, ԱԺ-ում պարբերական դարձած թեժ վեճերը մեկնաբանեց մոտեցող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ շիկացող տրամադրություններով։ Եվ, կարծես, իր և Սերժ Սարգսյանի թիմերի միջև ընթացող պայքարը ևս հենց այս համատեքստում է՝ հենց այս պատճառով։ Այլ կերպ ասած՝ նրանց միջև կռիվ է սկսվել առանցքային ընդդիմության տեղի համար։ Ակնհայտ է, որ Քոչարյանը որևէ կերպ չի ցանկանում զիջել դիրքերը, չնայած՝ 2021թ. խոստանում էր «մինչև քոքը մաշեցնել», «կռել», սակայն՝ ապարդյուն։
Նաև պարզ է, որ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին չի ուզում համակերպվել երկրորդական դերի հետ և դաշտը թողնել իշխանություն-Քոչարյան տիրույթում։ Ուստի, պետք է ամեն կերպ չեզոքացնել գլխավոր մրցակցին։ Ժամանակին նա ՀՀԿ նիստում հիշեցրել էր, որ պայքարի երբեմնի գործընկերներն իրենց անհաջողության մեջ ՀՀԿ-ին են մեղադրում, ապա նաև ասել. «Կամ այդքան փութաջանորեն քողարկում են 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել»։
Այնպես որ, որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, այնքան հաճախակի են դառնալու նման տեսարանները և պայքարը հենց ընդդիմադիր դաշտում։
Աննախադեպ էր
Մինչ այդ, մեկ նկատառում էլ. Ռոբերտ Քոչարյանի այս հարցազրույցը կարելի է եզակիներից մեկը համարել. նա համեմատաբար կոռեկտ էր իր արտահայտությունների մեջ, և այս անգամ ականատես չեղանք «կլիզմայի» մասին անեկդոտի կամ գոտկատեղից ներքև փափուկ մասերի՝ «տրուսիկի», «քամակի» մասին հիշատակումների կամ չուգունոտ գլխով պատեր ջարդելու մասին։ Միայն այս անգամ մի քիչ ռուսաբանություն կար՝ «ближний бой մտնել», «կասկած ունեմ, որ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է, даже обидно» և այլն։
Կուշտունիցայից անդին
Ի դեպ, իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրելու մասին։
«Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, սա ֆենոմենալ է։ Ես իրեն համարում եմ կոռուպցիայի Էյնշտեյն... Էս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն է։ Սա կոռուպցիայի մեջ նոր խոսք է։ Սրանց ճակատին պետք է տատու անել՝ կոռուպցիոն հանճարներ»,- ասել է Քոչարյանը։
Սա այն դեպքն է, երբ Ռոբերտ Քոչարյանին արժի պատասխանել հենց Ռոբերտ Քոչարյանի՝ տարիներ առաջ ասած խոսքերով. «Чья бы корова мычала, а твоя бы молчала»։
Ով՝ ով, բայց Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի խոսել կոռուպցիայի մասին։ Սա՝ թեկուզ այն պատճառով, որ ինքն է համարվում Հայաստանում համակարգված կոռուպցիայի հիմնադիրը. եթե նրանից առաջ կոռուպցիոն դրսևորումներ կային, ապա իր նախագահության օրոք կոռուպցիան այլևս համակարգված բնույթ կրեց, ընդ որում՝ հանրային բոլոր ոլորտներում։
Օրինակ՝ Transparency International-ի 2004թ. զեկույցում նշվել է, որ Հայաստանում կոռուպցիան խորապես արմատավորված է, իսկ պետական պաշտոնյաների և բիզնեսի միջև սերտ կապերը խոչընդոտում են հակակոռուպցիոն ջանքերին։ Transparency International-ի զեկույցների համաձայն՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսով 2004թ. Հայաստանը զբաղեցրել է 82-րդ տեղը 146 երկրների շարքում՝ ստանալով 3.1 միավոր։ Այս ցուցանիշը մոտ է «ծայրահեղ կոռումպացված» երկրների շեմին։ Տարեցտարի վիճակը վատացել է, և 2006թ. Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը 161 երկրների շարքում։ Օրինակներ, որքան կուզեք։ Այնպես որ, կոռուպցիայի մասին խոսելուց առաջ Քոչարյանին չէր խանգարի վերհիշել սեփական անցյալը կամ գոնե հայելու մեջ նայել։
Ճգնաժամ ստեղծեմ, ճգնաժամ
Ու վերջում Քոչարյանի մեկ այլ հայտարարության մասին. նա շեշտել է, թե ճգնաժամային պայմաններում ղեկավարման փորձ ունի, նույնիսկ հիշեցրել է ԼՂՀ-ում իր պաշտոնավարումը, ապա՝ ՀՀ վարչապետի պաշտոնում, ապա՝ որպես նախագահ կառավարումը. «Եթե ուրիշ մարդ կա, որ նման կենսագրություն ունի, գնամ, այդ մարդու համար ինքս քվեարկեմ։ Ուրախ կլինեմ, իմ ազատ կյանքով կապրեմ։ Հիմա ես ասում եմ՝ ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել։ Չեք ուզում՝ լուծվեն, գնացեք, ում ուզում եք, քվեարկեք, ուզում եք լուծվեն, քվեարկեք ինձ»,- ասել է նա։
Բայց այս հարցում Քոչարյանին ամենադիպուկ գնահատականը տվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2021թ. հայտարարելով. «Այո, այո, ճիշտ եք ասում, նա ճգնաժամային կառավարիչ է․ ինքը ճգնաժամեր է ստեղծում, հետո կառավարում»։ Հիշեցնե՞նք ճգնաժամերը՝ 1998թ. պալատական հեղաշրջում և նախագահական կեղծված ընտրություններ, 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդ, 2003թ. նախագահական կեղծված ընտրություններ (երբ ՍԴ-ն առաջարկել էր վստահության հանրաքվե անցկացնել), 2004թ. կեղծված խորհրդարանական ընտրություններ, 2008թ. մարտի 1-ի սպանդ։
Իսկապես, ամոթ է։
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ