Ռուսաստան-Ուկրաինա կարգավորման բանակցային նոր գործընթաց սկսելու փորձերը մայիսի 16-ին նոր բովանդակություն ստացան։ Դրան նախորդ օրը բանակցությունները կասկածի տակ էին՝ ուկրաինական պատվիրակության ուշացման պատճառով․ Վոլոդիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի նախագահը, վերանայում էր պատվիրակության կազմը՝ ապահովելու համար ավելի ցածր համարժեքություն Ռուսաստանին։ Այնուամենայնիվ, հանդիպումը տեղի ունեցավ՝ ձևավորելով ոչ թե խաղաղության, այլ առայժմ միայն նոր հանդիպման, գերիների փոխանակման սպասումներ։
Խրամատներ բանակցություններում
Վլադիմիր Պուտինը բանակցություններին անձամբ չմասնակցեց, չնայած Ստամբուլում 2022թ․ ընդհատված բանակցությունները վերսկսելու առաջարկը հենց նրան էր։ Իր օգնականին՝ Վլադիմիր Մեդինսկուն ռուսական պատվիրակության ղեկավար նշանաելը կանխամտածված ժեստ էր՝ մի կողմից նախկին ընդհանտված բանակցային գործընթացը շարունակելու տրամադրվածոթյունն ընդգծելու, սակայն մյուս կողմից իր բացակայությունն արդարացնելու և բանակցությունների կարևորությունը թուլացնելու նպատակով։ Այն հանգամանքը, որ Ռուսաստանը հրաժարվեց Ստամբուլում բանակցություններն սկսել հրադադարի պայմաններում, ուրվագծեց Ստամբուլը Ուկրաինայից միակողմանի զիջումներ կորզելու հարթակ դարձնելու Մոսկվայի կոշտ ցանկությունը։
Ուկրաինայի պատվիրակությունը գլխավորում էր Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Նրա պատվիրակության կազմում իհարկե նաև արտաքին գործերի, անվտանգության և հետախուզության գերատեսչությունների ներկայացուցիչներ կային։ Սակայն պատվիրակության ղեկավարի ընտրությունը, հատկապես ռուսական բանագնացների խմբի ղեկավար Մեդինսկու ֆոնին, ակնառու է դարձնում Ստամբուլում Ուկրաինայի հետապնդած հիմնական նպատակը․ հասնել կրակի դադարեցման առանց կարգավորման համապարփակ քաղաքական կոմպոնենտների քննարկման մեջ ներքաշվելու։ Այս մոտեցումն ինչ-որ չափով խոցելի է դարձնում ուկրաինական պատվիրակությանը․ Ումերովի՝ ենթադրվող զինվորականի կոշտ, ուղղաձիգ մտածողությունը դժվար թե ապահովի այն դիվանագիտական ճկունությունն ու մանևրայնությունը, որն անհրաժեշտ է նման բարդ գործընթացում։
Ի սկզբանե, իհարկե, սկսվող ռուս-ուկրաինական բանակցություններից լուրջ արդյունքների ակնկալիքները մեծ չէին։ Սակայն պաշտոնական Վաշինգտոնը, որը բանակցությունների թվացյալ «հովանավորի» դերն էր փորձում ստանձնել, իր վարքագծով ուղղակի ջախջախեց Ռուսաստանին հավասարակշռության դաշտ բերելու բոլոր հնարավորությունները։
Թրամփը խոսում է, Մոսկվան՝ հաղթում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, կիսատ թողնելով Սաուդյան Արաբիա կատարած այցը, որտեղ ուղեկցում էր նախագահ Թրամփին, հատուկ ռուս-ուկրաինական բանակցությունների հիմքերի ամրապնդման և հնարավոր մասնակցության համար եկել էր Ստամբուլ։ Սակայն Թուրքիայում նա, դեռ բանակցությունները չսկսած, կասկած էր հայտնել, որ Ռուսաստանի կողմից պատվիրակության նման ցածր, գործնականում էքսպերտային կարգավիճակով ներկայանալու փաստը ոչ մի լավատեսություն չի ներշնչում, և դժվար թե որևէ նշանակալի արդյունք գրանցվի առանց նախագահներ Թրամփի և Պուտինի ուղիղ ներգրավվածության։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Էր Րիադից հայտարարեց, որ «ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ ինքը և Պուտինը չեն հանդիպել», և ինքը հասկանում է, թե ինչու է Պուտինը հրաժարվել մեկնել Ստամբուլ։
Սա միայն քաղաքական նարցիսիզմի դրսևորում չէր, ինչպես թվում է առաջին հայացքից։ Թրամփը և նրա վարչակազմն այսպիսի մեկնաբանություններով ուղղակի ավերեցին ստամբուլյան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների որևէ ռացիոնալ արդյունքի հնարավորությունը՝ հասկացնելով, որ իրական բանալին ոչ թե Մոսկվա-Կիև, այլ Մոսկվա-Վաշինգտոն հարթությունում է։ Թրամփը լեգիտիմացրեց բանակցություններից Պուտինի հրաժարումը, Ռուսաստանի կողմից Ուկրաինային չափազանցված պահանջներ ներկայացնելու հավակնությունը։ Բայց մյուս կողմից՝ Կիևին հասկացրեց, որ եթե անկեղծորեն ուզում են կանգնեցնել պատերազմը և լեզու գտնել ռուսների հետ, նախ պետք է իրենց՝ ամերիկացիների հետ լեզու գտնեն, նրանց «կապրիզները» բավարարեն, որպեսզի Թրամփն էլ ցանկանա Պուտինին երկնքից իջեցնել իրական հողի վրա, որը միայն Վաշինգտոնի ուժերի սահմաններում է։
Եվրոպան՝ ստամբուլյան լուսանցքում
Թրամփի այս դիրքավորումը նաև արժեզրկեց Պուտնինին իրական, այլ ոչ թե բուտաֆորիկ բանակցությունների դրդելուն ուղղված Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու Լեհաստանի վերջին շրջանի սանկցիոն ճնշումների ջանքերը։ Վաշինգտոնը ԵՄ-ին հասկացրեց, որ Մոսկվայի նկատմամբ ճնշումների մեծ ձգտում չունի, իսկ պատերազմը կանգնեցնելու ելքը տնտեսական սանկցիաների մեծացումը չէ, այլ իր և Պուտինի՝ պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Ակնհայտ է, որ այս կերպ Վաշինգտոնը ռուսների դիրքերն ավելի ուժեղացրեց ոչ միայն ստամբուլյան բանակցություններում, այլ հենց իր հետ հնարավոր հետագա կոնսուլտացիաներում։ Իսկ սա նշանակում է խրախուսել արևմտյան լուրջ ռազմական աջակցությունից զրկված Ուկրաինայի տարածքում իր զորքերի դանդաղ առաջխաղացումների ֆոնին բանակցություններում ժամանակ ձգելու, Ուկրաինայից պահանջներն ավելի մեծացնելու, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև անվստահության ճեղքը խորացնելու Ռուսաստանի մարտավարությունը։
Ով է բանակցությունների դիրիժորը
Արդյունքում Կիևը նորից հայտնվել է ռուս-ամերիկյան աքցանում։ Բանակցություններից հրաժարվել չէր կարող, քանի որ դա ապակառուցողականություն կդիտվեր և հիմք կտար Վաշինգտոնին հենց Ուկրաինային մեղադրելու խաղաղ գործընթացը տապալելու մեջ, միաժամանակ կկարճացներ իր հիմնական եվրոպական դաշնակիցների լեզուն Վաշինգտոնի հետ երկխոսությունում։ Իսկ բանակցություններին ներգրավվածությունը հանգեցնում է նրան, որ թե՛ Ռուսաստանը և թե՛ ԱՄՆ-ն հավասարապես արժեզրկում են այն՝ մեծացնելով իր զիջումների պարտադրանքը։ Եվ չկա երրորդ այլընտրանք, քանի որ Ռուսաստանը մերժում է ԵՄ-ի հիմնական դերակատարների՝ ռուս-ուկրաինական բանակցություններում ներգրավվելու որևէ ակնարկ, իսկ Եվրոպան այս պահին անկարող է ռազմավարական պաշտպանություն ապահովել և գործնական անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային։ Սա ոչ միայն կապիտուլյացիայի նախերգանք է Ուկրաինայի համար, այլև Ռուսաստանի նկատմամբ Թրամփի թուլության լեգիտիմացում։ Վերջինիս շուրթերով արձանագրվում է նոր ճշմարտություն՝ Մոսկվան է «նվագախմբի դիրիժորը»։
Բայց այս բանակցությունները կարող են ի հայտ բերել բոլորովին նոր, մեկ այլ հաղթող՝ Թուրքիան։ Բանակցությունները Ստամբուլում սկսվեցին այն պատճառով, որ Վլադիմիր Պուտինը օրեր առաջ հայտարարեց, թե դրա համար ամենահարմար հարթակը հենց Թուրքիան է՝ հիմնվելով 2022-ի փորձի վրա։ Անկարան անմիջապես որսաց պահը։ Մինչ Անկարայում էրդողանն ընդունում էր Զելենսկուն, ում համար էրդողանը վստահելիության էտալոն է դարձել, Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ստանձնեց բանակցային նախապատրաստություների գործաույթը։ Եվ մայիսի 16-ին Ստամբուլում՝ Բոսֆորի եվրոպական ափին գտնվող Դոլմահբահչեի պալատում հենց նա էր բանակցային գործընթացի հիմնական դեմքը։ Թուրքիան սոսկ բանակցությունների հարթակ չէ, այն ամեն ինչ անում է՝ դառնալու միջնորդ ԱՄՆ-ի կողքին և նրան հավասար՝ սնվելով իր նկատմամբ հավասարապես թե՛ Մոսկվայի, թե՛ Կիևի, և թե՛ Վաշինգտոնի վստահությունից։
Թրամփն իր հերթին անձամբ էականորեն ավելացրեց Թուրքիայի և Էրդողանի միջազգային կշիռը։ Սաուդյան Արաբիայում նա հայտարարեց, թե Էրդողանի խնդրանքով որոշել է հանել դեռևս Ասադի վարչակազմի օրորք Սիրիայի նկատմամբ սահմանված լրջագույն տնտեսական սանկցիաները։ Այդպիսով Թրամփը ճանաչեց Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքական հովանավորչությունը, նույնն է, թե՝ Սիրիան իր «սատրապությունը» դարձնելու Անկարայի հավակնությունը և նոր, ավելի թելադրող կարգավիճակ շնորհեց Ակնարային ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանում՝ ի հեճուկս Իսրայելի։ Եվ հիմա Էրդողանը ստամբուլյան բանակցություններով կապիտալիզացնում է իր նոր քաղաքական կարգավիճակը։ Տարածաշրջանային գերտերության վերածվելու թուրքական այս ընթացքը մի այնպիսի մարտահրավեր է, որը նաև Հայաստանը չի կարող հաշվի չառնել իր արտաքին քաղաքական վերահաշվարկներում։ Բայց սա առանձին թեմա է։
Կշարունակվի՞ ուկրաինական «բորշչով» ստամբուլյան ճաշկերույթը
Իսկ երկար դադարից հետո մայիսի 16-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական հանդիպումն ավարտվեց առանց պաշտոնական ձեռքսեղման, առանց ակնհայտ արդյունքների, բայց հարուստ՝ ստվերային վերադասավորումներով։ Ռուսական կողմը հայտարարեց, որ կողմերը պետք է ներկայացնեն իրենց առաջարկները կրակի դադարեցման մասին։ Սա գուցե փոքրիկ հանգրվան է՝ ուժի դիրքից պարտադրվող խաղաղության նախերգանքով։ Բայց ստամբուլյան ճաշկերույթի սեղանին ուկրաինական շահերն են և ահռելի մարդկային ու տարածքային կորուստները։
Գոռ Աբրահամյան