Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի 80-ամյակի շքերթը և դրան տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունը ոչ միայն կամ ոչ այնքան ֆաշիզմի դեմ հաղթանակը կերտողներին պատմական տուրքի արարողություն էր, այլև աշխարհաքաղաքական կոնյուկտուրայում խորհրդանշական քաղաքական ռևերանսների յուրօրինակ բեմադրություն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնումը Մոսկվա և հանդիսավոր արարողություններին մասնակցությունը, հատկապես զորահանդեսին հայկական զորամիավորման չմասնակցության ֆոնին, նախևառաջ զգալի սիմվոլիկ շերտ ապահովելու նպատակ ուներ։
Չշեփորահարվող քաղաքական սիմվոլիզն ու պրագմատիզմը
Զորահանդեսին որևէ երկրի զինված ուժերի մասնակցությունը չէ, որ արժևորում է այդ երկրի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։ Եթե երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափները տեսած Ուկրաինայի, նաև Վրաստանի զորամիավորումները չէին անցնում Կարմիր հրապարակով, դա նույնքան չի արժեզրկում նախկին ԽՍՀՄ այդ երկու հանրապետությունների ժողովուրդների ներդրումը։ Եվ ողբերգություն սարքել հայ զինվորների բացակայությունից, ընդամենը սովետիզմի նոստալգիայի դրսևորում է՝ համեմված ցանկացած չնչին առիթ քննադատության ու լուտանքների առիթ դարձնելու դառը սոուսով։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի այցը մեծադղորդ ելույթներով կամ ուղերձներով չուղեկցվեց, հատուկ հայտարարություններ չարվեցին այդ առթիվ, վիզուալ ժպիտներն ավելի շատ սառը արարողակարգային էին։ Անզեն աչքով տեսանելի էր Փաշինյանի և Պուտինի շփումների արարողակարգային բնույթը։ Թե՛ հյուրընկալ, թե՛ հյուրընկալվող կողմերը փորձել էին հնարավորինս ընդգծել Հայաստանի ղեկավարի որոշակի մեկուսացվածությունը ընդհանուր այդ միջավայրում։ Առավել ևս պատահական չէր, որ վարչապետը չէր կրում կրծքին Գիորգևյան ժապավենը ո՛չ պաշտոնական ընդունելությանը և ո՛չ էլ հանդիսավոր արարողություններին։
Այն պայմաններում, երբ մայիս 9-ը եռատոնի խորհրդից հայ ժողովրդի համար վերածվել է կորսված հաղթանակի անցանկալի սիմվոլի, իսկ արցախյան կորստաբեր պատերազմում Ռուսաստանի ոչ միանշանակ դերակատարությանն առնչվող հարցերը դեռ պատասխաններ չեն ստացել, առնվազն տարակուսելի և անհասկանալի կլիներ հայրենիքից դուրս, Մոսկվայում համընդհանուր ցնծությանը լիարժեք մասնակից դառնալու տեսրաններ բեմադրելը։
Սակայն կա նաև հարցի պրագմատիկ քաղաքական կողմը։
ՀՀ վարչապետի այցը Մոսկվա քայլ չէր ի պաշտպանություն Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների, կամ ի նշան ԵՄ-ի ու Արևմուտքի հետ զարգացող համագործակցությունից շրջադարձի։ Այն հաշվարկված ժեստ էր՝ երկու հիմնական թիրախային նպատակով․ ավելորդ չնյարդայնացնել Մոսկվային մի իրավիճակում, երբ դա կարելի է չանել, երկրորդ՝ ընդգծել ավելի շատ Հայաստանի ինքնիշխանությունը մի միջավայրում, որտեղ կարելի էր դա անել։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինից հետո երկրորդը հենց Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ներկայությունն ընդգծվեց վերջին շրջանում պաշտոնական Երևանի կողմից Հայաստանը ռուսական ուղեծրից դուրս բերելու ջանքերի և Մոսկվայի հետ հարաբերությունների լարման այն ընկալումների ֆոնին, որոնք առկա են աշխարհաքաղաքական կենտրոններում։
Մոսկվա էին մեկնել ոչ միայն հետխորհրդային հանրապետությունների ղեկավարները։ Նկատելի էր, որ ջանք է տարվել օգտագործելու BRICS-ի գործոնը, և կազմակերպության անդամ երկրներից չորսը՝ Չինաստանը, Բրազիլիան, Եթովպիան, Եգիպտոսը, դրական էին արձագանքել։ Սակայն օրինաչափությունից դուրս էր Եվրամիության անդամ երկիր Սլովակիայի ղեկավարի մասնակցությունը։ Եթե ԵՄ-ն իր ներսում չի կողմնորոշվում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում, ապա տարակուսելի է մյուսներից ինչ-որ բաներ պահանջելը։
Սուվերենության հայկական ու ադրբեջանական ցուցահանդես
Բացի այդ, մասնակիցների ներկապնակն այնքան բազմազան էր, որ դրանից բխող աշխարհաքաղաքական հետևություններ անելու տեղիք չէր տալիս։ Փաշինյանի ներկայությունն այդ ցանկում նույնքան ոչ արտառոց է, որքան, օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը, ով միջոցառումների գրեթե նախօրեին փոխեց Մոսկվա մեկնելու մտադրությունը։
Պաշտոնական Բաքուն նման անակնկալ որոշման համար դեռևս որևէ կապակցված բացատրություն չի տվել։ Չի կարելի բացառել, որ դա պարզապես պատասխան էր օրեր առաջ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալելու, Աստրախան նրա մեկնումը թույլ չտալու և ետ ուղարկելու որոշմանը։ Պատգամավորն, ի դեպ, Աստրախան էր մեկնում՝ մասնակցելու Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Եվ Ալիևի պատվախնդրությունը, երևի թե, թույլ չի տվել կուլ տալու այդ «անարգանքը»։
Սակայն Ալիևի բացակայությունն էր իր մեջ, պրագմատիկ քաղաքականության առումով, ոչ մի դեմարշային տարր չի պարունակում և ըստ ամենայնի՝ անգամ չնչին ազդեցություն չի ունենալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Ալիևի համար միջոցառումներին մասնակցությունից հրաժարումը Մոսկվայի մոտ իր ինքնուրույնությունն ընդգծելու նույնպիսի ժեստ էր, որքան Փաշինյանի մասնակցությունն էր ինքնուրույնության ժեստ թե՛ Մոսկվայի և թե՛ Բրյուսելի մոտ։ Փաշինյանը ՌԴ կատարած ըստ էության զուտ արարողակարգային այցով Մոսկվային հասկացնում է, որ այնքան կախված չէ Արևմուքից, որքան պատկերացնում են և որ ունակ է կայացնելու ինքնուրույն որոշումներ, այդ թվում՝ նաև Մոսկվա քայլերթին զորախումբ չուղարկելու մասով։ Սա երկխոսության դուռը բաց թողնելու ուղերձ էր։
Միաժամանակ, Երևանը Բրյուսելին հասկացնում է, որ իր համար Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացումը չի կարող տեղի ունենալ այնպիսի ժամանակներում ու պայմաններում, երբ Արևմուտքը չի կարողանում առաջարկել անվտանգության որևէ աշխատող հովանոց անգամ ինքն իր համար։ Այն պայմաններում, երբ ԵՄ-ն չի կարողանում երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը, Երևանը չի կարող իրեն թույլ տալ վերածվելու հերթական Ուկրաինայի և կռվել հողմաղացների դեմ։
Երբ քամիները փոխում են իրենց ուղղությունը
Երևանը չի կարող չնկատել, որ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք չափազանց մեծ զգուշավորություն են պահանջում հատկապես նման պայթյունավտանգ տարածաշրջաններում գտնվող և անվտանգային ահռելի ռիսկեր ունեցող այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է։ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները տեկտոնիկ տեղաշարժերի են ենթարկվել, արևմտյան ընդհանուր անվտանգային համակարգը կանգնել է վերահաս կրախի առջև, ԵՄ անդամ երկրներ կան՝ ի դեմս Հունգարիայի, Սլովակիայի, որոնք ներքին դեմարշային քաղաքականությամբ Բրյուսելին զրկում են միասնականությունից և ժամանակին օպտիմալ որոշումներ կայացնելու ռեսուրսից։ Եվ որքան էլ քաղաքակրթական իմաստով արևմտյան վեկտորը շարունակում է Երևանի համար մնալ ուղեգծային, սակայն աշխարհաքաղաքական երկրաշարժերի պայմաններում անվտանգային առումով լավագույն տարբերակը մնում է հավասարակշռությունը պահպանելը և «լողացող» մարտավարությանն ապավինելը։
Նման իրողությունների պայմաններում Փաշինյանի մոսկովյան այցի մասին՝ երբեմն ընդհանուր կոնտեքստից կտրված դետալների մասին յուրաքանչյուր լուսանկարի, կադրի հիման արվող աշխարհացունց եզրակացություններ ու այսրոպեական էմոցիոնալ մեկնաբանություններ անելը նմանվում է Սվիֆթի հայտնի ստեղծագործության երևակայական Լիլիպուտիայի բնակչության պրիմիտիվ վարքագծին։
Ներկայիս միջազգային քաղաքականությունը ստանդարտացված կողմնորոշումների մասին չէ։ Այն շարժվող համակարգ է, որտեղ երկրները մի գոտում հակամարտում են, մյուսում՝ գործակցում։ Այսպիսի նոր իրականությունում հարաբերությունների տաքացումներն ու սառեցումները չպետք է ձախողման կամ հաղթանակի տրամաբանության մեջ նայել։ Երբեմն դրանք այդ պահին նկարվող քաղաքական կտավի կարևոր վրձնահարվածներ են։
Փաշինյանի այցն այս իմաստով դարձավ խորհրդանշական մի դաշտում, որտեղ ֆիզիկական ներկայությունն արդեն ասելիք է։
Եվ ոչինչ, որ այդ ներկայությունից սառը արկտիկական քամի է փչում։
Գոռ Աբրահամյան