Ռոբերտ Քոչարյանն այսպես էլ չպատասխանեց Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ հոբելյանական նիստում օրերս արած հայտարարություններին։ Իսկ Սերժ Սարգսյանի այդ օրվա ելույթը շատ կոշտ էր։
Անդրադառնալով «ո՞վ բերեց այս իշխանությանը» հարցին՝ նա երկրորդ նախագահի թիմի հասցեին ուղիղ մեղադրանքներ էր հնչեցրել. «Մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, որոնք մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին…
Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը։
Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու՝ սեփական քայլերը։
Շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո»,- ասել էր նա։
Եվ ահա, Ս.Սարգսյանի ելույթից հետո Քոչարյանը երկու անգամ հնարավորություն ունեցավ ներկայանալ հանրությանը. նախ՝ «Մարտի 1»-ի գործով հերթական դատավարությունն ընթացավ, որից հետո նա լրագրողների հետ ճեպազրույց չունեցավ։ Իսկ օրերս էլ հանդիպել էր մի խումբ ուսանողների ու դասախոսների, ելույթ ունեցել, հարցերի պատասխանել, բայց կրկին՝ ոչ մի անդրադարձ Սարգսյանի ելույթին։
Սա, թերևս, կարելի է անգամ սենսացիա համարել. Ռոբերտ Քոչարյանը, որ ոչ մի անգամ առիթը բաց չի թողել՝ արձագանքելու իր հասցեին հնչեցրած քննադատություններին, այս անգամ գերադասեց լռել։ Մի բան, որ կարող է անհավատալի թվալ։ Դեռ ընդհակառակն, Քոչարյանն անգամ խոսել է ընդդիմության հնարավոր միավորման մասին՝ ասելով. «Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով»։
Դժվար է ասել՝ նա վերանայե՞լ է տասնամյակների իր գործելաոճը, թե՞, այնուամենայնիվ, գործել է Ս. Սարգսյանի սպառնալիքը, թե «թույլ չի տա անցնել սահմանները, և ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված՝ գա իրենց դեմ, ճշմարտությունով կզինաթափվի»։
Երկրորդ տարբերակը, թերևս, ավելի հավանական է, եթե հաշվի առնենք, որ վերջին ասուլիսի ժամանակ Քոչարյանն իր «ամպլուայի» մեջ էր՝ ինչպես նախագահության օրոք, այնպես էլ հիմա նույն ոչ ստանդարտ բառապաշարն էր՝ «գոտկատեղից ներքև փափուկ տեղին» առնչվող բոլոր հնարավոր համեմատություններ, «չուգունոտ գլխի», «տրուսիկի», «3 մետրանոց քամակի» մասին հիշատակումներ և այլն։
Բայց վերադառնանք Քոչարյանի վերջին հրապարակային հայտարարություններին։ Մանավանդ, որ այս հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ խոսել է ոչ թե ներքաղաքական թեմաներով, այլ՝ ԼՂ խնդրի մասին, անդրադարձել ղարաբաղյան պատերազմներին, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում պարտությանը։
Չենք անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի՝ իրենից հերթական անգամ «վոյին» կերտելու, ԼՂ խնդրում բոլոր հաջողություններն իրեն վերագրելու փորձերին։ Բայց մի հայտարարություն, այնուամենայնիվ, անհնար է շրջանցել. նա փորձել է հանդես գալ որպես ԼՂ խնդրում փոխզիջումային լուծման կողմնակից, անգամ՝ ջատագով։ Նախ, նա «մադրիդյան սկզբունքները» որակել է «ցանկալի, լավ փաստաթուղթ», հետո՝ խոսել 2019թ. բանակցային սեղանին ներկայացված տարբերակի մասին. «2019թ. եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի մերժվեց․ հայկական կողմը նույնիսկ չի էլ բանակցել»։
ԼՂ խնդրում փոխզիջումների, 2019թ. բանակցային տարբերակն ընդունելու անհրաժեշտության մասին խոսում է մի մարդ, որի նախագահության ողջ ընթացքում վարված քաղաքականությունը միտված է եղել հակառակին՝ հարցի չլուծմանը, ստատուս քվոյի պահպանմանը։ Նրա օրոք փոխզիջման մասին ցանկացած խոսք որակվում էր որպես դավաճանություն, իսկ 1997-ի փուլային տարբերակը՝ պարտվողականություն և Արցախը «ծախել»։ Հիմնական թիրախում էլ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմն էին, որ կողմ էին փոխզիջմանը։
Եթե մոռացել եք, նաև հիշեցնեմ՝ Ռոբերտ Քոչարյանն էր 1998թ. երկրում տեղի ունեցած պալատական հեղաշրջման փաստացի առաջնորդն ու գլխավոր շահառուն՝ նախագահին հրաժարական պարտադրած «հայտնի ուժերից» մեկը։ Ընդ որում, այդ հեղաշրջումն արվեց՝ ուղղակի պատրվակ բռնելով փուլային տարբերակի՝ իբր անընդունելի լինելն, այն պարագայում, երբ սա ԼՂ բանակցային պատմության ողջ ընթացքում միակ փաստաթուղթն էր, որտեղ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։ Ճիշտ է՝ խոսք չկար նաև ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին, բայց սա արվել էր դիվանագիտական դաշտում մանևրելու և Ադրբեջանին խնդրի լուծմանը հակելու համար։ Եվ իսկապես, Ադրբեջանը 1997-98թթ. պատրաստ էր ԼՂ խնդրի լուծմանը։
Հետագայում բոլոր փաստաթղթերը, որտեղ եղել է ինքնորոշման իրավունքը, այն մշտապես գրվել է տարածքային ամբողջականության իրավունքի ներքո։ Միաժամանակ, Ադրբեջանը հրաժարվում էր հակամարտության կարգավորումից, քանի որ պարզ էր՝ Հայաստանը գնալով թուլանում է, կորցնում հնարավորությունները, և ժամանակը ծառայում է հօգուտ իրեն։
Հիմա, փաստորեն, փույթ չէ, որ և՛ «մադրիդյան սկզբունքները», և 2019թ. բանակցային տարբերակն (այսպես կոչված «Լավրովյան պլանն») էությամբ նման էին 98-ի փուլային տարբերակին, բայց՝ Հայաստանի համար շատ ավելի վատ պայմաններով, երբ կորցրել էինք տասնամյակներ։ Երբ այլևս կորսված է Ղարաբաղը, Քոչարյանը հանկարծ դարձել է փոխզիջումների կողմնակից (ի դեպ, հիշեցման կարգով նշենք, որ նրա հենարան քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն անգամ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո հայտարարում էր, թե միևնույն է, Մադրիդյան սկզբունքներն իրենց համար անընդունելի են)։
Միայն թե հետաքրքիր է՝ ինչո՞ւ այն ժամանակ չէր խոսում փոխզիջումների գնալու անհրաժեշտության մասին, երբ կար դրա հնարավորությունը։ Մինչդեռ հիմա այլևս, ցավոք, չկա Ղարաբաղը, այնտեղ չկա հայ բնակչություն։
Արման Գալոյան