Վերլուծություն

Երբ Թրամփը շրջանցում է, Էրդողանը՝ ժխտում, Պուտինը՝ լռում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջազգային արձագանքները հերթական անգամ առերեսում են այն իրողությանը, որ պատմական արդարության ճանաչումը շարունակում է ենթարկվել միջազգային ռեալ քաղաքականության ապաբարոյական տրամաբանությանը։

«Ցեղասպանությունը» Թրամփի գործարքային «բարոյականության» մեջ 

Ի տարբերություն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ով 2021 և 2024թ․ ապրիլքսանչորսյան ուղերձներում կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը, նրան փոխարինող Դոնալդ Թրամփը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ իր խոսքում խուսափեց այն արտասանելուց։ Այդպիսով ի ցույց դրվեց, որ ամերիկյան քաղաքականությունն այս հարցում չի գնում ինստիտուցիոնալիզացման և հիմնված չէ հաստատուն բարոյական սկզբունքների վրա։ Առավել ևս, մի վարչակազմի պարագայում, որը քաղաքականությանը մոտենում է գործարքային տրամաբանությամբ, որն առանց բարոյական կաշկանդումների կարող է խոսել որպես հակամարտության լուծում Պաղեստինի բնիկ ժողովրդին իր կենսատարածքից տեղահանելու և այլ երկրներում տեղաբաշխելու մասին, և որն, առանց խղճի խայթի, կարող է ուկրաինական հակամարտությունում փոխել զոհի և ագրեսորի դերերը, Թրամփից առանձնապես սպասելիքներ չէին կարող լինել։ Սիրիայում, Մերձավոր Արևելքում և ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև իրանական ճգնաժամում առկա անկայուն հարաբերությունների ֆոնին Թուրքիային չնեղացնելու՝ Վաշինգտոնի ուղեգիծն ավելի քան ակնառու է։

Ռուսական լռության շովինիզմը

Նույնը Ռուսաստանի պարագայում է։ Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը պաշտոնական Մոսկվան որևէ մակարդակով չարձագանքեց՝ չհղելով ո՛չ ուղերձ, ո՛չ նույնիսկ հիշատակի պարզ գրառում, ինչպես 2024թ․։ Մոսկվայի այս լռությունը գին ունի․ Ուկրաինայում պատերազմի, Սիրիայում ռուսական բազաների շուրջ ստեղծված անորոշությունների, միջազգային սանկցիաները մասամբ Թուրքիայի միջոցով շրջանցելու պայմաններում Անկարայի հետ դիվանագիտական սիրախաղերը հիմա կենսական նշանակություն ունեն և ավելի արժեքավոր են Մոսկվայի համար, որքան էլ երկու կողմն էլ հասկանում է, որ դրանք «ոխերիմ սիրեկանների» սիրախաղեր են։

Մյուս կողմից՝ Ռուսաստանն, իհարկե, պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Բայց իր խաղաղարարների կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների բացարձակ թողտվության ֆոնին այդ ճանաչումը կորցնում է իր իմաստային պատմաքաղաքական արժեքը։ Որքան էլ Մոսկվան բղավի, թե Լեռնային Ղարաբաղի հայաթափումը ՀՀ իշխանությունների «դավադրության»  հետևանք էր, էթնիկ զտումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգությունը բացառապես իր պատասխանատվության տիրույթում էր գտնվում։ Այդ պատասխանատվությունից անհնար է ազատվել։

Էրդողանի ժխտողականության աբսուրդի ժանրը

ԱՄՆ և Ռուսաստանի վարչակարգի՝ նման փոփոխական բարոյականության ֆոնին բացարձակ օրինաչափ էր Թուրքիայի ժխտողականության խորացումը, ինչի վկայությունն էին ապրիլի 24-ին նախագահ Էրդողանի և Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունները։ Թուրքիայի հայկական համայնքին և հայոց պատրիարքարանին ուղղված Էրդողանի ուղերձում, օրինակ, 20-րդ դարասկզբին հայկական էթնիկ տարրի համակարգված ոչնչացումը և հայրենազրկումը հավասարեցվել էր անհասցե «զինված խմբավորումների» կողմից իրականացված «դիվերսիոն հարձակումների» և համաճարակների հետևանքով մահացություններին։ Անկարան զոհերի ու դահիճների տեղերն ու դերերը խառնելու նոր մաստեր-կլաս է ցուցադրում։

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական սառը և խստիվ ժխտողական արձագանքն, իր հերթին, ոչ միայն պատմությունը սեփական շահերին համապատասխան վերաիմաստավորելու, այլ նաև ժխտողականությունը «արտաքին թշնամիների» նկատմամբ դիրքավորվելու շանտաժային միջոց դարձնելու փորձ էր։ Այն ուղղված էր առաջին հերթին Ֆրանսիայի դեմ, որի նախագահի կարճ, բայց թիրախային մեկնաբանությունը ոչ միայն կոնկրետ էր 20-րդ դարասկզբի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու, այլև արդիական՝ դրանք մարդկության հանդեպ ընդհանուր պատասխանատվության տիրույթում դիտարկելու առումով։

Ակնհայտ է, որ որքան Թուրքիան ընդլայնում է իր տարածաշրջանային ազդեցության գոտին և անկաշկանդ դառնում իր հավակնությունների մեջ, այնքան անսանձ է դառնում նաև թուրքական «հարձակողական ժխտողականությունը»։

Քաղաքական այս տեղաշարժերը գործոններ են, որոնք չի կարող հաշվի չառնել Հայաստանը ցեղասպանության հարցում իր քաղաքականության առումով։ Երևանի համար ցեղասպանության միջազգային ճանաչումն, անկախ ճոռոմ ու բարձրագոչ հայտարարություններից, տարիներ շարունակ առավելապես եղել է ավելի շատ բարոյական հարթության խնդիր։ Դա առաջին հերթին պայմանավորված է եղել նրանով, որ անկախացումից ի վեր այդպես էլ չի հաջողվել հստակ բանաձևել հայկական պահանջատիրության էությունն ու սահմանները։

Բարոյական պնդումներից դեպի ռազմաքաղաքական սուբյեկտայնություն

2015թ․ հետո ՀՀ արտգործնախարարությունը փորձ արեց հարցը բարոյական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն՝ առաջ քաշելով «Ցեղասպանության ճանաչումը որպես նոր ցեղասպանության կանխման միջոց» բանաձևը և ստանձնելով դրա միջազգայնացման արշավի առաջնորդումը։ Դրա շրջանակում 2015թ․ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր, իսկ 2024թ. ապրիլին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։

Սակայն իրական քաղաքականության իմաստով այս քայլերը սպասելի արդյունքը չտեցին։ 2023թ․ սեպտեմբերին աշխարհը հանդուրժեց Լեռնային Ղարաբաղի անարգել էթնիկ զտումը, որը բացահայտ ցեղասպանական ակտ էր, և որի վրա իր այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում փաստացի հղում է արել նաև ՀՀ արտգործնախարարությունը։ Այդ քայլերը չեն օգնում նաև հիմա, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայաթափման միջազգային արձագանքը մնում է ոչ ադեկվատ։    

Այսինքն, փաստ է, որ 110 տարի անց պատմական հիշողության ճակատամարտը դեռ շարունակվում է։ Սակայն միայն պատմական հիշողության քաղաքականացումը, ցեղասպանության դեմ տարատեսակ միջազգային արշավների առաջնորդումը, աշխարհին բարոյական արդարության վերականգնման պահանջներ ներկայացնելը ցեղասպանության կրկնությունը բացառելու երաշխիքներ չեն տալիս։ Իրական անվտանգությունը ձևավորվում է սեփական ռազմաքաղաքական և քաղաքակրթական ներուժի զարգացման, դիվանագիտական ճկունության ու հասունության և, որպես պետական կայացման կարողության նախադրյալ, պետական ու քաղաքացիական մտածողության արմատավորման հիման վրա։ Եթե աշխարհը քո ազգային պատմական ցավին ու ողբերգությանը մոտենում է real-politik-ի դաժան խաղի կանոններով, այլ տարբերակ, քան աշխարհին հենց այդ խաղի կանոնների պրիզմայով մոտենալը, չի կարող լինել։ Երբ պատմական արդարության սպասումը վերածվում է քաղաքական խնդրողականության արարողակարգի, այն այլևս գործնական արդյունք չի կարող տալ։ Իսկ երբ աշխարհն առաջնորդվում է ոչ թե արժեքներով, այլ քաղաքական դիվիդենտների և շահաբաժինների հաշվարկներով, բարոյական ազդակները փշուր-փշուր են լինում՝ քաղաքական իրականության անթափանց պատին բախվելով։

Հետևաբար, ոչ միայն անիմաստ, այլև վնասակար է ամեն տարի զբաղվել տարբեր երկրներից հնչող ուղերձների անկեղծության փնտրտուքով՝ անտեսելով դրանց մաքուր քաղաքական մոտիվների ու ենթաշերտերի խորքային ըմբռնումը։

Որքան շատ ենք զբաղվում հարցի զուտ բարոյական կողմով, այնքան ի ցույց ենք դնում արտաքին մարտահրավերների դեմ սեփական իմունիտետի անկենսունակությունն ու քաղաքական անձեռնհասությունը։ 

Գոռ Աբրահամյան