Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի, ավելի ճիշտ՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև պայքարը նոր թափ է ստանում։
Թվում էր՝ «ո՞վ է իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին» հարցի շուրջ դեռ նախորդ տարեվերջից սկիզբ առաջ բանավեճը, որ նոր թափ ստացավ մեկ-երկու ամիս առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո, գնալով մարում է։ Բայց երեկ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Այս անգամ արդեն «կռվին» խառնվել է անձամբ Սերժ Սարգսյանը։
Սա ինքնին հետաքրքիր փաստ է, քանի որ մինչ այս պայքարը երկրորդ ու երրորդ նախագահների թիմակիցների միջև էր։ Ճիշտ է՝ վերջին ամիսներին երկու կողմից էլ մարտի դաշտ էր դուրս եկել «ծանր հրետանին»՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, պատգամավոր Ագնեսա Խամոյանը, մյուս կողմից՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավոր Աննա Մկրտչյանը, Էդուարդ Շարմազանովը։ Բայց անձամբ երկու նախկին նախագահները մինչ այս պահը խուսափում էին անձապես «կռվին խառնվելուց» ու իրար ուղիղ տեքստով քննադատելուց (եթե չհաշվենք, որ Քոչարյանն իր ասուլիսին մի տեսակ քամահրանքով էր խոսում Ս. Սարգսյանի մասին՝ մի քանի անգամ նրան անվանելով «երրորդը», «երրորդի ժամանակ»։
Սակայն, երեկ, տեղի ունեցավ «անսպասելին»։
ՀՀԿ հիմնադրման 35-ամյակի առթիվ ունեցած ելույթում, իշխանությանը քննադատելուց զատ, Սերժ Սարգսյանը սլաքներն ուղղել է դեպի Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը, անգամ՝ նախազգուշացրել. «Թույլ չեմ տա անցնել սահմանները», «Ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի»։
Ճիշտ է՝ Սարգսյանը ոչ մի անգամ Ռոբերտ Քոչարյանի անունը չի հնչեցրել։ Սակայն խոսել է գործող վարչախմբին իշխանության բերելու բանավեճի մասին, և անուղղակի, բայց հստակ մատնանշել Քոչարյանի շրջապատին.
«Մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին…
Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը և հավելել,- «Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու՝ իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի մեր երբեմնի գործընկերները, և պարզվում է՝ նրանց անհաջողության մեջ էլ մենք ենք մեղավոր:
Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ, պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել»:
«Շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո»։
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն հիշեցրել է 2018-ի իրադարձությունները, գործող իշխանություններին նրանց ցուցաբերած աջակցությունը, ոչ միայն հանցակից անվանել նրանց, այլև՝ մեղադրել ընտրություններից առաջ իրենցից ձայներ «փախցնելու» փորձերի մեջ։
Իսկ այսքանից հետո Ս. Սարգսյանը զգուշացրել է՝ իրենց ճանապարհներն այլևս չեն կարող մեկտեղվել. «Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք-կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել»,- ասել է նա։
Ի՞նչ է սա նշանակում՝ խորհրդարանական ընտրությունների պայքար արմատական ընդդիմության տեղի համա՞ր։
Միգուցե, Սերժ Սարգսյանը, որ 2021-ի արտահերթ ընտրություններում «ֆորա» էր տվել Քոչարյանին, այսպես հասկացնում է՝ ինքն է ընդդիմության լիդերի դերը ստանձնելու, քանի որ նրանք չկարողացան «մինչև քոքը մաշեցնել»։ Իսկ միգուցե այս ամենի նպատակը միանգամայն այլ է և որևէ կապ չունի Հայաստանի պետության ու պետականության շահերի հետ։
Մինչ այդ, նկատենք՝ Քոչարյանի կողմնակիցները դեռևս չեն արձագանքել ՍԵրժ Սարգսյանի հայտարարություններին. երեկ ողջ օրը «Հայաստան» խմբակցությունից չհնչեց որևէ մեկնաբանություն, թեև՝ նախկինում նրանք առիթը բաց չէին թողնում միանգամից հակադարձելու ՀՀԿ-ականների խոսքերին։ Քոչարյանի թիմից ոչ մեկը ճեպազրույց չտվեց, ԱԺ հայտարարությունների ժամին էլ խոսեցին սոցիալ-տնտեսական հարցերից՝ անհասցե կեսբերան քննադատություններ հնչեցնելով։ Միայն նկատելի էր փաստը, որ ոչ միայն «Պատիվ ունեմ», այլև «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ԱԺ դահլիճում չմասնակցեցին կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանը և որևէ հարց չտվեցին վարչապետին (մինչդեռ «Հայաստան» խմբակցությունը մինչև հիմա պարտաճանաչ մասնակցել է կառավարության հետ խորհրդարանական հարցուպատասխանի նիստերին)։
Միգուցե սպասվում է Քոչարյանի «շռնդալից» արձագանքը՝ մոտավորապես, «վատ պարողին խանգարող հանգամանքների» մասին հիշեցումների ոճով։ Մանավանդ, որ Քոչարյանն իր սովորությանը համաձայն, անպատասխան չի թողել իր հասցեին քննադատությունները, այն էլ՝ այս դեպքում, երբ դա հնչում է իր քաղաքական կշիռ ունեցողների, այս անգամ՝ իրավահաջորդի՝ Սերժ Սարգսյանի կողմից։
Արման Գալոյան