Radar Armenia-ն ներկայացնում է Responsible statecraft կայքում Քուինսիի ինստիտուտի համահիմնադիր Տրիտա Փարսիի հոդվածն ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին։
«Դոնալդ Թրամփի առաջին դիվանագիտական հանդիպումը Թեհրանի հետ չէր կարող ավելի լավ ընթանալ։ Երկու կողմերն էլ Օմանում կայացած բանակցությունները բնութագրել են որպես դրական և կառուցողական։ Սակայն դրանց հաջողության իրական նշանն այն էր, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին համաձայնել է ուղղակիորեն խոսել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։
Ջո Բայդենի կառավարման չորս տարվա ընթացքում Իրանը ոչ մի անգամ չի համաձայնել ուղիղ հանդիպումներ անցկացնել ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ արտգործնախարարի մակարդակով։ Թրամփն այժմ հնարավորություն ունի ապահովել «ավելի լավ գործարք»՝ ձգտելով եռակի հաղթանակի։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իր միակ «կարմիր գիծն» Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումն է։ Սակայն անհասկանալի է՝ արդյոք նա կձգտի դրան հասնել Իրանի միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժմամբ՝ Լիբիայի մոդելի օրինակով, ինչը Իսրայելի դիրքորոշումն է, թե՞ կընտրի ստուգման վրա հիմնված լուծում, որը սահմանափակում է ծրագիրը՝ առանց այն ամբողջությամբ վերացնելու։
«Լիբիայի մոդելի» խնդիրն, իհարկե, այն է, որ Իրանը երբեք չի ընդունի նման կապիտուլյացիա։ Հենց այդ պատճառով է Իսրայելը պնդում այս մոտեցումը՝ հաշվարկելով, որ նման պահանջները երաշխավորում են դիվանագիտության ձախողումը և ստիպում Թրամփին՝ անցնել ռազմական գործողությունների։
Սակայն Ուիթքոֆը շաբաթ օրվա բանակցությունների ընթացքում չի հիշատակել ապամոնտաժման մասին։ Կողմերը քննարկել են ծրագրի սահմանափակման աստիճանները և այն պատժամիջոցների վերացումը, որ Թրամփը պատրաստ է առաջարկել ի պատասխան։
Թեև ապամոնտաժումը կարող է թվալ ավելի խիստ և կոշտ, այն անհնարին է, մինչդեռ ստուգման վրա հիմնված մոդելը ոչ միայն գործնական է, այլև Թեհրանն արդեն 2015 թվականին համաձայնել է նման մոդելի և կարող է կրկին համաձայնել։ Խնդիրն այն է, որ վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագիրը զգալի առաջընթաց է գրանցել, և այն 2015 թվականի մակարդակին վերադարձնելը բարդ խնդիր է։
Թրամփը, սակայն, ավելի լավ դիրքերում է այդ առաջընթացը հետ շրջելու համար, քանի որ նա պատրաստ է Թեհրանին առաջարկել առաջնային պատժամիջոցների վերացում, այսինքն, այն պատժամիջոցները, որոնք արգելում են ամերիկյան ընկերություններին առևտուր անել Իրանի հետ։ Բարաք Օբաման երբեք չի դիտարկել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի առաջնային պատժամիջոցների վերացումը՝ վախենալով, որ դա կուժեղացնի հանրապետականների ընդդիմությունը գործարքին։ Բացի այդ, նա ցանկանում էր, որ համաձայնագիրը խստորեն վերաբերի միայն միջուկային հարցին։
Առաջնային պատժամիջոցների վերացումը ներառելը Օբամային խոցելի կդարձներ մեղադրանքների համար, թե նա միջուկային անվտանգությունը փոխանակում է ամերիկյան կորպորատիվ շահերի հետ։
Ի հակադրություն, Բայդենը, իր Իրանի հարցերով բանագնաց Ռոբ Մալիի խոսքով, «տատանվող» վերաբերմունք ուներ գործարքի նկատմամբ և կենտրոնացած էր պատժամիջոցների վերացման ներքին քաղաքական ծախսերի վրա՝ փոխարենը կենտրոնանալու այն միջուկային ձեռքբերումների վրա, որոնք կարող էին ապահովել պատշաճ պատժամիջոցները։
Թրամփը տարբերվում է։ Նա հակված է պատժամիջոցները դիտարկել որպես ամերիկյան ընկերությունների համար պատիժ և, կարծես, ցանկանում է վերացնել դրանք՝ թույլ տալու ամերիկյան ընկերություններին վերադառնալ Իրան։
Հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը, Թրամփի՝ առաջնային պատժամիջոցները վերացնելու պատրաստակամությունը կարող է հենց այն պատճառը լինել, որ նա հնարավորություն ունի միջուկային ժամացույցը ետ տանել մինչև 2016 թվական։ Նա կարող է ձգտել «ավելին ավելիի դիմաց» մոդելի՝ համեմատած Օբամայի ձեռք բերածի և Բայդենի ձախողածի հետ, քանի որ պատրաստ է ավելին դնել բանակցային սեղանին։
Ստուգման վրա հիմնված մոդելի հետապնդումը՝ միջուկային զենքը որպես միակ կարմիր գիծ պահելով, Թրամփին հնարավորություն է տալիս ԱՄՆ-ի համար ապահովել եռակի հաղթանակ՝ կանխել Իրանի միջուկային ռումբը, խուսափել Իրանի հետ պատերազմից և ստեղծել խոշոր բիզնես հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար, ինչը կնպաստի ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծմանը։
Իրականում, Իրանի դեմ պատժամիջոցները մեծ վնաս են հասցրել ԱՄՆ տնտեսությանը։ 2014 թվականին Ջոնաթան Լեսլիի, Ռեզա Մարաշիի և իմ կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 1995-2012 թվականներին ԱՄՆ պատժամիջոցները ԱՄՆ տնտեսությանը զրկել են Իրան արտահանման պոտենցիալ եկամուտներից՝ 135-175 միլիարդ դոլարի չափով։
Սա նաև հանգեցրել է ԱՄՆ-ում աշխատատեղերի զգալի կորստի։ Միջին հաշվով, կորցրած արտահանման եկամուտները հավասար են տարեկան 50-66 հզ․ կորցրած աշխատատեղերի։ 2008 թվականին այդ թիվը հասել է մինչև 279 հզ․։
Եթե Թրամփը հավատարիմ մնա ռազմավարությանը, որը գերակայություն է տալիս միջուկային հարցին՝ առանց կենտրոնանալու Իրանի բալիստիկ հրթիռների կամ «Հեզբոլլահ»-ի և հութիների նման խմբերի հետ կապերի վրա, ընտրի ստուգման վրա հիմնված գործարք՝ Լիբիայի ոճի ապամոնտաժման փոխարեն, և օգտագործի առաջնային պատժամիջոցների վերացումը՝ Իրանի միջուկային ծրագիրը հետ մղելու և նրա տնտեսությունը ամերիկյան ընկերությունների համար բացելու համար, ապա նա կապահովի Ամերիկայի համար եռակի հաղթանակ։
Այդպիսի գործարքն իսկապես ավելի լավ կլիներ»։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը