Գյումրու համայնքային ընտրություններում բոլորի խաղաքարտերը բացվեցին․ ընտրություններում երրորդ արդյունքն արձանագրած, «Մեր քաղաքը» դաշինքը գլխավորած Մարտուն Գրիգորյանը վերջապես հայտարարեց, որ անհրաժեշտ ձայներ կտա երկրորդ արդյունքն արձանագրած Վարդան Ղուկասյանին՝ քաղաքապետ ընտրվելու համար, սակայն նրան չի աջակցելու հետագա պաշտոնավարման ընթացքում և մյուս ուժերի հետ կոալիցիա չի կազմի։ Այսինքն՝ պարզ է, որ Գյումրին կունենա քաղաքապետ՝ ի դեմս բազում քրեական գործերով անցնող, կուռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրված Վարդան Ղուկասյանի։ Սակայն բացարձակապես պարզ չէ, թե ինչպե՞ս է քաղաքը կառավարվելու հետայսու։
Պյուռոսյան հաղթանակի «դառնությունը»
Մի կողմ թողնենք նման ընտրություն կատարելու մեջ մյուս երկու ամենաքիչ ձայներով ավագանի անցած ընդդիմադիր ուժերին ուղղված Գրիգորյանի մեղադրանքները, որոնք օբյեկտիվ են, քանի որ նրանց հապճեպ որոշումներն այլընտրանքային տարբերակներ քննարկելու ճկունության տեղ չթողեցին։ Փաստ է, սակայն, որ Գրիգորյանը երկու հնարավոր պարտություններից ընտրեց Վարդան Ղուկասյանի ժամանակավոր պարտությունը։ Սակայն պարադոքսն այն է, որ այդ պարտությամբ նա Վարդան Ղուկասյանին իր «գերին» դարձնելու շանս ստացավ։
Խնդիրն այն է, որ առանց նրա խմբակցության անդամներց առնվազն 4-ի ձայների, «ընդդիմադիր» ավագանին ի զորու չի լինելու կայացնել հիմնական որոշումները։ Դե ֆակտո չմտնելով ընդդիմադիր կոալիցիայի մեջ՝ նրա խմբակցությունը կարող է մանևրումներով ցանկացած պահի տորպեդահարել Ղուկասյանի նախաձեռնությունները։ Այսպիսի ազատությունը Վարդան Ղուկասյանին ավելի լուրջ քաղաքական կախվածության մեջ է դնում Մարտուն Գրիգորյանից ու նրա 6 հոգանոց խմբակցությունից, քան քաղաքական կոալիցիայի կազմում լինելու դեպքում։
Սա ինչ որ իմաստով պյուռոսյան հաղթանակ էր Վարդան Ղուկասյանի համար, որը կիսով չափ քաղաքապետ կլինի, եթե, իհարկե, ցանկանա այս պայմաններում քաղաքապետ աշխատել։ Բայց սա նույնպիսի պյուռոսյան հաղթանակ էր ընդդիմության համար, որն ստացավ առանց ՔՊ-ի Գյումրի, բայց նաև չստացավ ընդդիմադիր Գյումրի։
Գյումրին հայտնվեց կառավարման հերթական տուրբուլենտ, նույնիսկ քաոսային կառավարման ճիրաններում։ Եվ եթե, օրինակ, Վարդան Ղուկասյանը ցանկանում է քաղաքապետ աշխատել առանց Մարտուն Գրիգորյանի «մտրակի», ստիպված է լինելու փորձել ինչ-որ կերպ լեզու գտնել ավագանու ՔՊ անդամների հետ։ Եվ հարց է առաջանում, այդ դեպքում որքանո՞վ է ընդդիմադիր լինելու Գյումրին։
Քաղաքական համակարգի ֆիասկոն
Սակայն այն իրավիճակը, որ ստեղծվել է Գյումրիում և այն քաղաքական հավասարումները, որ կատարվեցին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա, ավելի համակարգային բնույթի մի քանի արձանագրումների տեղիք են տալիս։
1. Արձանագրվեց քաղաքական իշխանության երկրորդ պարտությունը հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում։ Եվ չնայած իշխանության թեկնածուն պատկառելի քվե հավաքեց, սակայն քաղաքական ուժերի առկա դասավորությունից ելնելով՝ 2026թ․ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ, այս հանգամանքը լուրջ հետևություններ և ներքին վերանայումներ անելու անհրաժեշտության առջև է կանգնեցնում իշխանությանը։
2. Ընդդիմության համար Գյումրիում ՔՊ-ի պարտությունը սկզբունքային է գնահատվում այն պատճառով, որ ակնհայտորեն այն դարձվելու է գալիք ԱԺ ընտրություններում քարոզչության լեյտմոտիվ այն տրամաբանությամբ, որ եթե հաջողվել է հաղթել Գյումրիում, կհաջողվի հաղթել նաև այլուր։ Ավելին․ մեդիայում ընդդիմության շարքերից հնչող մեկնաբանություններից տպավորություն է, որ իշխանության պարտության հիմնական պատճառ է դիտարկվում ապակենտրոնացված, այսինքն՝ տարբեր դեմքերով ընտրապայքարի մեջ մտնելը, հետևաբար՝ այդ տակտիկան պետք է կիրառել նաև մյուս ընտրություններում։ Տրամաբանությունն այն է, որ իշխանությունն այդ դեպքում չի կարողանում մոբիլիզացնել ռեսուրսները, իսկ ունեցած ռեսուրսներն ստիպված մասնատելու է՝ ընդդիմադիր այդ օղակներից յուրաքանչյուրի դեմ պայքարելու համար։ Արդյունքում՝ իշխանությունը պլանավորածից քիչ քվե է ստանում, իսկ ընդդիմությունը կարողանում է միավորվել և իշխանությանը դարձնել փոքրամասնություն։
Այս մարտավարությունն արդյունավետ կարող է լինել միայն մեկ դեպքում․ եթե ընդդիմությունն այնպիսի անհատների կարողանա առաջադրել, որոնք իսկապես կարող են ընտրողների կողմից ընկալվել որպես առանձին խաղացողներ և եթե ընդդիմությունը կարողանա համոզել, որ ապակենտրոնությունը կենտրոնացվածությունը թաքցնելու տակտիկա չէ, և թեկնածուներից յուրաքանչյուրն առանձին սուբյեկտ է, այլ ոչ թե միասնական ընդդիմության «վառված» մարիոնետներ։ Ի վերջո՝ Մարտուն Գրիգորյանը երրորդ արդյունքը ցույց է տվել, որովհետև գյումրեցին հավատացել է, որ համեմատաբար ազատ խաղացող է և ոչ միայն իշխանության դեմ է ազնիվ գործում, այլ նաև՝ Վարդան Ղուկասյանի։ Եվ՝ հակառակը։ Բայց սրանից բխում է հաջորդ հարցը։
3. Ակնհայտ դարձավ, որ օրինաչափ է դարձվում «թեկուզ կրիմինալ լինի, բայց ՔՊ-ն» չլինի սկզբունքը։ Փաստվում է՝ մտահոգության առարկան ամենևին քաղաքի կառավարումը չէր։ Ստացվում է, որ այս սկզբունքի տարածական կիրառման դեպքում այն կիրառողները պատրաստ են իշխանությունը հանձնել կրիմինալին, միայն իրենց հիմնական մրցակիցը չհաղթի։ Քաղաքագիտական առումով սա նոնսենս է․ կրիմինալի և ապաքաղաքական տարրերի առաջ քաղաքական մտքի պարտության արձանագրում և իրավիճակի վրա ազդելու քաղաքական վերնախավի անզորության և անկարողության ինքնախոստովանություն։ Սա կորոզիա է ոչ թե զուտ իշխանություն-ընդդիմություն էպիզոդիկ դիմակայության մակարդակում, այլ, առհասարակ, պետության կենսագործունեությունն ապահովող առանցքային բոլոր հարաբերություններում։ Որովհետև լեգիտիմացվում է այն սկզբունքը, որ գործող քաղաքական իշխանությունից ազատվելու համար պետք է և կարելի է պետական իշխանությունը փոխանցել կրիմինալին, հետևաբար՝ պետք է և կարելի է առաջադրել այդպիսի թեկնածուների, քանի որ կարծես թե հենց նրանք են ի զորու հաղթելու իրենց համար անընդունելի և մերժելի ուժին։
4. Գյումրու ընտրություններում ուժերի նման բաշխվածություն է ձևավորվել ոչ այնքան քաղաքական պայքարի, որքան միջանձնային պայքարի բերումով։ Որքան էլ խոշոր քաղաքների ընտրություններն օրենսդրորեն քաղաքական են, ՏԻՄ ընտրություններում առանցքայինը շարունակում է մնալ համայնքի ղեկավարի թեկնածուի անձնական ֆենոմենը և համայնքի կողմից անձամբ թեկնածուի նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Գյումրիում երևի ոչ ոք չգիտի, թե ընտրություններին մասնակցած քաղաքապետացուներից որն ինչ կուսակցություն էր ներկայացնում։
Ընդ որում՝ հենց ՏԻՄ ընտրություններում են շարունակում ազդեցիկ գործել ընկերական, հարազատական, թաղային կապերը, թեկնածուի անձնական հեղինակությունը։ Ընտրողների բարոյական պարտավորվածությունն էլ մեծամասամբ ոչ թե քաղաքական ուժի, այլ հենց թեկնածուի հանդեպ է։ Հետևաբար, տեղական մակարդակի քաղաքական և համապետական ընտրությունների միջև այս առումով շատ զուգահեռներ չեն կարող տարվել։
5. Առանձին հարց է, թե ինչո՞ւ են քաղաքապետ դառնալ ցակնացողները շարունակում ավելի արդյունավետ համարել լոկալ, այլ ոչ թե, ասենք, բացահայտ կերպով խորհրդարանական քաղաքական ուժերի անվան ներքո ինքնառաջադրվելը։ Սա քաղաքական-կուսակցական համակարգի փլուզման, անվստահելիության ուղիղ ցուցիչ է, և առաջին պլան է մղում այդ համակարգի ընդհանրական ռեսթարթի հրամայականը։
Գոռ Աբրահամյան