Վերլուծություն

«Ինչո՞ւ է Ադրբեջանը ձգտում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման». Responsible Statecraft-ի հոդվածը

Քուինսի ինստիտուտի ոչ ռեզիդենտ գիտաշխատող, արտաքին քաղաքականության փորձագետ Էլդար Մամեդովը, որ բնակվում է Բրյուսելում, Responsible Statecraft-ում հրապարակել է «Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ադրբեջանն ինչո՞ւ է ձգտում հարաբերությունների նորմալացման» վերնագրով հոդված:

Radar Armenia-ն ներկայացնում է այդ հոդվածի թարգմանությունը: Նշենք, որ այն հրապարակվել է մարտի 24-ին։

«Նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վերաբերյալ հակասական ազդակներ է հղում՝ մի կողմից վերականգնելով «առավելագույն ճնշման» քաղաքականությունը և սպառնալով ռազմական գործողություններով, մյուս կողմից՝ ցուցաբերելով բանակցելու պատրաստակամություն: Այս պայմաններում «հակադիվանագիտական» ուժերը գերլարված աշխատում են՝ գտնելու նոր ուղիներ, որոնք ԱՄՆ-ն ու Իրանը կպահեն մշտական թշնամության մեջ:

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում և Իսրայելում ակտիվ քարոզարշավ է ընթանում՝ Իրանի հյուսիսային հարևանին՝ Ադրբեջանին «Աբրահամի համաձայնագրերին» միացնելու համար: Այդ համաձայնագրերը 2020 թվականին ստորագրվել են Իսրայելի և մի շարք արաբական երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Մարոկկոյի միջև:

Իսրայելի առաջատար վերլուծական կենտրոններից՝ Բեգին-Սադաթ կենտրոնը, պնդում է, որ Բաքուն կատարյալ համալրում կլինի այս խմբին: Բացի այդ, մի շարք ազդեցիկ ռաբբիներ նամակ են հղել Թրամփին՝ խթանելու Բաքվի միացումը: The Wall Street Journal-ը և Forbes-ը նույնպես աջակցել են այս գաղափարին իրենց խմբագրականներում:

Առաջին հայացքից այս ակտիվությունը կարող է տարօրինակ թվալ, քանի որ Ադրբեջանն արդեն Իսրայելի սերտ դաշնակից է, ընդ որում, նրանց հարաբերությունները շատ ավելի ջերմ են, քան «Աբրահամի համաձայնագրեր» ստորագրած արաբական երկրները:

1990-ականների սկզբին, երբ Իսրայելը Իրանին համարեց իր գլխավոր սպառնալիքը, որպես հակակշիռ, սկսեց կապեր հաստատել Ադրբեջանի հետ:

Բաքուն զգալի օգուտներ է քաղել այդ հարաբերություններից. Իսրայելը կարևոր դեր է խաղացել 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի դեմ պատերազմներում Ադրբեջանի հաղթանակի գործում:

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ Իսրայելը կազմել է Ադրբեջանի ռազմական ներկրումների մինչև 70%-ը: Իր հերթին, Ադրբեջանը Իսրայելի նավթի հիմնական մատակարարն է՝ ապահովելով նրա նավթի ներկրումների մինչև 40%-ը: Բաքուն չդադարեցրեց նավթի մատակարարումները նույնիսկ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո՝ Գազայում Իսրայելի պատերազմի ընթացքում: Հարաբերությունների խորացման վկայություն է նաև այն, որ Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունը վերջերս 10% բաժնեմաս ձեռք բերեց Իսրայելի «Թամար» օֆշորային գազային հանքավայրում:

Այսպիսով, Ադրբեջանի՝ «Աբրահամի համաձայնագրերին» միանալու օգուտներն ինքնին ակնհայտ չէ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը ձգտում է «ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցության ամուր հիմքեր ստեղծել»: The Wall Street Journal-ի 2024 թվականի մարտի 14-ի հոդվածում Սեթ Քրոփսին և Ջոզեֆ Էփշտեյնը նշել են, որ նման դաշինքի նպատակն է Իրանի հյուսիսային սահմանին ճնշումը զգալիորեն մեծացնելը:

Այդուհանդերձ, այս ծրագիրը խոչընդոտ ունի՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը, որն ընդունվել է 1990-ականների սկզբին՝ առաջին ղարաբաղյան պատերազմի համատեքստում, ամերիկահայկական ազդեցիկ լոբբիի ջանքերով: Այն արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու զենքի վաճառքը Ադրբեջանին: Սակայն 2001 թվականից՝ «Համաշխարհային հակաահաբեկչական պատերազմի» մեկնարկից հետո, ԱՄՆ նախագահները ժամանակավորապես չեղարկել են այդ սահմանափակումը՝ Ադրբեջանին համարելով օգտակար գործընկեր: Այդ համատեքստում Բաքուն իրեն դիրքավորել է որպես Թեհրանի դեմ կարևոր դաշնակից։

Ադրբեջանի իսրայելական և ամերիկյան աջակիցները պնդում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող «խաղաղության պայմանագրի» մասին հայտարարությունները լավ առիթ են 907-րդ հոդվածն ամբողջությամբ վերացնելու համար: Սակայն պայմանագիրը դեռ ստորագրված չէ, քանի որ Բաքուն անընդհատ փոխում է պայմանները: Ավելին, Բաքուն ակտիվորեն տարածում է այն գաղափարը, թե Հայաստանը պատրաստվում է ռևանշիստական պատերազմի՝ իր կորուստները վերականգնելու համար: Այս պնդումները, սակայն, հակասում են տարածաշրջանում ուժերի հաշվեկշռին, որն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Երևանը ռազմական առումով չի կարող մարտահրավեր նետել Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը վայելող Ադրբեջանին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը:

Բաքվի ձգձգումները կարող են բացատրվել Երևանից լրացուցիչ տարածքային զիջումներ կորզելու և այնուհետև խաղաղության բանակցությունների ձախողման համար Հայաստանին մեղադրելու ցանկությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց է պնդում, որ Հայաստանի Սյունիքի մարզը (Բաքվում անվանվող «Զանգեզուր») ադրբեջանական «պատմական հող» է և պետք է «վերադարձվի»: Այս տարածքը ոչ միայն անջատում է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանից, այլև սահմանակից է Իրանին: Բաքուն երկար ժամանակ պահանջում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում՝ Թուրքիայի հետ ուղիղ կապ ապահովելու համար: Թեև այդ պահանջը ներառված չէ խաղաղության պայմանագրի նախագծում, այն շարունակում է մնալ Բաքվի օրակարգում՝ Հայաստանը խոցելի դարձնելով նոր ռազմական ճնշման նկատմամբ:

Իրանն իր հերթին հայտարարել է, որ Հարավային Կովկասում սահմանների որևէ փոփոխություն անընդունելի է: Թեհրանը մտավախություն ունի, որ Հայաստանի հետ սահմանի կորուստը կմեկուսացնի իրեն տարածաշրջանից և թույլ կտա Թուրքիային ու Իսրայելին ամրապնդել իրենց դիրքերը Իրանի «հետնաբակում»: Դա կանխելու համար Թեհրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին և զգուշացրել, որ անհրաժեշտության դեպքում ռազմական միջամտություն կանի: Առայժմ դա զսպել է Բաքվի նկրտումները:

Ադրբեջանին «Աբրահամի համաձայնագրերին» ավելացնելու ջանքերը կարծես նպատակ ունեն խորացնել Բաքվի կապերը Վաշինգտոնի հետ՝ խրախուսելով Ադրբեջանին ավելի վճռական կեցվածք ընդունել Իրանի նկատմամբ: Այս քայլը նաև միտված է ակտիվացնելու Իրանի ադրբեջանական համայնքը (բնակչության մինչև 20%-ը): ԱՄՆ-ի կոշտ գծի նեոկոնսերվատորները և այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը» և «Հադսոն ինստիտուտը», ինչպես նաև նրանց իսրայելական գործընկերները, վաղուց պնդում են, որ Իրանի էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ ադրբեջանցիները, պետք է խրախուսվեն ապստամբելու ռեժիմի դեմ:

Իսրայելն ու Ադրբեջանը, անկասկած, կողջունեին Նեթանյահուի գրասենյակի առաջարկած «եռակողմ համագործակցությունը» ԱՄՆ-ի հետ: Սակայն դժվար է տեսնել, թե ինչպես դա կծառայի ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում նոր ռազմական պարտավորություններից խուսափելու շահին, որոնք կարող են Վաշինգտոնին ներքաշել դաշինքների մեջ և հանգեցնել ուղղակի կամ միջնորդավորված նոր պատերազմների:

Ավելին, չկա որևէ հիմնավոր պատճառ, որ ԱՄՆ-ն պարգևատրի Ադրբեջանին՝ հեռավոր, կոռումպացված և բռնապետական ռեժիմին, որը մեղավոր է Լեռնային Ղարաբաղից 120,000 հայերի էթնիկ զտումների և սեփական ժողովրդի մարդու իրավունքների խախտումների համար: Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը ԱՄՆ-ի համար աննշան է և հիմնականում հիմնված է «Իրանի սպառնալիքի» չափազանցման վրա:

Ավելի լավ ճանապարհ կլիներ, եթե Վաշինգտոնը խաղաղ ճանապարհով հարթեր տարաձայնությունները Թեհրանի հետ, ինչպես Թրամփն ինքն է պնդում, որ ցանկանում է: Դա, ի թիվս այլ օգուտների, կվերացներ ավելորդ կապերը ևս մեկ անհաշտ գործընկերոջ հետ»:

Հ.Գ. Աբրահամյան համաձայնագրերի հռչակագիրը (The Abraham Accords Declaration) ստորագրվել է 2020 թվականի սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ։ Այն նշանավորեց Իսրայելի և Արաբական մի քանի երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների նորմալացումը՝ դառնալով պատմական քայլ Մերձավոր Արևելքի խաղաղության գործում։

Պատրաստեց՝ Արման Գալոյանը