Վերլուծություն

Ադրբեջանական փակուղի․ ինչու է Բաքուն «արագ շտապում»

Արգենտինական Perfil պարբերականին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանին հորդորել է շտապել հաշտության համաձայնության գնալու հարցում, քանի որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։ Նա նշել է, որ դրա համար Երևանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրությունում, հրաժարվի իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներից և դուրս բերի օտարերկրյա ուժերը սահմանամերձ տարածքներից։

Շտապեցնելով հայկական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն վերջնականապես համաձայնեցված համաձայնագրի ստորագրման հարցում՝ պաշտոնական Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե Երևանն է դրա ձգձգման պատասխանատուն։ Մինչդեռ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանը ամենաբարձր՝ վարչապետ Փաշինյանի մակարդակով երեք անգամ հանդես եկավ ուղերձով՝ Բաքվին առաջարկելով սկսել տեխնիկական կոնսուլտացիաներ համաձայնագրի ստորագրման տեղի և ժամանակի շուրջ։ Այսինքն, Երևանն իր հերթին է փորձում ապացուցել, որ Բաքուն շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ։ Այս հանգամանքը օրերս Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին ունեցած ելույթում շեշտել է նաև ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը․ «․․․Ճիշտ ժամանակն է վերջ դնել արհեստական ձգձգումների և հապաղման քաղաքականությանը, զերծ մնալ անհիմն պատրվակներ ներկայացնելուց, որոնք միայն խոչընդոտում են Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը»,-ասել է նա։

Այսպիսով, հարց առաջանում․ եթե երկու կողմն էլ շահագրգիռ են համաձայնագրի ստորագրման հարցում, ինչու՞ դա տեղի չի ունենում։

Ադրբեջանի թաքնված վախերը

Փաստացի, Երևանն ու Բաքուն, վերջինիս սանձազերծած շանտաժային մարտավարության արդյունքում, սկսել են դիվանագիտական-քարոզչական պատերազմ։ Համաձայնագրի տեքստի ստորագրումից անմիջապես հետո հայ-ադրբեջանական շփման գծին կրակոցներով կամ դրանց մասին կեղծ լուրեր տարածելով Բաքուն ձգտում էր ցույց տալ, թե Հայաստանը փորձում է տապալել խաղաղության գործընթացը։ Այդ կերպ փորձում էր ստիպել Երևանին՝ արագացնել սահմանադրության մեջ իր ակնկալած փոփոխության կատարումը և ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նախաձեռնության մեկնարկը։ 

Բաքուն նման կերպ վարվելու երկու հիմնական պատճառ ունի․

Առաջին՝ համաձայնագրի չստորագրումը կամ դրա ձգձգումը ինչ-որ փուլից միջազգային հանրությունը (բացառությամբ, թերևս, Ռուսաստանի) այլևս դիտարկելու է որպես Բաքվի կողմից գործընթացի տորպեդահարման դրսևորում։ Բաքվին անհանգստացնում է ոչ թե ինքնին նման իմիջի ձևավորման հեռանկարը, այլ այն, որ դրանով ապալեգիտիմացվում է Հայաստանի նկատմամբ հետագայում հնարավոր որևէ ագրեսիայի իրականացումը։

Երկրորդ՝ Բաքուն մտավախություն ունի, որ համաձայնագիրն այս փուլում ստորագրվելուց հետո Երևանն այլևս որևէ կաշկանդող բան չի ունենա իր կողմից ներկայացվող արտահամաձայնագրային լրացուցիչ պայմանների կատարման համար, իսկ ինքը չի ունենա Երևանի վրա ազդելու որևէ գործնական լծակ։ Այդ պատճառով Բաքուն ուզում է, որ Հայաստանը շուտ ստորագրի, բայց մինչ այդ կատարի իր առաջադրած հարակից պայմանները։

Պաշտոնական Երևանի համար համաձայնագրի արագ ստորագրումը կենսական հարց է, քանի որ դա դիտում է որպես տարածաշրջանում կայունության հաստատման և Ադրբեջանի ձեռքերն իր հետագա պլաններում կաշկանդելու, խաղաղության հաստատման համար Ադրբեջանից նորանոր պահանջների շղթան ընդհատելու միջոց։

Ինքնին համաձայնագրի ստորագրումը խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Բաքվի համար դժվար չէ անգամ որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո դրա իրականացման համար արհեստական խոչընդոտներ ստեղծելը, ինչպես արեց 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարագայում։ Այս իմաստով, խաղաղության ու կայունության պահպանումը Հայաստանին, առնվազն տեսանելի հեռանկարում, ավելի ձեռնտու է լինելու, քան Ադրբեջանին։ Սակայն հեռանկարը, որ կորցնելու է իր լայն մանևրի հնարավորությունները, և Հայաստանը դառնալու է ավելի անկաշկանդ, ստիպում է Բաքվին հիմա միջոցների դիմել։

Բաքվի պարանոցը՝ սեղմվող օղակում

Բաքուն հիմա դիվանագիտական յուրօրինակ աքցանի մեջ է հայտնվել։ Առանց ճնշում գործադրելու՝ Հայաստանից ավելին կորզելու հնարավորությունները նվազում են։ Հայաստանն ավելի շատ ազատություն է ստացել պնդելու, որ մնացած հարցերը պետք է քննարկվեն համաձայնագրի ստորագրումից հետո։ Բայց մյուս կողմից չափազանց դժվարացել է համաձայնագրի տեքստը համաձայնեցնելուց հետո նոր պայմանների կատարման համար ուժի գործադրումը։ Միջազգային հանրությունը՝ գործնականում բոլոր ուժային կենտրոնները, ողջունելով համաձայնագրի շուրջ բանակցությունների դրական ելքը, պնդում են այն շուտափույթ ստորագրել։ Պարզ է, որ դրանց հասցեատերը Ադրբեջանն է։ Սրանք կոնկրետ ակնկալիքներ են, որոնք Բաքուն հաշվի չառնել չի կարող։ Ահա թե ինչու է Ալիևի վարչակազմին նաև անհրաժեշտ, որ հենց Հայաստանը դիտարկվի որպես համաձայնագրի ստորագրումը ձախողող կողմ։ Սակայն սա էլ արդեն անլուրջ է ընկալվում, քանի որ դրսում տեսնում են, որ հանուն խաղաղության Հայաստանն է գնում դժվար որոշումների։

Այն ազդակները, որոնք Բաքուն ստացավ ու շարունակում է ստանալ Հայաստանի նկատմամբ իրականացված տեղեկատվական սադրանքների արդյունքում, ակներև են դարձնում, որ չի հաջողվել Հայաստանից ագրեսոր կերտելու հնարքը «էժան վաճառել»։

Օրինակ, այդ սադրանքների ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մակո Ռուբիոն հեռախոսազրույց է ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և շեշտում տարածաշրջանում ցանկացած տիպի էսկալացիայի բացառման կարևորությունը։ Նույն Մարկո Ռուբիոն դրանից ընդամենը օրեր անց Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին հղում է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու ուղերձ, որը Բաքվի վրա ազդելուն ուղղված քայլ էր։

Նույն տեղեկատվական սադրանքների ֆոնին Հայաստան է այցելում Իրանի արտգործնախարարը և Երևանի մայրաքաղաքում վերահաստատում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային սահմանների անփոփոխելիության վերաբերյալ։ Նաև՝ կողմերին կոչ անում արագ ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Դրանց զուգահեռ, Սյունիք են մեկնում նախ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, ապա նաև ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Նրանց այցերին ուղեկցող պաշտոնական տեքստերում հատուկ ընդգծվում է, սպառնալիքներից և լարվածության աճից զատ, ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։

Ալիևը, գոնե այս փուլում, աջակցություն չի գտնում նաև իր ստրատեգիական գործընկերոջից՝ Թուրքիայից։ Էրդողանը խառն է ներքաղաքական լրջագույն ցնցումներից, բայց կարողանում է Իլհամ Ալիևին Նովրուզի տոնի առթիվ հղած  շնորհավորական ուղերձում ակնարկել խաղաղության կարևորության մասին։  Ի հեճուկս Բաքվի դիմադրության, Մարգարայի անցակետը տևականորեն բացվում է դեպի Սիրիա հայաստանյան հումանիտար բեռների տեղափոխման անվան ներքո, ավելի շատ՝ որպես Հայաստանի հետ կոմունիկացիա ստեղծելու Անկարայի ժեստ։

Այս պայմաններում Բաքվին մնում է կամ, գոնե առժամանակ, համակերպվել ստեղծված նոր իրողությունների հետ, կամ ավելի լարել իրավիճակը, փորձել իր պահանջների հետ հաշվի նստեցնել նույն այդ ուժային կենտրոններին։ Դա հնարավոր է, եթե Բաքուն ստանա Ռուսաստանի քաջալերանքը։

Հատկապես երկրորդ տարբերակի հեռանկարը փոքրացնելու համար Երևանը այլ տարբերակ չունի, քան միջազգային ճնշումը Բաքվի նկատմամբ ուժեղացնելը և ցանկացած ձևով նրա խուսափողական պահվածքը ապալեգիտիմացնելը։ Այս տեսակետից ԵԱՀԿ-ի հարթակը, տվյալ դեպքում՝ կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստի հրավիրումը, մի կողմից կարևոր տակտիկական քայլ էր, բայց մյուս կողմից, որոշակի հաստատակամություն ցուցաբերելու աումով, խորհրդանշական՝ հաշվի առնելով, թե ինչպիսի նախանձախնդրությամբ է Բաքուն ուզում չեզոքացնել հենց ԵԱՀԿ հարթակը։

Գոռ Աբրահամյան