Չնայած, ՀՀ պաշտպանության նախարարության շարունակական հերքումներին՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մարտի 16-ից չի դադարեցնում ամենօրյա ռեժիմով տարածվող ապատեղեկատվությունը իբր թե իրենց դիրքերը Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծելու մասին։
Ապատեղեկատվական այս արշավը Բաքուն սանձազերծեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և երկկողմ հարաբերությունների հաստատման պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցնելու մասին երկու կողմերից արված հայտարարություններից հետո։
Այդ ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք անգամ հանդես եկավ կարճ հայտարարություններով առ այն, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկելով սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման շուրջ, և որ ՀՀ զինված ուժերին հանձնարարված է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, քանի որ «Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի»։
Այս կերպ Երևանն անուղղակիորեն փաստեց, որ Ադրբեջանի տեղեկատվական սադրանքների նպատակը այդ պայմանագրի ստորագրման համար արհեստական նոր խոչընդոտներ ստեղծելն է։ Ակնհայտ է, որ նման ուղերձի հասցեատերը ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի ներքին հանրույթներն են, որոնք հրաշալի գիտեն սահմանային վիճակը, այլ միջազգային խաղացողները։
Երևանում ըմբռնել են, թերևս, թե ինչու է հատկապես պայմանագրի տեքստի համաձայնեցումից անմիջապես հետո Բաքուն սրում իրավիճակը։
Բաքվի արտաքին ու ներքին ռևերանսները
Առաջին պատճառն այն է, որ պայմանագրի 17 կետերից չհամաձայնեցված 2-ի շուրջ ևս միաժամանակյա պայմանավորվածությունների հանգելը Բաքուն համարում է Երևանի կողմից պայմանագրի ստորագրման փուլին արագ հասնելու ձգտում։ Օգտվելով դրանից՝ Ադրբեջանը փորձում է հավելյալ ճնշման, պատերազմի սպառնալիքի էֆեկտ ստեղծելու միջոցով հասնել նրան, որպեսզի նույն տրամաբանությամբ Երևանը մի կողմից տա հստակ երաշխիքներ իրենց ակնկալած սահմանադրական փոփոխությունները կատարելուն, իսկ մյուս կողմից հնարավորինս արագ համատեղ նախաձեռնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու միջազգային-իրավական պրոցեդուրա։
Բաքվի համար այս խնդիրը հենց ներկայիս փուլում փաթեթային եղանակով լուծելն էական է հատկապես այն պատճառով, որ հասկանում են՝ որքան ժամանակը հոսի, այնքան Ադրբեջանը միջազգային հանրության մոտ ավելի է ընկալվելու որպես խաղաղության գործընթացը տորպեդահարող, հարավկովկասյան տարածաշրջանն ապակայունացնող սուբյեկտ։
Երկրորդ հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի հետ համաձայնեցված պայմանագրի ստորագրմանը շուտափույթ գնալը ալիևյան վարչակազմին զրկում է Հայաստանի դեմոնիզացման և պատերազմի վտանգը որպես սեփական երկրում ներհասարակական տրամադրությունների զսպման միջոց օգտագործելու հնարավորությունից։ «Հաղթող առաջնորդի» իմիջը, որը Ալիևը կերտել է 44-օրյա պատերազմի, Լեռնային Ղարաբաղը հայազրկելու, ամիսը մի անգամ Լեռնային Ղարաբաղ այցելելու ու Հայաստանի հասցեին կոշտ հռետորաբանություն կիրառելու արդյունքում, խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կորցնելու է իր քաղաքական արժեքը։ Ալիևի աչքերի առջև Թուրքիայում սկսված զանգվածային անհնազանդության ու բողոքի ակցիաները փլուզում են ամենահաղթ Էրդողանի իմիջը՝ ցույց տալով, որ Սիրիան «վերադարձնելու» դափնիներն անգամ կարող են չօգնել վերջինիս, և այդպիսի իմիջը չի տալիս իշխանությունը զավթված պահելու ինդուլգենցիա։ Հասկանալով այս հանգամանքը՝ Ալիևը չի ցանկանում կորցնել Հայաստանից արտաքին սպառնալիքի պատրվակով սեփական հանրության վրա ներազդելու գործիքը։
Երրորդ՝ Ադրբեջանի սահմանային մանիպուլյացիան, թերևս, ուղիղ կապ ունի Իրանի շուրջ օրըստօրե սեղմվող ռազմաքաղաքական օղակի հետ։ Բաքվում հասկացել են, որ վիճահարույց երկու կետերի հարցում համաձայնության Երևանը գնացել է այն պատճառով, որ փորձում է իր հետ հարաբերությունները կարգավորել և դրան իրավական ձևակերպում տալ նախքան Իրանի շուրջ հնարավոր ապակայունացումը։ Դա Հայաստանի համար ունի երկու կարևոր պատճառ։ Առաջին՝ նվազագույնի հասցնել Իրանի նկատմամբ ամերիկա-իսրայելական հնարավոր ռազմական օպերացիաների ընթացքում Ադրբեջանի կողմից առիթից օգտվելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական տեսլականն իրագործելու հնարավորությունը։ Դա կարող է տեղի ունենալ հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը կարողանա «Զանգեզուրի միջանցքի» լուծման անհրաժեշտությունը «վաճառել» հակաիրանական փաթեթավորմամբ, այսինքն, դա ներկայացնել որպես Իրանին հյուսիսից շրջափակելու միջոց կամ որպես հակաիրանական արշավում իր աջակցության դիմաց «վարձատրություն»։ Այսինքն, Դոնալդ Թրամփին գայթակղել գործարքի։ Այս իմաստով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ պայմանագրի տեքստի համաձայնեցումը դեռ ոչինչ չի նշանակում, և պատրաստ է քննարկումների՝ այդ կերպ նաև նույն հակաիրանական համատեքստում բարձրացնելով իր գինը։
Ամերիկյան ապտակ և ռուսական բլիթներ
Չնայած դրանց՝ Բաքվի այս համառ ջանքերը, կարծես, դեռևս նպատակին չեն հասնում։ Հայկական ԶՈւ կողմից հրադադարի խախտման մասին առաջին մի քանի սին հայտարարություններից հետո Հայաստանում ԵՄ մոնիտորինգային խումբը հայտարարեց, որ առանձնահատուկ որևէ բան սահմանագծին տեղի չի ունենում։ Դրանով խումբը մի կողմից հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը, մյուս կողմից Արևմուտքի համար փաստեց, որ Հայաստանը, բացի այն, որ տեսականորեն շահագրգիռ չէ սահմանային ապակայունացմամբ, նաև գործնականում էսկալացիային գնալու որևէ քայլ չի կատարում, և Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու մտադրությունների մասին Բաքվի պնդումները ոչ մի հիմք չունեն։
Բացի այդ, մարտի 18-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը X-ի իր միկրոբլոգում գրառում կատարեց այն ուղերձով, որ զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, որ «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի, այդ նպատակով պետք է ավարտին հասցնել խաղաղության գործընթացը, ազատ արձակել գերիներին»: Այս չափազանց կարևոր ուղերձների հնչեցումը Ադրբեջանի կողմից ապատեղեկատվական այս արշավի ֆոնին այլ բան չէր, քան Ադրբեջանին զսպելու, նրա ագրեսիվ վարքագիծը չարդարացնելու դրսևորում։ Այս հայտարարությամբ ԱՄՆ-ն հասկանալի դարձրեց, որ այս փուլում, գոնե, շահագրգռված չէ հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության նոր օջախի ստեղծմամբ, հետևաբար, Ադրբեջանի «գործարքի» առաջարկը դեռևս ընդունելի չէ։
Այս մոտեցումը մեծացնում է Երևանի հնարավորությունը՝ միս ու արյուն հաղորդելու հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցությանը, հատկապես՝ որպես ադրբեջանի զսպաշապիկ, հաշվի առնելով, որ ստորագրված ռազմավարական համագործակցության մասին կանոնադրության մեջ տարածաշրջանային կոմունիկացիաների վերականգնման մասին խոսվում է ոչ թե «Զանգեզուրի միջանցքի», այլ «Խաղաղության խաչմերուկի» հայկական հայեցակարգի պաշտպանության դիրքերից։
Ադրբեջանի ապակայունացնող վարքագիծը փոխարենն աջակցություն է ստանում Մոսկվայում։ Մարտի 19-ին ունեցած ավանդական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, թե ՌԴ-ն մտահոգված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի ֆոնին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի մասին լուրերով և «գործընկերներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման»: Փաստացի, Զախարովան, արժանահավատ համարելով Ադրբեջանից հնչող հայտարարությունները, հենց Երևանին է անուղղակի մեղադրում լարվածության աճի մեջ, որը ոչ այլ ինչ է, քան ուղիղ աջակցություն Բաքվի գործողություններին։
ՌԴ-ից նման ազդակների ստացումը կարող է ոգևորել Բաքվին՝ մեծացնելու Հայաստանի նկատմամբ ճնշումները։ Դա կարող է դրսևորվել մեկ աստիճանով ևս լարվածությունը բարձրացնելով և սեփական նախաձեռնությամբ սկսելով գնդակոծել հայկական դիրքերը։ Այդկերպ Բաքվի իշխանությունները կարող են սադրել հայկական կողմին՝ դիմելու պատասխան գործողությունների, և դրանք մատուցել որպես առայժմ անհիմն հայտարարությունների փաստարկում։ Մյուս կողմից, դա միջոց կդառնա՝ թուլացնելու խաղաղության գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու՝ Արևմուտքի ակնառու ճնշումները։ Այս ամենը Հայաստանից պահանջում է նյարդեր և առավելագույն սառնասրտություն։
Գոռ Աբրահամյան