Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նովրուզի առթիվ Իլհամ Ալիևին հղած ուղերձում ուշագրավ մի հանգամանք կար. նա մի քանի անգամ հիշատակել է «խաղաղություն» տերմինը․
«Նովրուզը՝ մեր դարավոր ավանդույթը, այս տարի ևս առիթ է՝ հիշելու խաղաղության, եղբայրության և համերաշխության կարևորությունը։ Հուսով եմ՝ Նովրուզը կդառնա մի նոր դարաշրջանի նախակարապետ, երբ ամբողջ աշխարհում հույսեր են կապվում խաղաղության հետ, երբ միջազգային երկխոսությունն ու համագործակցությունը նոր մակարդակի են բարձրանում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ուղերձի վերջաբանում ևս նա հիշատակել է խաղաղությունը՝ ադրբեջանական ժողովրդին մաղթելով «խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
«Խաղաղություն» տերմինի գործածումն ուշագրավ է այն առումով, որ նախկինում Նովրուզի առթիվ Էրդողանի ուղերձներում այդ բառը չկար, չկային նաև խաղաղության մաղթանքներ։
Օրինակ, նախորդ տարի նա գրել էր. «Հույս ունեմ՝ 2024թ․ կլինի նոր հնարավորությունների և հաջողությունների տարի մեզ համար», իսկ բարեմաղթանքների մեջ նշել՝ «առողջություն, երջանկություն և բարեկեցություն»։
Եվ ուրեմն, ի՞նչ է նշանակում Թուրքիայի նախագահի ուղերձում «խաղաղություն» տերմինի բազմակի գործածումը, և որքանո՞վ կապ ունի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի հետ։
Միանշանակ պնդումներ դժվար է անել, առավել ևս, երբ այդ տերմինն Էրդողանը կիրառել է ընդհանուր համատեքստում՝ որևէ հիշատակում չանելով հայ-ադրբեջանական համաձայնագրին։ Սակայն կարելի է որոշ ենթադրություններ անել՝ մինչ այդ արձանագրելով մի քանի փաստ։
Նախ, դիվանագիտության մեջ պատահական ոչինչ չի լինում, և ուղերձներում պատահական արտահայտություններ չեն գրվում։ Սա, հատկապես, վերաբերում է Թուրքիայի նման երկրին, որտեղ մեծ կարևորություն է տրվում սիմվոլիզմին և օգտագործվող յուրաքանչյուր բառին։
Բացի այդ, «խաղաղություն» տերմինը նա գործածել է այս տարի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեցին հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալու և բանակցություններն ավարտելու մասին։
Հիմա մնացել է փաստաթղթի ստորագրումը, որին Ադրբեջանը հակված չէ՝ առաջադրելով իր նախապայմանները, որոնցից առաջին հերթին շեշտում է Հայաստանում սահմանադրության փոփոխության հարցը։
Այս իրավիճակում խաղաղության մասին հիշատակելով՝ արդյո՞ք Էրդողանը ցանկանում է Ալիևին ակնարկել, որ անհրաժեշտ է մի կողմ դնել նախապայմանները և ստորագրել փաստաթուղթը, թե՞ ուղերձը այլ ենթատեքստ ունի։
Ինչ եզրակացություն էլ անենք, դրանք կլինեն անուղղակի փաստերի համադրման արդյունք և ընդամենը կարծիք։ Իսկ կարծիքը ճիշտ կամ սխալ չի լինում. այն պարզապես տեսակետ է և ուրիշ՝ ոչինչ։
Արման Գալոյան