Վերլուծություն

Գյումրվա տրնգի կամ հակակոմունիստը՝ կոմկուսի ցուցակում

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է՝ գլխավորելով Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրացուցակը։ 

Այս փաստն առանց վարանելու կարելի է համարել Հայաստանի քաղաքական դաշտում երբևէ գրանցված ամենազարմանահրաշ երևույթներից մեկը, անգամ՝ «քաղաքական սյուրռեալիզմ»։

Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Փորձենք պարզաբանել։ 

Վարդան Ղուկասյանը հայտնի է որպես աստվածապաշտ, աստվածավախ անձնավորություն։ Նրա հովանավորությամբ բազմաթիվ եկեղեցիներ են վերակառուցվել, վերանորոգվել։ Բացի այդ, Վարդան Ղուկասյանն իր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում, անգամ՝ մասնավոր խոսակցություններում պարբերաբար հնչեցնում է Աստծո անունը, ծավալուն մեջբերումներ անում Աստվածաշնչից, եթե բանը հասնում է դրան, չի վարանում ինքն իրեն համեմատել ու նույնանալ Քրիստոսի առաքյալների կերպարների հետ, հատկապես՝ Պողոս առաքյալի։ 

Եվ ահա չնայած այս հանգամանքին, Վարդան Ղուկասյանը ՏԻՄ ընտրություններին մասնակցում է Կոմունիստական կուսակցության ընտրացուցակով՝ մի կուսակցություն, որի կառավարման 70 տարիներին ԽՍՀՄ ողջ տարածքով եկեղեցու հանդեպ հալածանքներ էին։ Աթեիզմը, աստվածամերժությունը պետական քաղաքականության մաս էր։ Կոմունիստական կուսակցության իշխանության առաջին տարիներին եկեղեցու ողջ գույքը պետականացվել էր, իսկ եկեղեցիներից շատերը պայթեցվել ու քանդվել էին, մի մասն էլ վերածվել պահեստների։ Պետական քաղաքականության մաս էր դարձել եկեղեցականների հանդեպ կոմունիստների հալածանքները։ 

Ու Գյումրիի նախկին քաղաքապետը, անկախ այս ամենից, չի վարանել գլխավորել Կոմկուսի ցուցակը։

Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քաղաքական սյուրռեալիզմ, որի մասին «Կուշտունիցան» կերազեր ֆիլմ նկարել, այն էլ՝ ոչ թե մեկը, այլ՝ մի քանի հատ։

Առավել ևս, երբ պարզվում է, իր պատանեկության տարիներին Վարդան Ղուկասյանը նույն այդ Կոմկուսի երդվյալ հակառակորդներից էր, իսկական հակակոմունիստ։ Նա գաղափարական նկատառումներից ելնելով չէր վարանել անգամ «գժի թուղթ» հանել՝ սովետական բանակում չծառայելու համար։ Համենայն դեպս, ինքը՝ Ղուկասյանը, մի քանի անգամ այդպես է մեկնաբանել «թղթի» գոյությունը՝ բացատելով սովետական կարգերի հետ համաձայն չլինելով ու նրանց չծառայելու որոշմամբ։ 

2014թ. իր մի հարցազրույցում «գժի թղթի» մասին հարցին ի պատասխան նա ասել է բառացի հետևյալը. «Կա նման բան։ Բանակում, ինչպես նշեցի, ես պահում էի մեր հայ տղերքի թասիբը և շատ աշխույժ էի։ Ինձ ուզում էին տանեին Աֆղանստան։ Իսկ շատ ակտիվներին առաջին գիծ էին տանում։ Ճիշտն ասած, ես էլ չէի ուզում գնայի, մարդ սպանեի մի հատ հարբած Բրեժնևի համար։ Հա, թուրքի դեմ գնանք, կռվենք, բայց այդ դեպքում ինչի՞ մարդ սպանենք։ Շատ չմանրանամ. հիվանդանոցից այդ թուղթը ստացա, բայց եկա այստեղ, հասկացան, որ ես նման մարդ չեմ և հանեցին այդ շարքից»։

Բայց սա դեռ ամենը չէ։ Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան էջում հայտնվել է Հայաստանի Սովետական սպաների միության Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը, որում «Հայաստանի Սովետական սպաների միությունը կոչ է անում Գյումրի քաղաքի այն ազգաբնակչությանը, որը ծառայել է Սովետական բանակում և հավատարիմ է մնացել աշխատավոր ժողովրդին տրված երդմանը, մարտի 30-ին կայանալիք Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկել Հայաստանի Կոմունիստական կուսակցության օգտին, որի նախընտրական ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը»։ 

Թե ինչպե՞ս պետք է սովետական բանակում ծառայած մարդիկ, իրենց երդմանը հավատարիմ, քվեարկեն մի մարդու օգտին, որը չի ծառայել այդ բանակում՝ գաղափարական նկատառումներից ելնելով, դեռ մի բան էլ իր համար որպես ալիբի «գժի թուղթ» է հանել, մնում է անհասկանալի։ 

Ինչպես Ղուկասյանի սիրելի Ռոբերտ Քոչարյանն է ասել. «Սա ուղղակի քաղաքական սյուրռեալիզմ է, Կուշտունիցան երևի կերազեր մեր այս որոշման մակարդակի երևակայություն ունենալու իր ֆիլմերն անելիս»։ 

Հ. Գ. Ի դեպ, իր քաղաքական համոզմունքների պատճառով խորհրդային բանակում ծառայելուց հրաժարված Վարդան Ղուկասյանը գնդապետ է. ըստ նրա պաշտոնական կենսագրության՝ 2009թ. արժանացել է «Հայ-կազակական բարեկամության համագործակցության միջազգային միավորում» կազմակերպության պատվավոր ատամանի, կազակական զորքերի գնդապետի կոչմանը: Անքննելի են գործերը Ղուկասյանի։

Ա. Գ.