Վերլուծություն

«Միջուկային պայթյունի» սպասելիս, կամ եթե Թրամփի իրանական գործարքը ձախողվի

Մարտի 12-ին Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահի խորհրդականը Թեհրանում Իրանի արտգործնախարարին է փոխանցել Իրանի բարձրագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը։

Ավելի վաղը՝ մարտի 7-ին, Fox Business Network-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, թե Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված նամակում հույս է հայտնում, որ Իրանը պատրաստ կլինի բանակցությունների միջուկային ծրագրի շուրջ, քանի որ «եթե ստիպված լինենք ռազմական ճանապարհով լուծել հարցը, դա սարսափելի կլինի»։ Դանից առաջ Թրամփը Fox News-ի հետ զրույցում ավելի էր բացել փակագծերը՝ նշելով, թե Իրանի հետ երկու մոտեցում կա՝ ռազմական և գործարքի կնքում, սակայն իր համար նախընտրելի է գործարքը, «որը կլինի նույնքան լավ, որքան ռազմական հաղթանակը»՝ հավելելով, սակայն, որ դրա համար ժամանակը շուտով կանցնի»։

Իրան-ԱՄՆ դիվանագիտական փոխհրաձգություն

Նախագահ Թրամփի այս հայտարարություններին Իրանի բարձրագույն առաջնորդը հակադարձել էր, թե ԱՄՆ-ի նպատակը  խնդիրները բանակցությունների միջոցով լուծելը չէ, այլ ձգտումը՝ պարտադրել իր պահանջները, ինչին Իրանը որևէ պարագայում չի համաձայնի։

Թեհրանի նման կոշտ հակադարձումը պայմանավորված է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից վերագործարկված՝ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությամբ։ Ինչես հասկանալի են դարձրել Սպիտակ տանից և անձամբ Թրամփի կողմից արված վերջին շրջանի հայտարարությունները, դրա իմաստն Իրանի նկատմամբ, հատկապես նավթի արտահանման հարցում կիրառվող պատժամիջոցների կտրուկ խստացումն է՝ որպես վերջինիս միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ պարտադրելու և դրա ընթացքում իրեն ցանկալի լուծումներ պարտադրելու միջոց։ Ընդ որում՝ եթե իր կառավարման առաջին շրջանում ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նման քաղաքականությունն ուղղված էր միայն Իրանի միջուկային ծրագրի դեմ, ապա ներկայում ուղիղ տեքստով հայտարարվում է, որ թիրախը նաև Իրանի բալիստիկ հրթիռների արտադրությունն է՝ որպես մերձավորարևելյան տարածաշրջանում ապակայունացնող գործոն։

Թե պաշտոնապես ինչ է պատասխանել Խամենեին Թրամփին, դեռևս պարզ չէ։ Սակայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն, ուկրաինական հակամարտության կարգավորման իր ձեռնարկած մաքոքային բանակցություններին զուգահեռ սրում է իրանական օրակարգը։ Ընդ որում՝ «ճնշման միջոցով զիջումներ պարտադրելու» բանաձևը, որը Դոնալդ Թրամփը խոստանում էր ուկրաինական հարցում կիրառել Ռուսաստանի նկատմամբ, գործադրում է Իրանի դեմ։ Այս հարցում ԱՄՆ-ն սեթևեթելու կարիք չունի, քանի որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Իրանը չունի միջուկային զենք և Թրամփի կարող է իրեն թույլ տալ հանդես գալու «մաչոյի» դիրքերից։

Այն հանգամանքը, որ Իրանը ոչ միայն չի ընկրկում Սպիտակ տան ճնշումների առջև, ուղղակի հրաժարվում է ԱՄՆ-ի թելադրած կանոններով բանակցությունների նստելուց, այլ նաև հոխորտում է իր դեմ ռազմական էսկալացիա սանձազերծելու պարագայում պատասխանել ավելի ցավոտ, վկայում է, որ Մերձավորարևելյան տարածաշրջանում լրջորեն տաքանում է չափազանց լուրջ հետևանքներով հղի մի նոր կոնֆլիկտ։ Դրանում, ուղղակի կամ անուղղակի, կարող են ներգրավվել բազմաթիվ խաղացողներ։ Մասնավորապես, Իսրայելը չի թաքցրել, որ կողմնակից է Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելուն, իր ոխերիմ թշնամին համարող երկրի դեմ ռազմական գործողություններ սկսելուն։ Կարելի է չկասկածել, որ իրավիճակի այդ աստիճան սրման դեպքում Իսրայելը կարող է նախահարձակ գործողությունների դիմել։ Ավելին, Իսրայելը շատ ինտենսիվ քայլեր է ձեռնարկում Իրանի շուրջ օղակը սեղմելու և այդ նպատակներին Ադրբեջանին օգտագործելու շուրջ։ Նախորդ ուրբաթ՝ մարտի 14-ին հայտնի դարձավ, որ ուկրաինական կարգավորման շրջանակում Մոսկվա մեկնած Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆը Մոսկվայից անմիջապես մեկնել է Բաքու։ Ըստ ռուսական և ադրբեջանական աղբյուրների՝ այդ այցը տեղի է ունենում հենց Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ առանցքի ստեղծման իսրայելական կոմցեպցիայի շրջանակներում։ Իրանի տարածաշրջանային թուլացման հարցում նույնքան շահագրգռված են նաև Թուրքիան և Ադրբեջանը։  

Հակաամերիկյան նոր ճակատի ուրվականը

Մյուս կողմից Թեհրանը ևս դիվանագիտական քայլերի է դիմում։ Հունվարին Իրանը Ռուսաստանի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Դրանով կողմերը պարտավորվել են մի կողմի ագրեսիայի ենթարկվելու դեպքում մյուս  կողմից որևէ կերպ չաջակցել ագրեսորին, բայց ամենակարևորը՝ համատեղ հակազդել իրենց նկատմամբ երրորդ կողմից «միակողմանի հարկադրանքի միջոցների կիրառմանը»։

Բացի այդ, Իրանը ձգտում է ձևավորել այսպես կոչված ամերիկա-իսրայելական բևեռին հակակշիռ քաղաքական նոր բևեռ՝ ի դեմս Ռուսաստանի և Չինաստանի։ Մասնավորապես, անցած երեքշաբթի Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը Թեհրանի համար ստրատեգիական գոտում՝ Օրմուզի նեղուցի մոտ սկսել են համատեղ ռազմածովային զորավարժություններ՝ «Ծովային անվտանգության գոտի 2025» անվամբ։ Թեև դա հինգերորդ նման համատեղ զորավարժությունն է, սակայն պատահական չէ հենց այս շրջափուլում դրա իրականացումը։

Բացի այդ, մարտի 14-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Պեկինում հանդիպել են Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի  արտգործնախարարները։ Թեև դետալները դեռևս հայտնի չեն, սակայն ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյուի փոխանցմամբ հանդիպման արդյունքում կողմերը հայտարարել են Իրանի նկատմամբ բոլոր անօրինական պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին։ Սա այլ կերպ, քան Թեհրանի նկատմամբ գործադրվող «առավելագույն ճնշման» քաղաքականությունը մերժելու եռակողմ դեմոնստրացիա, չի կարելի համարել։ Ավելի վաղ պաշտոնական Պեկինը հայտարարել էր, որ Չինաստանն աջակցում է միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմի պաշտպանությանը, Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության խթանմանը, սակայն կողմ է խնդրի կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

Թե՛ Պեկինը և թե՛ Մոսկվան հանդես են գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ դեռևս Թրամփի առաջին պաշտոնավարման շրջանում ընդհատված՝ միջուկային գործարքի ձևաչափի՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՍՎՊԴ) վերականգնմանը, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Իրանի և վեց երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Թրամփը հետագայում ԱՄՆ-ն դուրս բերեց դրանից։

Ռիսկերը տարածաշրջանի և Հայաստանի համար

Չնայած ուկրաինական հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի որոշակի մերձեցմանը, իրանական ճգնաժամը կարող է գլոբալ հակամարտության նոր օջախ դառնալ։ Իրանական հարցում իր նկատելի ակտիվացմամբ Պեկինը հստակ ուղերձներ է հղում, որ Իրանն իր համար կարող է «կարմիր գիծ» լինել՝ Թրամփի հակաչինական ծրագրերի առումով։ Այս խորապատկերին Իրանի շուրջ բորբոքվող կրքերը չեն կարող լրջորեն չանհանգստացնել տարածաշրջանի երկրներին, որոնք կարող են խոշոր խաղացողների կողմից ընկալվել որպես պլացդարմ, ինչպես օրինկա, Ադրբեջանը՝ Իսրայելի տեսանկյունից։

Իրանի շուրջ ապակայունացման ցանկացած պրոցես ուղղակիորեն հակասում է Հայաստանի կենսական շահերին և էական ռիսկեր ձևավորում նրա անվտանգության համար։ Թերևս նաև դրանով կարող է պայմանավորված լինել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում Երևանի վերջին քայլերը։ Իրատեսական համարելով իրանական հակամարության հետագա խորացումը՝ Երևանը, թերևս, փորձում է փակել այն հնարավոր ռիսկային սողանցքները, որոնք կարող են ծագել Իրանի դեմ գործողությունների քողածածկույթի տակ։ մասնավորապես՝ Ադրբեջանին առիթ տալ ոտնձգելու Հայաստանի տարածային ամբողջականության նկատմամբ։

Պարզ է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կարող դրանից խուսափելու լիարժեք երաշխիքներ ապահովել։ Սակայն դա կարող է ընդհանրապես, միջազգային հանրության մոտեցումների տեսանկյունից ապալեգիտիմացնել իրավիճակից օգտվելով Բաքվի որևէ հնարավոր ռազմական գործողություն։

Գոռ Աբրահամյան