Վերլուծություն

Գյումրին վերականգնողի, չհավատացողներին «շողուլի բերողի» հեքիաթը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է. «Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումրիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»։

Այս հայտարարությանը չէինք անդրադառնա և սա կհամարեինք ներքաղաքական դաշտում իշխանության-ընդդիմության միջև փոխհրաձգության հերթական, այն էլ՝ սովորական դրվագ։ Սակայն Միկոյանի հայտարարության մեջ աչքի զարնեց մի արտահայտություն. նա Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել էր որպես «Գյումրին վերականգնող նախագահ»։

Ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում ու նաև դրանից հետո չի խորշել իրեն վերագրել աղետի գոտու վերականգնողի դափնիները։ Հիմնական փաստարկն էլ այն էր, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով լայնածավալ շինաշխատանքներ էին իրականացվել աղետի գոտում։

Միայն թե, հատկապես գյումրեցիները լավ են հիշում, թե ինչպես ծախսվեցին այդ գումարները, «Լինսի» հիմնադրամի միջոցով ինչպես միլիոնների մի մասը հոսեցին հոսեցին իշխանության ներկայացուցիչների գրպանները։

Գյումրեցիները նաև կհիշեն, թե ինչպես մեկ այլ բարերար՝ Ջոն Հանթսմանը հանկարծակի դադարեցրեց քաղաքի կենտրոնում կառուցվող թաղամասի ֆինանսավորումը, երբ պարզվել էր, թե ինչպես էին միջոցները գրպանվել, իսկ իրեն՝ խաբել։

Օստապ Բենդերը, որ պարծենում էր, թե «փող աշխատելու 400 համեմատաբար ազնիվ մեթոդ գիտի», այս ամենը տեսնելով, իսկապես կզարմանար, և կընդուներ, որ ինքը նրանցից շատ ու շատ բան ունի սովորելու։

Գյումրիում այդ տարիների շինարարության ժամանակ կոռուպցիոն մեխանիզմների մասին մամուլը շատ գրեց, և բնականաբար, որևէ իրավական հետևանք չեղավ։

Բայց վերադառնանք Քոչարյանի մասին «Գյումրին վերականգնող նախագահ» արտահայտությանը և խոսենք փաստերով։ Մանավանդ, որ ինչպես ասվում է հայտնի վեպում. «Իսկ փաստն աշխարհի ամենահամառ բանն է»:

Եւ ուրեմն, ներկայացնենք մի քանի վիճակագրական տվյալ, որոնք հրապարակվել են հենց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին. խոսքը 1998թ. նոյեմբերի 11-ին կառավարության ընդունած և նույն օրը նախագահ Քոչարյանի կողմից վավերացված «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» N 701 որոշման մասին է։

1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով միայն Շիրակի մարզում վնասվել էր 3մլն 677 հազար քմ բնակֆոնդ, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 2մլն 193.4 հազարը՝ Գյումրիում։ Հայաստանի երկրորդ քաղաքում ավերվել էր 20 հազար 612 բնակարան։

1989-97թթ, այդ թվում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին, ըստ պաշտոնական փաստաթղթերի, Շիրակի մարզում վերականգնվել էր 1 մլն 525,6 հազար քառակուսի մետր մակերեսով 9410 բնակարան։ Սա կազմում էր երկրաշարժի ժամանակ կորցրած բնակարանների թվի 31, իսկ բնակմակերեսի առումով` շուրջ 45 տոկոսը: Իսկ միայն Գյումրիում այդ տարիներին վերականգնվել էր 852.7 հազար քմ բնակֆոնդ, կամ՝ ավերվածի 38.8 տոկոսը։

Ընդ որում, այս ողջ աշխատանքն արվել էր չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, շրջափակմանը, էներգետիկ ճգնաժամին և Ղարաբաղյան պատերազմին։

Արդեն 98-ի իշխանափոխությունից հետո իշխանությունները հետևողականորեն նվազեցրին անօթևանների թիվը: Սա, իհարկե, մասամբ պայմանավորված էր օբյեկտիվ պատճառներով. այդ մարդկանց մեծ մասը հեռացել էր Հայաստանից և դուրս մնացել անօթևանների հաշվառման ցուցակներից: Նաև փոխեցին շինարարության տրամաբանությունը. մարդկանց այլևս բնակարան տրամադրում էին ըստ կորցրած սենյակների քանակի, ոչ թե բնակֆոնդի մակերեսի չափով։ Սա արվել էր գործը «հեշտացնելու» համար։

Բայց անգամ այդ պարագայում այդպես էլ չհաջողվեց վերականգնել աղետի գոտին։

Ռոբերտ Քոչարյանը սկզբում աղետի գոտու վերականգնման վերջնաժամկետ հայտարարեց 2001 թվականը, ընդ որում՝ այդ ժամկետն ամրագրելով կառավարության որոշումներում: Բայց այդ տարիներին այդպես էլ լուրջ շինարարություն չարվեց:

Հետո իշխանությունները ստիպված էին երկարաձգել վերջնաժամկետն ու խոստանալ, որ աղետի գոտին կվերականգնեն մինչև 2003 թվականը: Ոգևորված էին ամերիկահայ մեծահարուստ Քրքորյանի միջոցներով իրականացվող «Լինսի» ծրագրով, երբ կառուցվեցին շենքեր, բայց ոչ բավարար քանակի:

Չնայած անօթևանների առկայությանը՝ այն ժամանակ Քոչարյանը Գյումրի այցերից մեկի ժամանակ չէր վարանել հայտարարելու, թե ինքը «շողուլի կբերի» բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն կասկածել աղետի գոտին մինչև 2003թ. վերականգնելու ծրագրի խոստումը:

Անցավ 2003թ., սակայն աղետի գոտին այդպես էլ չվերականգնվեց: «Լինսի» ծրագրի ավարտից հետո մի որոշ ժամանակ նոր շինարարություն չէր արվում, այլ բյուջեից անօթևաններին բնակարանների գնման վկայագրեր էին տալիս, որպեսզի այդ միջոցներով տուն գնեն:

Ավելի ուշ արդեն Քոչարյանը հայտարարեց, թե հայրենիքում չի կարող աղետի գոտի լինել, և որ աղետի գոտի այլևս չկա. և այս հայտարարությունը նա արեց հակառակ այն բանի, որ Գյումրիի կենտրոնական հատվածներում դեռ մեծ թվով անօթևաններ բնակվում էին ժամանակավոր կացարաններում:

Հետո արդեն 2008թ.՝ Սերժ Սարգսյանի օրոք, աղետի գոտու վերականգնման նոր վերջնաժամկետ հռչակվեց՝ 2013թ, և բնականաբար, այդ խոստումն էլ մնաց անկատար։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Ահա, թե ինչպես է Քոչարյանը վերականգնել Գյումրին։ Իսկ այդ ժամանակահատվածում «Լինսի» հիմնադրամի միջոցների ծախսման, այնտեղ գործադրված կոռուպցիոն սխեմաների մասին կարելի է հատորներ գրել, և այդ հատորներն ապագա իրավաբանների համար կարող են դասագրքային օրինակներ ծառայել։

Արման Գալոյան