Վերլուծություն

Ի՞նչ էր թաքնված Ալիևի թուրքական այցի ստվերում․ Էրդողանի «գազային» մանևրները

Անցնող շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր Թուրքիա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նա գործարկեց Իգդիր-Նախիջևան նոր՝ տարեկան 500մլն ծավալ թողունակությամբ, շուրջ 85կմ երկարությամբ գազատարը, որով Նախիջևանը բնական գազ կստանա Թուրքիայի Իգդիր նահանգից։

Այս գազատարը, որը կառուցվել է թուրքական BOTAŞ և ադրբեջանական SOCAR ընկերությունների համագործակցությամբ, ադրբեջանա-թուրքական գազային երրորդ նախագիծն է Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Անդրանատոլիական գազատարերից (TANAP) հետո: Ուղղված լինելով միայն Նախիջևանի կարիքների բավարարմանը, այսինքն ունենալով լոկալ նշանակություն՝ այն չի կարող համեմատվել վերոնշյալ երկու խոշոր նախագծերի հետ։ Սակայն կարճ ժամանակում այս նախագծի իրականացումը փաստում է, թե որքան հետևողակն են երկու դաշնակից երկրները էներգետիկ համատեղ նախագծերի իրականացման և դրանց ռազմավարական բնույթ հաղորդելու հարցում։ Այս առումով պատահական չպետք է համարել արարողության շրջանակում Իլհամ Ալիևի արած հայտարարությունն առ այն, թե նավթի և գազի խողովակաշարերի համատեղ նախագծերը փոխում են Եվրասիայի էներգետիկ քարտեզը։

Ալիևի ակնարկը շատ թափանցիկ էր։ Ինչպես Բաքու-Թբիլիսի-Էրզրում, այնպես էլ TANAP խողովակաշարերի կիրառական նշանակությունը, հատկապես ուկրաինական պատերազմի և որպես դրա հետևանք՝ Ռուսաստանից բնական գազի ներմուծման ծավալներն էականորեն նվազնելու եվրոպական քաղաքականության արդյունքում, էականորեն բարձրացել է և ամրապնդել Ադրբեջանի՝ որպես էներգակիրներ արտադրողի, և Թուրքիայի՝ որպես էներգակիրների տրանզիտի քաղաքական դիրքերը։

Այս իմաստով լոկալ բնույթի գազատարի բացման արարողությունը պարզապես առիթ էր այդ նշանակությունն ու թուրքա-ադրբեջանական տանդեմի ամրությունն ընդգծելու համար։ Սակայն դա նաև ընթացող տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում Էրդողանի և Ալիևի համար թիրախային խաղացողներին որոշակի ուղերձներ հղելու հնարավորություն էր։

Թուրքական խաղաղասիրական հայտարարությունների տողատակը

Մասնավորապես, Էրդողանը հայտարարեց, թե Անկարան և Բաքուն վճռական են համատեղ իրականացնելու բոլոր նախագծերը տարածաշրջանային խաղաղության, բարգավաճման և կայունության համար։ Եթե խոսքը Հարավային Կովկասին է վերաբերում, ապա Անկարայի համար «խաղաղության և կայունության» երկու թիրախային խնդիր գոյություն ունի։ Դրանցից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունն է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կողմից գրավելու և Հայաստանից նոր զիջումներ կորզելու ադրբեջանական պահանջների, մյուսը՝ Իրանի շուրջ սեղմվող օղակի հարցը, հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված նոր իրականության պայմաններում։

Հայ-ադրբեջանական շարունակվող կոնֆլիկտի առումով Թուրքիայի վարչապետը, գոնե հրապարակային խոսույթի շրջանակում, ընդգծված ժուժկալություն դրսևորեց։ Ուշագրավ էր, որ նա չարձագանքեց Ալիևի կողմից «Զանգեզուրի հարցը» բարձրացնելու տակտիկական քայլին։ Ադրբեջանի նախագահը, հիշեցնենք, նոր փաթեթավորմամբ ներկայացրեց «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Նա նշեց, թե 20-րդ դարասկզբին «Զանգեզուրն» իբրև թե բոլշևիկյան իշխանությունների կողմից խլվելու և Հայաստանին կցվելու միջոցով Նախիջևանը կտրվել է Ադրբեջանից, իսկ արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանը նպատակ է ունեցել  «օկուպացնել» Նախիջևանը։

Կարելի է ասել՝ Էրդողանը կուլ չտվեց այս խայծը՝ թեևս ցույց տալով, որ այս փուլում «Զանգեզուրի միջանցք»-ի թեման իր համար առաջնային չէ։ Դա ուշագրավ էր Ալիևի Անկարա այցի ֆոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածարջանային կոմունիկացիաներն ապաշրջափակելու և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև գործնականում բոլոր տեսակի հաղարդակցային միջոցները գործարկելու Երևանի պատրաստակամության մասին հոդվածի և դրան պաշտոնական Բաքվի փաստացի մերժողական բովանդակությամբ արձագանքի ֆոնին։ Այդ պատասխանով Բաքուն փաստացի վերահաստատել էր Մեղրիով Նախիջևանի հետ ճանապարհատրանսպորտային անխափան և անվերահսկելի կապ ունենալու պահանջը։

Իհարկե, այս հարցերն արծարվել են Ալիև-Էրդողան բանակցություններում։ Պաշտոնապես տեղեկացվեց, որ նրանց հանդիպման օրակարգում եղել են նաև տարածաշրջանային խնդիրները։ Գուցե նաև ձեռք են բերվել քայերը սինխրոնիզացնելու որոշակի պայմանավորվածություններ։ Սակայն ինքնին Էրդողանի հրապարակային լռությունը թույլ է տալիս կարծելու, որ կամ այդ հարցում Անկարան շտապել, գոնե այս փուլում, չի ցանկանում, կամ ուզում է, որ այդպես ընկալվի։  

Նետվող քարեր՝ Իրանի պատուհանին

Դա իր հերթին կարող է պայմանավորված լինել Իրանին ավելորդ չգրգռելու զգուշավորությամբ, մանավանդ հայ-իրանական սահմանների անխախտելիության մասով Թեհրանի սկզբունքային դիրքորոշման և որ ավելի ակտուալ է դառնում՝ սիրիական բեմահարթակին երկու երկրների հարաբերությունների որոշակի սրման ազդանշանների պայմաններում։ Ընդամենը օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Al Jazeera-ին տված հարցազրույցում կշտամբել էր Իրանին Սիրիայում իր պրոքսիխմբավորումներին աջակցելու համար՝ նշելով, թե «հին սխալները չպետք է կրկնվեն»։ Ֆիդանը նաև ասել էր, թե «այն հմտությունները, որոնք Իրանն ունի, կան նաև ուրիշների մոտ, ուստի՝ «եթե չեք ուզում, որ քարեր նետվեն ձեր պատուհանին, դուք նույնպես չպետք է քարեր նետեք ուրիշի պատուհանին»,-ասել էր նա։  

Ի պատասխան՝ պաշտոնական Թեհրանը, ի դեմս Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաի, Ֆիդանի հայտարարություններն ապակառուցողական էր որակել։ Ավելին՝ Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, որտեղ արտաքին գործերի նախարարի օգնական, Միջերկրականի և Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Մահմուդ Հեյդարին ասել էր, թե Թուրքիան պետք է խուսափի տարաձայնությունները սրող հայտարարություններից՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ նա թափանցիկ կերպով Թուրքիային մեղադրել էր Սիրիայի տարածքում Իսրայելի զինուժի ներկայությունը, «ագրեսիայի և էքսպանսիոնիստական գործողությունները» հանդուրժելու, այսինքն՝ Սիրիայի բնակչության անվտանգության համար բավարար երաշխիքներ ու պայմաններ ապահովելու անկարողության կամ ցանկության բացակայության համար։

Հատկապես Սիրիայում ներկայիս իշխանությունների դեմ ընդդիմադիր խմբավորումների սկսված և աստիճանաբար ավելի ու ավելի ահագնացող դիմակայության, ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականության անկանխատեսելի, իսկ ուկրաինական ճգնաժամի հարցում ՝ Անկարայի շահերին հակադրվող քաղաքականության ֆոնին Թուրքիան, թերևս, փորձում է Իրանի հետ առժամանակ կամ թվացյալ զգուշավոր գտնվել։

Սակայն հենց Ալիևի հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային բոլոր նախաձեռնություններում Ադրբեջանի հետ միասնակամ լինելու մասին Էրդողանի հայտարարությունը չէր կարող պատահական լինել։ Դա կարելի է ընկալել որպես զգուշացում առ այն, որ Սիրիայում հետագա անջատողականության խրախուսման պարագայում միշտ կարող է Բաքվին օգտագործել Իրանում ազգամիջյան բախումներ և անջատողական գործընթացներ գեներացնելու նպատակներին։ Այդ կերպ նա դրդում է համակերպվել Սիրիան իր պրոտեկտորատը լինելու և Մերձավոր Արևելքում իր հեգեմոնիայի հաստատման փաստի հետ։

Եվ սրա համար, երևի թե, ավելի լավ հարթակ, քան նախիջևանյան թեմատիկան, չէր կարող ընտրվել։

Գոռ Աբրահամյան