Վերլուծություն

Բացահայտ, խորացող հակամարտություն. նախկին նախագահներն ինչո՞ւ են պայքարում իրար դեմ

Խորհրդարանական ընդդիմության «տունը կռիվ է ընկել»։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերը միմյանց դեմ են դուրս եկել, ընդ որում՝ արդեն շատ ավելի բացահայտ, ընդ որում՝ միմյանց հասցեին ամենաուղիղ մեղադրանքները հնչեցնելով, ընդ որում՝ «ծանր հրետանու» ներգրավմամբ։

Երկու նախկին նախագահների թիմերի միջև լարվածությունն, իհարկե, նոր չէ. կսմիթների (մի փոքր մեղմ, մի փոքր կոշտ) ականատես եղել ենք նաև նախկինում։ Իրար դեմ ուղղված, իրար չեզոքացնելուն միտված քայլեր եղել են նաև շատ ավելի վաղ, ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։

Բայց վերջին մի քանի օրերին տեղի ունեցողը միանգամայն այլ բնույթ է կրում, և առավել քան բացահայտ է։

Հակամարտությանը խառնվել են նախկին երկու նախագահների թիմերի առանցքային ներկայացուցիչները՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, Սերժ Սարգսյանի թիմից՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, նաև՝ երկու ճամբարների շատ այլ հայտնի գործիչներ։

Միանգամայն պարզ է, որ այս դեպքում նրանք հանդես են գալիս ոչ թե որպես շարքային քաղաքացիներ, այլ՝ նախկին նախագահների ներկայացուցիչներ և ըստ էության խոսում նրանց անունից։

Նրանք առանց որևէ սեթևեթանքի, ամենաուղիղ տեքստով միմյանց մեղադրում են 2018 թ. Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, 2021 թ. նրան իշխանության պահելու, ընդդիմադիր ձևանալու, բայց իրականում իշխանությանն աջակցելու մեջ։

Պատահական չէ, որ Ագնեսա Խամոյանը 2018 թ. գարնանային իրադարձությունների հետ կապված հարցադրումներ է արել, թե ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանն այդքան հեշտ զիջեց իշխանությունը. «2018 թ. հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն առ այսօր չեն տրվել»։ Նա նաև հիշեցրել Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսը, և որ երկրորդ նախագահի հայտարարությունները՝ և արտահերթ, և հերթական ընտրությունների կամ փողոցային պայքարի դեպքում իր ղեկավարած ուժի զգալի մասնակցության մասին, տարբեր գնահատականների արժանացավ։

Արմեն Աշոտյանն էլ լրագրողների հարցերին ի պատասխան ասել է. «Ես չեմ ուզում, որ 2026 թ. կրկնվի 2021 թվականը», ակնարկելով, որ Քոչարյանի կերպարն օգտագործվում է «որպես բոբո»՝ հասարակությանը վախեցնելու և հանրային կարծիքը հօգուտ գործող իշխանությունների ուղղելու համար։ Ավելի վաղ Աշոտյանը հոդվածներ էր հրապարակել «ներընդդիմադիր զարգացումների մասին»։

Իսկ ի՞նչ է կատարվում այս օրերին ընդդիմադիր դաշտում և ինչո՞ւ։ Առավել ևս, երբ տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հատկապես 1998-2008 թթ., ընկալվում էին որպես քաղաքական դաշտի «սիամական երկվորյակներ»։ Ի՞նչ չեն կիսում նրանք, որ արդեն ոչ թե գժտության, այլ՝ իրար դեմ ներկայացուցիչների միջոցով բացահայտ պայքարի է վերածվել։

Պատճառը, կարծես թե, պարզ է. երկու կողմն էլ սկսել է ակտիվ նախապատրաստվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և փորձում զբաղեցնել «արմատական ընդդիմության» կոչումը։ Ընդ որում, դիրքավորվելիս նրանք առաջին հերթին ընդդիմադիր դաշտում իրենց մրցակիցներին են փորձում չեզոքացնել։ Ռոբերտ Քոչարյանն իրեն է տեսնում «փրկչի» դերում, այլապես՝ չէր հայտարարի ընտրություններում իր ղեկավարած ուժի «զգալի մասնակցության» մասին։ Դե իսկ Սերժ Սարգսյանն էլ նման կոնֆիգուրացիայի դեպքում համարում է իրեն անկյուն մղված, հետևաբար, ինքն է փորձում զբաղեցնել այդ տեղը, առավել ևս, երբ 2021 թ. Քոչարյանին նման դերում հանդես գալու հնարավորություն տրվել էր։ Տրվել էր, և նա կարճ ժամանակ անց «մսխեց քաղաքական կապիտալը» (հենց այդ մասին էր ակնարկում Աշոտյանը՝ 2021թ. մասին հիշեցնելով)։

Ի դեպ, մի էական հանգամանք էլ. այս օրերի ներընդդիմադիր իրադարձություններում բացահայտ «դիստանցավորված է» Քոչարյանի հենարան ուժերից ՀՅԴ-ն։ Եվ պատճառաբանությունը, թե ՀՅԴ-ականներն այս օրերին զբաղված են իրենց կուսակցական հարցերով՝ 35-րդ ընդհանուր ժողովով, այնքան էլ համոզիչ չի հնչում։ Մանավանդ, որ ժողովի բացման օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Քոչարյանի հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան ասել էր, թե նման բաները որոշում է «կուսակցության բարձրագույն ժողովը»։ Այլ կերպ ասած, նրանք միանգամից չեն հայտարարել Քոչարյանի «գաղափարներին» աջակցելու մասին։

Իսկ մինչ այդ, այլ բան չի մնում, քան «պոպ կոռն» վերցնել ու հետևել տիտղոսային ընդդիմության գզվռտոցներին, մանավանդ, որ շատ հաճախ երկու կողմն էլ ճիշտ է իր հիշեցումներում ու գնահատականներում։

Բայց նաև արձանագրենք. բանավեճը (եթե դա կարելի է բանավեճ անվանել), ցավոք սրտի, որևէ առնչություն չունի Հայաստանի առաջ այսօր ծառացած իրական խնդիրների հետ, էլ ուր մնաց՝ միտված լիներ այդ խնդիրների լուծմանը։

Արման Գալոյան